«Թագավորական մրցարշավը» տեսականորեն կարող է զբոսաշրջության խթան դառնալ" />

«Ֆորմուլա-1». ինչի համար է այն պետք Ադրբեջանին

«Թագավորական մրցարշավը» տեսականորեն կարող է զբոսաշրջության խթան դառնալ

«Ֆորմուլա-1»-ը, կամ, ինչպես ընդունված է անվանել, «Թագավորական մրցաշարը» Բաքվի բնակիչների համար դադարել է շքեղություն համարվել, որին ընդունված է հետևել սեփական հեռուստացույցների էկրաններին՝ դրա անցկացման վայրերից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա:

2017թ-ի հունիսին Ադրբեջանում կանցկացվի նրա պատմության մեջ երկրորդ Գրան պրին:

Միաժամանակ արդեն երկու տարի է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե արդյոք «Ֆորմուլա-1»-ը պետք է Հարավային Կովկասի ամենահարուստ երկրին:

Ադրբեջանն արդեն վաղուց սովորեցրել է համաշխարհային հանրությանը խոշոր միջազգային, հաճախ՝ սպորտային կարգի միջոցառումների անցկացմանը:

  • 2015թ-ին Բաքվում անցկացվեցին առաջին Եվրոպական խաղերը,
  • 2017թ-ի մայիսին կկայանան Համերաշխության իսլամական խաղերը, որոնց վրա 100 մլն դոլար կծախսվի,
  • Բաքուն արդեն ստացել է 2019թ-ին կայանալիք Եվրոպական երիտասարդական պատանեկան փառատոնն անցկացնելու թույլտվությունը,
  • իսկ 2020թ-ին Ադրբեջանը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 4 խաղ:

2016թ-ից սկսած՝ Բաքուն տասը տարով կապված է «Ֆորմուլա-1»-ի հետ:

Բաքվի ինչի՞ն է «Ֆորմուլա-1»-ը

«Ի սկզբանե մրցաշարը դիտարկվում էր որպես բիզնես-նախագիծ, որն ուղղված էր «Ֆորմուլա-1»-ի ողջ աշխարհով սփռված 1.5մլրդ լսարանի շրջանում Ադրբեջանը գովազդելուն և նրանց որպես զբոսաշրջիկ գրավելուն», – ասում է նախագծի գլխավոր PR-մասնագետ, Baku City Circuit-ի մարքեթինգի և հասարակության հետ կապերի տնօրեն Նիգյար Արփադարային:

«Մրցաշարը հեռարձակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Իսկ դա նշանակում է, որ «Ֆորմուլա-1»-ի սիրահարները կկարողանան հիանալ Բաքվի համայնապատկերով և գեղեցկությամբ», – ասում է A La Carte Travel զբոսաշրջային ընկերության տնօրեն Նասիբ Ուսուբովը:

Անկախ տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին կարծում է, որ միայն խոշոր միջոցառումներ անցկացնելով, լինեն դրանք երաժշտական, ինչպես Եվրատեսիլը, թե սպորտային, ինչպիսիք են Եվրախաղերը կամ «Ֆորմուլա-1»-ը, հնարավոր չէ զբոսաշրջիկներ գրավել: Զբոսաշրջության ոլորտում արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ՝ սկսած վարչական խոչընդոտները վերացնելուց, ավարտած միջնաժամկետ և երկարաժամկետ նախագծերով:

Զբոսաշրջային ցուցանիշներն աճում են

Գոյություն ունեցող վիճակագրության համաձայն՝ միայն 2016թ-ի առաջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջան է այցելել 700 հազարից ավել զբոսաշրջիկ, ինչը 11%-ով ավել է, քան 2015թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ընդ որում, ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թիվն ավելացել է 34 անգամ:

Նիգյար Արփադարային ասում է, որ արաբական երկրներից զբոսաշրջիկների ներհոսքն ուղղակիորեն կապված է «Ֆորմուլա-1»-ի հետ:

«Մենք Բաքվին, Ադրբեջանի մշակույթին և ճարտարապետությանն, ազգային խոհանոցին, ինչպես նաև Բաքվում անցկացվող «Ֆորմուլա-1»-ի բացառիկ առանձնահատկություններին նվիրված մի քանի փրոմո-տեսանյութեր ենք պատրաստել: Դրանք հեռարձակվել են BeINSports-ի եթերում Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի ավելի քան 30 երկրներում: Այն, որ մենք «Ֆորմուլա-1» ենք անցկացրել ազդել է նրա վրա, որ մարդիկ ցանկանան Բաքու գալ»:

Սակայն Նաթիկ Ջաֆարլին ասում է, որ արաբական երկրներից զբոսաշրջիկները սկսել են Ադրբեջան գալ ոչ «Ֆորմուլա-1»-ի պատճառով:

«Տարվա սկզբից արաբական երկրների քաղաքացիների համար զգալիորեն պարզեցվել են մուտքի վիզաների ձևակերպման կանոնները: Բացի այդ, տուրերի հարցում օգնել են նաև թուրքական զբոսաշրջային գործակալությունները, որոնք զբոսաշրջիկների մի մասին Բաքու են ուղղել իրենց երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով»:

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Նասիբ Ուսուբովն ընդհանրապես չի կարծում, որ մրցաշարի անցկացման ժամանակահատվածում Բաքու մեծ թվով զբոսաշրջիկներ կգան:

««Ֆորմուլա-1»-ն առանձնահատուկ սպորտաձև է, որն իր երկրպագուներն ունի: Նմանատիպ միջոցառումների անցկացման ժամանակ Բաքվի բոլոր կենտրոնական հյուրանոցները լցվում են, իսկ մնացածները սկսում են գները բարձրացնել, փակ են բոլոր կենտրոնական փողոցները. դա սովորական զբոսաշրջիկին ձեռնտու չէ, որն ուզում է երկիրը տեսնել, այլ ոչ թե մրցաշարին ներկա գտնվել»:

Կարո՞ղ է արդյոք նախագիծը եկամտաբեր լինել

Նախորդ տարվա հունիսին Ադրբեջանի պատմության մեջ առաջին Գրան պրիի մրցաշարային հանգստյան օրերին Ադրբեջան է այցելել 25 հազարից ավել մարդ աշխարհի 47 երկրներից: Տոմսերի վաճառքից 4 մլն մանաթ եկամուտ է ստացվել (Գրան պրիի անցկացման պահի փոխարժեքով՝ մոտ 2.6մլն դոլար):

Դրա անցկացման համար 100 մլն դոլար էր ծախսվել (Գրան պրիի անցկացման պահի փոխարժեքով՝ մոտ 62 մլն դոլար): Այդ թիվն է նշել երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

Ընդհանուր վաճառվել է 25 հազար տոմս, և դրանց մեծ մասը գնել են Ադրբեջանի քաղաքացիները:

The First news գործակալության գլխավոր խմբագիր Ռահման Հաջիևը  Բաքվում առաջին անգամ Գրան պրիի անցկացմանը նվիրված հատուկ նախագծի հեղինակն է: Ֆինանսական շահի մասին խոսելիս նա նշում է, որ բիզնես-մոդելն այստեղ զգալիորեն տարբերվում է ցանկացած այլ սպորտաձևից:

Եվ տարբերությունը մյուս մրցաշարերից այն է, որ Գրան պրիի կազմակերպիչները փաստացի ոչ մի եկամուտ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ հեռուստահեռարձակումից, մերչնդայզինգից, կորպորատիվ հաճախորդներին տրամադրած ծառայություններից (օրինակ Paddock club-ից) և անգամ գովազդային պաստառներից:

Եկամտի այս հոդվածներից ստացվող գումարներն ուղղվում են Բերնի Էքլսթոունի՝  «Ֆորմուլա-1»-ի լեգենդար ղեկավարի F1 Group ընկերությանը:

Սինգապուրի փորձը, որը նույնպես «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի է անցկացնում քաղաքային փողոցներով, Ադրբեջանի համար լավագույն օրինակը կարող է լինել:

Ռահման Հաջիևը պատմում է, որ այդ եռօրյա իրադարձությունից  լիամասշտաբ եկամուտ ստանալու համար Սինգապուրի կառավարությունը միջոցառումը մինչև այսպես կոչված «Գրան պրիի սեզոն» ընդլայնելու գաղափարն է առաջ քաշել, որը

մեկ շաբաթ է տևում և մերձակա երկրներից զբոսաշրջիկների գրավման խթան է ծառայում, ինչպիսիք են Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն:

«Գրան պրի սեզոնը» ներառում է համերգներ, փառատոններ գետափին, բազմապիսի զվարճանքներ և մոթոր-շոու: Նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս զբոսաշրջիկներին երկրում պահել երկար ժամանակով:

Սինգապուրի զբոսաշրջության խորհուրդը պետական կառույց է, որը զբաղվում է Գրան պրիի համակարգմամբ, փաստացի ադրենալինով է քաղաքն ապահովում և հիմնական զբոսաշրջային գոտիներում հետաքրքիր միջոցառումներ է անցկացնում Սինգապուր գետի երկայնքով ժամանցային միջոցառումների, իրադարձությունների և բուռն գիշերային կյանքի բարձր կանցենտրացիայի հաշվին:

 Արդյո՞ք Ադրբեջանը կարող է այդ ճանապարհով գնալ:

Նիգյալ Արփադարային ասում է, որ եկամտի մասին խոսելիս, որը կազմակերպիչ երկիրը ստանում է մրցաշարից, պետք չէ մոռանալ, որ դրանք բաժանվում են ուղղակի և անուղղակի եկամուտների, և այս պարագայում անուղղակի եկամուտները գերազանցում են ուղղակիները:

«Մեր դեպքում ուղղակի եկամուտ են համարվում տոմսերի վաճառքից և կորպորատիվ փաթեթներից ստացվող միջոցներ, այն դեպքում, որ անուղղակի եկամտին են վերաբերում համաշխարհային հեռուստաալիքներով «Ֆորմուլա-1»-ի եռօրյա հեռարձակման ժամանակ երկրի և քաղաքի գովազդից, ինչպես նաև Բաքվում անցկացված մրցաշարի մասին բազմաթիվ հրապարակումներից և նորություններից ստացված դիվիդենդները մրցաշարի նախապատրաստման ողջ ընթացքում»:


Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում