Փաշինյան-Ալիև հիպոթետիկ հանդիպումն ու տարածքների հանձնումը․ Հայաստանում նախօրոք դեմ են
Հայաստանում արդեն մի քանի օր է՝ համառորեն քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ենթադրյալ հանդիպումը Մոսկվայում։ Տելեգրամ-ալիքները նույնիսկ օրն են նշում՝ հունվարի 11՝ չնայած այն բանին, որ պաշտոնապես կողմերից և ոչ մեկը դեռ չի հաստատել մասնակցությունը բանակցություններին։
Հայկական լրատվամիջոցներում էլ են տեղեկություններ շրջանառվում այն մասին, որ նախապատրաստվում է վարչապետի այցը Մոսկվա, ընդ որում, հաղորդվում է, որ Փաշինյանը պարաստվում է հստակ փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր արդեն ուղարկվել են Հայաստանի արդարադատության նախարարություն։ Դրանցում էլ իբր ասվում է, որ
- Հայաստանի տարածքով միջանցք է բացվելու, որը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը,
- Հայաստանի ինչ-որ տարածքներ Ադրբեջանին են փոխանցվելու,
- հայկական զորքերը դուրս են բերվելու Լեռնային Ղարաբաղից։
Արդարադատության նախարարության մոտ անգամ ցույց է անցկացվել՝ «Ադրբեջանի հետ հերթական նվաստացուցիչ պայմանագրի» ստորագրման մասին տեղեկությունը հերքելու պահանջով։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջնահերթությունների և Ադրբեջանի հետ 2020 թ․ նոյեմբերի 10-ի գիշերն Արցախում հրադադար սահմանելու մասին եռակողմ հայտարարության կետերի կատարման հաջորդականության մասին։ Նրա գրառումը շատերն ընկալել են որպես պատասխան՝ տարածքների հանձնման և Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու մասին լուրերին։
Բոլոր մանրամասները՝ արդարադատության նախարարության մոտ անցկացված ցույցի, ակցիայի մասնակիցներին նախարարի պատասխանի և Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի՝ Հայաստանի համար կարևոր կետերի մասին։
- Ի՞նչ է կատարվել Հայաստանում 2020 թ-ին
- Ադրբեջանի և անհայտության գերիները․ նրանց գտնելու և վերադարձնելու հայկական կողմի փորձերը
Ի՞նչ է գրել վարչապետը
Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Երևանի համար առաջնահերթ խնդիրը համաձայնագրի ութերորդ կետի լիարժեք կատարումն է, որը վերաբերում է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների փոխանակմանը։ Եվ միայն դրանից հետո Հայաստանի իշխանությունները պատրաստ կլինեն դիտարկել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաարգելափակման հարցերը։
Դրանք, ըստ վարչապետի, ենթադրում են ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Նախիջևան:
«Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն։
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը», — գրել է վարչապետը։
Բողոքի ակցիա նախարարության մոտ
Արդարադատության նախարարության շենքի մոտ շտապ ցույց անցկացնելու կոչով է հանդես եկել արդարադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։
Նա մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրում չկան «Մեղրի» կամ Հայաստանի տարածքով «միջանցք» բառերը։ Մելիքյանի խոսքով՝ այդ նույն փաստաթղթում խոսք չկա նաև հայկական Շուռնուխ գյուղի մասին, բայց «հակառակորդը հասել է դրան»։ Իրավապաշտպանը խոսում է Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տների մասին, որոնք հունվարի 5-ին Ադրբեջանին են փոխանցվել երկրների միջև սահմանների ճշգրտման ընթացքում։
Մելիքյանն իշխանություններին կոչ է արել պաշտոնապես հերքել այն տեղեկությունը, որ հունվարի 11-ին «պլանավորվում է Ադրբեջանի հետ հերթական նվաստացուցիչ պայմանագրի ստորագրումը»։
Արդյունքում՝ ցուցարարներին է հանդիպել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու վստահեցրել, որ Ադրբեջանի հետ ոչ մի «գաղտնի համաձայնություն» չկա․
«Ես վերահաստատում եմ, որ արդարադատության նախարարությունում ոչ մի պայմանագիր չկա, իսկ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։
Բադասյանը կոչ է արել չվստահել անհայտ Տելեգրամ-ալիքներին, քանի որ վերջերս հաճախ է տեղեկատվական «լցոնում» կատարվում, որը երկրի բնակիչների շրջանում խուճապ է առաջացնում։