Ֆորմուլա-1-ը Բաքվում․ կրկնակի վթար՝ մեկնարկից անմիջապես հետո
«Ֆորմուլա 1»-ի՝ Ադրբեջանի Գրան-պրի սեզոնի չորրորդ փուլի ազատ ոճի մրցավազքը սկսվել է միջադեպով․ բրիտանական “Williams” թիմի արշավորդ Ջորջ Ռասելի բոլիդը կառչել է ջրահեռացման դիտահորից և վթարի ենթարկվել, հաղորդում է Report գործակալությունը ։ Ավտոքարշակի ամբարձիչը, որը տուժած մեքենան էր տանում, բախվել է հետիոտնային գետնանցմանը։ Ամբարձիչը կոտրվել է, դրա միջի յուղը լցվել է բոլիդի վրա։
Դրենաժային դիտահորերը մրցավազքի ժամանակ ընդունված է եռակցել, քանի որ սրընթաց բոլիդների տակ առաջացող ցածր ճնշման պատճառով դիտահորերի կափարիչները դուրս են թռչում։ Սակայն դիտահորը, որից կառչել է Ռասելի բոլիդը եռակցված չի եղել։ Մրցավազքը հետաձգվել է։ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան պատրաստվում է ստուգել Բաքվի մրցուղու բոլոր դիտահորերը։
• Ադրբեջանին ինչի՞ն համար է պետք Ֆորմուլա-1-ը
• Ֆոտոզբոսանք «ոչ տուրիստական» Բաքվում
Հայտնի ավտոմրցաշարի Բաքվի մրցափուլն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դա վիթխարի իրադարձություն է, որն օգտակար է երկրի իմիջի և զբոսաշրջության զարգացման համար։ Քաղաքացիների համար՝ բազում անհարմարությունների սովորական դարձած աղբյուր։
Մրցարշավի անցկացման վրա Ադրբեջանի ծախսած գումարներն այս տարի ավելի քիչ են, քան նախկինում։ Մասնավորապես, հնարավոր է եղել գումար տնտեսել գովազդային բյուջեի կրճատման հաշվին։ Այդպես է պնդում մրցարշավի կազմակերպմամբ զբաղվող Baku City Circuit ընկերության ներկայացուցիչ Նիգյար Արփադարային։
Զբոսաշրջության զարգացում
Բաքվում «Ֆորմուլա 1»-ի անցկացման գլխավոր առավելություններից մեկն է համարվում դրա բարենպաստ ազդեցությունը զբոսաշրջության վրա։ Մրցարշավի շնորհիվ, լցվել է Բաքվի հյուրանոցների գրեթե 95%-ը, հաղորդել է Ադրբեջանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Սամիր Դյուբենդին։
«Այս միջոցառման շնորհիվ՝ Ադրբեջանն աշխարհին ներկայանում է որպես զբոսաշրջային նոր վայր։ Զբոսաշրջիկները գալիս են մրցարշավից առաջ, մնում են դրանից հետո և ծանոթանում Ադրբեջանի զբոսաշրջային հնարավորություններին։ Դա էլիտար մարզաձև է, և դրա երկրպագուներն ունևոր մարդիկ են։ Մենք պետք է նրանց նոր զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնենք․ խոսքը, մասնավորապես, երկրի շրջաններում տուրեր կազմակերպելու մասին է», — ասել է Դյուբենդին։
Ճաղապատ կենտրոն
Բաքվի մրցարշավի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն անցկացվում է քաղաքային մայրուղում։ Այսինքն՝ մրցարշավին է «պատկանում» մի քանի կենտրոնական փողոց։ Մրցարշավի մեկնարկից շատ առաջ փողոցները սկսել են բետոնե սալիկներով և երկու շարք ճաղերով ցանկապատել։ Մի քանի օրով ամբողջությամբ արգելված է ծովափնյա բուլվարի մուտքը, իսկ բուլվարը զբոսանքի ամենապոպուլյար վայրերից է։
Մեկնաբանություներ սոցցանցերից․
«Ինչո՞ւ են մրցարշավ անցկացնում կենտրոնում, մարդկանց կյանքը թունավորում։ Չէ՞ որ ծայրամասերում լիքը տեղ կա, որտեղ նրանք ոչ ոքի չեն խանգարի»;
«Բաքվում «Ֆորմուլա 1»-ի միակ դրական կողմն այն է, որ քաղաքի կենտրոնում գրեթե մեքենա չկա, և մարդիկ ոտքով շատ են քայլում»;
«Այդ ճաղերի պատճառով կենտրոնը կենդանաբանական այգու կամ գետոյի է նմանվել»;
«Շատ շնորհակալություն Ֆորմուլայի կազմակերպիչներին»։
Ձախողված համերգ
Բաքվում մրցարշավի շրջանակում պետք է ելույթ ունենար բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը։ Սակայն վերջին պահին պարզվել է, որ նա չի գալու։ Կազմակերպիչները դա բացատրում են նրանով, որ երգչի առողջության հետ անսպասելի խնդիրներ են առաջացել։ Արդյունքում նրան փոխարինել է երգչուհի Ջեսի Ջեյը։
Կայացել են նաև արտասահմանյան այլ կատարողների համերգներ։ Գնելով տոմս ողջ մրցարշավային ուիքենդի համար՝ կարելի է ոչ միայն մրցավազքերին, այլ նաև բոլոր զվարճանքներին ներկա լինել, որոնցով դրանք ուղեկցվում են։
Այս տարի մրցարշավի ադրբեջանական փուլի անցկացման պայմանագիրը պետք է ավարտվեր։ Սակայն Ադրբեջանն այն երկարաձգել է ևս երեք տարով։
Մրցարշավը կտևի մինչև ապրիլի 28-ն, ինչպես պլանավորված է, դրան կմասնակցի տասը թիմի երկուական մրցարշավորդ։ Մրցուղու երկարությունը վեց կիլոմետրից մի փոքր ավել է։