«Ժողովրդավարությունը Հայաստանում իրողություն է»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը ժողովրդավարության ֆորումի ժամանակ
«Հայաստանում ժողովրդավարությունը իշխանության բարի կամքի շնորհիվ գոյություն չունի, այլ՝ որպես իրողություն»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում Փաշինյանը նշել է՝ ժողովրդավարության մասին խոսելիս պատշաճ ուշադրության չի արժանանում «շատ էական կետ»՝ Եվրամիությանն անդամակցելու մասին ՀՀ ԱԺ ընդունած օրինագիծը։
«Այն անառարկելի հռչակագիր և հայտարարություն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին մեր անսասան հավատարմության մասին, հակառակ դեպքում նման օրենք ընդունելն ընդհանրապես իմաստ չէր ունենա»,- ընդգծել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ օրինագծի ընդունումից հետո հաճախ է հնչում հարց, թե որքանով է իրատեսական, որ Հայաստանը մի օր կանդամակցի Եվրամիությանը։ Կառավարության խնդիրն, ըստ նրա, այլ է՝ բոլոր բնագավառներում հասնել ԵՄ ստանդարտներին։
«Մենք հասկանում ենք՝ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է։ Երբ էդ կետին հասանք, ընդունվենք՝ լավ, չընդունվեք՝ մենք մեր արդյունքը, մեր խնդիրը լուծել ենք, մեր ստանդարտների հարցը լուծել ենք։ Սա է ամենակարևոր բանը»,- նշել է նա։
Ֆորումի մասնակիցները Փաշինյանից հետաքրքրվել են՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին ո՞րն է լինելու առաջիկա տարիների ամենակարևոր բարեփոխումը։ Վարչապետի համոզմամբ՝ դա նոր Սահմանադրության ընդունումն է, որով էլ կստեղծվի «օրգանական կապ» ժողովրդի և իրավակարգի միջև։
- Հռչակագիր Հայաստանի Չորրորդ Հանրապետության մասին. իշխող կուսակցության մտադրությունները
- «Հայաստանն այսօր ամենապակաս խոցելի վիճակում է»․ Փաշինյան
- Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները
«Պետք է ոչ թե երազել ժողովրդավարության մասին, այլ կառուցել այն»
Նիկոլ Փաշինյանը ներկաներին հարցրել է՝ ինչո՞ւ պետք է երազել ժողովրդավարության մասին, «եթե կարող ենք այն քննարկել, ստեղծել, կառուցել»։ Նա պնդել է, որ՝
- 2018 թ․-ից հետո ՀՀ-ում ոչ մի ընտրություն չի կեղծվել,
- ցանկացած մարդ կարող է տեսակետ արտահայտել ցանկացած բանի մասին,
- չկա ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում,
- մամուլը գործում է ազատորեն։
«Ո՞վ է այսօր ՀՀ-ում ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և արժեքների կրողը։ Ունենք բացառիկ իրավիճակ․ այդ արժեքների կրողն իշխանությունն է»,- հայտարարել է նա։
Փաշինյանը կարծում է՝ ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշն ինքնահայեցումն է։ Ասում է՝ ՀՀ-ում չի կարող ժողովրդավարությունը իդեալական լինել, որովհետև մարդիկ՝ իրենից սկսած և մյուսներով վերջացրած, մտածում են «Ստալինի ձևակերպած բանաձևերով, նրա ներմուծած արտահայտություններով»։
Այժմ, ըստ նրա, ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ է բացվել, այդ թվում՝ վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխությունների արդյունքում։
«Ժողովրդավարությունը շահագործողներ շատ կան, պաշտպանողներ չեմ տեսնում»
Կառավարության ղեկավարն ասում է՝ պետք է խոսել նաև այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ժողովրդավարությունը․
«Այսօր ՀՀ-ում ժողովրդավարության մի հսկա մասը պարզ հայհոյախոսություն է։ Իսկ ո՞վ է, որ ժողովրդավարությունը պաշտպանում է սրանից։ Չեմ տեսնում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը պաշտպանող կա։ Ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա»։
Փաշինյանը պանելային քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչներին հարցրել է՝ կա՞ կազմակերպություն, որ դատապարտել է հայհոյախոսությունը։
«Ո՞վ է ներկաներից, որ վեր է կացել և ասել, ուրեմն՝ այսինչ-այսինչյան, քեզ դատապարտում եմ հայհոյախոսության համար։ Կա՞ քաղհասարակությունում այդպիսի կազմակերպություն։ Եթե կա, ես ծափահարում եմ։ Եթե երկու կազմակերպություն լինի, հոտնկայս կծափահարեմ»,- ասել է նա։
Նոր Սահմանադրություն, երդվյալ ատենակալների ինստիտուտ․ առաջիկա քայլերը
Առաջիկա 5 տարիներին ի՞նչ բարեփոխումներ է պատրաստվում իրականացնել ՀՀ կառավարությունը «ավելի կայուն և ինստիտուցիոնալ ժողովրդավարության» հասնելու համար։
Արձագանքելով այս հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ խոսել է նոր Սահմանադրության ընդունման մասին։ Կարծում է՝ դրա ընդունմամբ կլուծվի լրջագույն համակարգային խնդիր, այն է՝ կստեղծվի «օրգանիկ կապ» դատական իշխանության և ժողովրդի միջև։
«Ցանկացած իշխանություն պետք է բխի ժողովրդից։ Հայաստանում դատական իշխանությունը չի բխում ժողովրդից։ Ոչ միայն չի բխում, այլև ընդհանրապես կտրված է ժողովրդից։ Սահմանադրության ընդունումը համարում եմ ամենակարևոր բարեփոխումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին»,- նկատել է նա։
Վարչապետը հերթական անգամ պնդել է, թե «1995 թ․-ից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և մեր Սահմանադրության օգտին չի քվեարկել»։
Կարծում է՝ ՀՀ-ում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում, այն ժողովրդի համար «նույնքան ատելի է, որքան ատելի է եղել Խորհրդային միության, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Պարսկական կայսրության կողմից պարտադրված իրավակարգը»։
Սահմանադրության փոփոխությունն, ըստ Փաշինյանի, ոչ թե տեքստային է, այլ հայեցակարգային։ Վստահ է՝ առանց դրա հնարավոր չի լինի լուծել նաև ինստիտուցիոնալ մյուս խնդիրները։
Իրականացվելիք բարեփոխումների շարքում առանձնացրել է նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդնումը, որը թույլ կտա, որ «արդարադատությունը դառնա մաքսիմալ կանխատեսելի և պակաս օգտագործելի տարբեր քաղաքական շահերի համար»։
«2018 թ․-ի հեղափոխությունից հետո փաստը, որ իշխանությունը հայտարարել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի հետ, Հայաստանում և ՀՀ տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են [ուրախացել են]։ Ասել են՝ ինչ լավ է՝ իշխանությունը գործ չունի, հիմա մենք գործ ունենանք դատական համակարգի հետ։ Բազմաթիվ որոշումներ թելադրվել են կոնկրետ շրջանակների կողմից, այդ թվում՝ Հայաստանից դուրս գտնվող։ Դա մեր պատկերացրած հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է»,- մանրամասնել է նա։
«Բարեփոխումները պետք է անել դանդաղ»
Վարչապետի համոզմամբ՝ ցանկացած արագ բարեփոխում ձախողում է։ Ասում է՝ շտապում ենք դրանք իրականացնել, քանի որ ունենք «ապագայակենտրոն մտածողություն»։
«Ասում ենք՝ էսօր, հիմա անենք, որովհետև հայտնի չի՝ վաղը ի՞նչ է լինելու, վաղը Հայաստան լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, պետություն լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Դրանից հրաժարվել ենք։ Ասում ենք՝ առաջիկա հարյուրամյակներում լինելու է Հայաստան։ Մեր մտածողությունը պետք է դառնա 10, 100 տարվա, որ կարողանանք բարեփոխում անել»,- ամփոփել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ելույթը ժողովրդավարության ֆորումի ժամանակ