Արդյո՞ք կհաջողվի փակել Վլադիկավկազի քաղցկեղածին գործարանը՝ Կովկասի բնապահպանության համար սպառնալիքը
Նորանոր վախեցնող փաստեր են բացահայտվում Վլադիկավկազի «Էլեկտրացինկ» գործարանի շուրջ հետազոտության ընթացքում, որը սկանդալային ճանաչում է ձեռք բերել հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հսկայական հրդեհից հետո:
Երկար տարիներ Հյուսիսային Օսիայում վտանգավոր արտադրության դեմ բողոքի ցույցեր են արել մի խումբ բնապահպաններ և ակտիվիստներ: Սակայն այժմ բողոքը զանգվածային է դարձել, և դրան առաջին անգամ միացել են տեղական խորհրդարանի պատգամավորներն ու տեղական իշխանությունները: Մասնավորապես, Հյուսիսային Օսիայի խորհրդարանի 58 պատգամավոր միաձայն քվեարկել է գործարանի աշխատանքի դադարեցման օգտին:
Սակայն գործարանի տերը՝ «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերություն» խոշոր ռուսական կորպորացիան, մտադիր չէ հանձնվել:
• Թե ինչպես էր այրվում Վլադիկավկազի «Էլեկտրացինկ» քաղցկեղածին գործարանը
• Հայաստանում սովորել են առանց գազի և էլեկտրաէներգիայի ապրել
• Ի՞նչ է շնչում Թբիլիսին. բնապահպաններն ասում են, որ քաղաքը պետք է փրկել
Բնապահպանական խախտումներ, որոնք հանցագործությունների են նման
Հյուսիսային Օսիայի դատախազությունը նոյեմբերի 4-ին պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ Պետդումա, որում շոկային փաստեր է հաղորդել:
«Ձեռնարկության գործունեությունն իրականացվել է հաստատված թույլատրելի նորմատիվների գերազանցմամբ՝ կապար — 2,2 անգամ, ցինկ — 2,7 անգամ, կալցիումի օքսիդ — 2,2 անգամ», — ասված է նամակում:
Պարզվել է, որ.
• գործարանը ոչ ոքի չի հաղորդել ծծմբաթթվի արտադրամասի 11 վթարային դադարների մասին վերջին մի քանի տարում: Յուրաքանչյուր դադարն ուղեկցվել է թունավոր նյութերի գերնորմատիվային արտանետումներով.
• ցինկային արտադրանքի վտանգավոր և թունավոր արտանետումները պարզապես հորում էին նույնիսկ առանց արտոնագրի.
• այդ հորած մակերեսը պաշտպանված չի եղել անձրևներից, ձնից և քամուց.
• արտադրական քաղցկեղածին կեղտաջրերն առանց որևէ մաքրման թափվել են Սոբաչյա գետը.
• գործարանում ընդհանրապես բացակայում է քաղցկեղածին արտադրության սանիտարահիգիենիկ վերահսկողությունը:
Ի՞նչ է «Էլեկտրացինկը»
«Էլեկտրացինկը» Ռուսաստանի գունավոր մետալուրգիայի առաջատար ձեռնարկություններից է, գտնվում է Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության կազմում: Եվ դա Հյուսիսային Օսիայի խոշորագույն ձեռնարկությունն է: Հրդեհից առաջ այստեղ 1806 մարդ էր աշխատում, բավակակնին լավ աշխատավարձ էին ստանում՝ միջինում 41 հազար 155 ռուբլի [600 դոլարից ավել]:
Այժմ, երբ գործարանը հրդեհից հետո կանգնեցվել է, նրանք բոլորն առանց աշխատանքի են մնացել, ինչը սրություն է մտցնում իրավիճակի մեջ:
«Էլեկտրացինկը» ցինկ, ծծմբաթթու և խոշոր մասշտաբների ձուլվածքներ էր արտադրում: 2017թ-ին 73 հազար տոննա ցինկ, 123 հազար տոննա ծծմբաթթու և 307 տոննա կադմիում է արտադրվել: Այս բոլոր քիմիական նյութերը հայտնի են իրենց թունավոր հատկություններով, սակայն, որպես կանոն, մարդկանց կողմից անմիջականորեն չեն զգացվում:
Արտադրությունը տեղակայված է Վլադիկավկազի բնակելի գոտում՝ 70.2 հեկտար զգալի մակերեսի վրա:
Գործարանի հիմնական խնդիրը ծծմբաթթվի արտադրամասի մաշված սարքավորումններն են: Այն կառուցվել է 1980-ականներին: Շինարարության ժամանակ ծծմբաթթվի արտադրամասի շահագործման ժամկետը 20 տարի է նախանշվել: Անցել է գրեթե 40 տարի, սակայն ոչ սարքավորումը, ոչ էլ տեխնոլոգիական գործընթացները չեն թարմացվել:
Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 21-ին
Գործարանում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 21-ի գիշերը ժամը երեքին: Այն մարել են գրեթե 12 ժամ:
Մարդիկ խուճապի մեջ լքում էին Վլադիկավկազը, քաղաքից դուրս տանող ճանապարհներին հսկայական խցանում էր առաջացել:
«Ես չլքեցի քաղաքը, մտածեցի, որ տանը կմնամ, ոչինչ էլ չի լինի: Հետո ցերեկը փողոց դուրս եկա, մորս ծննդյան համար ծաղիկներ պետք է գնեի, տեսա այդ սարսափելի ամպը՝ քաղաքի վրա կախված: Ես արագ տուն վերադարձա՝ բժշկական դիմակ հագնելու», — հիշում է քաղաքի բնակիչ Սաբինա Գատագովան:
«Ես ու ամուսինս վախեցանք երեխաների համար և նրանց սարեր տարանք՝ այդ աղետից հեռու: Սակայն հաջորդ օրը ստիպված էինք վերադառնալ, որովհետև պետք էր աշխատանքի գնալ», — պատմել է Ալանա Գաբուևան:
Բողոքի ցույց, որը միավորել է հասարակությանն ու իշխանությանը
Բողոքի այս մեծ ցույցն անցկացվել է Վլադիկավկազում հրդեհի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Հյուսիսային Օսիայի կառավարության շենքի մոտ և բղավում էին՝ «Դո՛ւրս արի»՝ դիմելով հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովին:
Նա արդյունքում դուրս եկավ ժողովրդի մոտ:
«Խոսք եմ տալիս, որ կխոսեմ ՌԴ նախագահի հետ և կբարձրացնեմ «Էլեկտրացինկ» գործարանի փակման հարցը», — ասել է Վյաչեսլավ Բիտարովը:
Գործարանը կանգնեցնելու պահանջով հանդես եկան տեղացի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հյուսիսայի Օսիայի խորհրդարանի խոսնակ Ձամբոլատ Թեդեևը, սենատոր Արսեն Ֆաձաևն, ինչպես նաև Վլադիկավկազի ղեկավար Մահարբեկ Խադարցևը:
Այդ օրվանից ցույցեր փողոցում չեն անցկացվել, սակայն նման տրամադրություններն աճում են սոցցանցերում:
Պրոֆեսոր Թամեռլան Կամբոլոցը change.org կայքում հանրագիր է տեղադրել, որը հասցեագրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս հոդվածի հրապարակման պահին հանրագրի տակ գրեթե 26 հազար 500 ստորագրություն կար: Պետք է նվազագույնը 35 հազար հավաքել:
«Պետք է ողջ Կովկասն ահազանգի. թունավոր ամպերը սահմաններ չգիտեն», — հանրագրի տակ մեկնաբանություն է թողել ստորագրածներից մեկը:
Օս փաստաբան Ռուսլան Կալոևը հարցում է ուղարկել ՄԱԿ և «Գրինպիս»: Նա մանրամասն թվել է Հյուսիսային Օսիայի բնապահպանական խնդիրները, որոնք, ենթադրաբար, առաջացել են «Էլեկտրացինկի» պատճառով:
Նա դիմել է նաև Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Էլեկտրացինկի» գլխավոր տնօրեն Իսկանդեր Մահմուդովի և գործարանի տնօրեն Իգոր Խոդիկոյի դեմ: Կալոևը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել նաև Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության ղեկավարությանը, որին պատկանում է գործարանը:
«Իգոր Խոդիկոն միտումնավոր, հետևողականորեն և սառնասրտորեն… անուղղելի, անդառնալի վնաս է հասցնում մեր առողջությանը», — հայտարարում է փաստաբանը:
Իր դիմումի մեջ Կալոևը վկայակոչում է փորձաքննությունների արդյունքները, որոնք Վլադիկավկազի հողում ծանր մետաղների ծայրահեղ թույլատրելի կուտակումներ են հայտնաբերել, և Ռուսաստանի սահմանադրությունը, որի համաձայն՝ երկրի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի բարենպաստ շրջակա միջավայր ունենալու:
Արտիստ Վադիմ Չելդիևն Instagram-ի իր էջում «Էլեկտրացինկի» դեմ արշավ է իրականացնում:
Սակայն գործարանի տերերը մտադիր չեն հանձնվել:
«Էլեկտրացինկի» գլխավոր տնօրեն Իգոր Խոդիկոն լրագրողներին հայտարարել է, որ գործարանի փակման հարց դրված չէ:
««Էլեկտրացինկ» գործարանի հետագա ճակատագրի մասին. մենք վերականգնելու ենք գոյություն ունեցող արտադրամասը: Դրա համար մենք աշխատելու ենք արագ և ամեն ինչ անելու ենք կարճ ժամկետներում: Վեց-ութ ամսում», — ասել է Խոդիկոն: