Վրացի ընդդիմադիր գործիչ Մելիան դուրս է եկել բանտից։ Նրա համար գրավը վճարել է Եվրամիությունը
Կալանքից ազատ է արձակվել Նիկա Մելիան՝ «Միասնական ազգային շարժում» առաջատար ընդդիմադիր կուսակցության ղեկավարը։ Դրանից մի քանի օր առաջ Եվրամիությունը նրա համար 40 հազար լարի [մոտ $12 հազար] գրավ է վճարել։
Նրա համախոհներն ու կուսակցության անդամները Նիկա Մելիային դիմավորել են բանտի մուտքի մոտ մայիսի 10-ի ցերեկը։
«Այս օրն այն բանի դասական օրինակ է, թե ինչպիսին է Վրաստանի իբր անկախ դատական համակարգը։ Զարմանալիորեն համընկավ, որ մինչ օրս դատավորի վճիռը չկար, իսկ այժմ այն հայտնվեց դատախազության միջնորդության և այն գումարի հետ միասին, որը Եվրամիությունը փոխանցել է Նիկա Մելիայի ազատ արձակման համար»,- լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր գործչի փաստաբան Գիորգի Կոնդախիշվիլին։
Եվրամիությունը մայիսի 8-ին 40 000 լարի [մոտ $12 հազար] գրավ է վճարել, որպեսզի վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, ազատ արձակվի։ «Գրավը վճարվել է այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին Վրաստանի քաղաքական կուսակցությունները պայմանավորվածության են եկել Եվրամիության միջնորդությամբ»,- ասված է Եվրամիության հայտարարությունում։
Այս որոշումը հայտարարությունում նշված է որպես «ևս մեկ կարևոր քայլ՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար»։
Գրավի հարցն օրակարգում էր «Ապագա ուղի Վրաստանի համար» անվանումով համաձայնագրի ստորագրման պահից ի վեր։ Դրանում որոշումներ են արձանագրված երկու կետերով, որոնք մի քանի ամիս առաջ ամենաշատն են վիճարկել երկրի ընդդիմությունն ու իշխանությունը․ քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց (Նիկա Մելիա և Գիորգի Ռուրուա) ազատ արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Համաձայնագիրը չեն ստորագրել միայն երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Միասնական ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը»։ Թեև այդ կուսակցությունների առանձին և նախկին անդամներ իրենց ստորագրությունները դրել են։
Ապրիլի 26-ին Նիկա Մելիան բողոքարկել է դատարանի վճիռն ու պատրաստակամություն հայտնել համաձայնել, եթե գրավը վճարի Եվրամիությունը։
Փաստաթուղթն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։
Ներկա պահին խորհրդարանում ևս երկու օրինագիծ է նախաձեռնվել այն գործերով համաներման մասին, որոնք կապված են Թբիլիսիում 2019 -ի հունիսի 19-21-ի ցույցերի ցրման հետ։ Համաներումը նույնպես համաձայնագրի մաս է։ Սակայն իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ով պետք է ներառվի համաներվածների ցուցակում, այդ պատճառով էլ այս առթիվ երկու տարբեր փաստաթղթեր են քննարկվում։
- Վրաստանի նախագահը ներում է շնորհել ընդդիմադիր գործչին։ Դա ընդդիմության հետ համաձայնագրի կետ էր
- Վրաստանում ճգնաժամի ավա՞րտ։ Կառավարությունն ու ընդդիմության մի մասը համաձայնագիր են ստորագրել
Նիկա Մելիայի գործը
Նիկա Մելիան գլխավորում է նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այժմ Սաակաշվիլին երկրից դուրս է գտնվում, նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, և նա, ըստ ամենայնի, կկալանավորվի, եթե փորձի Վրաստան վերադառնալ։
Նիկա Մելիան մեղադրվում է 2019 թ-ի հունիսի 20-ին խորհրդարանի շենքի մոտ մասշտաբային հանրահավաքի կազմակերպման համար, որը տեղի էր ունեցել ռուսական խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած սկանդալային ակցից հետո։
2019 թ-ին դատարանը չկալանավորեց Մելիային։ Նա ազատ արձակվեց 30 հազար լարի [մոտ $9 հազար] գրավով և պարտավորվեց էլեկտրոնային թևնոց կրել, որպսզի հնարավոր լինի հետևել նրա տեղաշարժին։
2020 թ-ի նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքի դեմ ընդդիմության հանրահավաքին Մելիան ցուցադրաբար հանեց թևնոցը և նետեց դեպի ամբոխը՝ այն անվանելով «անարդարության խորհրդանիշ»։
Ի պատասխան՝ ընդդիմադիր գործչի գրավն ավելացվեց ևս 40 հազար լարիով [մոտ $12 հազար], որը Մելիան հրաժարվեց վճարել։ Եվ դա դարձավ նրա ձերբակալության պաշտոնական պատճառ։ Ավելի վաղ խորհրդարանը նրան հեռացրել էր իր կազմից և զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հասարակական կազմակերպություններն, ինչպես նաև Վրաստանի օմբուդսմենն ու միջազգային գործընկերները մշտապես ուշադրություն էին դարձնում այս գործի իրավական խնդիրների վրա՝ այն քաղաքական համարելով։ Մելիայի կալանքից մի քանի օր առաջ Լիտվիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, Վրաստանի ընկեր և եվրատլանտյան ինտեգրման վճռական կողմնակից Ժիգիմանտաս Պավիլենիսը երկիր էր ժամանել՝ վրացական իշխանությանը զգուշացնելու, որ Մելիայի կալանքը միջազգային բացասական հետևանքներ է ունենալու։
Նիկա Մելիայի կալանքից հետո Վրաստանում քաղաքական ճգնաժամը կտրուկ սրվեց։ Եվրամիության պաշտոնյաները չկարողացան ելք գտնել քաղաքական փակուղուց։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստան այցելեց, իսկ վարչապետ Ղարիբաշվիլին Բրյուսել հրավիրվեց՝ իրավիճակի քննարկման համար։ Բոլոր հանդիպումներն ու այցերն ապարդյուն անցան։
Այդ ժամանակ Վրաստան ժամանեց ԵՄ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը։ Սակայն նրա առաջին հնգօրյա այցն ու երկրորդ երկօրյա այցը նույնպես ձախողվեցին․ կառավարությունն ու ընդդիմությունը չկարողացան համաձայնության գալ։
«Գրավը վճարելու որոշմամբ [Եվրամիությունը] փաստացի պաշտոնապես հաստատեց, որ իշխող «Վրացական երազանքը» քաղբանտարկյալներ ունի։ Դա այս քայլի գլխավոր նշանակությունն է», — սոցցանցերում գրել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Խաթիա Դեկանոյիձեն։