Ռուս-ուկրաինական սահման. ժողովուրդների բարեկամության ցանկապատ
Լուգանսկի շրջանի Մելովոյեն քաղաքային տիպի ավան է՝ Ուկրաինայի ամենաարևելյան կետը: Այն սահմանակից է ռուսական Ռոստովի շրջանի Չերտկովո ավանին: Խորհրդային տարիներին և մինչև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկիզբն այս երկու բնակավայրերը մեկ ամբողջական ավան էին: Երկու երկրները բաժանեցին մեկ փողոց, և այն նախկին պես կոչվում է «Ժողովուրդների բարեկամության փողոց»:
Բարեկամության վերջը եկավ
Երկու երկրների քաղաքացիներն, ըստ տեղացիների պատմածի, միմյանց հյուր էին գալիս, իսկ սահմանապահները հաճախ էին դրա վրա աչք փակում:
2018թ-ի սեպտեմբերին «ժողովուրդների բարեկամությանը» վերջ տրվեց:
•Փշալարով սահմանափակված կյանք Վրաստանում. տարանջատման գիծ
Մշուշի մեջ կարելի է չնկատել սպիտակ-կարմիր գծերով ներկված բետոնե տասնյակ բուրգերը, որոնցով փակել են ճանապարհը: Դրանցից հետո ասֆալտը շարունակվում է, սակայն չկան ոչ ավտոմեքենաներ, ոչ հետիոտն:
Բետոնե բլոկերն այն հատվածում են, որտեղ ուկրաինական ճանապարհը հատում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գիծը: 2018թ-ի օգոստոսից այդ մասով չի կարելի անցնել, և բնակիչները ստիպված են շրջանցող ճանապարհից օգտվել:
Այժմ, ուկրաինական մեկ գյուղից մյուսը հասնելու համար պետք է տասնյակ կիլոմետրեր անցնել շրջանցող ճանապարհներով, թեև ճանապարհները փակելուց առաջ այդ տարածությունը մի քանի անգամ ավելի քիչ էր:
Դա պատճառներից մեկն է, թե ինչու է հրշեջ ծառայությունն ու շտապօգնությունն ավան 4 անգամ ավելի երկար ժամանակում են հասնում, քան նախկինում:
Մելովոյեի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Արթուր Կորոլը պարզաբանում է, որ 2003թ-ին Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է սահմանազատման մասին պայմանագիրը: Այն ժամանակ աշխատում էր երկու պետությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը, որն էլ որոշում էր, թե որտեղով պետք է անցնի սահմանը:
«Այն համընկել է Խորհրդային Միության ժամանակների վարչական սահմանի հետ, — պատմում է Կորոլը: — Սակայն հիմա մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն ապագայի համար «ականներ» է տեղադրել՝ իր ենթակառուցվածքի կտորներ մեր տարածքում, մեր ենթակառուցվածքների հատվածներ՝ իրենց տարածքում»:
«Ականը» բետոնե եռանկյունիներով փակված ճանապարհն է, որը կապում է Մելովոյե շրջանի մասերը, սակայն փաստացի անցնում է ՌԴ տարածքով: Ինչպես նաև ռուսական երկաթուղին, որի գնացքները տասնմեկ անգամ հատում են ուկրաինական պետական սահմանը:
Բենզին՝ ռուբլու դիմաց
Մելովոյե ավանի ծայրին հետիոտնային-ավտոմոբիլային անցակետ կա: Այնտեղ սովորաբար մեքենաների հերթ է, հաճախ՝ ուկրաինական կողմից:
Վարորդներից մեկն ասում է, որ Ռուսաստան է մեկնում գրեթե ամեն շաբաթ: Այնտեղ նա լիցքավորում է մեքենան, քանի որ վառելիքը Ռուսաստանում գրեթե կրկնակի էժան է:
Շատերն են Մելովոյե ավանում այդպես ապրուստի փող վաստակում, քանի որ այլ հնարավորություններ չունեն:
Ցանկապատը Ժողովուրդների բարեկամության փողոցը ուղիղ երկու կեսի է բաժանում՝ ռուսական և ուկրաինական հատվածների: Ըստ 2014թ-ի պլանների՝ սահմանին պետք է ցանկապատեր և խրամատներ հայտնվեին: Սակայն 2017թ-ին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործ է բացել նախագծի իրականացման ժամանակ յուրացումների վերաբերյալ:
Մելովոյեի գրանցումով դժվար չէ Ռուսաստան մտնել: Պետք է միայն անցնել երկաթուղային կամրջի ռելսերը, որտեղ գործում է փոքր սահմանային երթևեկության կետը:
Ռելսերի մյուս կողմում տեղակայված է Չերտկովոյի երկաթուղային կայանը: Մելովոյեի և Չերտկովոյի միջև բուֆերային գոտում սահմանն անցնում են նրանք, ովքեր իրավունք չունեն օգտվելու փոքր սահմանային երթևեկության համակարգից՝ երկաթուղային կամրջից:
Մելովոյեի նավթավերամշակման կայանի նախկին աշխատակից Վիկտորն արդեն տասը տարի է՝ թոշակի է անցել և մշտապես բնակվում է Ռուսաստանում: Սակայն վերջերս նախորդ աշխատավայրից նրան մասնագիտական տոնի առթիվ ֆինանսական պարգև են փոխանցել: Արտասահման մեկնելու անձնագիր նա չունի, այդ պատճառով էլ փողը նրան փոխանցում է Մելովոյեում ապրող իր ընկերն ու գործընկերը: Նա Չերտկովո է գալիս շաբաթը մի քանի անգամ՝ կնոջ համար դեղորայք գնելու և տեղական շախմատային ակումբում խաղալու համար:
«Ինձ դուրս չի գալիս, իհարկե, որ հիմա չի կարելի Ուկրաինա մեկնել, — պատմում է Վիկտորը, — ես այնտեղ այնքան ընկերներ և գործընկերներ ունեմ: Նախկինում հաճախ էինք հավաքվում: Իսկ չէ՞ որ ոմանց հարազատներն էլ են այնտեղ թաղված»:
Երկու պետությունների միջև նոր կառուցված ցանկապատի հատվածը ռուսական կողմից սահմանափակ է: «Նովայա գազետան» գրել էր, որ «Ժողովուրդների բարեկամության» ռուսական հատվածը երեք կողմից Ուկրաինայով է շրջապատված, չորրորդ կողմից այն սահմանափակում է երկաթուղին, որը նույնպես ցանկապատված է: Այդ «կույրաղիքում», ըստ «Նովայա գազետայի» տեղեկատվության, ՌԴ 350 քաղաքացի է ապրում:
«Ափսոս, որ Ուկրաինան սահմանազատում արեց, — պատասխանում է տեղի բնակիչներից մեկը ցանկապատի մասին հարցին: — Մենք առաջ ձեզ մոտ հաճախ էինք գալիս, իսկ հիմա.. էլ ի՞նչ»:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Չերտկովոյում տներ կան, որոնք մինչև հիմա միացված են ուկրաինական կոմունալ ծառայություններին, և այդ պատճառով ռուսաստանցիները կոմունալ ծառայությունների համար վճարում են ուկրաինական գներով: Այդ բնակիչների մի մասը Չերտկովոյից մեկնել է վերաբնակեցման ծրագրով:
Ստեղծվել է «Մեդիացանցի» աջակցությամբ