Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը և Սերգեյ Լավրովը հույս են հայտնել, որ Վրաստանը կմիանա «3+3» ձևաչափին։ Սերգեյ Լավրովը դա բացատրում է Վրաստանի կառավարության քաղաքականությամբ, որը հիմնված է «ազգային շահերի» վրա, իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարում է, թե «ականատես կլինենք Վրաստանի կառուցողական և արդյունավետ մասնակցությանը»։
«3+3» ձևաչափով արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպվել էր հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ չի մասնակցի հանդիպմանը։
Լավրովի հայտարարությունը
«Թբիլիսիի ներկայիս կառավարությունը, ինչպես նախկինում բազմիցս ապացուցվել է, իր բոլոր գործողություններում ելնում է առաջին հերթին հիմնարար ազգային շահերից։ Սա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ «3+3» լիարժեք ձևաչափը կարող է գործարկվել մոտ ապագայում»:
Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հայտարարությունը
«Հույս ունենք, որ հաջորդ հանդիպումներում, որոնք նվիրված կլինեն Հարավային Կովկասի խնդիրների քննարկմանը, ականատես կլինենք Վրաստանի կառուցողական և արդյունավետ մասնակցությանը»։
Հարավային Կովկասում «տևական խաղաղության և կայունության ապահովման տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի» կամ «3+3»-ի գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է։ Նա նման նախաձեռնությամբ հանդես է եկել 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
Նոր ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին և առանց Վրաստանի, թեև սկզբնական գաղափարը ենթադրում էր երկրի մասնակցություն։ Այսպիսով, Էրդողանի մտահղացման համաձայն՝ «3+3» ձևաչափի հանդիպումներին պետք է մասնակցեին Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունները։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատումը հնարավոր է տարածաշրջանային համագործակցության միջոցով, և դա օգուտ կբերի ողջ մոլորակին։
Սկզբում պաշտոնական Թբիլիսին հայտարարում էր, որ Վրաստանը «ինչ-որ կերպ պետք է մասնակցի այս ձևաչափին, որպեսզի երկիրը չկորցնի իր գործառույթը տարածաշրջանում»։ Սակայն մինչ օրս Վրաստանը նման որևէ հանդիպման չի մասնակցել։
2023 թվականի մարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պաշտոնական Թբիլիսին դեռ քննարկում է «3+3» ձևաչափին միանալու հարցը։ Այդ հայտարարությունը բուռն արձագանք էր առաջացրել վրացական արևմտամետ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի շրջանում, քանի որ նրանք կտրականապես դեմ են, որ Վրաստանն ընդգրկվի հակաարևմտյան հարթակներում։