«Պաշտպանության ոլորտի կապերի 95-97%-ը այլևս չի կարող ՌԴ հետ լինել»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ՀՀ անվտանգային խնդիրների մասին
«Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ պետք է հասկանալ, թե իրատեսորեն ում հետ կարող ենք ունենալ ռազմատեխնիկական բնույթի հարաբերություններ։ Նշել է, որ այս տարվա ընթացքում պետք է ավարտել ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մշակումը։ Հավելել է, որ այն պետք է ունենա նաև քաղաքական կոնտեքստ, պետք է պատասխանի հետևյալ հարցին․ «Այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու՝ պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե՞ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու»։
Երկրի ղեկավարը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանն ու անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում՝ անվտանգային խնդիրներին, հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջանի նպատակներին, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանն ու երկրի Անկախության հռչակագրին։
Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ
Ըստ Փաշինյանի՝ կարևոր է հասկանալ, թե Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մեջ ՀՀ-ն ի՞նչ հարաբերություններ է ունենալու տարբեր երկրների, օրինակ՝ Հնդկաստանի հետ, արդյո՞ք ունենալու է անվտանգային կապեր Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ Վարչապետը կարևորել է նաև հետևյալ հարցերը․
«Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե չենք մնում։ Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ ենք կառուցում»։
Այս հարցերին ուղիղ պատասխանններ չտալով՝ այնուամենայնիվ պարզաբանում էր, որ, օրինակ, ՀԱՊԿ ռազմական դաշինքը, ինչպես պարզվեց, ոչ միայն չի պատրաստվում Հայաստանի անվտանգության ապահովման առումով պատասխանատվություն ստանձնել, այլև վճռական պահին ասում է․ «Դուք տեսեք, ձեր խնդիրները լուծեք»:
Կարծում է՝ պետք է ստեղծել բանաձև, որը թույլ կտա հնարավորինս ինքնուրույն ապրել և ապահովել սեփական անվտանգությունը։
Շեշտում է՝ կառավարությունը ձևակերպել է անվտանգային ոլորտում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին օրակարգ։
«Ասում ենք՝ ժողովուրդ, կենաց խմելու փոխարեն եկեք արձանագրենք, որ մեր բանակում այն ստանդարտները, որ ունեցել ենք 1996 թ.-ին՝ այդ ստանդարտը գուցե թե նորմալ է եղել, բայց մենք 2000-ականներին շարունակել ենք մնալ 1996-ի ստանդարտի մեջ։ Եվ դրանք հուսահատ կերպով հնացած են»,- արձանագրել է երկրի ղեկավարը։
«Կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ»
«Բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ՝ ոչ այնքան և ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, այլև միջազգային»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կարևոր է, որ լեգիտիմության հարցն ավելանա երկրի անվտանգության ապահովման երկու գործիքներին՝ բանակին և դիվանագիտությանը։ Կարծում է՝ անվտանգային սպառնալիքը գեներացվում է ներքին և արտաքին ընկալումների միջև առկա դիսոնանսում, ուստի պետք է փակել նշված ընկալումների միջև առկա ճեղքը։
Փաշինյանը նշել է, որ լեգիտիմություն ասելով նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, երկրի անկախությունն ու զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը: Շեշտում է՝ սա պետք է լինի անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացման հիմքը: Ըստ նրա՝ աշխարհին հղվող ուղերձներին ևս պետք է ուշադրություն դարձնել, մասնավորապես՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալու լեգիտիմ իրավունքի մասով։
«Մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է»,- ասել է նա։
Վարչապետի դիտարկմամբ՝ եթե Հայաստանը բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպի այնպես, թե դրա նպատակը «պատմական արդարությունը վերականգնելն» է, կառաջանա պարզ հարց՝ ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանա։
«Ադրբեջանն ունի ագրեսիվ նկրտումներ»
Այսպիսի բացատրական հարցազրույցները, ըստ նրա, երկրի ներքին խոսակցությունն են, պետք չէ թույլ տալ, որ դրսից խառնվեն, խոչընդոտեն ՀՀ դիմակայունության մեծացմանը, երկիրը փակուղու մեջ թողնեն։ Ասում է՝ Ադրբեջանն ունի Հայաստանի նկատմամբ իր «պոտենցիալ ագրեսիան լեգիտիմացնելու խնդիր»․
«Իր ագրեսիվ նկրտումներն իրագործելու համար պետք է, որ մենք իրեն տանք այդ լեգիտիմությունը»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ Բաքուն այս նպատակով է փորձում ցույց տալ, թե ՀՀ-ում կան ուժեր, որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը, որպեսզի ինքն իր ագրեսիան արտաքին աշխարհի և ներքին լսարանի համար լեգիտիմացնի։
«Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմ չի ուզում, բայց եթե կան ագրեսիվ պլաններ, ի՞նչ պետք է անի կառավարությունը։ Պետք է իր ժողովրդին համոզի, որ եթե այդ ագրեսիան մենք չանենք, ուրեմն մենք ենք դառնալու ագրեսիայի զոհ»,- պարզաբանել է նա։
«Սահմանադրություն փոխելու որոշումը ժողովուրդը պետք է կայացնի»
Ինչո՞վ է պայմանավորված նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկը։ Ինքն իրեն հարցրել է Փաշինյանն ու նորից վերադարձել լեգիտիմությանը՝ նշելով․
«Ունենք ճեղք քաղաքացու և պետության միջև։ Երկրի Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն։
Ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի: Այդ պահը սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների և ձեռք բերում պայմանավորվածություն։ Մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել»։
Շեշտել է՝ այս կոնտեքստում էական է ոչ թե այն՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, այլ այն, թե ինչքանով «օրգանիկ կապ» ունի ժողովրդի հետ։
Բուն Սահմանադրության տեքստն, ըստ նրա, մասնագիտական ձևակերպումների խնդիր է։ Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը, նման որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը։ Խոսելով քաղաքական շահարկումների մասին՝ անընդունելի է համարել խոսակցություններն այն մասին, թե «իշխանությունը կկեղծի քվեարկությունը»։ Դա, ըստ նրա, անհնար է, քանի որ «այդ ճանապարհով գնալ՝ կնշանակի ոչնչացնել մեր իսկ քաղաքական ինքնությունը»։
Բաքուն կապ ունի՞ Սահմանադրության փոփոխության գաղափարի հետ
Նկատել է՝ ընդդիմադիրները շատ ուղիղ են ասում՝ «Սահմանադրության փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ»։ Այդ պնդումը, սակայն, ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։
«Հանկարծ չստացվի, որ ես խուսափեցի այդ հարցին պատասխանել: Օրինակ, ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության հետ: Կապ ունի՞, թե՞ չունի: Սա ներքին խոսակցություն է, բայց խնդիրն այն է, որ միշտ քո միջավայրը և այն մարդիկ, ում հետ դու ունես բարեկամական, թե թշնամական հարաբերություններ, իրենք քո գիտակցության մասն են»,- ասել է նա։
ՀՀ վարչապետն օրինակ է բերել երկրի հիմնն ու նշել, որ այնտեղ ևս կա թշնամի բառը. «թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է, որ դա մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է․
«Այս առումով մենք ինչ անում ենք և ինչ չենք անում՝ մեր թշնամին միշտ ներկա է: Կապ չունի՝ մենք դրա մասին հայտարարում ենք, թե չենք հայտարարում: Օրինակ՝ Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը ևս լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը»։
Անկախության հռչակագիրն ու հարևանների ընկալումները
Փաշինյանի խոսքով՝ հռչակագրում կա «երեք անկյունաքարային դրույթ»՝ պատմական արդարություն, հայ ժողովրդի իղձեր, ԼՂ-ի և Հայաստանի վերամիավորման որոշում։ Շեշտում է՝ պետք է հարցին նայել ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև մյուս երկրների, օրինակ՝ հարևան Վրաստանի տեսանկյունից․
«Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»։
Կառավարության ղեկավարը կարծում է՝ պետք է կարգավորել հռչակագրի հետ ունեցած հարաբերությունները և հասկանալ՝ արդյոք պետական քաղաքականությունը պետք է առաջնորդվի «Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշմամբ»։
«Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին՝ հիմա կունենանք պատերազմ»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն ուժեղանա, ամեն ինչ անում է, որ երկրի թուլացման պատճառ դառնա։ Դրա համար է ակնկարկում՝ «դե, մեր պահանջով են այս ամեն ինչն անում», որպեսզի հակազդեցություն առաջանա հասարակության մեջ և փոփոխություններ տեղի չունենան։
«Տնտեսական զարգացումն է Հայաստանի պետական շահը»
Արձանագրել է Փաշինյանը, միայն այդ զարգացմամբ է հնարավոր ունենալ ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ: Դրանք էլ անհրաժեշտ են կրթության, պաշտպանության և մյուս ոլորտների համար։
«Օրինակ՝ մենք զինվորականների աշխատավարձն ենք բարձրացնում: Ինչի՞ հաշվին պիտի բարձրացվի: Եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենա, բժիշկը, մեկը, մյուսը»,- բացատրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ ՀՀ անվտանգային խնդիրների մասին