Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ մեղադրանքներում անսպասելիորեն հայտնվել է Վրաստանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանի տարածքում գաղտնի կենսաբանական լաբորատորիա ստեղծելու համար: Ի՞նչ են ասում Թբիլիսին, Մոսկվան և Վաշինգտոնը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանի տարածքում գաղտնի կենսաբանական լաբորատորիա հիմնելու համար:

Ըստ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովի՝ խոսքը գնում է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռիչարդ Լուգարայի անվան հասարակական առողջության պահպանման կենտրոնի մասին:

Գեներալ Կիրիլովը պնդում է, որ կենտրոնն ամբողջությամբ վերահսկվում է ամերիկյան իշխանությունների կողմից և Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին նրանց կողմից ստեղծած բազմաթիվ գաղտնի կենսաբանական լաբորատորիաներից մեկն է:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այդ լուրը:

The New York Times թերթն իր հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրում հետևյալ համընկնման վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը եղավ միանգամից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները ռուսական իշխանություններին մեղադրեցին «բազմաթիվ և անպատասխանատու կիբերհարձակումների» համար:

Դրանից առաջ Ռուսաստանի 4 քաղաքացի արտաքսվեցին Նիդերլանդներից։ Այնտեղ նրանք, մասնավորապես, փորձել են կոտրել «Քիմիական զենքն արգելող կազմակերպության» համակարգչային ցանցը: Կազմակերպությունը զբաղվում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությամբ և Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքով:

Վրաստանի արձագանքը

Թբիլիսիի Լուգարա կենտրոն լրագրողներն այցելեցին 2018թ-ի հոկտեմբերի 5-ին: Կենտրոնի ղեկավարությունը որոշել է այդ կերպ պատասխանել Ռուսաստանի մեղադրանքներին՝ լրագրողներին ցույց տալով, որ կենտրոնի լաբորատորիաներում գաղտնի ոչինչ չկա:

Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հերթական անգամ լրագրողներին հայտարարել են, որ լաբորատորիայում զբաղվում են վարակիչ հիվանդությունների համաճարակային վերահսկողությամբ, և հերքել են այն լուրերը, թե այդտեղ կենսաբանական և քիմիական զենք է մշակվում:

Կայքում կարդացեք նաև. «Վրաստանի համար այն, թերևս, չափազանց մեծ է: Սակայն կենսաբանական զենքի գաղտնի հետազոտությունների մասին ենթադրություններն անհեթեթ են». հետաքննություն Լուգարա լաբորատորիայի մասին՝ բաց և անանուն աղբյուրների ներգրավմամբ:

Լուգարա լաբորատորիայի շուրջ հերթական իրարանցումը սկսվել է դեռևս 2018թ-ի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի սկանդալային հայտարարությունից:

Գիորգաձեն հայտարարել է, որ կենտրոնը կենսաբանական զենքի մշակման գաղտնի լաբորատորիա է: Ավելի ուշ նա փաստաթղթեր է հրապարակել, որոնք իբր հաստատում են իր ասածը:

Այդ առթիվ հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն: Արտգործնախարարությունը կարծում է, որ Ռուսաստանն աբսուրդային մեղադրանքներով փորձում է «վարկաբեկել մեր համագործակցությունը մեր գլխավոր ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», – այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին:

«Մեր գնահատականը հետևյալն է. դա այն ստի հերթական պրոպագանդան է, որը մշտապես վարում է Ռուսաստանի Դաշնությունն ու փորձում է վարկաբեկել ԱՄՆ հետ մեր համագործակցությունը: Բնականաբար, մենք համապատասխան արձագանք կտանք դրան՝ հաշվի առնելով այն գործիքներն ու լծակները, որոնք ունի մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը», – հայտարարել է Կոնստանտինիդին:

Թբիլիսիում նշում են, որ Գիորգաձեի հրապարակած փաստաթղթերում սկանդալային ոչինչ չկա: Սակայն այն փաստը, որ նրա ձեռքերում են հայտնվել Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական նյութերը, վկայում է այն մասին, որ դրանք առևանգվել են գերատեսչության վրա հաքերային հարձակման հետևանքով:

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակներում կարծում են, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանոը միտումնավոր Վրաստանին ոչ բարյացակամ մեսիջներ է ուղարկում, որոնք սպառնալիք են պարունակում՝ դրանով փորձելով վախեցնել ընտրողներին և նվազեցնել ընդդիմության համար տրվելիք քվեների քանակը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում