Սպուտնիկ V, թե՞ AstraZeneca։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ներկրում Հայաստան
Ապրիլի 8-ին Հայաստան է բերվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Այդ 15 000 դեղաչափը նախատեսված է ռիսկի խմբի անձանց համար։ Ավելի վաղ պատվաստավել են միայն բուժաշխատողները, որոնք բարձր ռիսկի խմբում են՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող անձնակազմը։
Դրա համար ռուսական կողմը Հայաստանին անվճար տրամադրել է «Սպուտնիկ V»-ի 2 000 դեղաչափ՝ 1 000 մարդու համար։
Մարտի 28-ին Երևան է բերվել կորոնավիրուսի դեմ նաև բրիտանաշվեդական «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ։
«AstraZeneca»-ն կորոնավիրուսի դեմ ամենապոպուլյար պատվաստանյութն է աշխարհում, այն թույլատրել են կիրառել 49 երկրների համապատասխան պետական մարմինները։ «Սպուտնիկ V»-ն պոպուլյարությամբ երկրորդն է, այն թույլատրվել է 45 երկրում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թ-ի մարտի 1-ին։ 2020 թ-ի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը գործում էր արտակարգ դրության ռեժիմ։ Այնուհետև երկրում կարանտին սահմանվեց, որը կշարունակվի մինչև 2021 թ-ի հուլիսի 11-ը։ Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 1 231 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, երկրում 200 129 վարակված կա, ապաքինվել է 179 043-ը, մահացել՝ 3 675-ը։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ովքեր են առաջինը ստանալու պատվաստանյութը, ինչ են ասում բուժաշխատողները, ու ինչպես են ներկրված պատվաստանյութին վերաբերվում երկրի բնակիչները։
- Չնայած պատերազմին և COVID-19-ի համավարակին՝ Հայաստանի պաշտոնյաները միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել
- Կորոնավիրուս․ դրա մասին առասպելները համավարակից շուտ են տարածվում
«AstraZeneca»-ի մասին
Մարտի վերջին, երբ Երևան է բերվել «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, միաժամանակ դրա մասին տագնապալի լուրեր են հայտնվել։
Մեծ Բրիտանիայի 7 բնակիչներ, որոնք պատվաստվել են Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութով, մահացել են թրոմբոզից, Վրաստանում պատվաստումից հետո բուժքույր է մահացել։ Որոշ երկրներում «AstraZeneca»-ով պատվաստումը մասնակիորեն կասեցվել է։
Ավելի ուշ հաղորդվեց, որ Մեծ Բրիտանիայում, ընդհանուր առմամբ, թրոմբոզ է առաջացել «AstraZeneca»-ով պատվաստված 18 մլն բրիտանացիներից 30-ի մոտ։
Հայաստանի բժիշկներին այս դեպքերը չեն անհանգստացրել։ Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը հավաստիացրել է, որ այդ պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության մասին տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին։
Ապրիլի 5-ից «AstraZeneca» պատվաստանյութը պետք է բաշխվեր Հայաստանի մայրաքաղաքի և շրջանների պոլիկլինիկաներին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դա բացատրել էր նրանով, որ պատվաստանյութի առաջացրած կողմնակի ազդեցությունների միջև պատճառահետևանքային կապն ապացուցված չէ․
«Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպություններն արդյունավետ, անվտանգ, բոլոր սահմանված չափանիշներին համապատասխան են ճանաչել, մենք կիրառելու ենք։ Մի շարք երկրներ հրաժարվել են «AstraZeneca»-ի որոշակի խմբաքանակի կիրառումից, մի շարք երկրներ վերսկսել են դրա կիրառումը, իսկ մի շարք երկրներ ընդհանրապես չէին էլ հրաժարվել դրանից»։
Առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, մեկնաբանելով մարդկանց վերաբերմունքը կողմնակի ազդեցություններին, հայտարարել է, որ Հայաստանում պատվաստվել ցանկացողների արդեն մեծ հերթ է գոյացել․
«Որևէ պատվաստում Հայաստանում պարտադրված չի եղել և չի լինելու, միայն՝ ինքնակամ։ Ընդ որում, բնակչությանը պետք է իրազեկել և մարդկանց ցույց տալ, որ պատվաստումը վարակի դեմ պայքարելու միակ եղանակն է»։
Այն մասին, որ «AstraZenecа» պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ, հայտարարել է նաև Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կապ չի տեսնում պատվաստանյութի և թրոմբոէմբոլիայի դեպքերի միջև։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պատվաստանյութի ստացված խմբաքանակը նախատեսված է ռիսկի հետևյալ խմբերի համար․
- բուժաշխատողներ,
- 65 տարեկան և դրանից բարձր քաղաքացիներ,
- քրոնիկ հիվանդություններ ունեցող 16-64 տարեկան անձինք,
- սոցիալական հաստատությունների (այդ թվում՝ ծերանոցների) աշխատակիցներ։
«Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին
Եթե «AstraZeneca» պատվաստանյութի դեղաչափերն արդեն բաշխվում են պոլիկլինիկաներում, ապա ռուսական «Սպուտնիկ V»-ն Երևան է բերվել միայն ապրիլի 8-ին, թեև դրա գնման շուրջ բանակցությունները վաղուց էին սկսվել և մարտին բարեհաջող ավարտվել։
Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ խնդիրներն առաջացել էին ռուսական կողմի մոտ և կապված էին պատվաստանյութի արտադրման հետ։
Ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որր Երևանը մտադիր է ռուսական պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դեղաչափ գնել։ Պուտինը հավաստիացրել է, որ պատվաստանյութի արտադրության հետ կապված խնդիրները լուծվում են։
Մեկ միլիոն դեղաչափն ապագայի հարց է, իսկ 15 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն արդեն Երևան է բերվել դրա հաջորդ օրը։
Փորձագիտական հանձնաժողովը, որի կազմում էին մանկաբույժ, իմունաբան, ալերգաբան, վարակաբան, նյարդաբան և ռեանիմատոլոգ, ուսումնասիրել է պատվաստանյութերի բոլոր տվյալները, որոնք Հայաստանը պատրաստվում էր գնել։ Դրա եզրակացության համաձայն՝«Սպուտնիկ V»-ն լավ ցուցանիշներ է գրանցել։
«Պատվաստման դեպքում միայն տեղային ռեակցիաներ են դիտվում, մեկ-երկու օրվա ընթացքում ջերմության բարձրացում մինչև 38 աստիճան», — հաղորդել է հանձնաժողովի նախագահ Աննա Չոբանյանը։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայ օգտատերերի կարծիքն այն մասին, թե որ պատվաստանյութն ընտրել, կիսվել են։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Եվրոպայի կեսը, այդ թվում համամշակող պետություն Շվեդիան, կասեցրել են «AstraZeneca»-ով պատվաստումը չհետազոտված կողմնակի ազդեցությունների պատճառով, իսկ մենք, ինչպես միշտ, բոլորից առաջ ենք ընկել»։
«Գլխավոր հարցն այն է, թե ինչ հիմքով է գնվել այդ պատվաստանյութը, որի օգտագործումը կասեցված է Եվրոպայի կեսում դրա անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով։ Ինչ-որ մեկն «ատկատ» է ստացե՞լ, թե՞ գնումը լուրջ զեղչով է արվել»։
«ԱՀԿ տարածած հաղորդագրությունից․ «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման առավելությունները գերազանցում են ռիսկերը»։ Ուրեմն՝ ռիսկեր կան։ Մեզ վրա էլ հենց կփորձարկեն»։
«Ավելի լավ է այդ պատվաստնյութով պատվաստվեմ, քան Պուտինի ֆուֆլոմիցինով»։
Հիվանդանոցներում իրավիճակի մասին
Վերջին մեկ ամսում Հայաստանում օրական կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ քանակ է գրանցվում։ Այս առնչությամբ, առողջապահության նախարարի խոսքով, առաջիկա շաբաթվա ընթացքում հիվանդանոցներում մահճակալների թիվն ավելացվելու է ևս 300-ով։
«Հիվանդամահճակալների թիվն անսպառ չէ, և ներկա պահին հոսպիտալացվում են հիմնականում այն հիվանդները, որոնք ստացիոնար բուժման և թթվածնի կարիք ունեն», — ասել է Անահիտ Ավանեսյանը։
Ներկա պահին թոքերի օդափոխման սարքերի քանակը բավարար է։ Մեկ տարվա ընթացքում, ինչպես հաղորդել է նախարարը, Հայաստանը լրացուցիչ գնել է 15 թթվածնային կայան և անհրաժեշտ սարքավորումները, շուրջ 3000 հիվանդամահճակալ ապահովված է թթվածնային սարքերով։
Բացի այդ, արհեստական շնչառության հայկական արտադրության սարքերը լիովին պատրաստ են կլինիկական փորձաքննության, սերտիֆիկացման և արտադրության։ Այս մասին մարտին իր հրաժարականից առաջ Ֆեյսբուքում գրել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանը։
«Եթե դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատվի, դրանք կկիրառվեն։ Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ պետք կլինի սերտիֆիկացման համար, սակայն մեր բժիշկները նույնպես նրանց հետ միասին են աշխատում», — ասել է առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը։