Վրացական գյուղ, որտեղ աբխազական երգ է հնչում։ Ինչպե՞ս են աբխազներն Աջարիայում մայրենի լեզու սովորում
Աբխազներն Աջարիայում (երբեմն անվանում են Աչարա․ — խմբ․) աբխազերեն են սովորում
Ուրբաթ է։ Ֆերիա գյուղի հանրակրթական դպրոցի ցածր դասարաններից մեկում հաճելի եռուզեռ է։ Միջին և բարձր դասարանների աշակերտներն անհամբեր սպասում են սիրված դասաժամի մեկնարկին։
Այդ դասին, անկախ տարիքից և գիտելիքներից, բոլորն առաջին դասարանցի են։ Դա օտար, բայց միևնույն ժամանակ մայրենի լեզվի դասավանդման դաս է, որի ընթացքում լեզվի հիմքերն են ուսումնասիրում բոլոր տարիքի մարդիկ։
«Բզիալա պշաաբետ» խոսքերով երեխաները ողջունում են դասարան մտնող հյուրին, ինչն աբխազերենից թարգմանաբար նշանակում է «բարի գալուստ»։
Դա աբխազերենի դասն է։ Աշակերտները հիմնականում էթնիկ աբխազներ են, որոնք բնակվում են Աջարիայում՝ Վրաստանի սևծովյան ափին գտնվող ինքնավար հանրապետությունում։
Աբխազերենն այս ոչ մեծ գյուղական դպրոցում դասավանդվում է 2016 թ-ից։ Դասարանում աբխազ երեխաների հետ սովորում են նաև մի քանի աջարացի երեխաներ։
Ֆերիան Խելվաճաուրիի մունիցիպալիտետում է, որը Բաթումից երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ 2014 թ-ի մարդահամարի տվյալներով՝ գյուղում բնակվում է 1 830 մարդ։ Գյուղը բնակեցված է աբխազներով (այսպես կոչված մուհաջիրներով), որոնք Աբխազիայից Օսմանյան կայսրություն են արտաքսվել XIX դարի երկրորդ կեսին (պատմական փաստաթղթերի համաձայն՝ 1867-1877 թթ․-ին Ռուսական կայսրությունն Աբխազիայից ավելի քան 50 հազար աբխազ է վերաբնակեցրել Թուրքիայում, որի կազմում էր այն ժամանակ Աջարիան)։
Աջարիայում աբխազներն ապրում են Չելվաճաուրիի ավելի քան 10 գյուղերում և Բաթումի մի քանի շրջաններում։
Հյուրերը հազվադեպ չեն Ֆերիայի դպրոցում․ Վրաստանում աբխազերենի դասերը շատ չեն, այդ պատճառով էլ հաճախ այստեղ են գալիս լրագրողներն ու քաղաքական գործիչները։
«Կարծում եմ, որ աբխազերենն աշխարհի բարդագույն լեզուներից մեկն է», — ասում է Ռուսլան Չոլոկավան՝ 16-ամյա աբխազը, որն աբխազերեն է ուսումնասիրում վեցերորդ դասարանից։
Սկզբում շատ դժվար էր մայրենի լեզուն սովորելը, սակայն այբուբենը յուրացնելուց հետո գործը հեշտացել է։ Այժմ նա Սուխումի իր ազգականների հետ աբխազերեն է խոսում։
Ռուսլանի պես՝ Ֆերիայի հանրակրթական դպրոցում աբխազերեն է ուսումնասիրում 26 աբխազ և աջարացի երեխա։
«Ի սկզբանե դասերին կարող էին մասնակցել ցանկացած տարիքի անձինք։ Երբ նրանք գալիս էին, մենք թույլատրում էինք մասնակցել դասին, միայն թե լեզուն ուսումնասիրեն։ Այժմ միայն երեխաներն են գալիս։ Մեծերն աշխատում են, զբաղված են», — ասում է աբխազերենի ուսուցչուհի Լիանա Այկուցբան։
Վերջին վեց տարում, ինչ դպրոցում սկսվել է դասընթացը, Լիանան աբխազերեն է սովորեցրել մոտ քսան երեխայի։
Լիանան լեզուն ծնողներից է սովորել։ Նա հիշում է, որ փոքր տարիքում տանը խոսում էր աբխազերեն, և այդ լեզուն հասկանում էին նաև հարևան աջարացիները, որովհետև իրենց թաղամասւմ աբխազները շատ էին։
«Իսկ հիմա նույնիսկ աբխազ ընտանիքներն էլ չեն տիրապետում լեզվին։ Միայն ավագ սերունդը գիտի, համեմատաբար երիտասարդ մարդիկ նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ», — ասում է Լիանան։
Ֆերիա գյուղից բացի՝ աբխազերեն է դասավանդվում նաև Բաթումի 14-րդ դպրոցում։
Աբխազերենի դասերն Աջարիայում բնակվող աբխազների նախաձեռնությունն են։
«Շատ աբխազներ ապրել և ապրում են Ֆերիայում։ Այդ դպրոցում սերունդներ են մեծացել։ Նրանց թվում՝ աբխազ ուսուցիչները, որոնք այժմ վրացերեն լեզու և գրականություն են դասավանդում մեր դպրոցում։ Գյուղում հարաբերությունները շատ ջերմ են։ Միմյանց լավ են վերաբերվում», — ասում է Ֆերիայի գյուղի դպրոցի տնօրեն Լեյլա Դումբաձեն։
Ինչպես երեխաներն են նշում, լեզուն յուրացնելուն շատ են օգնում աբխազերեն բանաստեղծությունները։
12-ամյա Նիկա Էսերիձեն աջարացի է։ Աբխազերեն սկսել է սովորել ՝ շնորհիվ համադասրանցիների և հարևան աբխազների։
Նրա խոսքով՝ ինքը երազում է Աբխազիա մեկնել իր աբխազ ընկերների հետ և այնտեղ նոր ընկերներ ձեռք բերել։
«Իմ աբխազ ընկերները շատ են պատմում Աբխազիայի մասին։ Եթե այնտեղ գնամ, հավանաբար, այնտեղ ոչ ոք չի իմանալու վրացերեն, և ես ստիպված եմ լինելու նրանց հետ աբխազերեն խոսել՝ ընկերանալու համար։ Ես հիմա փոքր եմ, և ինձ չեն թողնի, բայց երբ մեծանամ, շատ եմ ուզում տեսնել Աբխազիան», — ասում է Նիկան։
Ինչպես և Նիկան, 16-ամյա Անրի Խոխբան, որն ութերորդ դասարանից աբխազերեն է սովորում եղբոր հետ միասին, ուզում Աբխազիա մեկնել։
Նա պլանավորում է բարձրագույն կրթությունը Սուխումում ստանալ, ուզում է ճարտարապետություն ուսումնասիրել։
«Ազգականս Սուխումի համալսարանի ռեկտորն է, և նա ինձ ասել է, որ կարող եմ ուսումս շարունակել այնտեղ», — ասում է Անրին։
Այսօր աբխազների մեծ մասը, որոնք Աջարիայում են ապրում, խառը ընտանիքներից են։
Աջարաաբխազական ընտանիքում ծնված 81-ամյա Ռեզո Դիասամիձեի խոսքով՝ աբխազներն այնքան սերտ կապեր ունեն տեղացիների հետ, որ նրանց դժվար է տարանջատել։ Իր ընտանիքով նա բնակվում է Բաթումի աբխազական թաղամասում ավելի քան 50 տարի։ Նրա մայրն աբխազ է, կինը նույնպես Աբխազիայից էր։ Սակայն հարսանիքից երեք ամիս անց կինն Աբխազիա է վերադարձել։
«Նա տանել չէր կարողանում այս քաղաքը, նա իր սովորություններն ուներ, մենք՝ մեր։ Չէր հարմարվում հասարակությանը։ Այդ պատճառով էլ ամուսնացա աջարացի աղջկա հետ։ Մորս նա դուր չեկավ, բայց ժամանակի ընթացքում սկսեց ասել, թե ինչ լավ հարս եմ բերել», — հիշում է Ռեզո պապը։
Տարիների ընթացքում փոխվում են Բաթումի և հարակից բնակավայրերի աբխազական թաղամասերը։ Ոմանք փոխում են բնակության վայրը, ոմանք արտագաղթում են, մյուսներն՝ Աբխազիա վերադառնում։
Բաթումում բնակվող 26-ամյա Սոֆո Չինբայի ազգականներն Աբխազիայում են ապրում ավելի քան 15 տարի։ Սոֆոյի խոսքով՝ կառավարությունը տներ է տրամադրում աբխազներին, որոնք Վրաստանից Աբխազիա են տեղափոխվում, ինչը, նրա խոսքով, արվում է աբխազներին հայրենիք վերադարձնելու համար։
«Չեմ պատկերացնում, որ այդպես հանկարծակի վեր կենամ և տեղափոխվեմ այնտեղ, երբ այստեղ ունեմ ամեն ինչ։ Այնտեղից երիտասարդները նույնիսկ չեն կարողանում Եվրոպա մեկնել սովորելու։ Բայց շատ են ուզում։ Ես նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ ծնվել եմ, սակայն դա չի բացառում այնտեղ մեկնելու հնարավորությունը», — ասում է Սոֆոն, որը 2016 թ․-ին Աբխազիա է այցելել գործնական նպատակներով։
Նա մասնագիտությամբ հոգեբան է և մասնակցել է Աբխազիայում, Քութայիսիում, Թբիլիսիում և Աջարիայում բնակվող աբխազների հետ կապված մարդասիրական նախագծի, ինչը թույլ է տվել ավելի շատ բան իմանալ վրաց-աբխազական հակամարտության երկու կողմերի խնդիրների մասին։
Սոֆոն կարծում է, որ հակամարտության լուծման եղանակներից մեկը հաճախակի շփումներն են մարդկանց միջև, միմյանց լավ ճանաչելը, տեսնելը, ցավը կիսելն ու երբեք հետ չնայելը։
Սոֆոն Աբխազիայում ընդամենը չորս օր է անցկացրել։ Սուխումը նրան հիշեցրել է հին Բաթումը՝ ցածրահարկ շենքերով, ծովի ափին և հին բուլվարով։
Վրաց-աբխազական հակամարտությունը դժվարություններ է ստեղծել Բաթումում բնակվող էթնիկ աբխազ Էթեր Այոզբայի համար, որը մեծացել է Բաթումի թաղամասերից մեկում՝ աջարացի հարևանների շրջապատում։
Նրա խոսքով՝ հենց հարևանների աջակցությունն ու սերն է նրա ընտանիքն ազատել ճնշումներից, որոնց աբխազները ենթարկվում էին վրաց-աբխազական պատերազմի օրերին։
«Պատերազմի ժամանակ ես մեծ ճնշման տակ էի։ Եկվոր․ այսպես ինձ անվանեցին աշխատավայրում։ Հեռուստացույցով այդ հպարտ ազգը հավասարեցրին հողին անզգուշության և սխալ քաղաքականության պատճառով։ Մայրս շատ էր սրտնեղում, բայց հարևանները նրան շատ էին սիրում, և այստեղ նման վերաբերմունք չէր զգացվում։ Նրանք ոչ մի բառ չեն ասել աբխազների մասին», — հիշում է նա։