«Քրեական իրավունքն օգտագործվում է լրագրողին պատժելու համար»․ Քլունի հիմնադրամը՝ Ամաղլոբելիի մասին
Քլունի հիմնադրամը՝ Մզիա Ամաղլոբելիի դատավճռի մասին
Ամալ և Ջորջ Քլունիների հիմնադրամը, որը հետևել է Վրաստանում լրագրող, Batumelebi и Netgazeti անկախ պարբերականների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատական գործընթացին, քննադատում է օգոստոսի 6-ին կայացված դատավճիռը (2 տարվա ազատազրկում)
Մզիա Ամաղլոբելին մեղադրվել է ոստիկանի վրա հարձակման մեջ․ լրագրողն ապտակել էր նրան այն բանից հետո, երբ ոստիկանն իրեն վիրավորել էր: Նախ նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 6-ին՝ դատավճիռը հրապարակելու օրը, դատավորը վերաորակավորել էր մեղադրանքը՝ համաձայն Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի, որը նախատեսում է տուգանք, մինչև 2 տարվա տնային կալանք կամ 2-6 տարվա ազատազրկում:
Քլունի հիմնադրամի՝ JAMnews-ին փոխանցած բացառիկ մեկնաբանության մեջ ասվում է.
«Վրացական քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ աճող ճնշման պայմաններում մենք տեսնում ենք, թե ինչպես է քրեական իրավունքն օգտագործվում լրագրողներին, այդ թվում՝ Մզիա Ամաղլոբելիին պատժելու, վարկաբեկելու և վախեցնելու, այլ ոչ թե մարդու ազատություններն ու իրավունքները պաշտպանելու և առաջ մղելու համար:
Վրաստանը պետք է կատարի մամուլի ազատության և խաղաղ հավաքների ապահովման իր պարտավորությունները»,- հայտարարել է TrialWatch նախագծի իրավական ծրագրի ավագ մենեջեր Քեյթ Լևինը:
TrialWatch նախագծի մասին
TrialWatch-ը միջազգային նախագիծ է, որը հետևում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող դատական գործընթացներին՝ վերհանելով արդար դատավարության իրավունքի խախտումները, հատկապես քաղաքական շարժառիթներ ունեցող հետապնդումների դեպքերում:
TrialWatch նախագիծը 2019 թվականից իրականացնում է «Հանուն արդարության» Քլունի հիմնադրամը: Այն հիմնել են մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Քլունին և դերասան Ջորջ Քլունին: Իր գործունեության մեկնարկից ի վեր TrialWatch-ը դատական գործընթացների է հետևել 40-ից ավելի երկրներում, իսկ ներկա պահին հետևում է գրեթե 60 լրագրողի գործերի տասը երկրում:
Քլունիների հիմնադրամը սկսել է Մզիա Ամաղլոբելիի դատական գործընթացը մոնիթորինգի ենթարկել 2025 թվականի մարտին: Հիմնադրամի ներկայացուցիչը ուղիղ դատարանի դահլիճից հետևել է գործընթացի ընթացքին:
Քլունիների հիմնադրամի կողմից հուլիսի 31-ին JAMnews-ին փոխանցված նամակում ասվում է, որ դատական գործընթացի ավարտից հետո TrialWatch-ի փորձագետները ամբողջությամբ կուսումնասիրեն մոնիթորինգի նյութերը և վերջնական հաշվետվության մեջ կգնահատեն դատական գործընթացի արդարությունը: Վերջնական հաշվետվությունը դեռ չի հրապարակվել:
Քլունիների հիմնադրամի նախնական հաշվետվության հիմնական կետերը
Մզիա Ամաղլոբելիի գործի նախնական գնահատման արդյունքում արդեն իսկ բացահայտվել են խախտումներ:
● Մասնավորապես՝ հիմնադրամը նշել է, որ լրագրողի ձերբակալության գիշերը որոշ ոստիկանների մոտ առկա տեսախցիկներն անջատված են եղել, հետևաբար ձերբակալության փաստը չի արձանագրվել:
● Նախնական հաշվետվությունում նաև ուշադրություն է հրավիրվում ընտրված խափանման միջոցի վրա և ընդգծվում, որ դատարանը բազմիցս մերժել է Մզիա Ամաղլոբելիին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը՝ հիմնվելով բացառապես դատախազի ցուցմունքների վրա:
● Հիմնադրամի համար մեկ այլ կարևոր դետալ է այն, որ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուադզեն խոստովանել է, որ խոսքով վիրավորել է Մզիա Ամաղլոբելիին, իսկ տեսանյութերում արձանագրվել է, որ այլ ոստիկաններ թքել են լրագրողի վրա:
● Սակայն Մզիա Ամաղլոբելիի հանդեպ վատ վերաբերմունքի փաստով քննություն չի սկսվել:
● Առաջադրված մեղադրանքների անհամաչափության մասին խոսելիս հիմնադրամը նշում է, որ Ամաղլոբելիի արարքն անհրաժեշտ էր դիտարկել որպես վարչական իրավախախտում (Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով):
● Ընդգծվում է նաև, որ դատավորը հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել՝ չնայած պաշտպանական կողմի միջնորդությանը, որը մտահոգված էր, որ դատավորը չունի համապատասխան որակավորում քրեական գործերի հետ աշխատելու համար:
● Բացի այդ, դատարանը հրաժարվել է լսել պաշտպանական կողմի վկաներին, որոնք պատրաստ էին վկայություն տալ հունվարի 11-12-ի գիշերը Ամաղլոբելիի ձերբակալության մասին:
● Նախնական եզրակացության մեջ հիմնադրամը նաև ուշադրություն է հրավիրում Մզիա Ամաղլոբելիի ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա: Փաստաթղթում նշվում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում լրագրողն ստիպված է եղել Ռուսթավիի բանտ-Բաթումի ճանապարհին անցկացնել օրական 5-6 ժամ:
Սա լրջորեն ազդել է նրա և՛ հուզական, և՛ ֆիզիկական վիճակի վրա, հատկապես նրա 38-օրյա հացադուլի ֆոնին:
● Քլունի հիմնադրամը նաև ընդգծում է, որ դատավարության ընթացքում վատթարացել է Մզիա Ամաղլոբելիի տեսողությունը:
Միջազգային արձագանքը
Մզիա Ամաղլոբելիի իրավաբան Մայա Մցարիաշվիլին դատավճռի հրապարակումից հետո հայտարարել է. «Կառավարությունը փորձում է «փրկել իր դեմքը»: Սա իրենց և իրենց հեղինակությունը փրկելու փորձ է, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ: Սա ոչ թե դատավճիռ է, այլ ցուցադրական պատժամիջոց»:
Դատավճռի հրապարակումից հետո 24 երկրների դիվանագիտական առաքելություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին:
«Մենք դատապարտում ենք Մզիա Ամաղլոբելիին տրված անհամաչափ և քաղաքական շարժառիթներ ունեցող դատավճիռը»,- ասված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Քլունի հիմնադրամը՝ Մզիա Ամաղլոբելիի դատավճռի մասին