ՀՀ-ում իշխանություն-եկեղեցի առճակատումը նոր թափ է ստանում․ Փաշինյանի ծրագիրը
Վեհարանն ազատելու Փաշինյանի ծրագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում տարածել է Վեհարանն ազատելու իր ծրագիրը։ Այն է՝ կաթողիկոսական տեղապահի նշանակում, եկեղեցական նոր կանոնակարգի հաստատում, կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում։
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը պնդում է՝ երկրին նոր հոգևոր առաջնորդ է անհրաժեշտ և հայտարարում, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի։ Վստահեցնում է՝ սա եկեղեցու, պետության և հանրության նորոգման օրակարգ է, որն ինքը փորձում է իրագործել նախևառաջ որպես հավատավոր հոտի ներկայացուցիչ, հետո նոր միայն ՀՀ վարչապետ։
«Մեր խնդիրը չի կարող լինել Կտրիճ Ներսիսյանին [կաթողիկոսի ավազանի՝ աշխարհիկ անունը] կուսակրոնության ուխտը խախտած մեկ այլ քահանայով փոխարինելը, որովհետև դա կլինի քաղաքական խարդավանք և ոչ թե հոգևոր նորոգման օրակարգ»,- գրել է նա։
Փաշինյանն ընդգծել է՝ կայսրությունները քաջալերել են «ուխտագրի ստանդարտից» շեղումը, որպեսզի դա լծակ դարձրած կառավարելի պահեն Հայ Առաքելական եկեղեցին և արգելակեն հայ ժողովրդի վերելքը։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխող ուժի և եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների առճակատումը նոր թափ է ստանում։ Ասում է՝ կաթողիկոսի փոփոխության պահանջն արդեն դուրս է եկել բացառապես անձնական հակասության շրջանակներից և վերածվել «քաղաքական հակամարտության հիմնական կիզակետի»։
Ղևոնդյանն առանձին հոդվածով ներկայացրել է իրավիճակն ու դրա հանգուցալուծման տարբերակները։
- Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները
- Նոր ուժ հին դեմքերո՞վ․ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը
- Հայաստանում կանխվել է պետական հեղաշրջման իրագործում․ հրապարակված են ապացույցներ
Փաշինյանն առաջարկում է «ամուսնացյալ բարեվարք քահանայի» նշանակել կաթողիկոսական տեղապահ
Վարչապետի առաջարկի համաձայն՝ տեղապահը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։ Ասում է՝ նախքան կաթողիկոսական նոր ընտրությունները պետք է կազմվի նաև եկեղեցու նոր կանոնագիրքը։ Այն, ըստ նրա, պետք է կազմվի գործող «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա, սակայն լինի «աշխարհաբար, համառոտ և բոլորին հասկանալի փաստաթուղթ»․
«Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի»։
Թե ինչպե՞ս է ստուգվելու թեկնածուների բարեվարքությունը, արդյո՞ք նախատեսվելու է նաև որևէ ստուգում կապված կուսակրոնության ուխտի պահպանման հետ, թե՞ ոչ՝ Փաշինյանը չի հստակեցրել։
Միայն նշել է, որ ինչպես բարեվարքության ստուգումը, այնպես էլ ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն նոր կանոնագրքով, որը «պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որևէ ձևաչափով»։
Ազգային-եկեղեցական ժողովը եկեղեցու գերագույն մարմինն է: Ժողով հրավիրողը Ամենայն հայոց կաթողիկոսն է:
«Կրոնապետության ակնարկ չկա»
Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ առաջնորդելու է եկեղեցու հետևորդների «Վեհարանը՝ վեհի՛» շարժումը։ Հիշեցրել է՝ նախապես հայտարարել էր այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի առաջնորդի թեկնածուն։ Վստահեցրել է՝ ինքը համապատասխանում է, քանի որ մկրտված է, նաև «ամեն օր աղոթող, Հիսուսին հավատացող, Աստվածաշունչը մինչև վերջ կարդացած»։
«Նորոգման օրակարգը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որևէ քաղաքացու՝ որևէ ազատություն չի սահմանափակելու և չի կարող սահմանափակել»,- հայտարարել է վարչապետը։
Նրա փոխանցմամբ՝ հանրությունը պետք է պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներին հստակ ուղերձ հղի՝ ինքն ունի նրանց անձնական և հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք։
«Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգևոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն»,- հավելել է Փաշինյանը։
Ո՞ր դեպքերում է նախատեսված տեղապահի նշանակումը
Եկեղեցական գործող կանոնագրքի համաձայն՝ ամուսնացյալ քահանան կաթողիկոսի տեղապահ նշանակվել չի կարող։ Իսկ առհասարակ տեղապահ նշանակվում է 2 դեպքում՝
- եթե կաթողիկոսը գահից հրաժարվում է,
- եթե կաթողիկոսը վախճանվում է:
Հատկանշական է նաև այն, որ այս առաջարկի հանրայնացումից առաջ Քահանայից հավաքի մասնակից հոգևորականներն արդեն հասցրել էին իրենց աջակցությունը հայտնել կաթողիկոսին։
«Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ»,- ասված է հայտարարության մեջ։
«Մեծ հոգևոր հավաք Էջմիածնում»․ օրն ու ժամը հայտնի չէ
Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիներին հորդորել էր պատրաստվել «մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։ Թե երբ է տեղի ունենալու այն, դեռևս չի հաղորդվել։
Հավաքը չեղարկելու կոչով Փաշինյանին էր դիմել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Զգուշացրել էր՝ «հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն» վարչապետն է լինելու։
Մայր Աթոռից էլ ահազանգել էին՝ «հերթական ոտնձգությունն» է նախապատրաստվում․
«Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը»։
Հոգևոր կենտրոնից իրավասու մարմիններին հորդորել էին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխարգելելու «հակաօրինական միջոցառումը»․, իսկ քաղաքացիներին կոչ էին արել «չտրվել իշխանությունների սադրանքներին»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Ակնհայտ է, որ կողմերն անցել են իրենց դիրքերն ամբողջությամբ պահպանելու միջոցով խնդիրը փոխշահավետ լուծելու շեմը։ Որևէ կողմի հաղթանակն այլևս նշանակելու է մյուս կողմի պարտություն։
ՀՀ իշխանությունների դիրքերն ավելի ուժեղ են, քանի որ նրանք օժտված են լեգիտիմությամբ և տիրապետում են օրենքով նախատեսված ուժային ռեսուրսների։ Հետևաբար, ավելի հավանական է կաթողիկոսի հեռացումը և նոր ընտրությունները եկեղեցում, քան վարչապետի հեռացումը 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ։
Կաթողիկոսի հեռացման սցենարները, սակայն, ևս տարբեր են, որոնցից ամեն մեկը կարող է բերել ավել կամ պակաս խնդրահարույց հետևանքների։
Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ գործող կաթողիկոսը հեռացել է։ Այսպես, 968 թ․ կաթողիկոս օծված Վահան Ա Սյունին մեկ տարի անց՝ 969 թ․, գահընկեց է արվել և հեռացել Վասպուրական, իսկ նրա փոխարեն կաթողիկոս է օծվել Ստեփանոս Գ Սևանցին։ Մի քանի տասնամյակ անց՝ 992 թ․, կաթողիկոս օծված Սարգիս Ա Սևանցին 1019 թ․ ինքնակամ հրաժարվել է գահից և անձամբ օծել հաջորդ՝ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1418 թ․ Սիս քաղաքում հաստատված Մայր Աթոռի գահակալ Գրիգոր Ը Խնձողատ կաթողիկոսը գահընկեց է արվել, և նոր կաթողիկոս է օծվել Պողոս Բ Գառնեցին։ 1439 թ․ կրկին Սիս քաղաքում կաթողիկոս օծված Գրիգոր Թ Մուսաբեգյանցը 1441 թ․ հրաժարվել է ժամանել Վաղարշապատ և գլխավորել Մայր Աթոռը, ինչի արդյունքում Ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Կիրակոս Ա Վիրապեցին, որը, իր հերթին, 1443 թ․ գահընկեց է արվել, և նոր կաթողիկոս է օծվել Գրիգոր Ժ Ջալալբեգյանցը։
Ինչպես տեսնում ենք, Հայ առաքելական եկեղեցում եղել են դեպքեր, երբ նոր կաթողիկոս է օծվել նախկինի կենդանության պայմաններում։
Ըստ այդմ, ներկա հակասությունների հանգուցալուծման եղանակներից մեկը կաթողիկոսի ինքնակամ հրաժարումն է գահից կամ եկեղեցականների կողմից նրան գահընկեց անելը։ Կարելի է պնդել, որ այս տարբերակը լավագույնը լուծումը կլինի։ Նման զարգացման համար, սակայն, անհրաժեշտ է ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի կողմից ՀՀ պետականության հիմքերի գերակա նշանակության գիտակցումը։
Հանգուցալուծման վատագույն սցենարը կարող է լինել ՀՀ իշխանությունների կողմից ուժային գործիքների կիրառումը, եթե բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ կաթողիկոսը հակաօրինական գործողություններ է կատարել։ Այս դեպքում հասարակության երկփեղկվածությունը հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով։
Մեկ այլ սցենար կարող է լինել Հայաստանում ժողովրդի, որպես եկեղեցու հետևորդի, հրապարակային անհամաձայնությունը Գարեգին Երկրորդի գահակալության հետ, ինչի դրսևորումը կարող է դառնալ Էջմիածնում մեծ հանրահավաքը։
Սակայն հանրահավաքը կարող է անարդյունավետ լինել խնդրի հանգուցալուծման հիմնական նպատակի իրացման տեսանկյունից, քանի որ եկեղեցականները հնարավորություն կունենան անտեսել հավաքվածների պահանջները։ Բացի այդ, իրավիճակի սրման ֆոնին «ձեռքերը տաքացնող» որոշ ընդդիմադիրներ, հավանաբար, կփորձեն հակառակ դիրքավորում ունեցող քաղաքացիներ հավաքագրել և հակընդդեմ հանրահավաքներ անցկացնել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վեհարանն ազատելու Փաշինյանի ծրագիրը