Հրդեհի բռնկման պատճառ դառնալու դեպքում Հայաստանի քաղաքացիները կտուգանվեն
Տուգանք հրդեհի բռնկման համար ՀՀ-ում
Հայաստանի մի քանի մարզերում վերջին օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ այն շարունակվելու է նաև առաջիկա 5 օրերին։ Մասնավորապես՝ դիտվելու է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
Միայն 2025 թ․-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում հրդեհի 2096 դեպք է գրանցվել։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ընդամենը 787 դեպք։
Ոլորտի մասնագետների դիտարկմամբ՝ հրդեհների առաջացումը 95%-ով պայմանավորված է մարդկային գործոնով։ Ընդգծում են՝ հրդեհների հասցրած վնասը հատկապես մեծ է լինում անտառային տարածքներում։
«Եթե քաղաքացու գործողություններով պայմանավորված անտառային տարածքում հրդեհ բռնկվի, ապա օրենքով նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը։
Նշված տուգանքը, սակայն, կիրառվում է միայն այն պարագայում, եթե ապացուցվում է, որ հրդեհի պատճառը կրակի հետ անփույթ վարվելն է եղել։
- Սևանի էկոհամակարգի առողջացման պայքարին միանում են մարզի բնակիչները
- Էկոպարեկային ծառայություն Հայաստանում. բնության պահպանություն 24/7 ռեժիմով
- Ականներով լի բազմոցները նավարկում են դեպի լողափեր․ Կախովկա ՀԷԿ-ի ոչնչացման հետևանքները
Անտառային հրդեհների թիվն աճել է 4 անգամ
2024 թ․-ի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 5 անտառային հրդեհ, այս տարի՝ 20։
ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանի փոխանցմամբ՝ բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների թիվն այս տարի նկատելի ավելացել է։ Դա, ըստ նրա, երևում է ինչպես տարվա առաջին կեսի վիճակագրական տվյալները համեմատելիս (2096 դեպք է գրանցվել՝ ի համեմատ նախորդ տարվա 787 դեպքի), այնպես էլ առանձին մարզեր դիտարկելիս։
«Օրինակ՝ եթե Արարատի մարզում այս տարվա առաջին կեսում գրանցվել է 386 դեպք, 2024 թ․-ին այդ թիվը եղել է 192, երկու անգամ ավելացել է։ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, նախորդ տարի՝ 72 դեպք, գրեթե 4 անգամ ավելացել է»,- մանրամասնել է Վարդազարյանը։
Մի քանի ուղղություններով տարվում են կանխարգելիչ աշխատանքներ
Անտառային տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև բռնկման դեպքում արագ արձագանքման գործընթացում ներգրավված է նաև նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը։
Ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանի խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով՝ հանրային իրազեկումից մինչև տեխնիկական հագեցվածություն․
«Ծառայությունը համալրվել է հակահրդեհային գույքով։ Օրինակ՝ Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով՝ կահավորված հատուկ համակարգով՝ 500 լ տարողությամբ ջրի բաքերով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե խողովակներով»։
Ասում է՝ ամենագնացների կիրառումն անհրաժեշտություն էր, քանի որ անտառային ճանապարհների դժվարանցանելիության պատճառով մասնագիտացված տեխնիկան դժվար էր մոտենում հրդեհի օջախին։ Ըստ Կարապետյանի՝ ամենագնաց մեքենաները թույլ են տալիս հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել 40-50 մետր հեռավորությունից։
Մշակվում է նոր համակարգ
Էկոպարեկային ծառայությունում այժմ ընթանում են անտառային և հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված համակարգի նախագծման աշխատանքները․
«Համակարգը բաղկացած է լինելու տեսանկարահանող սարքերից, որոնք հնարավորություն են ունենալու 20 կմ հեռավորությունից հայտնաբերելու ծխի օջախները և այդ տեղեկատվությունն ուղարկելու կառավարման կենտրոն»։
Կառույցի ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանի փոխանցմամբ՝ այլ սարքերի միջոցով հավաքագրվելու է նաև տեղեկատվություն ծխի և ջերմային ֆոնի վերաբերյալ։ Անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար հիմքերի առկայության պարագայում այդ մասին տեղեկացնելու են Փրկարար ծառայությանը։
Նախագծի մշակումից հետո պետք է կազմվի տեխնիկական բնութագիր, հայտարարվի մրցույթ։ Ակնկալում են աշխատանքների մեծ մասն իրականացնել մինչև տարեվերջ։
Հակահրդեհային նորմերի պահպանումը պարտադիր է
Շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են՝ հակահրդեհային նորմերի պահպանումը օրենքով պարտադիր է բոլոր քաղաքացիների համար։
«Եթե գտնվում եք բնության գրկում, ցանկանում եք խարույկ վառել, ապա դա պետք է անել դրա համար հատուկ նախատեսված հատվածում։ Ավարտին անպայման պետք է համոզվել, որ կրակը մարվել է, պետք է կուտակված աղբը պարտադիր հավաքել, ապակե տարաներ չթողնել»,- մանրամասնում է Էդուարդ Կարապետյանը։
Հիշեցնում է՝ անտառային հրդեհների պատճառ դառնալու դեպքում խոշոր տուգանք է գործում։ Տուգանքի սահմանման պատճառն, ըստ նրա, այն է, որ նման հրդեհները «մեծ վնաս են հասցնում էկոհամակարգին», վերականգնումը դժվար է ու ժամանակատար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տուգանք հրդեհի բռնկման համար ՀՀ-ում