Քաթարը պատասխանել է վերջնագրին
Քաթարը պատասխանել է Սաուդյան Արաբիայի և արաբական երեք այլ երկրների առաջադրած վերջնագրին: Պատասխանի բովանդակությունը չի հրապարակվում: Վերջնագրի հեղինակները խոստացել են հրապարակել իրենց արձագանքը «հարկ եղած ժամանակ»:
Այդ երկրի հանդեպ բողոքի էությունը հետևյալն է. ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորում և աջակցություն և միջամտություն այլ երկրների ներքին գործերին:
Քաթարին 13 պահանջների ցանկ է առաջադրվել: Այդ թվում.
— Դադարեցնել կապերն այնպիսի խմբավորումների հետ, ինչպիսիք են Իսլամական պետությունը, «Մուսալուման եղբայրները» և Հզբոլլան;
— Դադարեցնել որոշ լրատվամիջոցների ֆինանսավորումը, որոնց թվում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը;
— Մանրամասն տեղեկատվություն տրամադրել այլ արաբական երկրներում ընդդիմության գործիչների մասին, որոնք Քաթարից ֆինանսական աջակցություն են ստացել;
— Փոխհատուցում վճարել, որի գումարը դեռևս չի նշվում:
Քաթարի կողմից այս պահանջների չկատարումը սպառնում է նրա տնտեսական և դիվանագիտական մեկուսացմամբ:
Քաթարը, որը հերքում է ահաբեկչության ֆինանսավորումը, իրեն առաջադրված մեղադրանքները «միջազգային իրավունքի վիրավորանք» է անվանել:
Քաթարի արտգործնախարար շեյխ Ալ Տանին հայտարարել է, որ իր երկիրը մերժում է իրեն առաջադրված վերջնագիրը, սակայն պատրաստ է մասնակցելու բանակցություններին հարկ եղած պայմաններում:
Քաթարի դեմ աննախադեպ տնտեսական և դինավանագիտական պատժամիջոցներ է կիրառել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու Միացյալ Արաբական Էմիրությունները:
Դիմակայությունը տեղ է գտել նաև սոցցանցերում: Օրինակ, օգտատերերը կոչ են անում Լոնդոնի բնակիչներին և զբոսաշրջիկներին բոյկոտել «Հերոդս» հայտնի հանրախանութը, որը տեղակայված է անգլիական մայրաքաղաքում և Քաթարի սեփականությունն է:
Տասնյակ հազարավոր լայքեր են հավաքել այդ կոնֆլիկտի մեջ ներգրավված երկրների նորածիններին նվիրված հրապարակումներն ու թվիթները: Սկզբում հայրենասիրական տրամադրվածություն ունեցող մի հայր հայտարարեց, որ դստերը Քաթար է անվանել: Ի պատասխան Սաուդյան Արաբիայի բնակիչը Թվիթերում հայտնեց, որ իր դստեր անունը Սաուդիա է: