Արդյո՞ք Ռուսաստանը կարող է բռնակցել Բելառուսը
«Մենք պատրաստ ենք այնքան հեռուն գնալ պետությունների և ժողովուրդների միավորման գործում, որքան դուք եք պատրաստ, — երկու երկրների ժողովուրդներին է դիմել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 15-ին կայացած հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների ավելի սերտ ինտեգրման հարցը։ «Նովայա գազետայի» թղթակիցը բելառուս փորձագետներին հարցրել է, թե որքան իրատեսական են նրանք համարում Ռուսաստանի կողմից Բելառուսի բռնակցման հեռանկարը։
Իրական սպառնալիք
«[Բռնակցման] սպառնալիք իրոք կա և այն օրեցօր աճում է, — վստահեցնում է «Բելառուսական ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գրիգորի Կոստուսևը։ — Պուտինին՝ որպես «ռուսական հողեր հավաքողի», անհրաժեշտ է Ղրիմից հետո հերթական հաջողությունը՝ տնտեսությունում առկա խնդիրները կոծկելու համար»։
•Ռուսաստան-Բելառուս․ ապահարզա՞ն, թե՞ շանտաժ։ Դաշնակցային հարաբերությունների ճգնաժամ
•Մահապատիժ․ խորհրդային ավանդո՞ւյթ
•Ի՞նչ է «Ռուսկի միրն» իրականում։ Երեք կարճ ֆիլմ
Ըստ Կոստուսևի՝ Կրեմլի պրոպագանդան հեռուստատեսության և ռադիոյի միջոցով իր գործն անում է, և բռնակցման այսպիսի տարբերակը որպես դրական է դիտարկում բնակչության 30%-ը։
«Շատերի մոտ է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Բելառուսը պատրաստ չէ նորմալ պայմաններ ստեղծելու իրենց ընտանիքների համար, և միայն Պուտինը կարող է նրանց փրկել»։
Մոսկվայի և Մինսկի դիմակայության գագաթնակետին բելառուս ընդդիմադիրները Լուկաշենկոյից պահանջել են «սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք ժողովուրերի միջև թշնամանք են սերմանում, և, ըստ էության, տեղեկատվական պատերազմ վարելու միջոցներ են»։ Դեռևս՝ ապարդյուն։
Այն հարցին, թե ինչ տեսք կարող է ունենալ Բելառուսի բռնակցումը, Կոստուսևն այսպես է պատասխանում․
— Ամենասարսափելի տարբերակն այն է, որ մենք այսօր պառկենք քնելու կարմիր-կանաչ դրոշի ներքո, իսկ վաղն արթնանանք Ռուսաստանի եռագույնի ներքո։ Մեր երկրի արևելյան շրջաններում ուժայինները գրեթե արդեն պատրաստ են բարձր աշխատավարձի և ինչ-որ արտոնությունների դիմաց ռուսական դրոշ կախել միլիցիայի և զինկոմիսարիատների իրենց բաժանմունքների վրա։
Նա միաժամանակ նշում է, որ ռուս օկուպանտներին Բելառուսում բնավ Ղրիմի սցենարը չի սպասվում, այլ աֆղանականը։ «Բելառուսները մոր կաթի հետ են ստացել պարտիզանական խորամանկությունները, և շատերը պատրաստ կլինեն անտառ գնալ», — վստահեցնում է Կոստուսևը։
«Ինտեգրման այլ մակարդակ»
Բելառուսի հնարավոր բռնակցման մասին է անցյալ տարի խոսել հենց նախագահ Լուկաշենկոն։ Առիթը Մոսկվայի պլանավորած այսպես կոչված «հարկային հնարքն» էր նավթային ոլորտում (2024թ-ին Ռուսաստանը չեղարկելու է նավթի արտահանման տուրքն ու ավելացնելու է բնական հանածոների արդյունահանումն, ինչը կհանգեցնի Բելառուսի համար նավթի թանկացման, որն այն ներռուսական գներով է ստանում — JAMnews)։ «Ես այսպես եմ հասկանում այդ ակնարկները․ նավթ ստացեք, բայց սկսեք փլուզել երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմ․․․Որոշ մարդիկ ուղիղ են ասում․ մենք պատրաստ ենք, որ դուք վեց շրջաններով մտնեք ՌԴ կազմի մեջ», — ասել էր Լուկաշենկոն։
Բելառուսը հայտարարել էր, որ դրա պատճառով կկորցնի ութ միլիարդ դոլար, և փոխհատուցում էր պահանջել։ Նոյեմբերի վերջին պարզ էր դարձել, որ Մոսկվան այն չի ուզում տրամադրել։
2018թ-ի դեկտեմբերի 7ին Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն լրագրողների ներկայությամբ վրդովվել էր, որ ռուսական գազը Բելառուսում շատ թանկ է, իսկ Պուտինը պատասխանել էր, որ առավել շահավետ սակագնի համար «ժամանակ է պետք և ինտեգրման այլ մակարդակ»։ Այս միտքը զարգացրել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը․ «Ռուսաստանը պատրաստ է շարունակել շարժվել միութենական պետության շինարարության ճանապարհով՝ ներառյալ միացյալ էմիսիոն կենտրոնի, միասնական մաքսային ծառայության, դատարանի, Հաշվիչ պալատի ստեղծումը»։
Եվ, ի վերջո, 2019թ-ի հունվարի 10-ին Լուկաշենկոն հայտարարեց, որ հարկային հնարքը բելառուսի համար աղետ չէ․ «Եթե Ռուսաստանի ղեկավարությունը շարժման նման ճանապարհ և արևմտյան ուղղությամբ միակ դաշնակցին կորցնելն ընտրի, դա նրա ընտրությունն է»։
Կլանում չի լինի
Բելառուսական խոշորագույն տեղեկատվական Tut.by կայքի լրագրող Արտյոմ Շրայբմանը կարծում է, որ Բելառուսն անկախ պետություն կմնա։
Առաջին հերթին, Ռուսաստանին հարևան երկրում ոչ ոք չի սպասում, կարծում է Շրայբմանը․ «Միայն քսան տոկոսն է ուզում Ռուսաստան դառնալ։ 2014թ-ի տվյալներով՝ այդ մարդկանց մեծ մասը բնակվում է Մինսկում և հյուսիս-արևելքի քաղաքներում, սակայն նրանք այնտեղ էլ են փոքրամասնություն կազմում։
Ամենագլխավորն այն է, որ այդ մարդիկ կենտրոնական իշխանությունն իրենց թշնամին չեն համարում, և սա առանցքային պահ է, որը տարբերում է մեր ռուսամետներից ովքեր Լատվիայում են, Ուկրաինայում և Վրաստանում։
Բելառուսում բռնակցման համար չկան նաև այնպիսի կարևոր բոնուսներ, ինչպիսիք են ռուսամետ քաղաքական ուժերն, ինչպես «Ռուսական միասնությունը» Ղրիմում։ «Չկան ուժեր, որոնք իրենց թույլ կտային հանդես գալ ավելի ռուսամետ դիրքորոշմամբ, քան Լուկաշենկոյինն է», — պարզաբանում է լրագրողը։
Շրայբմանը կարծում է, որ Բելառուսի նախագահն իշխանությունն ավելի շատ է սիրում, քան փողը, այդ պատճառով էլ դժվար է պատկերացնել, թե «ինչը կարող է Լուկաշենկոյին ստիպել Մոսկվայի հետ համաձայնության գալ»։
Երկրորդ հերթին, վստահ է լրագրողը, Բելառուսի բռնակցումը պետք չէ հենց Ռուսաստանին․
«Արևմտյան ուղղությամբ միակ դաշնակցային ռեժիմի հետ կոնֆլիկտի հետ կապված ռիսկերը գերազանցում են բոլոր բոնուսները»։
Այնուամենայնիվ, Շրայբմանը համաձայն է, որ Մոսկվայի և Մինսկի այս կոնֆլիկտը վերջին ժամանակների ամենալուրջ կոնֆլիկտն է․ «Այնպիսի տպավորություն է, որ Լուկաշենկոն զզվեցրել է ռուսական էլիտային օգնության և աջակցության դիմաց իր անշնորհակալությամբ։
Առաջին անգամ է Ռուսաստանը նավթի սակագինը կապել ինտեգրման խորացման հետ։
«Ռուսաստանի համար ներկայիս իրավիճակը win-win է։ Եթե Բելառուսը համաձայնի ավելի սերտ ինտեգրման, դա Ռուսաստանի համար հաճելի կլինի, նա կարող է և փող ծախսել դրա վրա, իսկ եթե չհամաձայնի, ոչինչ, կարելի է ավելի քիչ փող ծախսել», — նշում է Tut.by-ի քաղաքական մեկնաբանը։