«Փորձում են մեր մեջ վախ ու կասկած սերմանել, որ հրաժարվենք մեր անկախությունից»․ Փաշինյան
Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձը
«Ամեն օր փորձում են մեր մեջ սերմանել նորանոր կասկածներ, վախեր՝ հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, մեր պետությունից»,- Հայաստանի անկախության օրվան նվիրված ուղերձում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր էլ երկրի քաղաքացիները Անկախության հանրաքվեի մասնակիցներ են և պետք է «Այո» ասեն անկախությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ։ Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ (99.5%) քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ ժողովրդավարական պետություն ստեղծելու օգտին։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Վաղ առավոտյան Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինծառայողներին։ Նրա այցն ապահովելու համար ոստիկանական ուժերը բերման են ենթարկել 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների։ Այս միջադեպը հասարակության վրոդովմունքն է առաջացրել՝ ստվերելով տոնական օրվա ուղերձներն ու շնորհավորանքները։
Կառավարությունը նաև տոնական միջոցառում էր նախատեսել։ Այն պետք է տեղի ունենար Գառնու տաճարում։ Սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած ադրբեջանական նոր ագրեսիայից հետո, սակայն, չեղարկվեց։
Անկախության օրվա ուղերձները, միջադեպ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, մեկնաբանություններ սոցցանցերում
Հարգանքի տուրք՝ ամեն գնով
Անկախության 31-ամյակի առթիվ վարչապետ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նախքան այդ այցը՝ դեռևս գիշերվանից պանթեոնում էինք հավաքվել 44-օրյա պատերազմի զոհերի ծնողները, որոնք չէին ուզում թույլ տալ, որ Փաշինյանը մուտք գործի «Եռաբլուրի» տարածք։ Վարչապետի այցից առաջ ոստիկանությունը ուժեր էր կենտրոնացրել պանթեոնում։ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ծնողներին, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները եկան զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին ու հեռացան։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողները հեռացրին պաշտոնյաների անունից իրենց զավակների շիրիմներին դրված ծաղկեպսակները։
Զոհված զինծառայողների ծնողների փաստաբանը հայտնել է, որ զինվորական պանթեոնից բերման են ենթարկվել մոտ երեք տասնյակ մարդ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանները նրանց բերման են ենթարկել բռնություն կիրառելով՝ քաշքշելով, վնասվածքներ պատճառելով։
Զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են բողոքարկել «ոստիկանների ապօրինի գործողությունները»։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն էլ հայտարարել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու։
Ոստիկանությունից Factor.am-ին հայտնել են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանները բերման են ենթարկել 37 քաղաքացու, նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Բոլորն էլ ազատ են արձակվել։
«Այսօր էլ Անկախության հանրաքվե է»․ Փաշինյանի ուղերձը
Իր ուղերձում Հայաստանի վարչապետը պատմական ակնարկ է կատարել և ընդգծել, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի ժամանակ ասված «Այո»-ն որոշում էր, որը «չի փոխվել սոցիալական ու քաղաքական որևէ դժվարությունից, որևէ անհաջողությունից ու ձախողումից»։
Ըստ նրա՝ Անկախության հանրաքվեն չի ավարտվել և տեղի է ունենում նաև այսօր։
«Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը և չափազանց կարևոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնյա, թե գյուղացի, զինծառայող, թե գործարար, ուսուցիչ, թե բանվոր ամեն օր Անկախության հանրաքվեի մասնակից է և պետք է «Այո» ասի անկախությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։
«Եվ այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր, և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»,- շեշտել է նա։
Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի շնորհավորանքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է Հայաստանի հետ «բարեկամական, դաշնակցային հարաբերություններն» ու այն, որ երկրները «հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում»։
«Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար»,- գրել է Պուտինը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահեցրել է՝ ԱՄՆ կշարունակի աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։
«Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները»,— ասված է ուղերձում:
Բլինքենը հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և «բարեկամ հայ ժողովրդին» շնորհավորել է Անկախության օրվա առիթով։ Ուղերձում Մակրոնն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր, զարգացնում են օրինակելի համագործակցություն բոլոր ոլորտներում․
«Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։ Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման»։
Մեկնաբանություններ սոցցանցերում
«Սկզբից որդիներին հանեցին ծնողների գրկից ու տարան բայրաքթարների տակ զոհաբերվելու, հանուն նրա, որ պատուհասը իրեն մի քանի օրով Ստալին կամ Տիգրան Մեծ երևակայեր, հիմա էլ ծնողներին են հեռացնում որդիների շիրիմներից, որ ազգակործան պատուհասը գա, չոքի շիրիմներին ու ֆոտոսեսիա անի»։
«Իսկ ու՞մ է պետք ձեր ձևական, պրոտոկոլից դրդված «անարգանքի տուրքը» մեր զոհերին։ Մեզ մեր հայրենիքն ու եղբայրներն են պետք։ Միայն։ Դուք էսօր պետք է էդ մայրերի ոտքերի տակ խոնարհված շնորհակալության ու ներողության խոսքեր փնտրեիք, բայց չէ… աղը ձեռքներիդ մեր վերքերն եք փնտրում»։
«Փաշինյանն այսօր Եռաբլուրում պաշտոնական մեկ նկար ունենալու համար զոհվածների ծնողներին այնտեղից հանել է տվել` ԱՄԵՆ ԳՆՈՎ։ Ափսոս, դուք չիմացաք ամեն գնով հայրենիքը պաշտպանելն ինչ է»։
«Եթե այսքան թիկնապահներ, անձեռնմխելի պատգամավորներ, ոստիկաններ և կարմիր բերետավորներ միանգամից գնան Ջերմուկ, կկարողանան տղաներին օգնեն և հետ կվերցնեն մեր դիրքերը»։
Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձը