Մեկնաբանություն. ինչո՞վ է զբաղվում վրացի քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հարավային Օսիայի վարչական սահմանին" />

100 օր, որոնք մեզ փոխել են

Մեկնաբանություն. ինչո՞վ է զբաղվում վրացի քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հարավային Օսիայի վարչական սահմանին

REUTERS/David Mdzinarishvili

Հարյուր օրը բավարար է պատկերացում կազմելու համար, թե հստակ ինչ արդյունքի են հասել վրացի ակտիվիստները վրաց-օսական հակամարտության գոտում անցկացրած ակցիայի շրջանակում: Այդ փուլը գնահատելու խնդրանքին, ամենաակտիվ դիտորդ 25-ամյա Ալեքսին, առանց երկար մտածելու ասաց. «Արդեն հարյուր օր է, ինչ առավոտյան զարթնելիս զգում եմ իմ անհրաժեշտությունը, որ ինչ-որ օգուտ եմ բերում… Դա զիլ է»:

Ամեն ինչ տեղի է ունենում վրացական Շիդա Քարթլի շրջանում՝ այնտեղ, որտեղով անցնում է Հարավային Օսիայի հետ վարչական սահմանը, իսկ ռուս զինվորկանները փշալար են քաշել և կանաչ սահմանային պաստառներ տեղադրել՝ «Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահման, մուտքն արգելվում է» գրառմամբ: 2017թ-ի ամռանը մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ որոշեցին այստեղ մշտական պարեկություն անել:

Պարեկության համար ընտրված գոտում երկու ռուսական բազա կա՝ Ցինագարա և Օրչոսանի գյուղերի մոտ: Հենց այդ հատվածներում են ավելի հաճախ և ավելի շատ ձերբակալում Վրաստանի քաղաքացիների, տեղի բնակիչների «պետական սահմանի խախտման համար»:

Իրենց խնդիրն ակտիվիստները պարզ են ձևակերպում. անհրաժեշտ է տվյալների բազա ստեղծել այդ ձերբակալվածների մասին, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ տեղի բնակչության հետ ռուս զինվորականների շփումների մասին:

Ակտիվիստներն արձանագրում են իրենց հանրային նախագծի ամենակարևոր առանձնահատկությունները.

  • շարժումը չի հարում ոչ մի քաղաքական կազմակերպության,
  • այն միավորում է քաղաքացիների, որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեն,
  • առաքելությունը բացառապես խաղաղ է և մտադիր է զբաղվել միայն քաղաքացիական մոնիթորինգով:

Фото: deoccupation.ge

Ալեքսին բնավ միակ դիտորդը չէ: Կարապիլա և Նիգոզա գյուղերի միջև ընկած հատվածում հերթապահում են նրա գործընկերները, որոնք հիմնականում նրանից ավելի  մեծ են: Հերթապահությունների գրաֆիկ կա. անընդհատ մոնիթորինգ անելու համար ակտիվիստները փոխարինում են միմյանց:

Նիգոզայի դաշտային հսկիչ կետում սկզբում միայն մեկ հեռադիտակ կար, հետո ինչ-որ մեկը շտատիվ բերեց: Հետո Ուկրաինայում գտնվող վրացի կամավորները ռացիաներ նվիրեցին, իսկ էմիգրանտները մարտական ձեռնոցներ ուղարկեցին: Ինչ-որ մեկը թիկնոց-անձրևանոցներ դուրս գրեց, հետո ավելացավ ֆոտոխցիկը, մոնոկուլյարը…

Фото: deoccupation.ge

2017թ-ի հուլիսի 25-ից 5-6 մարդ ամեն առավոտ առանց բացառության Թբիլիսիից մինչև Նիգոզա 40կմ է հաղթահարում և սկսում մոնիթորինգը: Ռացիաներից մեկը մնում է դաշտային շտաբում, մյուսն իր հետ է վերցնում դիտորդական խումբը: Կամավորները կապ են պահում տեղի բնակիչների հետ:

«Ենթադրենք, անասուններին թողեցիր գյուղի վերջում, այնտեղից մինչև ռուսների վերահսկողության տակ գտնվող տարածք երկու քայլ է, իսկ անասունների համար դա ի՞նչ է: Հեշտությամբ անցնում են մյուս կողմը», – իր և հարևանների արկածներն է հիշում կեսդարյա սահմանագիծը հատած Վախթանգը:

«Իսկ ի՞նչ անել: Կովը հո այնտեղ չե՞ս թողնի: Հատվածներ կան, որտեղ փշալարը պարզապես խոտի վրա է ընկած, գետնին: Չես նկատում և անցնում ես, իսկ շարժական պարեկային ծառայությունը միանգամից հայտնվում է: Կարծես գետնի տակից է աճում: Սկզբում շների հաչոց է լսվում, հետո պարզ է դառնում, որ փախչելու իմաստ չկա: Եվ լսում ես նախազգուշացումը. «Դուք խախտել եք պետական սահմանը…»»:

22-ամյա Թեոն նույնպես կամավոր է: Նրա ակտիվության դրդապատճառը ռուս զինվորականների հետ հնարավոր հանդիպումն ու նրանց հետ խոսելու հնարավորությունն է:

«2008թ-ին ես դպրոցում էի սովորում, և այդ սարսափելի օրերի հիշողություններն ինձ հետապնդում են մինչ այսօր: Միշտ ցանկացել եմ ռուս զինվորականներից հարցնել, թե ինչու են նրանք այստեղ, այս երկրում, ինչու են նրանք մեզնից հողի այս կտորը խլում այն դեպքում, երբ նրանց երկիրը մերից 245 անգամ մեծ է: Պարեկության մասին լսեցի և միանգամից որոշեցի միանալ: Հնարավոր է, որ մեր պարեկային խումբն ու զինվորականների խումբը մի օր հատվի, և ես հնարավորություն ունենամ իմ հարցերը նրանց տալու», – ասում  է նա:

Фото: deoccupation.ge

Դիտորդ կամավորներն աստիճանաբար ընդլայնում են իրենց պարեկության տարածքն ու այնպիսի վայրեր են հասնում, որտեղից ռուսական ռազմաբազաները շատ լավ երևում են: Բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները մի կայքում են հավաքած, որը ստեղծվել է հատուկ այդ շարժման համար:

Այդպիսի վայրերը դժվար է գտնել առանց տեղի բնակիչների օգնության: Տեղացիների հետ հարաբերությունները խոսակցության առանձին թեմա են: Կարապիլայում և Նիգոզայում վրացիների հետ մեկտեղ ապրում են նաև օսեր:

Սկզբում նրանք զգուշավորությամբ դիմավորեցին առաքելության անդամներին, սակայն դիտորդները փորձեցին մերձենալ նրանց հետ. սկզբում տեղացիներից մեկը դիտորդներին հրավիրեց թեյի, հետո՝ մյուսը:

Իսկ երբ առաքելության գործունեության մեկնարկից 10 օր անց Նիգոզայի բնակիչ տիկին Լյուդան դիտորդներին օսական խաչապուրի՝ չախրակինի, բերեց, որն ինքն էր թխել, իսկ դպրոցի տնօրենը դիտորդներից խնդրեց Վրաստանի նոր դրոշ դպրոցի բակի մաշվածի փոխարեն, բոլորը հասկացան, որ սառույցը հալվեց:

*Լաշա Բերուլավան առաքելության նախաձեռնողն ու ակտիվ մասնակիցն է:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում