Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու,- վարչապետ Ղարիբաշվիլի
Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու, և քաղբանտարկյալներ չկան, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի քանի եվրոպացի դիվանագետների, մասնավորապես, Եվրախորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո։ Դանիելսոնն արդեն երկրորդ անգամ է ժամանել՝ Վրաստանում ձգձգվող քաղաքական ճգնաժամի լուծմանը նպաստելու համար։
Ընդ որում, Ղարիբաշվիլին հաստատել է ընդդիմութան հետ կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ որքան հնարավոր է շուտ պայմանավորվածության գալու համար․
«Մենք կուսակցություն ենք, որի համար կարևոր է արդյունքը, և հստակ որոշումներ ենք կայացնելու»։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ընդդիմության հետ երկխոսությունը շարունակվում է։ Եվ վարչապետը հույս ունի, որ համաձայնության հասնելու են։
Միաժամանակ Ղարիբաշվիլին ընդդիմությանը կրկին մեղադրել է բանակցությունների տապալման համար։
«Ընդդիմությունը տապալեց երկխոսությունը։ Իսկ մենք պատրաստ ենք գնալու իրոք խելամիտ և արդար փոխզիջման։ Այժմ քայլ պետք է անի ընդդիմությունը։ Արտահերթ ընտրությունների մասին հարցը փակված է, մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, նրանք եղել են [նախկին նախագահ Միխեիլ] Սաակաշվիլիի օրոք», — ասել է Ղարիբաշվիլին։
Եվրախորհրդի ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը մարտի 29-ից կվերսկսի հանդիպումներն ընդդիմության և կառավարության հետ։ Նա Վրաստան է ժամանել վերջին ամսում արդեն երկրորդ անգամ։
Շվեդ դիվանագետ Դանիելսոնի առաջին այցը տևել է մարտի 12-19-ը, սակայն կողմերը բանակցություններում այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել։ Դանիելսոնը Վրաստանում պլանավորվածից անգամ երեք օր ավելի երկար է մնացել՝ լուրջ առաջընթացի բացակայության պատճառով։
Ընդդիմությունը կրկին հայտարարել է, որ չի հրաժարվելու իր երկու գլխավոր պահանջներից՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում։ Իսկ իշխանությունները զգուշացրել են, որ չարժե նրանցից փոխզիջման սպասել արտահերթ ընտրությունների հարցում։
Քաղաքական ճգնաժամը Վրաստանում սկսվել է 2020 թ-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքներն ու հրաժարվել է խորհրդարանի իր տեղերից։ Արդյունքում՝ պատմության մեջ առաջին անգամ երկրում գործում է միակուսակցական խորհրդարան։
Իրավիճակը կտրուկ սրվել է 2021 թ․ փետրվարի 23-ին, այն բանից հետո, երբ իշխանությունները հատուկ գործողություն են իրականացրել․ ներխուժել են «Միացյալ ազգային շարժում» առաջատար ընդդիմադիր կուսակցության շենք և կալանավորել դրա առաջնորդ Նիկա Մելիային։ Քաղաքական գործընթացներն այժմ տեղի են ունենում փողոցում, որտեղ ընդդիմությունն ու քաղակտիվիստները մշտական հանրահավաքներ են անցկացնում։ Հիմնական պահանջները երկուսն են․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում և քաղբանտարկյալների ազատ արձակում։ Բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել ԱՄՆ դեսպանի և Վրաստանում հավատարմագրված այլ դիվանագետների միջնորդությամբ։ Համակարգողը նույնպես եվրոպացի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այնուհետև, գրեթե մեկ շաբաթվա ընթացքում Թբիլիսիում բանակցությունների միջնորդը նրա անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնն էր, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել էր հրավիրվել իրավիճակի քննարկման համար։
Սակայն բոլոր հանդիպումներն ու այցերն ապարդյուն են անցել։ Երկու կողմերն էլ՝ իշխանությունն ու ընդդիմությունը, միմյանց են մեղադրում բանակցությունների տապալման համար։