Փոխարենը ՀՀ-ում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կարդիականացվի " />

Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել երկրի տարածքում

Փոխարենը ՀՀ-ում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կարդիականացվի

Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ռուսական նոր ռազմաբազաներ բացել: Ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս պահին Հայաստանում այլ երկրների բազաների բացման մասին քննարկումներ չեն տարվում: Մենք չունենք նաև նման դիմում ռուսական կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Վերջինս, ըստ էության, հերքել է ռուսական փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից վերջերս քննարկվող այն միտքը, որ հենց Հայաստանում պետք է տեղակայվի ռուսական երկրորդ ռազմաբազան: Դրա անհրաժեշտությունը բացատրվում էր հետևյալ կերպ. մեկ ռուսական ռազմակայան անկարող է ապահովել երկու երկրների իրական պահանջները, բացի այդ երկու ռազմակայանների շնորհիվ հնարավոր կլինի զսպել Թուրքիայի և ԱՄՆ-ի հնարավոր ռազմատենչ նկրտումները, որոնք ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո չեն բացառվում:

Նախարար Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանի Գյումրի քաղաքում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հետխորհրդային տարածքում ռուսական միակ ռազմակայանն է, հնարավոր է արդիականացվի:

«Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել համագործակցության նոր ձևեր: Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի զինված ուժերի ուժեղացմանը: Այս պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,- հավելել է նա:


Կարդալ ավելին JAMnews-ում