«Թուրքիայի նախապայմանները հաճախ Բաքուն է հնչեցնում»․ հայ վերլուծաբան
Փաշինյան-Էրդողան հանդիպում Նյու Յորքում
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պաշտոնական Երևանը հանդիպման մասին սուղ տեղեկություններ է հաղորդել՝ նշելով, որ «ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը»։
Հնարավոր հանդիպման մասին թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներից հետո հայկական կողմը հաղորդել էր, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ են այցելել Հայաստանում ԵՄ երկրների դեսպանները։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ լուրջ չէ խոսել այն մասին, թե ԵՄ-ից կարող է լինել Թուրքիայի վրա ճնշում՝ բացել հայ-թուրքական սահմանը։ Ասում է՝ կարող են պարզապես փորձել համոզել Անկարային։ JAMnews-ին տված հարցազրույցում Բադալյանը նկատել է՝ Թուրքիան ձգտելու է այդ հարցը «առավելագույնս թանկ վաճառել բոլոր ուղղություններով»։
Ըստ նրա՝ Արևմուտքը կարող է փափուկ ուժի տրամաբանությամբ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի գնա Բաքվի հետ համաձայնության, ինչն էլ, իր հերթին, կբերի հայ-թուրքական կարգավորման հարցում որևէ առաջընթացի։
«Դա հնարավորություն կտա լուծել արևմտյան՝ եվրաատլանտյան բևեռի ռազմավարական խնդիրը, այն է՝ Կովկասում ձևավորել մի ստատուս քվո, որը հիմնարար ձևով կթուլացնի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը։ Այս հարցում Թուրքիան դիտարկվում է որպես առանցքային գործընկեր»,- ընդգծել է նա։
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից: Այն մի քանի ժամով բացվեց 2023 թ․-ի փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Բաքվի հետ:
Ի՞նչ է հաղորդել պաշտոնական Երևանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Էրդողանը մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- ասված է հաղորդագրությունում։
2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին այս գործընթացն առաջ տանելու համար։ Վերջիններս արդեն հինգ անգամ հանդիպել են, սակայն բանակցությունների արդյունքներով դեռևս էական առաջընթաց չի գրանցվել։
Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 30-ին, հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում։ Կողմերը պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Մինչ օրս չի հաղորդվել՝ ինչ աշխատանքներ են տարվում պայմանավորվածության իրագործման ուղղությամբ։
Երկու տարի առաջ՝ 2022 թ․-ի հուլիսի 1-ին կայացած հանդիպումից հետո հաղորդվել էր, որ ներկայացուցիչները պայմանավորվել են «մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը» և «Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար»։ 2023 թ․-ի հունվարին ՀՀ արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է։ Մինչ օրս, սակայն, որևէ առաջընթաց չի գրանցվել սահմանի բացման ուղղությամբ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի վերլուծությունը
Հայ-թուրքական կարգավորումն Անկարայի համար սակարկության առարկա է
«Հասկանալի է, որ առանց նախապայմանների արտահայտությունը դիվանագիտական ստանդարտ է։ Պարզ է, որ այդ նախապայմանները շատ հստակ են դրվում, բավական թափանցիկ է այդ մասին խոսվում։ Ակհայտ է, որ դրանք կան։ Էրդողանի հայտարարությունը, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի նաև հայ-թուրքական կարգավորմանը, բավական նկատելի ցույց է տալիս, որ Թուրքիան իր քայլերը կանի, եթե լինի ինչ-որ համաձայնություն Երևան-Բաքու տիրույթում։
Առանց նախապայմանի նշանակում է հավասարը հավասարի հետ։ Մենք չպետք է պատրանքներ ունենանք, որ Անկարան այսօր նստելու է Հայաստանի հետ հավասարը հավասարի քննարկման։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը համարում է խոշոր խաղացողների հետ սակարկության հարց, ինչպես նաև Կովկասում՝ վերադասության»։
Անկարան երբեք չի անի առաջին քայլը
«Թուրքիան կովկասյան գործընթացների ազդեցիկ դերակատար է։ Առնվազն 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո դա բավականին ակնառու իրողություն է։ Թուրքիան իր այդ դերն արձանագրեց հենց այդ պատերազմով՝ փաստացի ռազմական առումով մուտք գործելով Կովկաս։
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում միջնորդ լինելու մասին խոսք չկա, բայց Թուրքիան կարևոր դերակատար է, որն իր ազդեցությունն ունի այդ գործընթացում։
