Հայաստանը 2024 թ.-ին. ընտրություն եվրաինտեգրման և ՌԴ միջև, պայքար հանուն ապագայի
2024 թ.-ի գլխավոր իրադարձությունները ՀՀ-ում
2024 թվականը Հայաստանի համար ավելի հանգիստ տարի էր՝ նախորդ տարիների համեմատ։ Այն առնվազն անցավ առանց պատերազմների։ Սակայն երկիրը շարունակում էր լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և իրենց ողջ ունեցվածքը կորցրած ավելի քան 100 հազար հայրենակիցների խնդիրները:
Միևնույն ժամանակ անցնող տարին ռազմավարական որոշումների ընդունման իմաստով հեշտ չէր։ Այն նշանավորվեց եվրաինտեգրման ուղղությամբ ակտիվ քայլերով և արևմտյան գործընկերների հետ կապերի ամրապնդմամբ։ Զուգահեռաբար Հայաստանի իշխանությունները քայլեր էին ձեռնարկում Ռուսաստանից կախվածության մակարդակը նվազեցնելու համար։
Այս տարվա առանցքային իրադարձությունն արևմտամետ քաղաքական ուժերի Եվրաքվե նախաձեռնությունն էր՝ Եվրամիությանը միանալու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին։ Նրանք կազմակերպեցին ստորագրահավաք, և Հայաստանի ավելի քան 50 հազար բնակիչ աջակցեց նախաձեռնությանը։ Այժմ երկրի խորհրդարանը պետք է քննարկի և որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։
Զուգահեռաբար Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքում։ Երկրի ղեկավարությունը հրաժարվում է մասնակցել դաշինքի գործունեությանը՝ չնայած ՌԴ դժգոհությանը։ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք նման բան երբեք տեղի չի ունեցել։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին գալիք տարում։ Կհաստատվի՞ արդյոք երկրի արևմտամետ կուրսը, թե՞ Ռուսաստանին կհաջողվի այն վերադարձնել իր ուղեծիր։ Հասարակության մեջ միանշանակ հասունացել է փոփոխությունների ցանկությունը։ Ընդ որում, արևմտամետ տրամադրություններ ունեցող բնակիչների մի մասը դրանք սպասում է մոտ ապագայում և պահանջում է, որ իշխանությունները վճռական գործողություններ ձեռնարկեն։ Սակայն նրանց մեջ կան նաև մի շերտ, որը չի հավատում իշխող թիմի անկեղծությանը և թերահավատորեն է մոտենում այս ուղղությամբ գործնական քայլերի հնարավորությանը։
JAMnews-ը փորձել է իրավիճակը պարզաբանել հայ վերլուծաբանների հետ, որոնք արմատապես տարբեր հայացքներ ունեն: Նրանք վերհիշել են անցնող տարվա գլխավոր իրադարձությունները և կանխատեսել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները գալիք տարում։
- Ի՞նչը կարող է Բաքվին ստիպել պայմանագիր կնքել ՀՀ հետ. կարծիք Երևանից
- «ՌԴ-ն չի ուզում թույլ տալ, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ ուղեծրից»․ կարծիք Երևանից
- Եվրաքվեի նախաձեռնողները ԿԸՀ հանձնեցին շուրջ 60 հազար ստորագրություն
Հովսեփ Խուրշուդյան, քաղաքական վերլուծաբան
Եվրաքվե և արևմտյան կուրս
«2024 թվականի նշանակալի իրադարձություններից էր Եվրաքվե նախաձեռնությունը, որի շրջանակներում հավաքվել է 60 հազար ստորագրություն: 52 հազարն անցել են վավերացում։ Սա հնարավորություն տվեց խորհրդարան ներկայացնել Հայաստանի եվրաինտեգրման մասին օրինագիծը։
Հունվարին կսկսվի օրինագծի քննարկումը մասնագիտական հանձնաժողովներում։ Եվ կա վստահություն, որ այն կընդունվի։ Դրա մասին են վկայում իշխանական կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները։ Դա հաստատել է և անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով մերժման հիմքերի բացակայությունը։
Այսպիսով, Հայաստանը պաշտոնապես կորդեգրի եվրաինտեգրման կուրս։ Եվ սա կդառնա երկրի արտաքին քաղաքական ուղեգծի առաջնահերթություն։ Որոշակի փուլում Հայաստանն արդեն պարտավոր կլինի դիմում ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար։ Սա կհանգեցնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, ինչպես դա նախկինում արել են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Բացի այդ, կպահանջվի դուրս գալ ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքից, Եվրասիական տնտեսական միությունից և ԱՊՀ-ից։ Առանց այդ քայլերի ԵՄ անդամակցությունն անհնար է։ Գլխավորն այն է, որ գործընթացը մեկնարկել է։
Նշանակալի իրադարձություն էր նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում։ Այն հնարավորություն տվեց նախանշել համագործակցության առաջնահերթությունները, ներառյալ անվտանգության, տնտեսական փոխգործակցության և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցերը»։
Հայաստանը հեռանում է Ռուսաստանից
«Հայաստանի իշխանությունները նշանակալի քայլեր են ձեռնարկել Ռուսաստանից կախվածությունը կրճատելու համար։
Մասնավորապես՝ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ ռուս սահմանապահները լքել են իրենց դիրքերը հայ-ադրբեջանական սահմանի բոլոր հատվածներում։ Այդ սահմանապահ ստորաբաժանումները հայկական սահմանների պաշտպանության փոխարեն ապահովում էին Ադրբեջանի շահերի իրականացումը։
Ռուսական սահմանապահ զորքերն Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում՝ Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում էին տեղակայվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Այս տարվա մայիսին Փաշինյանը և Պուտինը պայմանավորվածություն էին ձեռք բերել ռուս սահմանապահների դուրսբերման մասին։
Հիշենք 2021 թվականը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սոթքի ուղղությամբ։ Հարձակման նախօրեին ռուսական ստորաբաժանումները լքել էին այդ հատվածը՝ թողնելով այն առանց պաշտպանության։ Արդյունքում ադրբեջանցի զինվորականներն անարգել զբաղեցրել էին դիրքերը։ Եթե այնտեղ ռուսական զորքեր չլինեին, հայ զինվորները կարող էին պաշտպանել իրենց սահմանը։
Բացի այդ, հայկական իշխանությունների նախաձեռնությամբ ռուս սահմանապահները լքել են «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ նախկինում վերահսկում էին ողջ ուղևորահոսքը։ Այժմ օդանավակայանն ամբողջությամբ գտնվում է հայկական կողմի կառավարման ներքո։
Ռուս սահմանապահները լքել են նաև Իրանի հետ պետական սահմանին գտնվող Մեղրիի անցակետը։
Ներկայումս ռուս զինվորականները դեռևս ներկա են հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանություն է իրականացնում «ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց գործունեության պայմանների մասին» միջպետական համաձայնագրի հիման վրա։ Կողմերն այն ստորագրել են 1992 թվականին։
2024 թվականին ձեռք է բերվել սահմանների համատեղ վերահսկողության մասին պայմանավորվածության՝ որպես ժամանակավոր միջոց։ Սա կապված է նրա հետ, որ առայժմ չկան անհրաժեշտ քանակի և պատշաճ ձևով պատրաստված հայ սահմանապահներ։ Սակայն հետագայում ողջ սահմանը կպահպանեն միայն տեղացիները։
Այս բոլոր արագընթաց փոփոխությունները հիմք են ստեղծում Հայաստանի՝ ԵՄ-ի և արևմտյան անվտանգային համակարգերի հետ ավելի սերտ ինտեգրման համար»։
Ռազմատեխնիկական համագործակցություն
«Անցնող տարվա նշանակալի իրադարձություն դարձավ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը արևմտյան երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մի քանի այլ եվրոպական պետությունների հետ։
Տեղի ունեցան ԱՄՆ և Հայաստանի ԶՈւ-երի համատեղ Eagle Partner 2024 զորավարժությունները։ Հայ զինծառայողներն ամերիկացի և ֆրանսիացի հրահանգիչների ղեկավարությամբ վերապատրաստումների մասնակցեցին։
Հատուկ ուշադրության է արժանի ռազմատեխնիկական և տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումը Հայաստան։ Ֆրանսիայի պարագայում խոսքը զինամթերքի նշանակալի մատակարարումների մասին է, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, հակատանկային, հակահրթիռային և հակահետևակային համալիրների մասին, որոնք մեծ նշանակություն ունեն երկրի անվտանգության ապահովման համար»։
Առանց կորուստների տարի
«2024-ը դարձավ 2020-ի պատերազմից հետո առաջին տարին, որը Հայաստանն ավարտեց առանց կորուստների՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ տարածքների։
Այս առաջընթացը, առաջին հերթին, կապված է Հայաստանի՝ արևմտյան երկրների հետ համագործակցության ամրապնդման, արևմտյան անվտանգության համակարգերին ինտեգրման հետ։ Եվ այստեղ պետք է ընդգծել, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների դերը»։
Քաղաքական զիջումներ. եվրոպացի դիտորդների ներկայությունը սահմանին
«Ադրբեջանի հետ սահմանին եվրոպացի քաղաքացիական դիտորդների ներկայությունն անվտանգության կարևոր գործոն է։ Իսկ նրանց դուրսբերման մասին Ադրբեջանի նախագահի պահանջը դժգոհություն է առաջացնում հասարակության մեջ։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը լոյալություն է ցուցաբերում այս հարցում։ Նա ասում է, որ սահմանի սահմանազատված հատվածներում ԵՄ առաքելության պարեկության անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները կասկածում են Ադրբեջանի՝ հնարավորինս արագ սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վրա։ Իսկ դա նշանակում է, որ եվրոպացի դիտորդները, հավանաբար, ևս մի քանի տարի կվերահսկեն իրավիճակը։
Այնուամենայնիվ, այս հարցում զիջումների գնալը կասկածելի որոշում է։ Անձամբ ես դեմ եմ նման զիջումներին։ Դելիմիտացված սահմանը չի երաշխավորում անվտանգությունը։ Ադրբեջանը հայտնի է իր սադրանքներով։ Իսկ իր հարձակումները փորձում է ներկայացնել՝ որպես պատասխան Հայաստանի ագրեսիայի։ Եվրոպացի դիտորդների առկայությունը խանգարում է Բաքվին իրականացնել նման սցենարներ՝ զրկելով նրան մեղքը հայկական կողմի վրա բարդելու հնարավորությունից։
Դիտորդների դուրսբերումը կարող է հանգեցնել նրան, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման դեպքում Ադրբեջանը շարունակի սադրանքները։ Եվրոպական վերահսկողության բացակայությունը կմեծացնի դրանց հավանականությունը և կհեշտացնի դրանց արդարացումը»։
Հանցագործները պետք է պատժվեն
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մեկ այլ կարևոր և դեռևս չհամաձայնեցված դրույթ է միմյանց դեմ ներկայացրած միջազգային հայցերի հետկանչումը։
Հայաստանը չպետք է զիջումների գնա՝ հաշվի առնելով, որ արդեն կան իր օգտին կայացված դրական միջանկյալ դատական որոշումներ։ Ադրբեջանական կողմի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պետք է գնահատական ստանան։ Անպատժելիությունն անխուսափելիորեն հանգեցնում է նոր հանցագործությունների։
Հայցերի հետկանչումը կդառնա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի և հետագա տարիների ընթացքում ադրբեջանական հանցագործությունների զոհերի ժառանգների իրավունքների խախտում։
Աբսուրդ է համաձայնել նրան, որ ռազմագերիների սպանողները, ինչպես նաև այլ վայրագություններ կատարածները մնան ազատության մեջ։ Դա կստեղծի վտանգավոր նախադեպ՝ մղելով նոր հանցագործությունների։ Նման հարցերը չպետք է դառնան քննարկման կամ սակարկության առարկա»։
Անուշ Սեդրակյան, քաղաքագետ
Պատկերացումների փոխարինում
«2024 թվականին Հայաստանի քաղաքական կյանքում գրանցված առանցքային դրսևորումը պատկերացումների տոտալ փոխարինումն էր։ Ամեն ինչ գլխիվայր շրջվել է։ Մեր իրականությունը դարձել է պարադոքս: Նշանակալից իրադարձություններն ու հայտարարությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն երկրի ճակատագրի վրա և կշարունակեն ունենալ ապագայում, ներկայացվում են որպես երկրորդական խնդիրներ։
Թեմաները, որոնք կարող էին առանցքային դառնալ անցնող տարվա համար՝ սահմանների անպաշտպան լինելը, ազգային անվտանգության խնդիրները, ադրբեջանցիների բնակեցման հեռանկարը, Սահմանադրության հնարավոր փոփոխությունը, գալիք ընտրությունները, ստվերվեցին ցածրորակ շոուով և տեղեկատվական աղմուկով: Այդ աղմուկը ստեղծում են հենց իշխանությունները՝ ընտանեկան հավաքների, միջոցառումների, անձնական այցերի միջոցով, խորհրդանշական օրինակ է վարչապետի հեծանիվ վարելը։
Սա միտումնավոր է արվում։ Մարդու ուղեղը հակված է սպառելու ավելի թեթև, ժամանցային տեղեկատվություն՝ թողնելով լուրջ խնդիրները երկրորդ պլանում։ Արդյունքում հասարակությունը հայտնվում է տեղեկատվական անզգայացման մեջ՝ լցոնված կիսասկանդալային կեղծ լուրերով, և ունակ չէ ակտիվ դիմադրել կամ ազդեցություն գործել կարևոր իրադարձությունների վրա»։
Մեկ մարմնի երկու ձեռք
«Այսօրվա իշխանություններն ու ընդդիմությունը փաստացի գործում են միահամուռ: Կարծես լինեն մեկ մարմնի երկու ձեռքեր, որոնք վերահսկվում են մեկ գլխով` Վլադիմիր Պուտինի: Իսկ նրա ազդեցությունը միայն ուժեղանում է։
Ռուսական քաղաքական կուրսի նկատմամբ հավատարմություն է դրսևորում ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Վրաստանը և Ադրբեջանը։
Հայաստանի իշխանությունների հակառուսական հռետորաբանությունը գործնականում ընդամենը քաղաքական խաղ է։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ողջ ընթացքում նրա ոչ մի գործողություն իրական հարված չի հասցրել Ռուսաստանի շահերին։
Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը վերածվի «տարանցիկ գոտու»՝ ի շահ ավելի նպատակասլաց պետությունների։ Այլ երկրներ արդեն իսկ հաջողությամբ օգտվում են Հայաստանի վարչակազմի ապաշնորհ լինելուց։ Խոսքը, առաջին հերթին, Ադրբեջանի մասին է: Նա հմտորեն վարում է իր քաղաքականությունը՝ սինխրոնիզացվելով այն Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիան տարածաշրջանում գերիշխող դիրքի է հասել՝ ճնշելով նույնիսկ Ռուսաստանին»։
Ոչ խաղաղ պայմանագիր
«Այսօր Հայաստանի իշխանություններին տրվելիք հրահանգները որոշվում են Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից։ Մեզ զրկում են միջազգային ատյաններ դիմելու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների և խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների մասին հայտնելու հնարավորությունից։ Պատահական չէ, որ հայտարարում են «ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն չէ» [այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը] և խոսում Բաքվի դեմ ներկայացված միջազգային հայցերի հետկանչման հնարավորության մասին:
Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ կապիտուլյացիայի ակտ, որը նախատեսում է Հայաստանը հանձնել ռուս-թուրքական դաշինքի ձեռքը, Ադրբեջանին էլ վերապահել վերահսկիչի դերը։ Այդ ծրագիրն աստիճանաբար իրագործվում է, իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը նպաստում է դրան»։
Peaceful march ադրբեջանական ձևով
«Իլհամ Ալիևը նախանձելի հետևողականությամբ խոսում է «300 հազար ադրբեջանցիների» մասին, ովքեր արդեն դիմումներ են ներկայացրել և պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։
Հասկանու՞մ եք, թե սա ինչի կհանգեցնի։ Նման նախադեպ արդեն եղել է: Ժամանակին պաղեստինցիները, որոնց չէր հաջողվել ճեղքել Իսրայելի պաշտպանությունը, Իսրայելին առաջարկեցին, այսպես կոչված, «peaceful march անունով խաղաղության նախաձեռնություն՝ նպատակ ունենալով իրականացնել տարածքների զանգվածային բնակեցում։ Իսրայելը, իհարկե, հրաժարվեց։ Հայտարարեց, որ պաղեստինցիները չեն կարողացել ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակին, իսկ այժմ ցանկանում են գալ ու խաղաղ ձևով բնակություն հաստատել։
Մեր վիճակը հակառակն է: Ցանկացած ոք, ով համարձակվում է առարկել նման սցենարի դեմ, անմիջապես մարգինալացվում է: Այդ մարդկանց որակում են որպես ռասիստ, ֆաշիստ և ազգայնական: Իշխանություններն ակտիվորեն օգտագործում են բոլոր գործիքները՝ ճնշելու գաղափարական կամ ֆիզիկական ցանկացած դիմադրություն»։
Մեզ նոր ընդդիմություն է պետք
«Ներկա պայմաններում Փաշինյանը հեշտությամբ կկարողանա պահպանել իշխանությունը, քանի որ ընդդիմությունն ակտիվորեն նպաստում է դրան։ Աջակցում է նրան իր գոյությամբ, անիմաստ հայտարարություններով, հանրահավաքներով ու ցույցերով։ Իսկ այդ ընթացքում վարչապետը շքեղ ելույթներ է ունենում Արևմուտքում։ Նա հայտարարում է, որ տեղի են ունենում խաղաղ գործընթացներ, որ մենք շատ ժողովրդավարական վերաբերմունք ունենք ընդդիմության նկատմամբ։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե ընդդիմությունը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ։
Մենք խրվել ենք այս ճահիճում և մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել նոր, առողջ ընդդիմություն, որը կունենա արևմտյան կողմնորոշում և հստակ օրակարգ։
Հայաստանը պետք է բացահայտ հայտարարի այդ մասին՝ գիտակցելով, որ ռուսամետ բոլոր դաշինքները միշտ ավարտվում են լիակատար ֆիասկոյով։ Դրա վառ օրինակն է ղարաբաղյան հակամարտությունը»։
Բողոքի շարժման առաջնորդին զոհաբերեցին
«Իշխանափոխության նպատակով բողոքի շարժումը ղեկավարած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին զոհաբերեցին: Համոզված եմ, որ նա պայքարը սկսել է լավագույն մտադրություններով և չի հասկացել, թե ինչպես են իրեն մանիպուլացնում։ Հայաստանի ընդդիմության կամ իշխանությունների միջոցով նրա հետ չար կատակ խաղաց կրկին Ռուսաստանը։ Սա հանգեցրեց ամենավատին՝ համազգային ապատիայի, այն գիտակցման, որ ոչինչ փոխել հնարավոր չէ։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի մարզից երթ էր մեկնարկել դեպի Երևան՝ ի նշան Հայաստանի հյուսիսում սկսված՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի դեմ բողոքի։ Այն ղեկավարում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Շարժման մասնակիցները Երևան էին հասել մայիսի 9-ին։ Այնտեղ նրանք փոխել էին սահմանազատման գործընթացը դադարեցնելու իրենց սկզբնական նպատակն ու պահանջել վարչապետի հրաժարականը։ Շարժումը, սակայն, չստացավ ժողովրդի աջակցությունը։
Ներկայումս Հայաստանում հարձակումների են ենթարկվում եկեղեցին, կրթությունն ու պատմությունը։ Այդ ոլորտները դարձել են գաղափարական դիվերսիայի օբյեկտներ՝ նպատակ ունենալով ժողովրդին զրկել ընդհանուր շահերից, ընդհանուր թշնամիներից ու ընդհանուր գաղափարներից։ Ես չեմ ուզում սատանայացնել ռուսական քաղաքականությունը, բայց նրանք դա չեն էլ թաքցնում։
Բարեբախտաբար, մարդկանց վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ չի փոխվել»։
Եվրաինտեգրման խեղաթյուրում
«Եվրաքվեն իրականում եվրաինտեգրման խեղաթյուրում է, որը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ դեպքում ողջ «արևմտամետ ընդդիմությունը» կպահանջեր, որ նա իրականացնի արևմտյան օրակարգը և կոնկրետ հարցեր կտար Փաշինյանին։ Բայց նրանք դժգոհություններ չունեն։ Եվ նրանք չեն պայքարում արևմտամետ կողմնորոշման համար։
Տեսեք, թե ինչ է անում Վրաստանում արևմտամետ ընդդիմությունը, ինչպես այն գործեց Ուկրաինայում։ Տեսեք, թե ինչ եղավ Զելենսկիի, Սաակաշվիլիի հետ և որքան հաջող է «թագավորում» Նիկոլ Փաշինյանը:
Եվրաքվեն հնարք է, որը գալիք ընտրություններում փաշինյանամետ ընդդիմությանը խորհրդարանական մանդատներ կապահովի արևմտամետ քողի ներքո։ Ոչ ավելին»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
2024 թ.-ի գլխավոր իրադարձությունները ՀՀ-ում