«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Քրեական գործ Միքայել Սրբազանի նկատմամբ
Հայաստանում հեղաշրջման փորձի բացահայտման և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման ֆոնին քրեական գործ է հարուցվել ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։
Քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ Աջապահյանը «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»: Նույն հոդվածով օրեր առաջ կալանավորվել էր նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։
Աջապահյանը մեղադրանքը շինծու և ապօրինի է որակում։ Սակայն իր՝ ռազմական հեղաշրջման կոչերից չի հրաժարվում։ Ասում է՝ «շարունակելու եմ նույն ոգով»։
Մի քանի ժամվա ընթացքում իրավապահներին չհաջողվեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդին։ Խոչընդոտում էին Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները։ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հեռացան տարածքից։ Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց՝ Քննչական կոմիտե գնալու որոշում են կայացրել։ Մայր Աթոռն էլ տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ հոգևորականը պատշաճ կարգով չի ծանուցվել, սակայն չի խուսափում ներկայացված պահանջից ու կմեկնի Երևան։ Քաղաքացիները, սակայն, թույլ չտվեցին, որ մեքենան դուրս գա տարածքից։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ գործ ունենք շոուի կազմակերպման հետ։
«Փորձում են Սուրբ Էջմիածինը վերածել վահանի, որն իրենց պետք է պաշտպանի օրինական քրեական հետապնդումից»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Նյութի հրապարակման պահին հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնում է երևան՝ Քննչական կոմիտե: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ հավաքվածները որոշել են ուղեկցել նրան։
Բոլոր մանրամասները
- Լավրովի այցը Երևան. ավանդական ծրագիր և ոչ ավանդական ընդունելություն
- «Հայաստանի վարչապետը ՌԴ պետք է գնա միայն կնճռոտ հարցեր բարձրացնելու նպատակով»․ կարծիք
- «ՌԴ-ից Հայաստանի ունեցած կախվածությունները դարձել են սպառնալիք»․ հետազոտություն
Ռազմական հեղաշրջման կոչ․ ի՞նչ է հայտարարել հոգևորականը
Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է 2024 թ․-ի փետրվարի 3-ին հոգևորականի տված հարցազրույցի հիման վրա։
Վերոնշյալ հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոսը խոսել է ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին և նշել, որ հարցը քննարկել է նաև նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Ասի՝ լավ, Դուք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք ոչ բանակում, ոչ ոստիկանությունում, ոչ ԱԱԾ-ում, որ գան, Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն»,- ասել է նա։
Պարզ չէ՝ թե ինչո՞ւ է ՆԳՆ ոստիկանությունն այս հայտարարության հիմքով Քննչական կոմիտե հաղորդում ներկայացրել միայն մեկուկես տարի անց։
Գյումրուց Էջմիածին․ իրավապահները փնտրում էին Աջապահյանին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից իրավապահները նախ թեմի առաջնորդարան էին գնացել, տեղում խուզարկություն ու քննչական գործողություններ իրականացրել, հեռացել առգրավված նյութերով։
Պարզվել էր՝ թեմի առաջնորդը տեղում չէ, գնացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հոգևորականները պնդում են՝ Աջապահյանը Գյումրուց Էջմիածին էր եկել, քանի որ պետք է քահանաների համար նախատեսված ժողովը վարեր։
Իշխող ուժը, սակայն, կարծում է՝ արքեպիսկոպոսին հատուկ են տարել երկրի հոգևոր կենտրոն, որ «հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ»։ Նման կարծիք է հայտնել խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Կեսօրին Էջմիածին էին ժամանակ նաև ԱԱԾ աշխատակիցները։
Նրանց՝ Վեհարանի մոտ հայտնվելուն պես իրավիճակը լարվել էր։ Հոգևորականների և ուժայինների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։
Կարճ ժամանակ անց Շիրակի թեմի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ դուրս եկավ Վեհարանից և հայտարարեց՝ եկել են իր հետևից, կգնա ԱԱԾ աշխատակիցների հետ։
«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել»։
Միքայել արքեպիսկոպոսի գնահատմամբ՝ ինքը սպառնալիք չէ երկրի համար։ Սպառնալիքը, նրա խոսքվ՝ «նստած է կառավարության շենքում [նկատի ունի վարչապետ Փաշինյանին]»։
Հոգևորականը խոստացավ գնալ իրավապահների հետ, բայց չստացվեց․ լարված իրավիճակ Մայր Աթոռում
Թեև Միքայել արքեպիսկոպոսը պատրաստակամություն էր հայտնել իրավապահների հետ դուրս գալ Մայր Աթոռից, սակայն տեղում քաշքշուկ և հրմշտոց տեղի ունեցավ։
Էջմիածին եկած աջակիցները նախ Վեհարանից մուտքն ու ելքն էին արգելափակել, այնուհետև Մայր Աթոռի դարպասները, որպեսզի թույլ չտան տանել հոգևորականին։
Աջապահյանի՝ ԱԱԾ մեքենան նստելու փորձերը ձախողվեցին։
Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողներին վստահեցրեց՝ Աջապահյանը որոշել էր ինքնակամ գնալ, սակայն «հպարտ և հավատավոր քաղաքացիները» թույլ չտվեցին։
«Որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործված հանցագործությունից»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Ի վերջո, ԱԱԾ մեքենան Վեհարանի բակից հեռացավ, բայց առանց Աջապահյանի։ Ավելի ուշ ծառայությունը պարզաբանեց՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից՝ «ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը»։
Իրավապահ մարմինների օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստով Քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Աջապահյանի հայտարարություններին արձագանքելու ճիշտ ժամանակը հենց հիմա էր, ոչ թե մեկուկես տարի առաջ։ Պատահական չի համարում, որ քրեական գործը հարուցվեց հենց Հայաստանում հեղաշրջման փորձի բացահայտմանը զուգահեռ։
«Եթե անցյալ տարվա փետրվարի դրությամբ դա կարող էր լինել հայտարարություն մի անպատասխանատու մարդու կողմից, ապա հիմա կան իրեղեն ապացույցներ, որ նման հայտարարություններն օդի մեջ չեն, այլ հիմքում ունեն կազմակերպված ցանց՝ այդ ամենը գործնականում կիրառելու համար»,- նկատում է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում և հստակ հովանավորչություն․
«Դրա մասին է վկայում Ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքը Սամվել Կարապետյանի ձերբակալման հետ կապված, այն, որ Կարապետյանը «Արբաթ» գումարտակի ստեղծման գլխին էր կանգնած, կաթողիկոսի եղբայրը օրհնում էր այդ «Արբաթը» և այլն»,- մանրամասնել է նա։
Ասում է՝ Ուկրաինա ուղարկվող այդ գումարտակի հետ կապված արարքները նույնպես ենթադրում են քրեական հետապնդում, մասնավորապես՝ վարձկանների հավաքագրման համար։
Վերադառնալով Միքայել արքեպիսկոպոսի դեմ հարուցված գործին՝ շեշտում է՝ պետությունը պետք է գնա մինչև վերջ և քրեաիրավական գնահատական տա բռնի գործողությունների, հեղաշրջումների, ինչպես նաև ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող բոլոր կոչերին ու հայտարարություններին․
«Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ նրանից, թե ով ինչ կոչում ունի։ Դա է օրենքի գերակայության սկզբունքի իմաստը։ Իսկ պետությունը պարտավոր է այդ սկզբունքը պահպանել և գնալ այդ սկզբունքի հետևից»։
Մեհրաբյանը կարծում է՝ իրավապահ համակարգի աշխատանքին զուգահեռ անհրաժեշտ է նաև ապահովել հանրության հետ ռազմավարական հաղորդակցություն։ Դա, ըստ նրա, հիբրիդային հարձակումներին դիմագրելու միակ բաղադրատոմսն է։
Ասում է՝ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ Ռուսաստանը նման հարձակումներ է գործում։ Օրինակ է բերում Մոլդովան։
«Զարմանալիորեն ՌԴ-ն նույն գործիքակազմը, նույն կացնային մեթոդներն է կիրառում՝ ադապտացնելով տեղի առանձնահատկություններին։ Այնտեղ էլ՝ մոլդովացի օլիգարխներ, եկեղեցականներ, վարձականներ, կեղտոտ փողեր»,- ամփոփում է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Քրեական գործ Միքայել Սրբազանի նկատմամբ