Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողը կասկածվում է կնոջ սպանության համար
Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող: Նա կասկածվում է տեղի բնակչի դաժան սպանության համար։
Գործի մանրամասները
Դեկտեմբերի 3-ին 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը բռնության հետքերով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց: Նա Գյումրիի Բնակկոմունալ բաժնում որպես հավաքարար էր աշխատում: Նրա վրա հարձակվել էին առավոտյան աշխատանքի գնալիս: Ճանապարհին Ջուլիետային ծեծի էին ենթարկել: Ստացված մարմնական վնասվածքներից կինը մահացել էր, սակայն հասցրել էր պատմել, որ իր վրա հարձակվել են հետևից:
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրա ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական դրության մեջ: Թաղման գումարն անգամ չի բավականացրել, օգնել է Գյումրիի քաղաքապետարանը:
• Ռուսական ռազմաբազան Հայաստանում․ պաշտպանությո՞ւն, թե՞վտանգ
• Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում նոր արտասահմանյան ռազմաբազա տեղակայել
• Հայ ընտանիքին սպանած ռուս զինծառայողն արտահանձնվել է Ռուսաստան
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության արձագանքը
Կնոջ սպանության մասին տեղեկություն ստանալուց գրեթե անմջապես հետո հայկական լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ նրան սպանել է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողը:
Ռուսաստանի դեսպանատունը շտապեց հերքել իր երկրի քաղաքացու մասնակցությունը հանցագործությանը․
«Տարակուսանք է առաջացնում տեղեկատվության հետ աշխատանքի հանդեպ այս աստիճանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն, երբ ամբողջությամբ անտեսվում է անմեղության կանխավարկածը, «ճչան» վերնագրերի տակ տարածվում են չստուգված և չհաստատված տվյալներ»։
Թե ինչ է ձերբակալված զինծառայողի անունն ու որն է եղել հանցագործության պատճառը, դեռ հայտնի չէ։
Ռուսական ռազմաբազայի հետ կապված միջադեպերը
Սա առաջին ողբերգությունը չէ, որը կատարվել է 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից։ Բազմաթիվ դեպքեր են հայտնի այն մասին, որ ռուս զինվորները ոչ սթափ վիճակում դեբոշներ, փոխհրաձգություն են սարքել, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։
Ամենաաղմկահարույց գործն Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր 2015 թ-ի հունվարին։ Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր մեկ ընտանիքի յոթ անդամի։ Հայկական դատարանը 2016 թ-ին նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Իսկ ՌԴ կայազորային ռազմական դատարանը Գյումրիում տեղի ունեցած սպանությունից առանձնացված քրեական գործով դրանից մեկ տարի առաջ Պերմյակովին մեղավոր էր ճանաչել երեք հոդվածով։ Ռազմական դատարանը նրան դատապարտել էր տասը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ դասալքության, զենք գողանալու, այն ապօրինի կրելու համար։
Այս տարվա հուլիսին ռազմաբազայի զինծառայողները կրակոցներ էին արձակել Փանիկ գյուղում։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զորավարժություններ են անցկացվել, սակայն գյուղի բնակիչներին չէին զգուշացրել այդ մասին։ Հրաձգության հետևանքով բնակավայրի բնակիչների մոտ խուճապ էր առաջացել։
Առցանց «Լրագիր» պարբերականի քաղաքական վերլուծաբան Նաիրա Հայրումյանը JAMnews-ի հետ զրույցում ասել է, որ հերթական միջադեպը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, և բազան փակելու հարց չի առաջանա․
«Բազայի տեղակայման հարցը քաղաքական հարթությունում է գտնվում, և դրա վերաբերյալ որոշումը հազիվ թե կախված լինի նման միջադեպերից։ Հատկապես, որ կարելի է նկատել Հայաստանի ղեկավարության մոտ քննարկումները քաղաքական հարթություն տեղափոխելու ցանկության բացակայությունը։ Սակայն նման դեպքերը կարող են, ցավոք, ողբերգական առիթ դառնալ հարաբերություններն իրավական հարթությունում վերանայելու համար։
Օրինակ, Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած Վալերի Պերմյակովի դատը ռուսական կողմի պահանջով կատարվեց ռուսական բազայի տարածքում հայ իրավապահների համար գրեթե անհասանելիության պայմաններում։ Թե ինչպես է արդարադատությունն իրականացվելու այս անգամ, դժվար է ասել։ Սակայն ռազմաբազայի մասով հայ-ռուսական հարաբերությունները պետք է, նախևառաջ, շտկել իրավական հարթությունում։ Հայաստանի՝ արդարադատության անբեկանելի ինքնիշխան իրավունքը պետք է երաշխավորված լինի, և դրանից կարող է սկսվել Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրային պլատֆորմի վերաքննումը»։