Էսկալացիա հայ-ադրբեջանական բանակցությունների նախօրեին՝ «ավանդույթի» համաձայն
Սրացում հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի 11-ի վաղ առավոտից հայկական դիրքերի՝ հրետանային և ականանետային միջոցներից ինտենսիվ հրետակոծման և չորս վիրավորների մասին։ Ադրբեջանը հաղորդում է, որ «հայկական կողմի սադրանքի արդյունքում սպանվել է երկարամյա ծառայության մեջ գտնվող զինծառայող»։ Կեսօրից հետո լարվածությունը զգալիորեն նվազել է:
Երկու կողմերն էլ պնդում են, որ ձեռնարկել են միայն պատասխան գործողություններ, օպերատիվ իրավիճակը գտնվում է ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Հայտարարություններ են հնչել երկու երկրների արտգործնախարարությունների կողմից։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակն է զրոյացնել բանակցային գործընթացը և խաթարել բանակցությունների հետագա ընթացքը մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման նախօրեին։
Հոդվածի հրապարակման պահին երկու կողմերի հաղորդած բոլոր տեղեկությունները
- Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը Բրյուսելում․ մեծ առաջընթաց չի ակնկալվում
- Մադրիդյան սկզբունքներ․ Փաշինյանի, նախկին արտգործնախարարի և փորձագետի մեկնությունները
- Անկարան սպառնում է, Երևանն՝ արդարանում․ «Նեմեսիս» հուշարձանի բացումը
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վաղ առավոտից 20-30 րոպե պարբերականությամբ տեղեկություններ էր փոխանցում սրացման մասին։ Հաղորդվել է, որ «ժամը 11:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները որոշակի պարբերականությամբ շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը»: Միայն ժամը 13։00-ի դրությամբ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։ Նյութի հրապարակման պահին գերատեսչությունը նոր հաղորդագրություն հրապարակեց՝ տեղեկացնելով, որ ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավոր հայ զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենան ադրբեջանական կողմից գնդակոծվել է։
«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»։
Հայ դիվանագետները սրացումը գնահատում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի ևս մեկ խախտում.
«Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին»:
Հայաստանի վարչապետը ներկայացրել է իրավիճակի իր գնահատականը։ Նա կառավարության նիստի մեկնարկին ամփոփել է սահմանին տիրող իրավիճակը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմնական կետերը
«Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով [Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ], իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները [նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ]:
Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են: Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար:
Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով:
Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար:
Բայց բանակցային գործընթացը խաթարելը միակ նպատակը չէ, և հաջորդը՝ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը: Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է:
Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել:
Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փորթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել: Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել:
Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»:
Տեղեկություններ Բաքվից
Ըստ Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության՝ մայիսի 11-ի առավոտյան «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Զոդի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ».
«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից կանխամտածված սադրանքի արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլուն»։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան քայլեր. «Օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ»։
Այս փաստի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը.
«Հայաստանը սահմանամերձ շրջաններում ռազմական սադրանքներ է ձեռնարկում Ադրբեջանի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմին նախազգուշացվել էր, որ իրենց կողմից սադրանքներն ու իրավիճակի միտումնավոր սրացումները դադարեցվեն, մայիսի 11-ի առավոտից հայկական զինուժն էլ ավելի է սրել իրավիճակը․ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են ականանետերով, սադրանքների արդյունքում զոհվել է մեկ զինծառայող»։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ «այն փաստը, որ Հայաստանի սադրանքները, ինչպես միշտ, տեղի են ունենում խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունների, ինչպես նաև առաջնորդների միջև սպասվող բանակցությունների ֆոնին, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան նույնպես տարածել է հայտարարություն՝ կապված «Հայաստանի զինված ուժերի հերթական սադրանքի» հետ։ Օմբուդսմենի խոսքով՝ ադրբեջանական բանակի մեկ զինծառայող զոհվել է, ևս երկուսը ծանր վիրավորվել են։
«Ցավով արձանագրում ենք, որ Հայաստանը, անտեսելով Ադրբեջանի խաղաղության կոչերը, շարունակում է ռազմական սադրանքները՝ ուղղված մարդու իրավունքների կոպիտ խախտմանը։ Հակառակ Ադրբեջանի՝ խաղաղության գնալու մշտական կոչերին՝ Հայաստանը նպատակաուղղված սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու սկզբունքները և սադրանքներ է իրականացնում հակամարտությունների նոր օջախներ ստեղծելու նպատակով։
Որպես Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար՝ ևս մեկ անգամ դիմում ենք միջազգային կազմակերպություններին և պահանջում անհապաղ վերջ դնել Հայաստանի զինված ուժերի ռազմական սադրանքներին, վճռական միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար»,— ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սրացում հայ-ադրբեջանական սահմանին