Եվրահանձնաժողովը Վրաստանին տվել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Եվրոպական առաջնորդները նաև կայացրել են հետևյալ որոշումները.
սկսվում են Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի հետ,
Բոսնիա և Հերցեգովինայի հետ, որը դարձել է ԵՄ անդամակցության թեկնածու 2022 թվականի դեկտեմբերին, «բանակցությունները կսկսվեն, երբ երկիրը հասնի անդամակցության չափանիշներին բավարարելու պատշաճ մակարդակի», — գրել է Շառլ Միշելը X-ում: Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին ներկայացնել առաջընթացի մասին հաշվետվություն մինչև 2024 թվականի մարտը։
«Սա հույսի հստակ ազդանշան է ժողովուրդների և մեր մայրցամաքի համար», — գրել է Միշելը:
The European Council has decided to open accession negotiations with Ukraine & Moldova. #EUCO granted candidate status to Georgia. And the EU will open negotiations with Bosnia and Herzegovina once the necessary degree of compliance with the membership criteria is reached and…
«Սա հաղթանակ է Ուկրաինայի համար, սա հաղթանակ է Եվրոպայի համար։ Հաղթանակ, որը դրդում, ոգեշնչում և ուժ է տալիս»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես անդրադարձել է Եվրահանձնաժողովի այս որոշմանը. «Շնորհավորում եմ. Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել»։
Մինչ այս որոշումը Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարությունը կարծիք էր հրապարակել ընդլայնման վերաբերյալ։ Վրաստանին կոչ էր արվել հստակ կոմնորոշում ցուցաբերել և հավատարմություն դրսևորել ԵՄ արժեքներին, շարունակել առաջընթացը բարեփոխումների ծրագրի ուղղությամբ և կատարել հանձնաժողովի կողմից առաջադրված պայմանները։
● Խորհուրդը ընդհանուր առմամբ ողջունել է լավ իրավական դաշտը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, ներառյալ մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունները, նշել է, որ սա ամուր հիմք է Վրաստանում ժողովրդավարական և օրենքի գերակայության բարեփոխումներն առաջ մղելու համար:
● ԵՄ Նախարարների խորհուրդը շեշտել է, որ Վրաստանը պետք է ապահովի հիմնարար իրավունքների լիակատար հարգանքը, ներառյալ լրատվամիջոցների ազատությունը և բազմակարծությունը, հավաքների և արտահայտվելու ազատությունը և ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունը ահաբեկումից, բռնությունից և խտրականությունից:
«Խորհուրդն ընդգծում է իր մեծ ակնկալիքը, որ Վրաստանը զգալիորեն կամրապնդի իր համապատասխանությունը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության դիրքորոշումներին և սահմանափակող միջոցներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ: Սա Եվրամիությանն անդամակցելու երկրի ռազմավարական ընտրության հստակ նշան կլինի»,- ասվում է փաստաթղթում։