«Ուժային միջամտության արդարացման փո՞րձ»․ հայ գործիչների արձագանքը Սոլովյովին
Սոլովյովը՝ ՀՀ դեմ հատուկ գործողության մասին
Հայաստանի քաղաքական գործիչներն ու փորձագետները կոշտ են արձագանքել ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին և հայտարարել՝ ՀՀ ինքնիշխանությունը քննարկման առարկա չէ։
Սոլովյովը, ում վարած հաղորդումների վերահեռարձակումը ՀՀ-ում սահմանափակված է, հայտարարել է՝ Ռուսաստանի համար Հայաստանը կորցնելը հսկայական խնդիր է։ Նա ակնարկել է, որ Հայաստանը՝ այնպես, ինչպես Ուկրաինան, ՌԴ ազդեցության գոտում է և անուղղակի սպառնալիք հնչեցրել ՀՀ-ի հասցեին։
«Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել հատուկ ռազմական գործողություն [Մոսկվան այսպես է անվանում ռուս-ուկրաինական պատերազմը] Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ ելնելով այդ նույն պատկերացումներից՝ չենք կարող սկսել հատուկ ռազմական գործողություն մեր ազդեցության գոտու այլ կետերում»,- հայտարարել է Կրեմլին մոտ կանգնած հաղորդավարը։
ՀՀ քաղաքական և փորձագիտական շրջանակները քննադատել են նրա հայտարարությունները, հրավիրել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն ու պնդել՝ այս պարագայում նվազագույն քայլը, որ պետությունը պետք է ձեռնարկի, ՀՀ-ում ՌԴ դեսպանին բողոքի նոտա փոխանցելն է։
Պաշտոնական Երևանը, սակայն, դեռևս չի արձագանքել Սոլովյովի պնդումներին։ ԱԳՆ-ն այս թեմայով որևէ հաղորդագրություն չի հրապարակել։
- Հայաստանը 2025 թ.-ին. տարվա նշանակալի իրադարձությունները և դրանց հնարավոր զարգացումները
- ՌԴ քաղաքացիները ՀՀ-ում լրտեսությամբ են զբաղվել․ մանրամասներ
- «Անհեթեթություն է»․ Փաշինյանը՝ հօգուտ ուկրաինականի ռուսական հացահատիկից հրաժարվելու մասին
Ի՞նչ է հայտարարել Սոլովյովը
Ռուս հաղորդավարն անդրադարձել է տարեսկզբից Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին, այնուհետև անցում կատարել Հայաստանին՝ զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի հետ։ Սոլովյովը, մասնավորապես՝ նշել է․
«Մեզ համար առավել ցավալի է այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։
Հայաստանը կորցնելը հսկայական խնդիր է։ Միջին Ասիայում, Կենտրոնական Ասիայում մեզ համար կարող են լինել հսկայական խնդիրներ, և մենք պետք է հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու անելիքները։ Մենք պետք է բացատրենք՝ խաղերն ավարտվել են։ Թքած միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա։
Գուցե մեզ անհրաժեշտ է ձևակերպել մեր ազգային դոկտրինը և հստակ ասել՝ որն է մեր ազդեցության գոտին։ Եվ ամեն բան հասկանալի կլինի»։
Մեկնաբանություններ
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ Սոլովյովը հնչեցրել է ոչ թե իր կարծիքը, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքական դոկտրինը։
Ասում է՝ ազդեցության գոտիները ներկայացվում են որպես «ազգային շահ», իսկ ինքնիշխան պետությունների ընտրությունն ու միջազգային իրավունքը՝ որպես խանգարող մանրուք։
«Երբ պետական ալիքի եթերում բաց տեքստով խոսվում է «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելու մասին ոչ միայն Ուկրաինայում, այլև ՌԴ «ազդեցության այլ տարածքներում», ու ավելացնում՝ «թքած ունենալ միջազգային իրավունքի վրա», դա ուղիղ ուղերձ է՝ ուժի իրավունք, պարտադրանք, և ուրիշների պետականությունը որպես գործիք դիտելու տրամաբանություն»,- նկատել է նա։
Բաբաջանյանը հիշեցրել է՝ դեռևս 2024 թ․-ին ՀՀ-ն արգելափակել է Սոլովյովի հաղորդումների վերահեռարձակումը՝ պայմանավորված հենց «թշնամական քարոզչությամբ»։ Կարծում է՝ այդ որոշումը չի վերացրել խնդիրը։
«Նույն մարդը շարունակում է ազատ խոսել Ուկրաինայի պատերազմի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ այն դիրքերից, որոնք տրամագծորեն հակասում են Հայաստանի շահերին, և այդ բովանդակությունը չի «խլացվում» ՀՀ տարածքում»,- պարզաբանել է նա։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ նույնիսկ ՀՀ տարածքից դուրս նման «զառանցանքների» տարածումը երկրի համար ազգային անվտանգության հարց է, քանի որ ենթադրում է՝
- «պետության հասցեին հնչող ագրեսիայի նորմալացում,
- Հայաստանի սուբյեկտայնության ժխտում,
- երկրի նկատմամբ ապագա ճնշումների արդարացման փորձ»։
Արման Բաբաջանյանն «ինստիտուցիոնալ» արձագանք է ակնկալում պետական մարմիններից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Արտաքին գործերի նախարարություններից։ Ըստ նրա՝ ԲՏԱ նախարարը պետք է համապատասխան մարմիններից պահանջի իրականացնել ամբողջական գնահատում և տեխնիկական քայլեր ռուսական պետական քարոզչական բովանդակության՝ ՀՀ-ում վերահեռարձակման/հասանելիության ռիսկերը նվազեցնելու համար։
«ԱԳՆ-ը պարտավոր է հրավիրել ՀՀ-ում ՌԴ դեսպանին նախարարություն և հանձնել պաշտոնական դիվանագիտական բողոք՝ նոտա վերբալ/դեմարշ՝ պահանջելով հստակ պարզաբանում»։
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է նաև արձանագրի, որ Հայաստանի նկատմամբ «ուժային միջամտության» գաղափարի քարոզն անթույլատրելի է և դիտարկվելու է որպես թշնամական գործողության խրախուսում, նույնիսկ եթե դա արվում է «մասնավոր կարծիքի» անվան տակ։
Վստահ է՝ Հայաստանը պետք է ձևակերպի իր կարմիր գծերը, այլապես դա կանեն ուրիշները։
«Եթե մենք չենք պաշտպանում մեր հանրային եթերային ու տեղեկատվական տարածքը պետական քարոզչությունից, որը բաց տեքստով մերժում է միջազգային իրավունքը և լեգիտիմացնում է «գործողություն» այլ ինքնիշխան երկրի տարածքում, ապա ինքներս ենք նոսրացնում մեր ինքնիշխանության պաշտպանական շերտերը»,- նկատել է նա։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նկատել է՝ «ՌԴ պետական-պաշտոնական պրոպագանդիստ» Վլադիմիր Սոլովյովը ՀՀ-ն ներկայացնում է ոչ թե որպես պետություն է, այլ ՌԴ ազդեցության գոտի։
«Ստացվում է, որ իրենց ենթակա հինգերորդ շարասյունում էլ ոչ թե ՀՀ նախկին նախագահներ, հոգևորականներ, կամ օլիգարխներ են, այլ՝ ՌԴ ազդեցության էլեմենտներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Սարգսյանի փոխանցմամբ՝ հայ ժողովուրդն ազդեցության գոտու վերաբերյալ իր տեսակետը հայտնել է 2018 թ․-ի և 2021 թ․-ի ընտրությունների ժամանակ։
Կարծում է՝ Սոլովյովը ջղաձգվում է, քանի որ գիտի՝ տեսակետը նույնն է լինելու նաև 2026 թ․-ի խորհրդարանական ընտրությունների դեպքում։
«Հինգերորդ շարասյունն էլ՝ նախկին նախագահները, հոգևորականները, օլիգարխ փրկիչները, լավ կլինի կողմնորոշվեն` ՌԴ ազդեցության գոտու վերածվելու և ռազմական ուժով ՀՀ-ն հնազանդ դարձնելու առաջարկների մասով: Չստացվի, որ իրենք էլ կողմ են սոլովյովյան մոտեցումներին ու իրենց վերարտադրությունը միայն այդպես են հնարավոր համարում»,- նկատել է քաղաքական գործիչը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն ընդգծել է․
«Սոլովյովներն ու սիմոնյաններն [Մարգարիտա Սիմոնյան՝ Russia Today գործակալության գլխավոր խմբագիր] էդքան լկտիություն ու երկար լեզու չէին ունենա ՀՀ-ի հանդեպ, եթե կրեմլաճորտիկների բազմամարդ ջոկատներ՝ գործակալներից ու դավաճաններից բաղկացած 5-րդ շարասյուն չունենային Հայաստանում:
Դրա համար է կարևոր դրանց բոլորին օր առաջ վնասազերծելը՝ կգբ-շնիկ տերտերնյայից [հոգևորականներ] մինչև «բարեգործ» ջեբկիր ռուսաստանցի ու ռսահպատակ օլիգարխներ, որոնց հետ էդ 5-րդ շարասյունը ռուսական «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» է երազում»։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը նկատել է․
«Զարմանում եմ՝ ինչու է հայ հասարակությունը նյարդայնանում Սոլովյովի խոսքերից։ Հաշվի առնելով նրա «բարձր և դրական» հեղինակությունը աշխարհում՝ նա գովազդում է Հայաստանը։
Կարծում եմ, քանի որ նրան հայասիրության համար վճարողները այս պահին խնդիրներ ունեն, նա եկամտի այլ աղբյուր է գտել։
Բացի այդ, եթե ամեն օր նվաստացվում ես Իրանում, Վենեսուելայում, Սիրիայում, խոսում ես ավանդական արժեքներից` ընտանիքում դրա վերաբերյալ ունենալով լուրջ խնդիրներ, տանկերներդ առգրավում են ԱՄՆ «սիրելի» նախագահի կողմից, սակայն ծպտուն չես կարողանում հանել և նախագահդ Ալիևի մոտ չքմեղանում [արդարանում] և հանձնում է ազդեցության գործակալին, 5 անգամ գրավված Կուպյանսկը չի գրավվում`բարկությունդ պետք է որևէ ուղղությամբ սպառել։
Ընդհանուր առմամբ, նա նվեր է ռուսական քաղաքականությունը քննադատողների համար և մշտապես վատ իրավիճակի մեջ է դնում իր հայաստանյան գործընկերներին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սոլովյովը՝ ՀՀ դեմ հատուկ գործողության մասին