Քաղաքակա՞ն, թե՞ բարոյական աջակցություն Հայաստանին Ֆրանսիայի Սենատից
Ֆրանսիայի Սենատի բանաձևը
«Պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում»,- ասված է Ֆրանսիայի Սենատի բանաձում, որն ընդունվեց նախօրեին։
Սենատի առաջարկն ուղղված է Ֆրանսիայի կառավարությանը, որն էլ պետք է կայացնի վերջնական որոշում այս և բանաձևում ներառված մյուս դրույթների վերաբերյալ։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կանխատեսմամբ՝ բանաձևը կմնա թղթի վրա, կառավարությունն այս ուղղությամբ գործուն քայլեր չի ձեռնարկի։ Չի բացառում նաև, որ կլինեն բացասական հետևանքներ, օրինակ՝ Բաքուն կփորձի Ֆրանսիային դուրս մղել միջնորդական առաքելությունից՝ պատճառաբանելով, թե «չեզոք կողմ» չէ։
Այս բանաձևը հեղինակել է սենատորների այն նույն խումբը, որը 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը։ Այն ևս ընդունվել էր գրեթե միաձայն՝ ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, սակայն Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել էր ճանաչել ԼՂ-ի անկախությունը։
Դեռ քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը հայտարարել, թե Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակիչներին, ո՛չ էլ Եվրոպային։
Ի՞նչ է ենթադրում Ֆրանսիայի Սենատի բանաձևը, դրա ընդունման հաջորդած արձագանքները Երևանից և Ստեփանակերտից, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Որևէ երկիր ավելին չի անում Հայաստանին աջակցելու համար»
Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող բանաձև։
Ֆրանսիայի Սենատի բանաձևը
- պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
- կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք,
- առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում,
- վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ,
- առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։
Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը կմնա անփոփոխ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Ընդունված բանաձևն ունի խորհրդատվական բնույթ։ Բանաձևում ներառված դրույթների իրագործման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Ֆրանսիայի կառավարությունը, որի համար Սենատի որոշումը չունի պարտադիր իրավական ուժ։
«Աշխարհում որևէ երկիր ավելին չի անում Հայաստանի աջակցելու համար, քան Ֆրանսիան»,— հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը Սենատում։
Կառավարութունը ներկայացնող պաշտոնյան չի առարկել բանաձևի ընդունմանը, բայց և չի արտահայտվել այն մասին, թե արդյո՞ք կառավարությունը կընդունի Սենատի առաջարկը, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Սակայն նա իր խոսքում մեղադրել է Մոսկվային տարածաշրջանում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
Երևանն ու Ստեփանակերտը ողջունում են Ֆրասիայի Սենատի բանաձևը
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին․
«Ժողովրդավարության բնօրրաններից մեկի՝ բարեկամ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև է ընդունել։ Շնորհակալություն մեր գործընկերներին արդարությանը ծառայելու համար»։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է համարել և երախտագիտություն հայտնել «Ֆրանսիայի բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»․
«Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը»։
Այս կետերը մեջբերել է նաև նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կարծիք հայտնելով, որ դրանք «Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից» շատ կարևոր արձանագրումներ են։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը բարոյական, քաղաքակրթական աջակցություն է Հայաստանին։
«Եթե Ֆրանսիայի կառավարությունը վավերացնի այն, դա կլինի շատ լուրջ, ծանրակշիռ քաղաքական աջակցություն։ Խնդիրն այն է, որ դրա հավանականությունը մոտ է զրոյին»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Բաղդասարյանի համոզմամբ՝ բանաձևը կմնա թղթի վրա, ինչպես եղավ 2020 թ․-ին սենատորների նույն խմբի մշակած բանաձևի դեպքում։
Կարծում է՝ Փարիզը գործուն քայլեր չի ձեռնարկի նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթների, այդ թվում՝ հումանիտար գրասենյակի հիմնման ուղղությամբ․ Ադրբեջանի կողմից «շատ կոշտ հակազդեցություն» կլինի։
«Սենատի այս բանաձևը Ադրբեջանը կփորձի օգտագործել, որպեսզի Ֆրանսիային դուրս մղի միջնորդական առաքելությունից, դերակատարումը չեզոքացնի այն պատճառաբանությամբ, որ Ֆրանսիան «չեզոք կողմ չէ, պրոհայկական դիրքորոշում է որդեգրել»,- ընդգծել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ֆրանսիան ու Եվրամիությունը «ռազմավարական առումով» ավելի շատ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցներն են, քան Հայաստանի։ Ուստի անիրատեսական է համարում նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը․
«Ֆրանսիան ԵՄ անդամ է, առանձին որևէ պատժամիջոց կիրառելու իրավասություն չունի։ Եթե անգամ ինչ-ինչ պայմաններում ունի, դա չի անի։ Որպես տնտեսական, քաղաքական միավոր՝ Եվրամիության մաս է, իսկ ԵՄ-ն որոշակի ակնկալիքներ ունի Ադրբեջանից, առաջին հերթին՝ էներգետիկ ակնկալիքներ»։
Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ Հայաստանը կարող է օգտագործել Ֆրանսիայի Սենատի բանաձևն ու Փարիզի դիրքորոշումը ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգմանը, կազմի և լիազորությունների ընդլայնմանը նպաստելու համար։
«Հնարավորություն այդ հարցում տեսնում եմ։ Այո, Ֆրանսիան կարող է այդ ուղղությամբ աշխատել։ Քանի որ այդ առաքելությունը Հայաստանում է, ոչ թե Ադրբեջանում, այսինքն՝ ադրբեջանական կողմի համաձայնության կարիքը չկա։ Դա իսկապես կլինի գործուն քայլ, այդ դիտորդները որոշակի զսպող դերակատարում ունեն»,- ամփոփել է վերլուծաբանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ֆրանսիայի Սենատի բանաձևը