Երդմնակալությունը կայացավ։ Վրաստանը հինգերորդ նախագահ ունի
Թելավի քաղաքում գտնվող Իրակլի Երկրորդ թագավորի պալատում, 2018թ-ի դեկտեմբերի 16-ին կայացավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը։
Նա պաշտոնապես ստանձնեց Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնը։ Զուրաբիշվիլին Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահն է։ Նա իր նախագահության գլխավոր նպատակներ է հայտարարել երկրի միավորումը, բևեռացված հասարակության մերձեցումն ու Եվրոպայում Վրաստանի արժանի տեղը զբաղեցնելը։
Տոնական միջոցառումներին զուգահեռ ողջ օրվա ընթացքում Թելավիի մուտքային ճանապարհներին լարված իրավիճակ էր։
Միացյալ ընդդիմությունն ընտրություններում պարտված Գրիգոլ Վաշաձեի գլխավորությամբ երդմնակալության օրն առավոտից մտադիր էր Թելավի ուղևորվել և այնտեղ բողոքի բազմահազարանոց ակցիա անցկացնել։ Սակայն ոստիկանությունն արգելափակեց ընդդիմության ավտոմոբիլային շարասյունը, փակեց Թելավի տանող բոլոր ճանապարհներն ու ձախողեց պլանները։
Ընդդիմությունը Զուրաբիշվիլիին որպես նախագահ չի ճանաչում՝ պնդելով, որ նա ընտրություններում հաղթել է ընտրակեղծիքների հետևանքով։ Ոստիկանության և ընդդիմության դիմակայությունը շարունակվել է ողջ օրը։ Կան տուժածներ և ծեծվածներ։
__________________
Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը սկսվել էր տեղական ժամանակով ժամը 15.00 և տևեց մոտ 40 րոպե։ Առաջին անգամ էր, որ նախագահի երդմնակալությունը Թբիլիսիում չէր անցկացվում։ Վրաստանի բոլոր նախորդ նախագահները երդվում էին մայրաքաղաքում՝ Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանին հարող տարածքում։
Երդմնակալությանը 1,800 մարդ էր հրավիրվել։ Նրանց թվում էին իշխանությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և հայտնի անձինք։
Միջոցառումը լրագրողների համար փակ ռեժիմով անցկացվեց։ Նրանց հատուկ տարածք էր տրամադրվել, որտեղ մեծ էկրանին կարող էին հետևել արարողությանը։
•Who is Սալոմե Զուրաբիշվիլի՝ Վրաստանի նոր նախագահը
•Վրաստանի նոր նախագահը հարուստ չի լինելու։ Մանրամասներ սպասվող երդմնակալության և նոր նստավայրի մասին
•Մեկնաբանություն․ ի՞նչ մենք իմացանք Վրաստանում նախագահական ընտրությունների շնորհիվ։
Աչքի էր ընկնում Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանի նախկին վարչապետի և երկրի փաստացի ղեկավարի, իշխող «Վրացական երազանքի» նախագահի բացակայությունը։ Նա անձամբ էր առաջարկել Զուրաբիշվիլիի թեկնածությունը նախագահի պաշտոնին։
Վրաստանի նոր նախագահը երկրի պետական դրոշի գույների հագուստով էր։
Invalid slider ID or alias.
Նրան ողջունեց հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Դա Վրաստանում առաջին դեպքն էր, երբ նոր նախագահի երդմնակալությանը ներկա էր նախորդը։
JAMnews-ի կոլաժը նախորդ չորս նախագահների երդմնակալությունների մասին
Invalid slider ID or alias.
Վրաստանի առաջին նախագահ 1991թ-ին դարձավ մասնագիտությամբ բանասեր և հակախորհրդային դիսիդենտ Զվիադ Գամսախուրդիան։ Մեկ տարի անց՝ 1992 թ-ին, Վրաստանում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, որի հետևանքով Գամսախուրդիան պաշտոնանկ արվեց և արտաքսվեց երկրից։
Սալոմե Զուրաբիշվիլին նոր Սահմանադրությանը հավատարմության երդում տվեց, որն ուժի մեջ մտավ նույն օրը՝ դեկտեմբերի 16-ին։ Վրաստանի պետական հիմնի ֆոնին մի քանի հրետանային զարկ արվեց։
Զուրաբիշվիլիի ելույթը տևեց 15 րոպե։ Նա որպես իր պաշտոնավարման գլխավոր առաջնահերթություն նշեց Վրաստանի վերադարձը եվրոպական ընտանիք։ Զուրաբիշվիլին ընդգծեց, որ Ռուսաստանն օկուպանտ է։ Չմոռացավ նաև աբխազների և օսերի մասին։ Նա խոստացավ նաև անել հնարավոր ամեն ինչ՝ միավորելու համար բևառացված վրացական հասարակությունը։
«Ես էմիգրանտների սերունդ եմ»
Երդմնակալությանն իր ելույթը Սալոմե Զուրաբիշվիլին սկսեց այն բանից, որ նշեց․
«Հատկանշական է, որ հիմա, երբ մենք նշում ենք անկախության 100-ամյակը, ես՝ էմիգրացիայում ծնվածս, Վրաստանի նախագահ դարձա։ Շրջանակն ամբողջացավ։ Էմիգրանտների սերնդի ներկայացուցիչը, որոնք Վրաստանը լքել էին խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակի կողմից օկուպացիայի պատճառով, այսօր վերադարձել է որպես գլխավոր հրամանատար և երկրի անկախության պաշտպանի՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով օժտված»։
Քաղաքական դիմակայության մասին
Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրաստանը տարիներ է կորցրել քաղաքական դիմակայության մեջ»։
Նա խոստանում է, որ իր գլխավոր նպատակներից մեկը լինելու է այդ դիմակայության դադարեցումը։
«Առաջին հերթին, ես ինքս քաղաքացիների համար օրինակ կծառայեմ և կաշխատեմ համոզել, որ Վրաստանի զարգացման և միավորման համար կենսական նշանակություն ունի ազգային համաձայնությունը», — հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ ինքը հատուկ է որոշել երդմնակալությունը Թելավիում անցկացնել՝ մի քաղաքում, որտեղ ինքն ընտրություններում պարտվել է։
«Ես հարգում եմ նաև նրանց, ովքեր իմ օգտին չեն քվեարկել», — ընդգծել է Զուրաբիշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել նաև «Վրացական երազանքին» ընտրությունների ընթացքում ցուցաբերած աջակցության համար․
«Շնորհակալ եմ «Վրացական երազանքին», որն ինձ՝ Վրաստանի անկախ թեկնածուիս, աջակցեց։ Ժողովրդական քայլ արվեց»։
Գլխավոր նպատակը Եվրոպան է
Զուրաբիշվիլիի խոսքով՝ նախագահության գլխավոր նպատակը Վրաստանի եվրոպական ապագան անդառնալի դարձնելն է։
«Նոր Սահմանադրությունում արտացոլված է վրացի ժողովրդի կամքը՝ Վրաստանի ձգտումը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ Ես մեր ընկերներ ԱՄՆ և Եվրոպայի օգնությամբ կանեմ հնարավոր ամեն ինչ այդ գործընթացն ապահովելու համար։ Այդ նպատակով կօգտագործեմ իմ ողջ փորձը, կապերս միջազգային կազմակերպություններում և Եվրամիությունում», — հայտարարել է Վրաստանի նոր նախագահը։
Նախորդ նախագահների մասին
Իր ելույթում Զուրաբիշվիլին հիշեց նաև նախագահական աթոռը զբաղեցրած իր նախորդներին և հայտարարեց, որ, նրանցից յուրաքանչյուրն «իր աղյուսն» է դրել ժողովրդավարական Վրաստանի կառուցման գործում։
«Հսկայական դեր է խաղացել Զվիադ Գամսախուրդիան՝ հանրաքվե նշանակելով և Վրաստանի անկախության վերականգնման մասին ակտ ընդունելով։ Էդուրադ Շևարդնաձեն Եվրոպայի և եվրատլանտյան ուղղությամբ առաջին քայլերն է արել։ Միխեիլ Սաակաշվիլին իր կառավարման սկզբում մի շարք կարևոր բարեփոխումներ է իրականացրել։ Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահության տարիներին զգալի քայլեր են կատարվել ժողովրդավարական գործընթացների ուժեղացման և կայունության ամրապնդման համար», — հայտարարել է Զուրաբիշվիլին։
«Ես օրենքի գերակայության երաշխավորն եմ լինելու»
Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է լինել մարդու իրավունքների և բոլոր քաղաքացիների ազատությունների պահպանման, օրենքի գերակայության երաշխավոր և աշխատել քաղաքացիական հասարակության ամրացման և քաղաքական մշակույթի բարձրացման ուղղությամբ։
«Գիտեմ, որ տարբեր կուսակցություններ տարբեր դիրքորոշումներ ունեն, մասնավորապես, իմ նախագահության հարցում։ Այսօրվանից ես Սահմանադրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն եմ ստանձնում լինել Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը։ Դա ժողովրդավարության գլխավոր սկզբունքն է», — ընդգծել է Զուրաբիշվիլին։
Ռուսաստանն օկուպանտ է
Վրաստանը մեծ մարտահրավերների առաջ է․ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացված են Ռուսաստանի կողմից, հայտարարեց Սալոմե Զուրաբիշվիլին իր ելույթի ժամանակ․
«Գոյություն ունի օկուպացիոն գիծ, որը ներխուժում է Վրաստանի տարածքի խորքեր, որտեղ առևանգում են մեր քաղաքացիներին։ Դա անընդունելի է ինքնիշխան պետության համար։ Դրա հետ մենք չենք համակերպվի»։
Ուղերձ աբխազներին և օսերին
«Ողջունում եմ ողջ Վարստանին, մեր աբխազ և օս եղբայրներին», — հայտարարել է Զուրաբիշվիլին իր ելույթի սկզբում։ Նրա խոսքով՝ ինքը հավատում է Վրաստանի միավորմանը․
«Մենք պետք է հիշենք, որ օկուպացված տարածքներում մարդիկ են ապրում, մեր քաղաքացիները, և նրանց հետ պետք է հաշտվել։ Աբխազների և օսերի հետ մեզ միավորում է մեր անցած ուղին, մենք ազգականներ ենք, կան խառը շատ ընտանիքներ։ Մենք պետք է նոր մոտեցումներ գտնենք նոր սերնդի հանդեպ, ցույց տանք ճանապարհը դեպի Եվրոպա։ Այսօր ինչպես երբեք աբխազերենի և աբխազների ինքնության համար պետք է պաշտպանություն ապահովել»։
Արտասահմանյան հյուրեր
Երդմնակալության ժամանակ արտասահմանյան պատվիրակություններն առանձնահատուկ քննադատության օբյեկտ դարձան։
Երդմնակալությանը ժամանել էր միայն մեկ գործող նախագահ՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Մնացած պատվիրակությունները պակաս բարձր ներկայացուցչություն ունեին։ Օրինակ, ԱՄՆ-ից ժամանել էր USAID ներկայացուցիչը։
Բարձրաստիճան պաշտոնյաներ չէին ժամանել անգամ տարածաշրջանում հարևան երկրներից։ Թուրքիան ներկայացնում էր փոխնախագահն, Ադրբեջանը՝ խորհրդարանի խոսնակը, Ուկրաինան և Ղրղզստանն՝ ԱԳ փոխնախարարները, Բելառուսը՝ Ազգային վեհաժողովի խորհրդի փոխնախագահը, Մոլդովան՝ փոխվարչապետը, Թուրքմենստանն՝ առևտրի նախարարը։
Բալթյան երկրներն ու Արևելյան Եվրոպան ներկայացնում էին Սերբիայի Ազգային վեհաժողովի խոսնակը, Չեխիայի Սենատի նախագահը, Լիտվայի սեյմի խոսնակը, Լեհաստանի նախագահի կանցելյարիայի ղեկավարը, Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը, ՎՈւԱՄ գլխավոր քարտուղարը, Վատիկանի արտակարգ էմիսարը:
Հյուրերի թվում նկատվել էր նաև ԱՄԷ շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխություն խնդիրների նախարարը։