44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով կկանչվի նաև Հայաստանի վարչապետը
44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով կկանչվի նաև Հայաստանի վարչապետը։ Առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը, որ հանդես էր եկել հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու հայտարարությամբ, բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքն ու լքել նիստերի դահլիճը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննիչ հանձնաժողովի մասին խոսում էր դեռևս նախորդ տարվա հուլիսից, սակայն հանձնաժողովը ձևավորվեց այս տարվա փետրվարի 10-ին։ Մեկ օր անց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ չեն մասնակցելու իշխանության ձևավորած հանձնաժողովի աշխատանքներին։
Խորհրդարանական ընդդիմությունը չի կարծում, թե քննությունն օբյեկտիվ է իրականացվելու։
Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև արտախորհրդարանական ուժերը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով են նրանք մասնակցելու աշխատանքներին։
Նիստերին մասնակցելու հնարավորություն է տրվելու նաև պատերազմում զոհվածների հարազատներին։
Նախատեսվում է հանձնաժողովի աշխատանքն ավարտել 6 ամսում։ Անհրաժեշտության դեպքում դրա գործունեությունը կարող է երկարաձգվել ևս 6 ամսով։
Քննիչ հանձնաժողովի անդամներին հասանելի են լինելու նաև գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթեր։
Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները, այդ թվում՝ արձանագրված անհաջողությունների քաղաքական ու ռազմական պատճառներն ուսումնասիրելու նպատակով։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև նորաստեղծ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովն անդրադառնալու է նաև բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի ավարտին․
«Կքննվի նաև զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները, ընդունած որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին»։
Առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի անդամները հաստատել են աշխատակարգը։
Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ հանձնաժողովի աշխատանքն օբյեկտիվ լինել չի կարող․
«Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը չի լինի իշխանության ղեկին»։
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նշել է, որ ազատ են որոշելու իրենց մասնակցության ձևաչափը․
«Այնպես չէ, որ մենք մի կողմ ենք քաշվում և հետևելու ենք մամուլից, թե ինչպես են ընթանում աշխատանքները», — ասել է Նազարյանը։
Իշխող ուժի ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստին ներկա ընդդիմադիրներին հարցրել է` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ՝ շեշտելով, որ համատեղ հայտարարությունը իրավական հիմք չէ։
«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և շարունակենք մասնակցել», — ի պատասխան ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չեն կարող ըստ իրենց ցանկության որևէ պահի գալ ու մասնակցել, իրավական որոշում պետք է կայացվի։
«Փաշինյանը նույնպես կանչվելու է հանձնաժողով»
Առաջին նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ վարչապետ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Քոչարյանի խոսքով՝ հենց Փաշինյանի ցանկությունն է։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները։ Ըստ նրա՝ «շատ արժեքավոր է լինելու» նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությունը, ով այժմ աշխատում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ։
«Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները՝ ոչ միայն զինված ուժերի։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերներին Ռոբերտ Քոչարյանը [ՀՀ երկրորդ նախագահ] չթողեց գան և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն ցանկացած պաշտոնյայի, ցանկացած փաստաթղթի ծանոթանալու առումով, դա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն ունենք», — շեշտել է Անդրանիկ Քոչարյանն ու կարծիք հայտնել, թե ընդդիմության շահերից չի բխում, որ հանձնաժողովը հաջողի իր աշխատանքում։
Ընդդիմադիրները, սակայն, հույս ունեն, որ կկարողանան գտնել այլ ձևաչափ հանձնաժողովի աշխատանքը վերահսկելու համար։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին խոսել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե հանձնաժողովի միջոցով հնարավոր է բացահայտել պատերազմի մանրամասները, իսկ ընդդիմությունը շահագրգռված չէ։
«Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իշխանությունն է, և եթե նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ հանձնաժողով է ձևավորվել, ինչպե՞ս կարող է օբյեկտիվության մասին խոսք լինել։ Սա ուղղակի բեմադրություն է, որի նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը` նախապես նշանակելով մեղավորների և պատասխանատուների», — նշել է Աբրահամյանը։