70 տարի առաջ չէր կարելի նույնիսկ նայել այդ կողմ. Կարսի պայմանագրով Վրաստանի և Թուրքիայի միջև բաժանված գյուղերի ողբերգությունը
Նրանք հայտնվեցին վրաց-թուրքական սահմանի երկու կողմերում 2021 թ. հոկտեմբերի 13-ին լրանում է 100 տարին, ինչ Կարս քաղաքում գտնվող վալի (տիրակալի) նստավայրում ստորագրվեց մի փաստաթուղթ, համաձայն որի հաստատվեցին նոր սահմաններ Խորհրդային Միության և Թուրքիայի միջև:
Այդ պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Խորհրդային Միությանն է փոխանցել Աջարիան՝ իր խոշորագույն Բաթում քաղաքով, իսկ փոխարենը Խորհրդային Միությունից ստացել է Կարսը, Արդվինն ու Արդահանը:
Դա տեղի է ունեցել Վրաստանի օկուպացիայից հետո, երբ այնտեղ էր արդեն Կարմիր բանակը. Վրաստանի ժողովրդավարական կառավարությունն արտաքսման մեջ հայտնվեց, իսկ երկրում օկուպացիոն ռեժիմ հաստատվեց:
Կարսի համաձայանգիրը կնքելուց հետո Մաճախելա կիրճը երկու մասի բաժանվեց. կիրճի վերին հատվածը 6 բնակավայրերով (շրջկենտրոնը՝ քաղաք Բորչխա) անցավ Թուրքիային, իսկ ներքին հատվածը՝ Վրաստանին:
Խորհրդային ժամանակաշրջանում այդ տարածքը մի կետ էր դարձել, որտեղ հավաքվում էին սոցիալիստական և կապիտալիստական աշխարհները և լրիվ օրինաչափ կերպով գտնվում էին խիստ վերահսկողության տակ: Սահմանապահներից և տեղի բնակիչներից բացի, որոնք հատուկ անցագրեր ունեին, ոչ ոք չէր կարող մուտք գործել այս տարածք: Սահմանը բաժանեց ընտանիքներ, ընդմիշտ միմյանցից հեռացրեց եղբայրների, քույրերի, ծնողների, երեխաների, ազգականների:
Լրագրող Նաթիա Թավդգիրիձեն եղել է Մաճախելա կիրճի վրացական և թուրքական գյուղերում և բազում հետաքրքիր պատմություններ լսել: Այս հոդվածը մենք հրապարակել ենք 2017 թվականին, և հիմա հիշեցնում ենք դրա մասին։
Քվեմո (Ներքին) Մաճախելա՝ Վրաստան
Քվեմո Մաճախելա կիրճը ծովի մակերևույթից 600մ բարձրության վրա է և մտնում է Խելվաճաուրիի շրջանի կազմի մեջ: Այստեղ ավելի քան 10 բնակավայր կա, որոնցում՝ 722 տնային տնտեսություն: Գրեթե բոլոր ընտանիքները հազիվ են ծայրը ծայրին հասցնում՝ զբաղվելով անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:
Դավիթ Կախիձե, 78 տարեկան.
«Այս տունը թերևս հարյուր հիսուն տարեկան է: Այստեղ 4 սերունդ է մեծացել: Այն դեռ պապս է կառուցել: Իսկ շինանյութը մորս օժիտն է: Պատի լուսանկարում մայրս է: Ամուսնությունից առաջ նա հարևան գյուղում էր ապրում: Ունևոր ընտանիքից էր: Նոր տան շինարարության համար անհրաժեշտ ամեն ինչ այդ գյուղից են ուղարկել”:
“Ռուս-թուրքական պատերազմն իմ ընտանիքին շատ տանջանքներ է բերել: Հարյուր տարի առաջ Մաճախելա կիրճը հսկայական էր: Ժանդարմներն ու սահմանը շփման համար խոչընդոտներ չէին ստեղծում: Իսկ ռուս-թուրքական պատերազմից հետո սահմանը փակեցին: Երբ պատերազմն ավարտվեց, ռուսական բանակը կանգնած էր Աչարիցկալիում, իսկ թուրքական զորքերը՝ Բորչխայում: Նրանց միջև տարածքն ազատ էր, և այն հետո կիսեցին: Այդ ամենը Կարսի պայմանագիրը բերեց:
Երբ սահմանը գծում էին, մորս հարցրին՝ այստեղ է մնալու, թե իր տնեցիների մոտ կգնա: Ի՞նչ կարող էր նա անել: Մյուս կողմում ծնողներն էին, եղբայրները, քույրերը: Բայց մի՞թե նա կարող էր հինգ երեխաներին թողնել: Իսկ հետո սահմանն ամուր փակեցին: Մայրս այդպես էլ մահացավ՝ առանց տեսնելու իր մոտ ազգականներին:
Մաճախելայի թուրքական հատվածում վրացական ավանդույթները մինչ օրս մոռացված չեն: Տներն էլ են նույն կերպ կառուցում, ինչպես վրացական հատվածում: Այնտեղ էլ բնակչությունն ապրում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:
Որքան ծերանում եմ, այնքան ավելի շատ է ձգում դեպի մորս հարազատ վայրերը: Իմ տան պատշգամբից երևում են այնտեղի սարերը: Ազգականներիս շատ հազվադեպ եմ տեսնում: Այնտեղ, իհարկե, կարելի է հասնել, սակայն պետք է Սարփիի մաքսակետով հատել սահմանը, հետո էլի մի քանի ժամ ճանապարհ անցնել՝ փոխելով տրանսպորտը: Տանջանք է, շատ էլ փող ես ծախսում: Իսկ եթե մեզ մոտ սահմանը բաց լիներ, այստեղից ընդամենը կես ժամվա ճանապարհ է”:
“Նրանք ավելի հաճախ են մեզ մոտ տեղափոխվում. ձմռանը նրանց գյուղերը մնացած Թուրքիայից կտրվում են, այդ պատճառով էլ ծանր հիվանդներին բերում են մեր հիվանդանոցներ: Նրանց իրավունք են տվել կարճ ճանապարհից օգտվել, մեզ՝ ոչ: Երևի որովհետև Թուրքիայի իշխանություննները մերից լավն են»:
Ֆադիմե Կիրկիտաձե, 102 տարեկան.
«Ինձ շատ երիտասարդ ամուսնացրին՝ առանց որևէ բան հարցնելու: Այն ժամանակ այդպիսի կարգեր էին: Ես ու ամուսինս տուն էլ ենք կառուցել, թեև մեծ տանջանքով, և երեխաներին ենք մեծացրել, ոտքի կանգնեցրել: Ես ինստիտուտում չեմ սովորել. պատերազմ էր, սակայն երեխաներս ու թոռներս բարձրագույն կրթություն ունեն:
Իմ բոլոր ազգականները մնացին սահմանից այնկողմ, երբ այն փակեցին: Սկզբում համագյուղացիները գաղտնի միմյանց հյուր էին գնում մեկ հոգանոց նեղ արահետով: Գյուղերն այնքան մոտ էին, որ կերակուրով կեցին (կավե աման) ածուխի վրա էին դնում, հասցնում էին հյուր գնալ և հետ վերադառնալ, իսկ կերակուրը նորմալ չէր հասցնում տաքանալ”:
“1936թ-ին գյուղում ժանդարմներ (այնուամենայնիվ, երևի միլիցիա) հայտնվեցին և փակեցին սահմանը: Այնկողմ նույնիսկ նայել արգելեցին: Եվ ռուսները, և թուրքերը շատ խիստ հետևում էին դրան:
Որպեսզի գոնե տեղեկություն ունենանք միմյանցից, թե ում է դժբախտություն պատահել, ում՝ երջանկություն, գաղտնի նամակներ էինք գրում: Հատկապես ակտիվ էին կանայք: Գրում էին գաղտնալեզվով, որը հորինվել էր նախապապերի կողմից: Դա վրացական գրի հազվագյուտ տարատեսակ է: Նամակը կարդալուն պես այրում էին այն, այդ պատճառով էլ այսօր ոչինչ չի պահպանվել:
Ես շատ ազգականներ ունեմ Խերթվիսիում, Արտվինիում: Շատ արցունք թափեցինք, երբ մեզ բաժանում էին: Հիշում եմ, որ նամակներից մեկում բանաստեղծություն էի գրել. «Թռի՛ր, սև ծիծեռնակ, թռի՛ր Սամսունի մոտ, տանջված եղբորից նամակ բեր»:
Ռոյին Մալաքմաձե, պատմաբան, ազգաբան.
«Մինչև 1980-ականներն, ինչպես ասում են հնաբնակները, այն ուղղությամբ արված ժեստն անգամ անթույլատրելի էր: 70 տարի ապրել ենք իջեցված երկաթյա վարագույրով ինչպես խորհրդային, այնպես էլ թուրքական կողմից: 1988թ-ին Զեմո (Վերին) Մաճախելայից մեզ մոտ բերեցին հիվանդ տարեց մի կնոջ:
Այդ տարի շատ ձյուն էր դրել, և նրան որևէ խոշոր թուրքական քաղաքի հիվանդանոց տանել չէին կարող, այդ պատճառով էլ օգտվեցին մեր ճանապարհից: Դա շատ վառ իրադարձություն էր մեր գյուղի կյանքում»:
“Այնուհետև մեր կողմից այնտեղ տեղափոխվեց հարյուրամյա մի կին: Նա ծնունդով Բորչխայից էր, ամուսնացել էր և 70 տարի ազգականներին չէր տեսել: Այդպես քիչ-քիչ հարաբերությունները ջերմացան»:
Զեմո (Վերին) Մաճախելա՝ Թուրքիա
Սարփիի հսկիչ անցակետում մեծ հերթ է: Այն անցնելուց հետո ևս 4 ժամ կպահանջվի Զեմո Մաճախելա բնակավայր հասնելու համար:
Բնակավայրի կենտրոնում մզկիթ է: Մուտքի մոտ 3 լեզվով գրառում կա՝ թուրքերեն, անգլերեն և վրացերեն: Գրված է, որ մզկիթը մոտ 100 տարի առաջ կառուցել է լազ մի վարպետ (լազերը վրացի ազգություն են, ապրում են գլխավորապես Թուրքիայում):
Զեմո Մաճախելան շատ է հիշեցնում վրացական կողմը՝ նույնպիսի տներ, նույնպիսի դարպասներ:
Այն գտնվում է ծովի մակերևույթից 400-1200մ բարձրության վրա և պատկանում է Արդվինի վիլայեթի Բորչխա շրջանին: Դրա կազմում 6 բնակավայր կա: Այստեղ հիմնականում վրացիներ են ապրում: Ձմեռն այստեղ խստաշունչ է. եթե առատ ձյուն է տեղում, գյուղերի կապն արտաքին աշխարհի հետ կտրվում է: Այդ պատճառով էլ ձմռանն այստեղ գրեթե դատարկ է: Տեղի բնակիչներն աշխատանք գտնելու համար ցրվում են Թուրքիայի տարբեր քաղաքներով, սակայն ամռանը հավաքվում են հարազատ բնակավայրում:
Աշխարհագրական խիստ պայմանները որոշակի առումով մեկուսացրել են Զեմո Մաճախելան Թուրքիայի մյուս հատավծներից, ինչի պատճառով այստեղ, ի տարբերություն Թուրքիայում վրացիների բնակության այլ վայրերի, վրացերենը շատ ավելի լավ է պահպանվել: Տեղացիները հիանալի պահպանել են ոչ միան վրացերենն, այլ նաև ավանդույթները, կենսակերպը, ֆոլկլորը և այլն: Անգամ երիտասարդությունը և նույնիսկ երեխաներն են տիրապետում վրացերենին:
Մևլուդ Օզայիդինը միակն է, որը կլոր տարի, առանց դուրս գալու, ապրում է գյուղում: Ճերմակամորուս և ալեհեր, միջին կազմվածքի տարեց տղամարդը հրավիրում է տուն:
«Ողջունում եմ հյուրերին», — ասում է նրա կինը, որը բակում վառարան է վառում հաց թխելու համար:
Տան մուտքի մոտ տանտերերը խնդրում են կոշիկները հանել: Տանտիկինն ավանդական թեյ է հյուրասիրում:
Մևլուդ Օզայիդին (Թևթիձե), 75 տարեկան.
«Իմ երեխաները Ստամբուլում են ապրում, իսկ ես նախնիներիս գերեզմանները չեմ կարող թողնել: Մայրս Աբաշիձեների ցեղից էր Ցխեմլանա գյուղից: Երբ սահմանը փակեցին, մայրս արդեն նշանված էր հորս հետ: Սահմանապահները նրան այսկողմ չթողեցին: Հայրս ստիպված էր փախցնել նրան՝ իր իսկ հարսնացուին:
Ամուսնանալուց հետո նա այդպես էլ ոչ մի անգամ իր ծնողներին չտեսավ: 1987թ-ին մահացավ, իսկ մինչ այդ արտասուքն աչքերին հարազատներին էր հիշում: Մեկ տարի չդիմացավ. 1988թ-ին սահմանը Սարփիի հատվածում բացեցին: Չապրեց մինչև այդ օրը:
Բաթումիում 4 մորաքույր ունեի: Նրանց երեխաների տուն հաճախ եմ մեկնում: Քվեմո Մաճախելա ազգականներիս տեսնելու առաջին անգամ գնացել եմ 1996թ-ին: Շատ ջերմ դիմավորեցին: Մեկ ամիս նրանց մոտ հյուր էի”:
“Երազում եմ այն մասին, որ սահմանը վերջնականապես բացվի, և երեխաներս ու թոռներս հանգիստ հանդիպեն ազգականներին, նրանք գան մեզ մոտ: Առանց նման սերտ շփման կարող ենք լեզուն էլ կորցնել: Առանց այդ էլ, վրացերեն միայն տանն ենք խոսում: Այն էլ՝ ավագ սերունդը միայն: Երեխաներս վրացերեն հասկանում են, բայց լավ չեն խոսում, չէ՞ որ այստեղի դպրոցներում վրացերենի դասեր չկան”:
Իբրահիմ Կայիա (Վասաձե), 24 տարեկան.
«Ամեն օր այս ճանապարհով դպրոց էի գնում: Այնտեղ, որտեղ Էֆրաթե մզկիթն է, մանկությանս տարիներին կիսավեր եկեղեցի էր: Լավ եմ հիշում՝ պահմտոցի էինք խաղում: Հայրս պատմում էր, որ եկեղեցին ժամանակին շատ գեղեցիկ էր, նրա տատն ու պապը գաղտնի այնտեղ մոմ էին վառում:
Իսկ ավելի ուշ եկեղեցու քարերից մզկիթ կառուցեցին, և այժմ ամեն ուրբաթ այնտեղ հավատացյալ մուսուլմաններն են հավաքվում: Ես ընկերներիս հետ Բաթումիում հազվադեպ եմ լինում: Մեծերն ավելի հաճախ են մեկնում: Մենք թերացանք մեր արմատների պահպանման հարցում։ Թեև մանկուց գիտեմ իմ ծագման մասին, հասկանում եմ վրացերեն, սակայն չեմ խոսում»:
Թամիլա Լոմթաթիձե, ազգաբան.
“Մաճախելա կիրճում մինչև հիմա պահպանվել են վրացական հին ավանդույթները, կենսակերպի տարրերն ու որոշ տոներ: Այստեղ այնպիսի ծեսեր են պահպանվել, որոնք պատմական հայրենիքում էլ չես հանդիպի՝ Խիդիրելեզին, Ախոթոբան, Մարիոբան, Շուամթոբան:
Դա սովորական երևույթ է օտար շրջապատում, երբ նրանց արգելվել է ապրել քրիստոնեական ավանդույթներով, սեփական ինքնության պահպանման համար այդ ժողովրդի մոտ սկսել է աշխատել ինքնապաշտպանության մեխանիզմը, և նրանք հիշել են հին կարգերն ու կանոնները”:
Օթար Գոգոլաշվիլի, պատմաբան.
“1990-ականներին, երբ Վրաստանը վերականգնել է անկախությունը, Վրաստանի իշխանությունները չեղարկել են շատ հին համաձայնագրեր և հանձնել են դրանք պատմության արխիվ, թեև Կարսի պայմանագրին ձեռք չեն տվել. Թուրքիան դեմ է հանդես եկել:
1992թ-ի հուլիսի 30-ին Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն և Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը Կարսի պայմանագրի հիման վրա նոր համաձայանգիր են ձևակերպել և փաստացի անժամկետ երկարաձգել են Կարսի պայմանագրի գործողությունը”:
Զազա Շաշիկաձե, պատմաբան, Թուրքիայի պատմության մասնագետ.
“Կարսի պայմանագիրը կնքվել է 100 տարի ժամկետով, և դրա ժամկետն ավարտվում է 4 տարուց՝ 2021թ-ին: Այդ կապակցությամբ հաճախակի են դարձել քաղաքական շահարկումները, թեև ժամկետի լրանալը չի նշանակում վերադարձ դեպի այն կետը, որը եղել է պայմանագրի ստորագրումից առաջ: Առաջին հերթին, միջազգային իրավագիտության տեսանկյունից այդ պայմանագիրն ուժ չունի, քանի որ այն երկրնները, որոնք 1921թ-ին կնքել են Կարսի պայմանագիրն, այսօրվա դրությամբ դադարել են գոյություն ունենալ:
Երկրորդ հերթին, Վրաստանի և Թուրքիայի միջև 1992թ-ի հուլիսի 30-ի համաձայնագիր գոյություն ունի, որում ասվում է, որ կողմերը ճանաչում են Կարսի պայմանագրում ամրագրված սահմանները: Այդ պայմանագիրն ավելի բարձր իրավաբանական մակարդակ ունի, քան Կարսի պայմանագիրը”: