Վերջին ուսուցիչը
Արցախի գյուղի դպրոցը
Երիտասարդ ուսուցչուհի Մարգարիտա Մանուկյանը #հետագծեր_մարդիկ_հակամարտություններ նախագծին պատմեց, թե ինչպես է ընդամենը երկու տարվա աշխատանքը Ղարաբաղի հեռավոր գյուղում փոխել իր կյանքի ծրագրերը:
«Կորած տեղ ա», «ո՞նց են մարդիկ ստեղ մնում», «ժամանցի կենտրոն չկա»․ այսպիսին էր Երևանում ծնված-մեծացած աղջկա տպավորությունը, երբ առաջին անգամ ոտք դրեց այն ժամանակ Լեռնային Ղարաբարի Հանրապետության Քյուրաթաղ, իսկ հիմա արդեն Ադրբեջանի Դյուդյուքչու գյուղ։
Մարգարիտա Մանուկյանը ակադեմիական ինստիտուտներից մեկի կրտսեր գիտաշխատող էր, երբ իր կյանքում մեծ շրջադարձ տեղի ունեցավ։
Մարգարիտան նախընտրեց փոխարինել իր քաղաքային կյանքը գյուղականով և 2019 թվականին ամուսնացավ հադրութցի զինվորականի հետ ու, թողնելով ամեն բան, մեկնեց, ինչպես ինքն է ասում, «մեր Արցախ»՝ նոր մասնագիտությամբ նոր կյանք սկսելու։
- Բլոգ. Առաջին Ղարաբաղյան պատերազմի հիշողությունները՝ երկրորդից հետո
- Ադրբեջանցի սպան պատմում է Արցախյան պատերազմի մասին․ ամենագլխավորը, ամենադժվարն ու ամենասարսափելին
Քյուրաթաղում երեխաների ամենակարևոր զբաղմունքը նախ եղել է ծնողների հոգսերը կիսելն ու գումար վաստակելը, հետո նոր՝ ուսումը։ Իսկ Մարգարիտայի առաքելությունն էր դասավանդել ինֆորմատիկա։
Արցունքոտ աչքերը ներքև ուղելով, հիշում է․
«Դե, գյուղում ուրիշ էր էլի. երեխան կարող էր դասի չգալ, որովհետև այդ օրը ոչխարներին արածեցնելու, կենդանիներին խնամելու իր հերթն էր։ Իսկ ինձ համար աբսուրդի նման էր՝ ոնց կարող էր ծնողը դա կրթությունից վեր դասել»։
Սա գյուղական կյանքում ոչ առաջին, ոչ էլ վերջին անսովոր բանն է եղել նորաթուխ ուսուցչուհու համար։ Ասում է՝ երբ մտավ գյուղ, մեծ վախ կար ընտանիքից հեռու լինելու ու չհարմարվելու.
«Գյուղում անգամ խանութ չկար, մտածում էի՝ չեմ հարմարվի, անհանգստանում էի՝ որ հյուր գա, ինչ եմ անելու»։
Առաջին օրերին հարևանների ու կոլեգաների հետ շփումը Մարգարիտային ևս հեշտ չի տրվել, բայց նա պայքարել է արցախցիների վստահությունը ձեռք բերելու համար.
«Ուսուցչանոցում իմ մոտ քաշվում էին խոսել, ինձ զգույշ էին վերաբերվում։ Զարմանում էին՝ ինչի եմ քաղաքը թողել, եկել գյուղ, բայց դե բացատրել եմ, որ ուզում եմ հավասար կրթություն լինի թե՛ քաղաքի, թե՛ գյուղի երեխաների համար։
Գյուղի երեխաների սիրտը շահելն ու վստահություն ձեռք բերելը էլ ավելի հեշտ է ստացվել:
«Մի օր մեր ֆիզիկայի ուսուցչուհին մրցույթ էր կազմակերպել։ Խմբերից մեկը շատ թույլ էր, արդեն պարտվում էր։ Փորձեցի հետևից հուշել որոշ պատասխաններ, չնայած ինչքան էլ հուշեի, չէին հաղթի, բայց ուրախացել էին, որ գոնե մի քանի ճիշտ պատասխան ունեցան։ Մեկ էլ հաջորդ օրը բոլորը ծաղիկներ էին հավաքել իրենց այգիներից ու բերել։ Էդ օրը լիքը փնջերով տուն եմ գնացել»։
Իսկ արդեն վստահությունն ունենալուց հետո Մարգարիտան կարողանում է ծանոթանալ արցախցիների, մասնավորապես՝ քյուրաթաղցիների բարությանը։
«Արդեն հարազատի պես էին ընդունում, ես իրանց չէի դիմում ինչ-որ հարցով, իրանք էին գալիս ու առաջարկում, որ օգնեին, էդ իմ համար արտասովոր էր, որովհետև քաղաքում տենց բան հազվադեպ կտեսնես»։
Ու քանի որ նրա տունը գտնվում էր գյուղի բանջարանոցներ տանող ճանապարհին, բնակիչներն ամեն անգամ դաշտից վերադառնալիս հավաքած բերքից բաժին էին հանում նրան, նոր շարունակում ճանապարհը։
«Մի օր տեսա՝ գյուղացիներից մեկը ինչպես էր բանջար հավաքում տարբեր տեղերից։ Դե՛, շատ դժվար ա, անընդհատ կռանում, բարձրանում էր, կռանում բարձրանում։ Դռան մոտ ինձ տեսավ, ասաց` ընկեր Մանուկյան ջան, էս վերցրու, կսարքես, գիտե՞ս սարքելու ձևը։ Ասեցի պետք չի, շնորհակալություն, բայց ստիպեց, որ վերցնեի։ Զարմացել էի, էդքան տանջվեց, հավաքեց ու ինձ ա բերում տալիս իր աշխատանքի արդյունքը»։
Բայց թերևս ամենադժվարը արցախյան բարբառը հասկանալն էր․
«Էրեխեք կային՝ շատ արագ էին խոսում, չէի հասկանում։ Մի անգամ էրեխեքից մեկն ասեց «все программы», ես էլ հորդորեցի, որ հայերենով ասի։ «Ծրագրեր» բառն ասեց, բայց «все»-ն չգիտեր։ Մեկ էլ հասկացա, որ չի գտնում բառը, ասեցի՝ «լյոխ», ու բոլորով սկսեցինք ծիծաղել»։
Մարգարիտան Քյուրաթաղում բացահայտում եւ հաղթահարում է նաև նոր վախ, որի մասին քաղաքում մնալու դեպքում հնարավոր է անգամ չիմանալ․
«Դե, խոզերը, կովերն ու ոչխարները շատ էին։ Մի օր հարևանի տնից գնում եմ իմ տուն ու տեսնում, որ աշակերտներիս խումբը կովերի հոտ է քշելով բերում։ Ես կյանքում չէի տեսել տենց բան, ամաչում էի, դե հո աշակերտներիս մոտ չէի վախենալու, արագ քայլերով ժպտալով անցա, վախս էլ հաղթահարվեց»։
Առօրյա կյանքի հետաքրքրությունների ու ժամանցի վայրերի պակասը ուսուցչուհին լրացնում էր երեխաների հետ ժամանակ անցկացնելով։
«Աշակերտներիս հետ դասերից դուրս շատ էինք ժամանակ անցկացնում։ Ինձ տանում էին, իրենց գյուղի սիրուն վայրերն էին ցույց տալիս, իրենց եկեղեցին։ Մի տեղ կար, աշակերտներիցս մեկը ծառի վրա պուճուրիկ սեղան — աթոռ էր սարքել։ Հիմա էդ նկարները որ կան, էդ հիշողությունները, հեչ չէիր մտածի, որ իրոք կորցնելուց հետո ես գնահատում»։
Կորուստի զգացումը եկավ, կարծես թե, պատերազմի առաջին օրերից։ Մարգարիտան պատմում է, որ պատերազմից երկու օր առաջ արդեն վատ էր դրությունը, կուտակումներ կային սահմանին, իսկ ամուսինը տուն չէր գալիս։ Ու պատերազմի հենց առաջին օրերին հարվածի տակ ընկած քյուրաթաղցիները, ինֆորմատիկայի ուսուցչի համոզմամբ, մինչև վերջին շունչը կռվել են։
Անգամ հիմա՝ տունն ու գյուղը կորցնելուց հետո, աղջկա մտքով չի անցել վերադառնալ ծննդավայր՝ Երևան։ Գյուղն էլ երկու տարվա ընթացքում հասցրել է գիտակցության մեջ դաջվել իբրև «մեր գյուղ»։
Դողացող ձեռքերով պինդ բռնում է հեռախոսը ու ցածր տոնով արտաբերում․
«Ախր մեր գյուղը շատ արտասովոր էր, հա՛մ ուսուցչական կազմն էր լավը, հա՛մ գյուղացիները։ Էնքան էին մերվել մեզ հետ, էնքան անմիջական, անկեղծ մարդիկ էին»։
«Շատ դեպքերում ասում էի՝ չես կարողանում տնից դուրս գալ, մաքսիմում դուրս գաս գյուղամեջ կամ հարևանների տուն գնաս, բայց հիմա էլ հիշում եմ էն, որ առավոտյան ամուսնուս էի ճանապարհում, էդ մաքուր, սառը օդը, որ դեմքիս էր խփում, ամեն ինչ արժեր։ Ստեղ էդ օդը չի էլի, ինչ գյուղում։ Կուզենայի, որ բոլորն իմանային՝ ինչ լավ գյուղ էր, աշակերտներն ինչքան լավն էին…»