Էրդողանը հայտարարեց, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին, և այդ գործընթացում հաջողությունը կարող է նաև առաջընթաց բերել հայ-թուրքական հարաբերություններում։ Այսինքն՝ ՄԱԿ-ի ամբիոնից իր բանաձևն արձանագրեց՝ հայ-թուրքական կարգավորման հարցում Թուրքիան չի գնա որևէ քայլի, եթե դա չի լինելու շարունակություն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում որևէ առաջխաղացման։ Առաջին քայլ Թուրքիան երբեք չի անելու։
Սա Թուրքիայի՝ Կովկասի հանդեպ վերադասության դրսևորում է։ Անկարան համարում է, որ ՀՀ հետ հարաբերությունների հարցում որևէ քայլի գնալը ոչ թե ՀՀ և Թուրքիայի հավասարազոր քննարկման արդյունք է, այլ կլինի Թուրքիայի պարգևատրումը Հայաստանին, եթե Երևանը գնա Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման»։
Նախապայմանների շարքում է նաև Հայոց ցեղասպանության հարցից հրաժարումը
«Թուրքիայի նախապայմանների շարքում, բնականաբար, նաև Հայոց ցեղասպանության հարցին առնչվող հանգամանքներն են։ Անկարան ձգտելու է հասնել մի իրավիճակի, երբ Երևանը իրավաքաղաքական առումով ընդհանրապես կհրաժարվի այդ հարցի հասցեատեր լինելուց։ Խոսքն այն մասին չէ՝ կներառի՞ արտաքին քաղաքական օրակարգում, թե՞ ոչ, այլ նրա, որ կկտրվի իրավաքաղաքական կապը Հաաստանի ներկայիս հանրապետության և ցեղասպանության խնդրի միջև։
Հիմա այդ կապը փաստաթղթային առումով ապահովում են Անկախության հռչակագիրն ու Սահմանադրության հղումն այդ հռչակագրին։ Անկարան ձգտելու է ցեղասպանության հարցով ՀՀ-ից ստանալ այն, ինչ Ադրբեջանը փորձում է ստանալ Արցախի մասով։
Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական խոչընդոտը երկրի Սահմանադրությունն է։ Բանն այն է, որ փաստաթղթում հղում է արվում 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որի առաջին պարբերությունում էլ հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և ԼՂ-ի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։
Հռչակագրով ամրագրված են պետականության ստեղծման հիմնական դրույթները՝ միջազգային հարաբերությունների հաստատումից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։
«Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»,- ասված է փաստաթղթում։
Կարծեմ Ալիևն իր հայտարարություններում շատ հստակ հիշատակել է նաև ցեղասպանության թեման, ոչ միայն Արցախի։ Անկարայի նախապայմանները հաճախ արտահայտում է Ադրբեջանը։ Այստեղ էլ կա բավական նուրբ հանգամանք։ Թուրքիան համարում է, որ իր տրամաչափը, իր քաշային կատեգորիան այն չեն, որ ինքը նախապայման ներկայացնի ՀՀ-ին, և եթե ինքը նախապայման ներկայացնի, դրանով կարժևորի Հայաստանը՝ քաղաքական կշռի իմաստով։ Անգամ այդ հարցը Անկարան «պատվիրակել» է Ադրբեջանին, և Բաքուն է այդ պայմանները ներկայացնողը»։
Թուրքիան չի նահանջելու «Զանգեզուրի միջանցքի» նշաձողից
«Որևէ կերպ չեմ պատկերացնում, որ Թուրքիայի հետ փոխադարձ ընդունելի տարբերակ լինի տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման հարցում։ Կամ Թուրքիան պետք է զիջի, կամ Հայաստանը։ Մեզ մնում է հասկանալ՝ եթե որևէ տարբերակ աշխատում է, ապա որ կողմից է զիջման հավանականությունն ավելի մեծ։
Թուրքիայի համար այդ ճանապարհն իմաստ և նշանակություն ունի, եթե առավել ընդգրկուն և առավել մեծ ծավալով լինելու է իր ազդեցության, իր վերահսկողության տակ։ Եթե այդպես չէ, Թուրքիայի համար այդ ճանապարհը մեծ իմաստ չունի։
Այսինքն՝ դա թուրքական աշխարհի մեծ ծրագրի կարևոր միջոցներից մեկն է։ Հետևաբար պարզ է, որ Անկարան իր այդ նշաձողից չի նահանջելու»։
Երրորդ երկրի քաղաքացիներն Ադրբեջանից են
«Կարծում եմ՝ այս հարցն անմիջականորեն կապված է ճանապարհների հարցում ինչ-որ զարգացման հետ։ Փորձենք տրամաբանել։ Եթե երրորդ երկրների համար բացում են հայ-թուրքական սահմանը, ինչի՞ համար է դա բացվում։ Այսինքն՝ մի ինչ-որ երրորդ երկրից գալու են և գնան Թուրքիա։ Եվ ո՞ր երրորդ երկրից կարող են գալ և գնալ Թուրքիա, Ադրբեջանից։
Շատ հասկանալի է, որ պետք է ճանապարհները բացվեն, որպեսզի ըստ թուրքական տրամաբանության՝ իմաստ ստանա Հայաստանի հետ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման բացելը։
Եթե ճանապարհների հարցում որևէ համաձայնություն չկա, Թուրքիան չի գնա այդ պայմանավորվածության կատարման։ Ավելին, կարծում եմ՝ Թուրքիան այդ համաձայնությանը գնացել է պայմանով, որ Երևանն էլ ինչ-որ համաձայնությունների կգնա ճանապարհների հարցում։
Եթե ճանապարհները չբացվեն որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է երրորդ երկրի քաղաքացիները գան և հայ-թուրքական սահմանով գնան Թուրքիա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Էրդողան հանդիպում Նյու Յորքում