17 երկրների փորձագետ այցելել է Թբիլիսիի Լուգարա լաբորատորիաներ։ Ի՞նչ է գրված եզրակացությունում
Ռիչարդ Լուգարայի անվան առողջապահության հանրային հետազոտական կենտրոնը Թբիլիսիում ընդունել է 17 պետությունների մասնագետների։ Այցելության նպատակը պարզելն էր, թե ինչ է տեղի ունենում այն լաբորատորիայում, որին Ռուսաստանը մեղադրում է կենսաբանական զենքի արտադրության համար։
Թբիլիսի է ժամաել 23 պատվիրակ աշխարհի 17 երկրից՝ Ավստրիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Իրաքից, Հունգարիայից, Իտալիայից, Կամերունից, Կոլումբիայից, Մալայզիայից, Մալիից, Մյանմարից, Չեռնոգորիայից, Ղազախստանից, Չիլիից, Ուգանդայից։
Փորձագիտական եզրակացությունում ասվում է, որ ստուգման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հաստատության գործունեության հետ։ Միաձայն ընդունված հաշվետվությունում ասվում է, որ լաբորատորիան ապահովում է իր աշխատանքի թափանցիկությունն, ու նրա ողջ գործունեությունը կապված է միայն տարբեր հիվանդությունների կանխարգելման հետ։
«Օբյեկտը թափանցիկ է աշխատում։ Փորձգետների խումբը հաստատության հայտարարագրած պրոֆիլակտիկ, գիտական և խաղաղ նպատակներին չհամապատասխանող ոչինչ չի հայտնաբերել», — ասված է եզրակացությունում։
Սկանդալային լաբորատորիա
Լուգարա լաբորատորիայի շուրջ հերթական իրարանցումը բարձրացրել է Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն։ 2018թ-ի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում նա մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել։
Գիորգաձեն, մասնավորապես, հայտարարել էր, որ այդ կենտրոնն իրականում կենսաբանական զենքի արտադրման գաղտնի լաբորատորիա է։
•Լուգարա Լաբորատորիան, և ինչու է դրա դեմ փորձում պայքարել Կրեմլը
• Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ մեղադրանքներում անսպասելիորեն հայտնվել է Վրաստանը
Գիորգաձեն այս մեղադրանքներն առաջին անգամ չէ հնչեցնում։ Մի քանի տարի է արդեն, ինչ ռուսական լրատվամիջոցներում Լուգարա լաբորատորիան պարբերաբար հրամցվում է որպես Ռուսաստանի գրեթե գլխավոր սպառնալիք, քանի որ այդտեղ ամերիկացի զինվորականներն իբր անմիջականորեն ռուսական սահմանների մոտ կենսաբանական զենք են մշակում կամ արտադրում, որը Ռուսաստանի դեմ էլ հենց մտադիր են օգտագործել։
ԱՄՆ և Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարություններով են հանդես եկել, որոնցում ընդգծել են, որ Թբիլիսիի մոտ գտնվող Լուգարա լաբորատորիայի գլխավոր առաքելությունը համաճարակների ժամանակին հայտնաբերումն է և դրանց կասեցումը։
Հետազոտական կենտրոնը տեղակայված է Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու։ Այն բացվել է 2011թ-ին Ալեքսեևկա ավանում։ Կենտրոնը զինված է բարձրագույն ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկայով, դրան շնորհվել է կենսաբանական անվտանգության երրորդ աստիճան։ Դա նշանակում է, որ կենտրոնում աշխատանքը տարվում է ցանկացած տեսակի մանրէների հետ՝ բացառությամբ ծայրահեղ վտանգավոր պաթոգենների, օրինակ, սիբիրախտի և ժանտախտի։
Լուգարա հետազոտական կենտրոնը Թբիլիսիի արվարձանում կառուցվել է ԱՄՆ ֆինանսական օգնությամբ, իսկ 2013թ-ից աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ։ Ի սկզբանե այն գտնվում էր պաշտպանության նախարարության, հետագայում՝ ՆԳՆ վերահսկողության տակ, իսկ այսօր՝ առողջապահության նախարարության։
Բի-Բի-Սիի հետաքննությունը
Բի-Բի-Սին մանրակրկիտ լրագրողական հետաքննություն է անցկացրել Լուգարա լաբորատորիայի գործունեության մասին։ Բրիտանական առաջատար ընկերությունը լաբորատորիային 11-րոպեանոց հետազոտական ֆիլմ է նվիրել, որում խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններն ու լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում այդ լաբորատորիայի մասին, որ դրա հասցեին հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։
Լրագրող Ստիվ Ռոզենբերգն այցելել է Լուգարա լաբորատորիա, բազմաթիվ հարցազրույցներ ձայնագրել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Մոսկվայում, այդ թվում՝ Իգոր Գիորգաձեի հետ։ Գիորգաձեն չի կարողացել Բի-Բի-Սիին ապացույցներ տրամադրել լաբորատորիայի հասցեին արված մեղադրանքների վերաբերյալ։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նրա հայտարարությունները սովորական ապատեղեկատվություն չեն, Իգոր Գիորգաձեն պատասխանել է. «Չգիտեմ»։