Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ում ավելի լավ են ապրում, քան 2018-ին, քաղաքացիները համամիտ չեն
Փաշինյանը՝ բարեկեցության մասին
«Այսօր Հայաստանում մարդիկ մոտ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թ․-ին, այդ թվում՝ հաշվի առնելով գնաճը»,- Ազգային ժողովում 2024 թ․-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ 2018 թ․-ի ապրիլի դրությամբ երկրում միջին աշխատավարձը կազմում էր 173․596 դրամ, իսկ 2025 թ․-ի ապրիլի դրությամբ այն կազմել է 304․992 դրամ։ Այսպիսով, միջին աշխատավարձի աճը կազմել է շուրջ 130․000 դրամ, կամ 75%։ Ասում է՝ նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը կազմել է 25%, ինչը նշանակում է` աշխատավարձերի իրական աճն առաջանցիկ է եղել գնաճից։
Շեշտում է՝ սա չի նշանակում, թե բոլորը գոհ են իրենց կյանքից։ Ասում է՝ կա «պարզ, հասկանալի և լիովին լեգիտիմ պատճառ», թե ինչու մարդիկ կարող են գոհ չլինել իրենց կյանքից, այն է՝ «ուզում են ավելի լավ ապրել», քանի որ այսօրվա ՀՀ-ում դա հնարավոր է։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում քննարկում են Փաշինյանի հայտարարությունն ու նեղսրտում գնաճից, տրանսպորտի թանկացումից։ Հարց են բարձրացնում․ գործազրկության ու գնաճի պայմաններում ինչպե՞ս են իրենք «ավելի լավ ապրում»։
- «Մրցունակ աշխատուժի ձևավորում և զբաղվածության աճ»․ մինչև 2031 թ․-ի նպատակները ՀՀ-ում
- «ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել այլ բանով, ուզում է լինել անկախ»․ էկոնոմիկայի նախարար
- «ՀՀ տնտեսական աճը ներուժից բարձր է»․ կարծիք Երևանից
«Ստեղծվել է 242 հազարից ավելի նոր աշխատատեղ»․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ 2025 թ․-ի ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցվել է 783․547 աշխատատեղ, ինչը 2018 թ․-ի ապրիլի համեմատ ավել է 242․119-ով, կամ 44,7%-ով։ Սա, ըստ նրա, «նոր պատմական ռեկորդ» է, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թ․-ին․
«Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ-ում գրանցվել էր բոլոր ժամանակների աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ։ Գրանցված աշխատատեղերի թիվը կազմել էր 782․832, ինչը 192․613-ով, կամ 32%-ով ավել էր 2018 թ․-ի նոյեմբերի ցուցանիշից»։
Վարչապետի խոսքով՝ 2018 թ․-ի համեմատ 2.5 անգամ ավելացել է աշխատավարձային ֆոնդը։ 2025 թ․-ի ապրիլին աշխատող քաղաքացիների գրանցված աշխատավարձերի հանրագումարը կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։
«Սա մի թիվ է, որը, ըստ էության, դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Այս տարբերությունը պարզապես «շատի ու քչի» մասին չէ։ Սա տարբերություն է պետության և չպետության միջև»,- ասել է նա։
Իսկ աշխատավարձային ֆոնդը ներառում է, ըստ կառավարության ղեկավարի, տարբեր աշխատավարձեր՝ նվազագույնից մինչև 3-4 մլն դրամ։
Փաշինյանի համոզմամբ՝ 80-90%-ով բարձր աշխատավարձ են ստանում այն քաղաքացիները, որոնք ստացել են «մրցունակ կրթություն»։
«Ինչո՞ւ եմ ասում 80-90% և ոչ 100%։ Որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով՝ ներառյալ անարդարությունը»,- պարզաբանել է նա և հավելել՝ սա է պատճառը, որ կառավարությունը կարևորում է կրթության ոլորտի բարեփոխումները։
«Գնաճ կա, բայց աննախադեպ չէ»․ ֆինանսների նախարար
«2024 թ․-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը՝ 0.3%։ Սա այն իրավիճակն է, երբ գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին՝ խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում»,- նկատել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ասում է՝ թվերը վկայում են՝ «կատարյալ ցնդաբանություն» են այն պնդումները, թե ՀՀ-ում աննախադեպ գնաճ կա։ Ֆինանսների նախարարը համեմատության համար ներկայացրել է նաև գնաճի ցուցանիշները Հայաստանի հետ համադրելի երկրներում։ Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն՝ պատկերը հետևյալն է․
- Վրաստան՝ 1.1%,
- Ալբանիա՝ 2.2%,
- Ադրբեջան՝ 2.2%,
- Մոլդովա՝ 4.7%,
- Ղրղզստան՝ 5%,
- Բելառուս՝ 5.8%,
- ՌԴ՝ 8.4%,
- Ղազախստան՝ 8.7%։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Գնաճից խոսեք։ Նախկին թալանչիների թալանի գները ներկա թալանչիներով եռապատկեցիք, ազգի կեսը դարձրիք տուգանքի մատերիալ, մյուս կեսը՝ բանկերի հարկատու [նկատի ունի՝ վարկառու]։ Դուք ձեր աշխատավարձի չափանիշով ողջ ազգի աշխատավարձն եք հաշվարկո՞ւմ»։
«Եթե գները բարձրացել են, հարկերը, գույքահարկը, կոմունալ վճարումները բարձրացել են, տրանսպորտը թանկացել է, գործազրկությունը՝ 30%, ո՞նց ա, որ ժողովուրդը, թոշակառուները սկսել են 50%-ով լավ ապրել ու իրենց վրա դա չզգալ։ Ո՞ւր ա ձեր տարրական լոգիկան։ Թուղթն էլ ա ձեր ձեռքը, գրիչն էլ։ Ինչ ուզում, դա էլ գրում եք»։
«Հեքիաթի ժամ է։ Սուտ»։
«Համարյա բոլորը ունեն մի քանի դիպլոմ ու աշխատանք, բայց շատ քիչ են վարձատրվում։ Ինքնախաբեությամբ մի զբաղվիր, հարստացել եք դու ու քո թիմը։ Ինչպես նախկինների ժամանակ նրանք էին լավ ապրում ու խեղճ ժողովուրդը աղքատ էր, նույնն էլ հիմա է»։
«Հիմա Հայաստանում շատ դժվար է ապրելը, ամեն ինչը շատ է թանկացել։ Մարդիկ միայն մի կտոր հաց են վաստակում։ Ոչ առողջությանն են հետևում, ոչ հանգստին։ Բոլորը այս վատ պայմաններից շատ ագրեսիվ են, շատ ընկճված։ Եթե ամեն ինչ նույնն էր մնալու, ինչո՞ւ մերժեցինք Սերժին, որ գաք դուք` ավելի վա՞տը։ Իսկ դուք, իհարկե, շատ լավ եք ապրում, լսել ենք, գիտենք, պատկերացնում ենք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ բարեկեցության մասին