«TRIPP նախագիծը Հայաստան–ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը ԱԺ-ում․ վերջին զարգացումների ամփոփում
Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ 4–րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ–ի քննարկման օրակարգի հարց է: Երեկ երեկոյան խորհրդարանում նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարց կծագի՝ Ադրբեջանն ի՞նչ կապ ունի այդ թեմայի հետ: Կապը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար: Բայց TRIPP նախագիծը Հայաստան–ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է: Եվ դրա տակ կա ոչ միայն ՀՀ-ի վարչապետի, ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,- հայտարարել է Փաշինյանը։
Պատգամավորները վարչապետին հարցրել են՝ ինչո՞ւ է Բաքուն ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո օգտագործում ոչ թե «Թրամփի ուղի», այլ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Սա իրենից ենթադրում է արտատարածքային ճանապարհի տրամադրում, ինչը Հայաստանը բազմիցս է մերժել։
Արձագանքելով հարցին՝ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներկայացրել է Սպիտակ տանը ստորագրված հռչակագրի լուսապատճենը, ըստ որի՝ ՀՀ տարածքում լինելու է TRIPP անունով ենթակառուցվածք:
«Հայաստանի տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում կայացնում է ՀՀ–ն, և որոնց հետ կապված ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- նշել է նա և հավելել՝ ՀՀ տարածքում չի կարող լինել Ալիևի նշած անունով [«Զանգեզուրի միջանցք»] ենթակառուցվածք։
Միաժամանակ չի բացառել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որոնք պետք է միանան «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով: Վարչապետի համոզմամբ՝ դա «որևէ կապ չունի ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների հետ»։
Վարչապետն Աժ ամբիոնից անդրադարձել է օրակարգային մի շարք թեմաների՝ ամերիկյան պայմանավորվածություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություն և ՀՀ-ի պաշտպանական ծախսերի նվազեցում։
Կարևոր դրվագները՝ համառոտ
- «Վաշինգտոնում Բաքուն ստացավ դիվիդենտներ, բայց նաև զիջումներ արեց Երևանին»․ կարծիք
- «Հայաստանն այսօր ամենապակաս խոցելի վիճակում է»․ Փաշինյան
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
- «Պատմական գագաթնաժողով»․ Երևանն ու Բաքուն Թրամփի միջնորդությամբ փաստաթղթեր ստորագրեցին
Վաշինգտոնյան հռչակագրով մի շարք հարցեր լուծվեցին ՀՀ-ի համար ընդունելի ձևով
«Կային մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի շրջանակներում չէին կարգավորվում, սակայն վաշինգտոնյան հռչակագրում լուծվեցին Հայաստանի համար ընդունելի ձևով։
Նկատած կլինեք, որ խաղաղության համաձայնագրի մեջ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի կարգավորում չի տրվում։ Երբ մենք հռչակագրում տեսել ենք, որ մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի տեքստում չեն կարգավորվում և այստեղ կարգավորվում են մեզ համար ընդունելի ձևով, հասկացել ենք՝ չենք կարող այս շանսը բաց թողնել, որովհետև մենք ստանում ենք ավելին»։
«Թրամփի ուղին» ենթադրում է ոչ թե վարձակալության, այլ կառուցապատման իրավունք
«Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ, մեր օրենսդրության մեջ դա ընդհանրապես գոյություն չունի։ Մենք չենք կարող նման բան անել։
Բանակցությունների փուլից սկսած մեր ամերիկյան գործընկերներին ասել ենք․ այն, ինչ դուք ԱՄՆ–ում ավանում եք «lease», դա մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ այն ունի հնարավորությունների շրջանակ, որտեղ կա հնարավորություն, որը մենք չենք ընդունել` մինչև 99 տարով կառուցապատման իրավունք տալու։
Այս ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ այդ ժամկետի լրանալուց հետո այն ամենը, ինչ կա այդ տարածքում, այդ թվում` ներդրումները, դառնում են ՀՀ սեփականությունը։
Ներդրողին այստեղ հետաքրքրում է ժամկետը։ Նա ասում է` ես պետք է հասկանամ, թե որքան ժամկետով եմ ես ներդրում անում, որ այդ փողը հետո ինձ վերադառնա։ Սա շատ պարզ բիզնես տրամաբանություն է։ Այս մոդելը գործում է Սյունիքի մարզում, ընդ որում` ամերիկյան ընկերության հետ կապված։ Օրինակ` «Կոնտուր գլոբալ» ընկերության դեպքում այս մեխանիզմը գործում է, խոսքը «Որոտանի կասկադի» մասին է։
Ես ձեզ ասում եմ պատասխանատու կերպով` այն տերմինաբանությունը, ինչ օգտագործվել է հռչակագրում, մեր իրավապայմանագրային բազայի տեսակետից ոչ մի նոր տերմին չի գեներացրել։ Միակ նորությունը անունն է` «Թրամփի ուղի»»։
Ադրբեջանցիների բեռներն ու փաստաթղթերը ստուգվելու են
«Իրավազորության և ինքնիշխանության հարցերը վերաբերում են Հայաստանի պետական ինստիտուտներին՝ անկախ անձանց ազգային պատկանելությունից։
Հանրապետության օրենսդրության մեջ չկա այդպիսի բան, չկա որևէ հոդված, որ վերաբերվում է ադրբեջանցուն և չի վերաբերվում ճապոնացուն։
Բայց մենք պետք է ներդնենք ժամանակակից սահմանային հսկողության մեխանիզմներ, որոնք արդեն կիրառվում են Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Արաբական Էմիրություններում։ Մարդկային կոնտակտ կլինի միայն այն դեպքում, երբ սարքը խնդիր արձանագրի։
Հայաստանի համար կարևոր է նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը։ Օգոստոսի 8-ին շատ կարևոր բան է տեղի ունեցել։ Մենք հնարավորություն ենք ստացել հասանելիություն ունենալ բոլոր այդ [ԱՄՆ-ի] նորագույն տեխնոլոգիաներին։ Սա լինելու է ոչ միայն ադրբեջանցիների, այլև, առաջին հերթին, Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլոր սահմաններին և օդանավակայաններում։ Սահմանային և մաքսային հսկողությունը լինելու է 21-րդ դարին հարիր»։
Հայ-ամերիկյան հուշագրի շուրջ քննարկումները շարունակվում են
«Մտադրությունների հուշագրերն ընդհանրապես կնքվում են 1 կամ 2 տարով՝ 3 տարի երկարացնելու հնարավորությամբ, որովհետև այդ ժամկետում նախատեսվում է, որ մտադրությունը պետք է իրականություն դարձնել։
Պատկերացրեք մտադրության հուշագիր, որն ունի 25 տարվա ժամկետ․ դա նշանակում է, որ այդ մտադրությունը երբեք էլ իրականություն չի դառնա։ Հենց ժանրը դրա համար է, որ կողմերն ասում են՝ այս 1 տարվա ընթացքում այդ հուշագիրը պետք է դառնա կոնկրետ նախագիծ, պայմանագիր, համաձայնություն, ներդրում։
Անցած մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ տարբեր ձևաչափերով։ Այդ քննարկումները շարունակվում են։ Այսօր էլ տեղի են ունենում»։
Չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ
«2025 թ․-ին 2024 թվականի բյուջեի համեմատությամբ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ: Իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր: Այդ ծախսերի մի մասն ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
Կառավարությունը նպատակահարմար է գտել այն պարտքերը, որոնք պետք է, օրինակ՝ 2030 կամ 2035–ին մարվեին, ավելի վաղ մարել ու նվազեցնել պարտքային բեռը: Ֆինանսական հնարավորություն ենք տեսել, կոնսոլիդացրել ենք ու այդ պարտքը հիմա ենք փակել: Եթե այդ պարտքի կտորն ամբողջ խոսակցությունից հանենք և վերցնենք թվերը՝ սրանից դուրս, կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել էինք, գուցե մի փոքր էլ ավելի:
Միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թ․-ի պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թ․-ի նկատմամբ:
Եթե 2025 թ․–ին պաշտպանական ծախսերի 115 մլրդ դրամի կտրուկ, անհամաչափ աճը չլիներ, մենք կունենայինք 2023, 2024, 2025, 2026 թվականների բնականոն աճ: Այն, որ 2026 թ․–ին 2025 թ․–ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ։
Պաշտպանական ծախսերի նվազեցման համար կան նաև այլ գործոններ, որոնցով կարող եմ խորհրդարանի հետ կիսվել դռնփակ ռեժիմով:
Այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը՝ մենք բնականոն զարգացման պրոցեսի մեջ ենք: Եվ այդ զարգացումը շարունակվելու է»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան
«Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան:
Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլև ողջ տարածաշրջանը։
Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել: Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը: Ի՞նչ էր լինելու ՀՀ-ի հարցի լուծման արդյունքում: Լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում և ինքնիշխանության ու անկախության կորուստ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն: Այդ ճանապարհով գնալը նշանակում էր դե ֆակտո հրաժարվել ՀՀ անկախությունից:
Մենք իրար հետ չենք գնացել այդ ճանապարհով: Այսօր ՀՀ–ն անկախ է՝ ավելի, քան երբևէ, պետություն է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է՝ ավելի, քան երբևէ, այդ թվում՝ մեր նահատակների զոհողությունների շնորհիվ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ելույթը ԱԺ-ում․ վերջին զարգացումների ամփոփում