ԼՂ-ում համակարծիք են ինքնորոշման հարցի շուրջ. մեկնաբանություն
Քաղաքական կոնսենսուս ԼՂ ինքնորոշման շուրջ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր կառավարությունը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ԼՂՀ-ում բուռն բողոքի ալիք է բարձրացրել։ Նախագահ Արայիկ Հարությունյանն այն անվանել է «կարմիր գիծ», չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծել է բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը։
Փաշինյանի հայտարարությունից հետո տեղի քաղաքական ուժերի միջև, որոնք որոշ հարցերի շուրջ արմատապես հակադիր տեսակետներ ունեն, կոնսենսուս է ձևավորվել։ Բոլոր խմբակցությունները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ չեն համաձայնի ինքնորոշմանը հակասող ոևէ լուծման։
Իրավիճակի վերլուծություն և բոլոր մանրամասները Լեռնային Ղարաբաղից
- «Երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն չենք վարում»․ Փաշինյան
- Բաքու-Երևան բանակցությունների ռուսական և արևմտյան հարթակները․ ինչո՞վ են տարբեր
Նաիրա Հայրումյան, քաղաքական մեկնաբան
Պաշտոնական դիրքորոշում
«Փաշինյանի հայտարարությանն առաջինը արձագանքեց խորհրդարանը: Մայիսի 22-ի ուշ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում պատգամավորներն ընդունեցին հայտարարություն, որում ասվում է.
«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու»։
Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին տեքստին.
«Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»։
Այնուհետ նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատեց այս դիրքորոշումը.
«Մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու»։
Հարությունյանը հայտարարեց նաև վստահության հանրաքվեի, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման շուրջ ավելի վաղ սկսված բոլոր քննարկումների դադարեցման մասին։
Դրանից մի քանի օր առաջ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկել էր ստեղծել Պաշտպանության պետական կոմիտե, «իսկ եթե այն չաշխատի», հրաժարական տալ։ Նա առաջարկել էր այս կառույցում ընդգրկել նախկին պետնախարար և խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։
Արայիկ Հարությունյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մատակարար այնպես, ինչպես Սամվել Բաբայանը։ Ռուբեն Վարդանյանն ավելի շուտ ընկալվում է որպես ռուսական որոշ շրջանակների շահերի դիրիժոր, թեև նա տեղափոխվել է այստեղ ապրելու՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից»։
- «Ալիևի պահանջի կատարում չէ»․ հայ քաղաքագետը՝ ԼՂ պետնախարարի ազատման մասին
- «ԼՂ-ի հայերն ունեն ինքնորոշման իրավունք». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ին
- «Մենք բոլորս հայրենիքը պաշտպանող զինվոր ենք»․ գործարարը, որը դարձավ պետնախարար
Պաշտոնական դիրքորոշումը պաշտպանում են բոլորը, այդ թվում՝ ընդդիմությունը
«Առավելագույն ակտիվություն է ցուցաբերում նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը։
Նրա կողմից կազմակերպված «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը տարածել է հայտարարություն, որում ընդգծվում է «հայության բոլոր մասերը համախմբելու և Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը».
«Արցախում իշխանությունը մեկ վայրկյան անգամ չի կարող իր դիրքերը զիջել: Արտաքին վտանգի դիմաց մենք պետք է բացարձակ միասնական լինենք: Արցախը պատրաստ է 100 տոկոսով պայքարել»:
Պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն առաջնահերթ խնդիրները լուծելու համար, այն էլ՝ ընդամենը 100 օրով առաջարկել է պետնախարարի պաշտոնում նշանակել իրեն։ Փաշինյանի հայտարարությունից հետո նրա կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի ձեռքբերումները, որոնք ամրագրվելու են ստորագրվելիք խաղաղության համաձայնագրում, հասել են այն եզրին, որ Արցախն արդեն փրկագին է։ Նիկոլ Փաշինյանը Արցախի ճակատագիրը տնօրինելու լիազորություն չունի»:
«Միասնական հայրենիք» կուսակցությունը տեսնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի իրացման նախադրյալներ, Ղարաբաղի հարցի միջազգայնացում ինքնորոշման իրավունքի միջոցով։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը, ում կարծիքին հետևում են տեղացիները, կարծում է.
«Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվի, և այս ամենը դատարկ աղմուկ է։ Լեռնային Ղարաբաղը հանձնելն այնքան էլ հեշտ չէ: Շահագրգիռ ուժերի համար այս խնդիրը կարող է ավելի կարևոր լինել, քան հենց Հայաստանի համար, բայց խնդիրը, ոչ թե դրա լուծումը։ Ուրեմն պետք չէ ավելորդ աղմուկ բարձրացնել, թե մեզ հանձնել են, դավաճանել են, և ամեն ինչ վերջացած է։ Ամեն բան նոր է սկսվում, Արցախն իր անունից կխոսի ու ավելի լավ, քան մյուսները»։
Մեկ այլ հայտնի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ «Արցախի ժողովուրդը վճռական է ապրել ու արարել իր հողի վրա»։ Նրա առաջարկով նախագահին կից ստեղծվել է հակաճգնաժամային կոմիտե, որը կոչված է «մաքրելու ներքին ախոռները»։
Հայաստանի հետ հարաբերությունները
«Լեռնային Ղարաբաղում քննարկում են, թե ինչու Երևանը չի օգտագործում «իր զինանոցում առկա հզոր քաղաքական գործիքը»։ Խոսքը ԼՂ անկախության ճանաչման ընթացակարգ սկսելու կամ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշման իրականացմանը վերադառնալու մասին է։
«Սա, իհարկե, հղի է սպառնալիքներով։ Այնուամենայնիվ, կան որոշակի գծեր, որոնք չեն կարող հատվել: Պետք չէ, որ Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորները, Ղարաբաղի խորհրդարանի նախագահը գնահատականներ հնչեցնեն Հայաստանի հասցեին։ Մենք նրանց աջակցում ենք»,— ասել է ՀՀ խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները պետք է ապահով ապրեն իրենց հողում և օգտվեն իրենց իրավունքներից։ Մենք այս ճանապարհը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, միջազգային մեխանիզմների շրջանակներում, որտեղ Արցախի ժողովուրդը, ինչպես նշում են ԼՂ խորհրդարանի պատգամավորները, կարող է իրացնել և՛ ինքնորոշումը, և՛ մյուս բոլոր իրավունքները։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր դիվանագիտական խողովակներով կարող է այդ հարցում աջակցել մեր հայրենակիցներին»,- նշել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Այս հայտարարություններին դեռևս չեն արձագանքել»։
Ռուսաստանի հետ հարաբերությունները
«2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ հայերի շրջանում որոշակի ակնկալիքներ առաջացրեց Ռուսաստանից, և կախված նրանից, թե դրանք որքանով չեն արդարացվում, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, երբեմն՝ կտրուկ։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Novaya Gazeta Europe-ին տված հարցազրույցում հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան: Չկա Սորոս: ՆԱՏՕ-ի փոխարեն ռուսական խաղաղապահ զորախումբն է: Եվ, այնուամենայնիվ, այնտեղ ի հայտ եկան հակառուսական տրամադրություններ։ Ղարաբաղում խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին: Մարդիկ հույս չունեն, թե ռուս խաղաղապահներն իրենց կփրկեն»։
Ընդդիմադիր Արթուր Օսիպյանը հիշում է, որ մայիսի 9-ին ԼՂ մայրաքաղաքում Ռուբեն Վարդանյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ մասնակիցներից խլել են երեք պաստառ՝ «Պուտինը իր խոսքերի տերը չէ», «Պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահներ» և «Ռուսաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։
«Թվում է, թե մեզ առաջարկում են գործել Ռուսաստանի դրոշի ներքո, բայց դա չի գովազդվում»,— գրել է նա։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Հակաճգնաժամային կոմիտեն հանդիպել է ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ Լենցովի հետ և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը.
«Մենք նշել ենք, որ բնակչության շրջանում կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների նկատմամբ, և մենք սպասում ենք Լաչինի միջանցքի բացմանը։ Շատ արցախցիներ պատերազմից հետո վերադարձան՝ հավատալով Պուտինի երաշխիքներին։ Բայց հետո Ադրբեջանին հանձնեցին Խծաբերդը, Հին թաղերը, Փառուխը, իսկ հիմա Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրվել։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները»։
Ի դեպ, ԼՂ-ում վերջին ակցիաների ընթացքում «ակնկալվում էին» ռուսական դրոշներ և Ռուսաստանին միանալու կոչեր։ Չնայած ռուս գեներալների կողմից ճնշմանը՝ նման հեռանկարի բացակայությունը Հայաստանում և աշխարհում շատերին ստիպեց հասկանալ, որ «Արցախի դոնբասացումը» իրատեսական չէ»։
Փաստարկներ՝ հօգուտ ինքնորոշման
«Ստեղծված իրավիճակում ԼՂ հայերը վճռականորեն հայտարարում են իրենց հայրենիքում ապրելու և «այդ հողի նկատմամբ իրենց հազարամյա իրավունքը պաշտպանելու» մտադրության մասին։
Ժողովրդի ու իշխանությունների դիրքորոշումը միասնական է: Այն ձևակերպված է հետևյալ կերպ՝ միայն ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք դառնալ հակամարտության տևական կարգավորման, տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության հաստատման համար։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն ու Արցախի վերջնական կարգավիճակը։ Եթե այսօր անհնար է հասնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշման, ապա պետք է հետաձգել որոշումն այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել»,- կարծում է ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Ադրբեջանը չունի լեգիտիմ փաստարկներ Արցախի վերաբերյալ իր պահանջները արդարացնելու համար, դրանք ուղղակի կեղծիքներ են՝ համեմված շանտաժով, ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով»,— ասում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
«Արցախի ժողովուրդը 1991 թվականին իրացրել է ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի իրավունքների մասին միջազգային դաշնագրերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։
Թեև Արցախի Հանրապետությունը լիովին չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն նրա անկախության փաստն ընդունվել է որպես իրականություն, իսկ նրա կարգավիճակը միջազգային մակարդակով ճանաչվել է որպես վիճելի տարածք»,— ընդգծել է նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի հերթական ծուղակներից ու կեղծ փաստարկներից մեկը խորհրդային սահմանների իրավահաջորդության մասին թեզն է.
«Սակայն Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց և իրեն հռչակել 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Նախախորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը Ազգերի լիգայի կողմից միջազգայնորեն համարվում էր վիճելի տարածք, ընդ որում՝ շատ ավելի ընդարձակ տարածքներով՝ համեմատած նախկին ԼՂԻՄ-ի և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի հետ։ Վերջին զարգացումների հիմնական արդյունքը կարելի է համարել հասարակության բացարձակ համախմբումը, այն է՝ ցանկացած հարցի շուրջ ներքին բախումների մերժում հանուն գլխավոր նպատակի՝ ինքնորոշման»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Քաղաքական կոնսենսուս ԼՂ ինքնորոշման շուրջ