«ՀԱՊԿ անդամ երկու երկիր պատերազմին մասնակցել է ոչ մեր կողմից»․ Փաշինյան
Փաշինյանի արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը
«Ես Հավաքական անվտանգության պայմանագրի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդպիսով նա արձագանքել է Բելառուսի նախագահի հայտարարությանը, որը հնչել էր Ադրբեջան կատարած այցի ընթացքում։ Լուկաշենկոն, ըստ էության, խոստովանել էր՝ 2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկից առաջ այդ թեմայով զրուցել է Իլհամ Ալիևի հետ, եզրակացրել են՝ «պատերազմում կարելի է հաղթել»։
Ռազմական դաշինքի անդամ մյուս երկրի անունը Փաշինյանը չի հնչեցրել։ Կարելի է միայն ենթադրել, որ նկատի ունի Ռուսաստանի Դաշնությանը։
Վարչապետն արձանագրել է՝ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցած այդ երկրները «ստեղծել են իմիտացիա, թե ուզում են կամ, իբր, օգնում են» Հայաստանին։ Եվ պատերազմի նպատակը, ըստ նրա՝ եղել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարց լուծելը, այլ «Հայաստանի Հանրապետություն անկախ պետության չգոյությունը»։
Ի՞նչ է հայտարարել Լուկաշենկոն
Մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր․
«Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։
Լուկաշենկոն հայտնել էր, որ ինքն ու Ալիևը կարևոր են համարել նաև «պահել հաղթանակը», համակարծիք են եղել այն հարցում, որ «պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ազատագրած հողերը»։
«Եվ հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց։ Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, 5 տարում, գուցե 10 տարում դժվար է ամեն ինչ անել»։
Բելառուսի նախագահն այցելել էր նաև հայաթափված Շուշի, քաղաքին նվիրել բելառուսական տրակտորներ։ Իսկ Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարարը հայտնել է լրագրողներին, որ Մինսկը պատրաստվում է 420 ընտանիքի համար բնակարաններ կառուցել Աղդամում։ Ռուսլան Պարխամովիչը նշել է, որ նախատեսում են նաև զբաղվել այստեղ ենթակառուցվածքների՝ տրանսպորտային, ինժեներական և սոցիալական օբյեկտների կառուցմամբ:
«Լուկաշենկոն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել»․ Փաշինյան
Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է՝ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը վերջին տարիներին փորձում էր այլաբանորեն ասել, քանի որ ուղիղ ասել «հասկանալիորեն չէր կարողանում»։
«44 պատերազմի նախապատրաստմանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները»,- նկատել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ առնվազն երկու այդպիսի երկիր կա։
«Ուրախ եմ, որ կարողացա հասնել նրան, որ Լուկաշենկոն դա ասաց հրապարակային։ Այդ փորձերը շարունակելու եմ։ Էլի կան մարդիկ, որոնք այդ մասին պետք է հրապարակային ասեն»։
Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանի պետականության դեմ ուղղված փորձեր եղել են նաև պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Մատնանշել է, մասնավորապես՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումները 2021 թ․-ի մայիսին և 2022 թ․-ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը 2023 թ․-ի սեպտեմբերին։
«Մի հատ էլ փորձեցին 2024 թ․-ի մայիսի 9-ին [նկատի ունի ընդդեմ սահմանազատման շարժումն ու վարչապետի հրաժարականի պահանջը]՝ էլի չստացվեց ու չի ստացվելու, այդ թվում՝ այդքան քննադատված սահմանազատման պրոցեսի շնորհիվ։ Սահմանազատման այս գործընթացով մենք շատ-շատերին զրկել ենք հնարավորությունից՝ 2024 թ․-ի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու»,- նշել է նա։
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է՝ եթե հաջողվի 1-2 տարի ՀՀ պետականությունը պահպանել, ապա առաջիկա 50-100 տարվա համար նրա գոյությունը երաշխավորված կլինի։
«Ասածս կարող է չափազանցություն թվալ, բայց սահմանազատման գործընթացով մենք այդ խնդրի 60 տոկոսը լուծել ենք»,- շեշտել է նա և հավելել՝ Տավուշի մարզում դրվել են «պետության անկյունաքարերը», որոնց վրա էլ պիտի կառուցվի «անվտանգություն, ազատություն և երջանկություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը