կարանտինի առաջին մեղմումն Ադրբեջանում
Ապրիլի 27–ից Ադրբեջանում սկսել են մեղմել խիստ կարանտինային ռեժիմը։
Մասնավորապես․
- վերսկսվել է առևտուրը նախկինում փակ բոլոր խանութներում՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների;
- բացվել են ատելիեները, կոշիկի վերանորոգման սրահները, ֆոտոստուդիաները;
- թույլատրված է անհատական կրկնուսույցի աշխատանքն ու բնակարանների մաքրման ծառայությունները։
SMS-թույլտվությունը, որն անհրաժեշտ է փողոց դուրս գալու համար, եթե չունես տեղեկանք աշխատավայրից, այժմ տրվում է երեք ժամով (մինչ այս երկու ժամով էր)։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ օրն Ադրբեջանում ևս մեկ մարդ է մահացել COVID-19–ից, գրանցվել է վարակման 33 նոր դեպք։ Ընդ որում, ևս 23 մարդ է ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցից։
- Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ․ ի՞նչն այն չէ։ Կարծիք
- Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու դժբախտությունները
Այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը մինչև այս պահը կազմում էր 1 678, նրանցից 22–ը մահացել են, 1 162–ն արդեն ապաքինվել։
Կարանտինը մեղմելու առաջին իսկ օրը Բաքվում մի քանի անգամ ավելացել են մեքենաներն ու մարդիկ, փողոցներում խցանումներ են առաջացել։
Կենտրոն «ճողոպրելու» իր այսօրվա տպավորությունների մասին է պատմում քաղաքամերձ ավանի բնակիչը․
«Գնացել էի թերթ ու ամսագիր գնելու, որովհետև կրպակները վերջապես բացվել են։ Լիքը մարդ կար դրսում, ցուցափեղկերն էին լվանում, կանայք երեխաների հետ զբոսնում էին, մեքենաներն էլ էին շատ»։
Իզուր էր տնից դուրս եկել նաև քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկի բնակիչը․
«Բանկ պետք է մտնեի։ Կեսօրից հետո գնացի, պարզվեց, որ բանկը բաց էր միայն մինչև 14:00–ն։ Ապուշություն։ Բոլոր զարդեղենի կրպակներն ու ավտոսրահները բացել են, իսկ իրոք անհրաժեշտ վայրերն անհասանելի են։ Ընդ որում, փողոցներում լիքը մարդ կա։ Կարծես կարանտին չլինի էլ։ Փոխարենը նրանք բոլորը թույլտվությամբ են տնից դուրս եկել։ Ո՞րն է այսպիսի միջոցների իմաստն, անհասկանալի է»։
Ոմանց համար, ում պաշտոնապես թույլատրել են աշխատել, նույնպես կյանքը չի հեշտացել։ Օրինակ՝ Սևդա Հասանովան զբաղվում է բնակարանների մաքրությամբ, մի քանի մշտական հաճախորդ ունի։ Իսկ այժմ նա մտածում է ուրիշ աշխատանք գտնելու մասին, որովհետև իշխանությունների սահմանած պայմանները նրան ձեռնտու չեն։
«Այո, մաքրությունը թույլատրել են։ Բայց։ Դրա համար պետք է գրանցվես որպես «անհատ» և հարկի պես բան վճարես։ Ավելին, երբ գնում ես հաճախորդների մոտ, պետք է նախօրոք նշել, թե ինչ հասցեով և նույնիսկ որ երթուղով ես մեկնելու։ Եթե քեզ որևէ այլ վայրում տեսնեն, կտուգանեն։ Այս ամենն ինձ ձեռնտու չէ, արդեն զանգահարել եմ բոլորին, ում տանը մաքրություն էի անում, և ասել, որ չեմ կարող գալ, համենայնդեպս հիմա։ Մի խոսքով, չգիտեմ նույնիսկ, թե ինչ եմ անելու», – պատմում է Սևդան։