3+3 կամ 3+2․ Հարավային Կովկասում խնդիրների լուծման նոր ձևաչափ
Աճում է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում
2020 թ-ի պատերազմն Արցախում և դրա արդյունքները հանգեցրել են որոշումների ընդունման ձևավորված համակարգի փոխակերպման։ Այժմ տարածաշրջանային գործընթացների վրա ակնհայտ ազդեցություն ունի Թուրքիան։ Թուրքական զինված ուժերը ներկայացված են Ադրբեջանում, պարբերաբար անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։ Հայաստանը ստիպված է ընդունել նոր իրողություններն ու կապ հաստատել հարևան երկրի հետ։
Երկու երկրների առաջնորդները հայտարարություններով են փոխանակվել երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին։ Սակայն գլխավոր հարցը, որն առաջանում է այս իրավիճակում, այն է, թե դրա փոխարեն ինչ է Անկարան պահանջելու պատերազմում պարտված և ակնհայտորեն նաև քաղաքականորեն թուլացած Երևանից։
Ինչպե՞ս են զարգանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ժամանակներս․ իրավիճակի վերլուծություն, հասարակության վերաբերմունքը, փորձագիտական կարծիք։
- Բրիտանիայի Համայնքների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծ։ Ի՞նչ է սա նշանակում
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ հեռանկարներ և սպառնալիքներ
- Թուրքիան գերտերության կարգավիճակի՞ է հավակնում։ Դեսպանների արտաքսում, Գյուլեն, Ստամբուլի ջրանցք
Փաշինյանի և Էրդողանի հայտարարությունները
Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Եվ մեկ պայման է առաջ քաշել՝ առանց նախապայմանների։ Առավել հայեցակարգային այս սկզբունքը ներկայացվել է 2008 թ-ին, երբ կողմերը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրել են հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։
Հաշտեցման գործընթացը ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, քանի որ այն սկսվել է Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի այցից Երևան՝ դիտելու 2010 թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև խաղը։ Այնուհետև 2009 թ-ին Սերժ Սարգսյանն Աբդուլա Գյուլի հրավերով մեկնել է պատասխան խաղին Բուրսա քաղաքում։ Նախագահների հանդիպումներն ու բանակցություններն անցկացվել են ֆուտբոլային խաղերից հետո։
Սակայն հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ չեն վավերացվել խորհրդարանում։ Եվ առաջին հայացքից խոստումնալից գործընթացը կասեցվել է։
Եթե դիտարկենք երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը, պարզ կդառնա, որ «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը հաջողելու շանսեր չուներ։
1993 թ-ից Թուրքիան միակողմանի կերպով փակել է Հայաստանի հետ սահմանը՝ այդպիսով աջակցություն հայտնելով Ադրբեջանին Արցախյան առաջին պատերազմում։ Եվ այս բոլոր տարիներին Անկարան հայտարարում էր․ Հայաստանը պարտավոր է վերադարձնել հողերը, որոնք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանի մի մասն են։
Չլուծված հակամարտության և այն ժամանակվա ստատուս քվոյի պայմաններում, որը տևել է մինչև երկրորդ պատերազմը, Թուրքիան չի գնացել հարաբերությունների որևէ «ջերմացման»։ Սակայն Արցախյան երկրորդ պատերազմն ու այդ ստատուս քվոյի փոփոխությունը հանգեցրել են նոր իրողությունների, և կողմերը միմյանց հետ խոսելու ֆորմալ առիթ են ստացել։
«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»:
Այսպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Հայաստանի հետ հարաբերություններն աստիճանաբար վերականգնելու պատրաստակամության մասին։ Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանին առաջարկել է հանդիպել։
Հանդիպումը դեռ չի կայացել, սակայն Թուրքիան ու Հայաստանը պարբերաբար շարունակում են հայտարարություններով փոխանակվել։
Եվ եթե Երևանը զգուշորեն փորձում է առաջ տանել նույն պայմանը՝ «առանց նախապայմանի», ապա Անկարան այժմ այլ օրակարգ ունի։ Հողերի վերադարձի պահանջը փոխարինվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջով։
Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհի մասին է, որն Ադրբեջանը կմիացնի նրա էքսկլավ Նախիջևանին։ Ինչպես հայտարարում են թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչները, ադ ճանապարհը «կմիավորի ողջ թյուրքական աշխարհը»։ Սակայն Հայաստանի իշխանությունը բազմիցս ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է ապաարգելափակել ճանապարհները տարածաշրջանում, սակայն հարևաններին ճանապարհ չի տրամադրելու «միջանցքների» տրամաբանությամբ, այսինքն՝ առանց ինքնիշխան վերահսկողության պահպանման։
Հայաստանը կարո՞ղ է Թուրքիայի հետ խոսել հավասարը հավասարի պես
Սա, թերևս, գլխավոր հարցն է, որը բարձրացնում է հայ հասարակությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Երկրի իշխանությունը կտրուկ փոխել է հռետորաբանությունը 44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում հարևան երկիրն անվանվում էր թշնամի և ագրեսոր։ Սակայն հասարակությունը շարունակում է Թուրքիան ընկալել բացառապես որպես թշնամական պետություն։
Ընդ որում, հարց է առաջանում, թե ինչ անել այն պայմաններում, երբ Անկարայի հետ պետք է երկխոսություն վարել, բայց ոչ նրա պայմաններով։ Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի առանց նախապայմանների կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները։ Հայաստանի իշխող կուսակցությունը վստահ է, որ ունի։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է․
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այն թիմը, որի անդամն եմ նաև ես, արձանագրել է, որ մենք ունենք խաղաղության առաջնահերթ օրակարգ։ Եվ դրա իրականացման համար մենք պատրաստ ենք քննարկումներ անցկացնել մեր բոլոր հարևանների հետ։ Առանց որևէ նախապայմանի՝ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ցավոտ հարց և հանդիպել ցանկացած առաջնորդի հետ»։
«Զանգեզուրի միջանցքը», որի մասին մշտապես խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները, կյանքի կոչվելու դեպքում ստանդարտ տարանցիկ ճանապարհ չի լինելու։
«Ճանապարհային միջանցք» հասկացությունն այլ իրավաբանական կարգավիճակ ունի։ Հաճախ երկիրը, որի տարածքով անցնում է միջանցքը, ոչ միայն չի վերահսկում այն և դիվիդենդներ չի ստանում տարանցումից, այլև կորցնում է այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպես, օրինակ, Ադրբեջանի դեպքում է, որին հասանելի չէ Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքը»։
Հենց այդ միջանցքի մեջ է խնդիր տեսնում հայկական ընդդիմությունը, որը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փաստին, բայց վստահ է, որ Փաշինյանի կառավարությունն ի վիճակի չէ դա անել՝ չվնասելով երկրի ազգային շահերին։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն առանց որևէ նախապայմանի։ Իսկ Թուրքիան ոչ միայն օրակարգում է թողնում Արցախի հարցը, այլև առաջ է քաշում Հայաստանի կողմից Սյունիքի մարզում միջանցք տրամադրելու գաղափարը։ Այս պայմաններում հարաբերությունների կարգավորման գործընթացը չի համապատասխանում մեր երկրի ազգային շահերին», — նշում է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նոր ձևաչափ Հարավային Կովկասում։ Ինչպե՞ս են ընդունվելու որոշումները
44-օրյա պատերազմից հետո հայկական իշխանությունը մշտապես և կտրականապես հերքել է Ադրբեջանին և Թուրքիային «միջանցք» տրամադրելու հավանականությունը։ Սակայն վստահություն չկա, որ Երևանը կկարողանա պահպանել իր դիրքորոշումը։ Եվ պատճառն այն է, որ տարածաշրջանում փոխվել է ուժերի հարաբերակցությունը։
Թուրքիան առաջ է քաշել տարածաշրջանային հարցերի լուծման նոր ձևաչափ, որն անվանում են «3+3»։ Այն ենթադրում է, մի կողմից, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությունը, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի։
Թեհրանն ու Մոսկվան դրական են տրամադրված նախաձեռնությանը։ Մոսկվայի համար սա առանց Արևմուտքի մասնակցության Հարավային Կովկասում որոշումներ ընդունելու հնարավորություն է։ Թուրքիան այդ կերպ ամրապնդում է իր դիրքերը։ Իսկ Իրանը փորձում է հետ չընկնել և վերադարձնել Արցախյան երկրորդ պատերազմից հետո կորցրած դիրքերը։
Ադրբեջանը նույնպես սատարում է «մեծ եղբոր» նախաձեռնությունը։ Իսկ վրացական իշխանությունը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել որևէ ձևաչափի, որում կա Ռուսաստանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկրի իշխանությունը զգուշորեն է արտահայտվում «3+3»-ի մասին։ Երևանը մտադիր է հասկանալ, թե ինչ հարցեր են քննարկվելու նոր ձևաչափով։
Վերջերս Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով և առանձնահատուկ կարծիք է արտահայտել «3+3» ձևաչափի վերաբերյալ․
«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Արցախյան հակամարտության կարգավորման հարցը և այլն»։
Սակայն պարզ է, որ եթե բանը հասնի հստակ քայլերի, ապա Հայաստանը հնարավորություն չի ունենա դրան չմասնակցելու։
Փորձագիտական կարծիք
Արդյո՞ք Երևանի համար ընդունելի է որոշումների կայացման նոր համակարգը։ Արդյո՞ք Հայաստանը կկարողանա պաշտպանել իր ազգային շահերը նման դեպքում։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է, որ Թուրքիան փորձում է այդ կերպ վերջնականորեն ամրապնդվել Հարավային Կովկասի տարածաշրջանում․
«Սա Թուրքիայի առաջարկն է, որի նպատակը Հարավային Կովկասը Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության գոտիների բաժանելն է։ Այստեղ նաև ակնկալվում է Իրանի մասնակցությունը, սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ այն երկրորդական է։ Ի՞նչ է նշանակում Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առումով բաժանելը։ Թուրքիայի տեսակետից՝ դա հաղթանակ է։ Որովհետև Թուրքիան օրինական իրավունք կստանա հանդես գալու տարածաշրջանում որպես թելադրող ուժ»։
Փորձագետի կարծիքով՝ այս ձևաչափի շրջանակում Անկարան կշարունակի ճնշում գործադրել Երևանի վրա։ Այս գործընթացի հետևանքը կլինի նաև Ղարաբաղյան հարցի լուծման ձևաչափի փոփոխությունը․
«Նախագծի վերջնական նպատակներից մեկը Մինսկի խմբի ձևաչափը կասեցնելն է։ Պատահական չեն Թուրքիայի հայտարարություններն այն մասին, որ Մինսկի խումբն այս իրավիճակում անպետք է, որ Թուրքիան ու Ռուսաստանը պետք է որոշեն տարածաշրջանային զարգացումները։ Այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրի հետ կապված հարցերը»։
ՄԽ ձևաչափի փոփոխությունը չի կարող Հայաստանի շահերից բխել, կարծում է Սաֆրաստյանը։ Հայաստանը պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, և անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿկ Մինսկի խմբի շրջանակում։