Վերջին տվյալները «Սուրմալուի» պայթյունի ու որոնողական աշխատանքների մասին
Մանրամասներ «Սուրմալուի» պայթյունի մասին
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են եղել 935 փրկարարներ։ Օգոստոսի 14-ից մինչ օրս փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի։ Նրանցից 10-ը փրկվել են։ Օգոստոսի 18-ի կառավարության նիստում հնչել են վերջին տվյալները պայթյունի և հրդեհի հետևանքների, փրկարակական աշխատանքների արդյունավետության մասին։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ աշխատանքները կազմակերպվել են սիրողական մակարդակով, կամավորներն առանց արտահագուստի են եղել, բարեբախտաբար, հաջողվել է խուսափել վատ հետևանքներից։
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած: Բժշկական կենտրոններ են դիմել 62 քաղաքացիներ, նրանցից 4-ը մինչ այս պահը բուժօգնություն է ստանում։ Ի հիշատակ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ օգոստոսի 17-ն ու 18-ը սգո օրեր են հայտարարվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռևս երկու տարի առաջ հանձնարարել էր խնդիրը պահել ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները։ Թե հանձնարարականի կատարման ուղղությամբ ինչ քայլեր են արվել՝ պարզ կդառնա առաջիկայում։
Որոնողական աշխատանքների և բուժօգնություն ստացող քաղաքացիների մասին, ինչպես նաև մեկնաբանություն
Նիստի աշխատանքների մեկնարկից առաջ գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը:
«Հանձնարարել էի տեղեկություններ հավաքել պայթյունավտանգ օբյեկտների մասին»․ Փաշինյան
«2020թ․ օգոստոսին Բեյրութի պայթյունից հետո հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր»,- հայտնել է Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Սուրմալուի» պայթյունից հետո նախ փորձել է ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Տեղեկատվությունը, սակայն, դեռևս ամփոփվում է։
«Պետք է հանձնարարեմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականն ինչպես է կատարվել»,- ասել է վարչապետը:
Տուժածները բուժում են ստացել պետպատվերով
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պայթյունի հետևանքով մայրաքաղաք Երևանի բուժհաստատություններ են տեղափոխվել 62 քաղաքացիներ։ Ներկա պահին նրանցից 4-ն է բուժօգնություն ստանում։ Քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Նախարարը շեշտել է, որ տուժածները բուժում են ստացել պետպատվերով։ Անվճար են իրականացվել նաև վիրահատական միջամտությունները։
«Եթե հաջորդիվ անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, նրանք կստանան ամբողջությամբ անվճար»,- վստահեցրել է Ավանեսյանը։
Փրկարարները մոտեցել են էպիկենտրոնային գոտուն
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ պայթյունից հետո փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որոնցից 16-ը՝ զոհված։ Փրկված 10 քաղաքացիները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո՝ 2 ժամվա ընթացքում:
«Աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբաք, 6 սանդուղք, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ»։
Փամբուխչյանի խոսքով՝ ներկա պահին զոհերից մեկի ինքնությունը դեռևս նույնականացված չէ։ Երկու քաղաքացի անհետ կորած են համարվում։
«Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածներից մեկն է»,- նշել է նախարարը։
Նախարարությունը շարունակում է որոնողական աշխատանքները անհետ կորածին հայտնաբերելու ուղղությամբ։ Գիտեն՝ կոնկրետ ում են փնտրում։ Քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, նրա հայտնաբերումը հեշտ չի լինելու։ ԱԻՆ նախարարը հայտնել է, որ «մաքրել են տարածքի գրեթե 90 տոկոսը և մոտեցել ենթադրվող էպիկենտրոնային գոտուն»։
«Ունենք բարդություններ՝ կապված փլուզումից հետո կախված կոնստրուկցիաների և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,- նշել է Փամբուխչյանը։
Նախարարը վստահեցրել է, որ մարդկային ռեսուրսի և տեխնիկայի հետ կապված որևէ խնդիր կառույցը չի ունեցել։
Փամբուխչյանի փոխանցած տեղեկություններով՝ աշխատանքներում ներգրավված են եղել նաև 382 կամավորներ, Կարմիր Խաչի 201 փրկարարներ ու հոգեբաններ։
«Ահաբեկչության կամ դիտավորության վերաբերյալ փաստեր չկան»
Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահին հարցրել է՝ արդյոք դիտարկվե՞լ է ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության վարկածը, կա՞ն այդ վարկածները հիմնավորող կամ բացառող հանգամանքներ:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` երկու հոդվածի հատկանիշներով․
- հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք և
- դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք:
«Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»,- պատասխանել է կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նրա խոսքով՝ այս պահին առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին:
Մեկնաբանություն
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները սիրողական մակարդակի էին։
«Պարտադիր չի, որ մի կամավորի գլխին քար ընկներ, տեղում մահանար, նոր մենք հասկանանք, որ էսպես չեն կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները»,- «Ազատության» հետ զրույցում ասել է նա։
Պիպոյանն ընդգծել է՝ կամավորներն առանց համապատասխան արտահագուստի էին, առանց ակնոցի, գլխարկի ու դիմակի՝ կեղտի և փոշու մեջ։
Նրա խոսքով՝ տեսանյութերում երևում է նաև, թե ինչպես է քաղաքացիական հագուստով անձը հրշեջի ձեռքից վերցնում պրոֆեսիոնալ օգտագործման սարքն ու գործ անում։ Փորձագետի դիտարկմամբ՝ վատ հետևանքներ կարող էին լինել, բայց, բարեբախտաբար, չեն եղել․
«Կան ընթացակարգեր, կան վերապատրաստում անցած մարդիկ, իսկ, եթե վերապատրաստում անցած մարդիկ ուժային կառույցներում չկան, շատ ավելի վատ մեզ համար»։
Պիպոյանն անդրադարձել է նաև առևտրի կենտրոնում գործունեություն ծավալող բիզնեսմեններին՝ շեշտելով, որ նրանց պետությունը փոխհատուցում պետք է տա։ Ըստ նրա՝ աջակցություն պետք է տրվի նաև պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին։ Ասում է՝ «մարդիկ պետք է զգան, որ անտեր չեն»։
Մանրամասներ «Սուրմալուի» պայթյունի մասին