«Սա վերջը չէ»․ փորձագետները վերլուծում են Արցախյան երկրորդ պատերազմը
Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց հրապարակվել է «Փոթորիկ Կովկասում» գիրքը, որը ներկայացնում է քաղաքագետների և ռազմական փորձագետների վերլուծությունները այս կոնֆլիկտի մասին։ Գիտական ուսումնասիրությունը նախաձեռնել է Ռուսաստանում գործող «Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը»։
Այն անդրադառնում է 2020 թ. տեղի ունեցած լայնածավալ զինված հակամարտության նախապատմությանը, դրա միջազգային համատեքստին և բուն ռազմական գործողություններին: Գրքում ներկայացվում են որոշ սենսացիոն բացահայտումներ, մտորումներ հայկական կողմի թույլ տված սխալների մասին։
Այս հոդվածում՝ գրքի հեղինակները պարզաբանում են ուսումնասիրության մեջ արտահայտված ենթադրություններն ու բացատրում, թե ինչի հիման վրա են եկել այս կամ այն եզրահանգմանը։
- «ԼՂ հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում»․ Հայաստանի վարչապետ
- ԱՄՆ-ն կհետաքննի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունները
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ հեռանկարներ և սպառնալիքներ
«Պատերազմն անխուսափելի էր»
«Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» ղեկավար, «Փոթորիկ Կովկասում» գրքույկի խմբագիր Ռուսլան Պուխովի կարծիքով` 44–օրյա պատերազմը մի կողմից՝ բազմաթիվ հարցեր է առաջացնում, մյուս կողմից՝ կարելի է ասել, որ այն ընթացավ խիստ դասական սցենարով․
«Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ ոչ մի մարտավարական հնարք, ոչ մի անհատական հերոսություն չի կարող կոմպենսացնել ռազմավարական ձախողումն ու կառավարման բացակայությունը, վատ իրականացված ռազմական պլանավորումն ու մատակարարումը։ Այն ամենը, ինչ մենք կարդացել էինք ռազմագիտական գրականության մեջ, տեսանք այս պատերազմում»։
Վերլուծաբանի պնդմամբ՝ պատերազմի անխուսափելիությունն ակնհայտ էր դեռ 15 տարի առաջ։ Նույնքան ակնհայտ էր նաև այն, որ պատերազմի ելքն այս անգամ հօգուտ Հայաստանի չի լինելու․.
«Դրա համար մի շարք պատճառներ կային․ ակնհայտ էր, որ իրադարձությունները դրամատիկ կերպով զարգանում են ոչ Հայաստանի օգտին։ 2018 թ․ մենք լույս ընծայեցինք մի ուսումասիրություն, որը կոչվում էր «Հարավային Կովկաս․ Փոթորկի սպասումով»։ Ըստ էության, այդ աշխատության մեջ մենք արել էինք հիմնական կանխատեսումներն այն մասին, որ պատերազմ լինելու է, և որ Հայաստանն այդ պատերազմում պարտվելու է։
Սակայն պետք է նշել, որ մենք էլ չէինք կանխատեսել, որ պատերազմում պարտությունը լինելու է այսքան ջախջախիչ, այսքան մեծ կորուստներով և այսքան երկարատև»։
Գրքի համահեղինակ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ պատերազմ հրահրելու Ադրբեջանի փորձերն առավել քան ակնհայտ էին։ Այդ իսկ պատճառով հիմնական հարցն այն է, թե ինչու հայկական կողմն այդքան անպատրաստ գտնվեց․
«Ես համոզված եմ՝ պատերազմը կարելի էր կանխատեսել, քանի որ Ադրբեջանը չէր թաքցնում, որ պատրաստվում է նոր պատերազմի, դա ակնհայտ էր առնվազն 2000–ականների սկզբից։
Սակայն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներքաղաքական դիսկուրսի հիմքում դադարեց լինել Արցախի հարցը․ 2018 թ․ հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ո՛չ հեղափոխության և ո՛չ էլ դրան հաջորդած ընտրությունների ընթացքում ոչինչ չէին ասում Արցախյան հակամարտության մասին, ամեն ինչ պտտվում էր սոցիալական խնդիրների շուրջը»։
Ինչո՞ւ Հայաստանը պարտվեց
«Փոթորիկ Կովկասում» աշխատության մեջ հեղինակները՝ հղում կատարելով իրենց աղբյուրների վրա, որոշ սենսացիոն դրվագներ են ներկայացնում։
Օրինակ, ասվում է, որ հակամարտության ժամանակ հայկական զինված ուժերը կրակ են բացել և խոցել սեփական 5 թռչող սարք․ 4 Սու–25 գրոհային և մեկ Մի-8 ուղղաթիռ։ Ու դրանցից երկուսը մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս են խոցվել՝ Հայաստանի Վարդենիսի շրջանում։
Աշխատության համահեղինակ, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ սեփական զինված ուժերի ինքնաթիռների խոցումը ոչ այդքան ՀՕՊ ձախողման մասին է խոսում, որքան ավիացիայի և ՀՕՊ ուժերի միջև կոմունիկացիայի բացակայության․
«Ես հեռու եմ այն մտքից, որ հայկական ՀՕՊ–ը ձախողել է իր առջև դրված առաջադրանքի կատարումը։ […] 44 օրվա ընթացքում 180 թռչող սարքերի խոցումը բավականին լավ ցուցանիշ է։ Ասեմ ավելին, ես չեմ կարող մտաբերել մեկ այլ զինված հակամարտություն, որի ընթացքում այսպիսի ցուցանիշ գրանցված լինի»։
Նա ուշադրություն է հրավիրում նաև հայկական կողմի հնարավարությունների սահմանափակ և ոչ արդիական լինելու հանգամանքի վրա։ Սակայն պարտության հիմնական պատճառ է համարում անպատրաստ լինելը։
«Ինչպես և 2016 թ․ ապրիլյան իրադարձությունները, զորքերը դիմավորեցին բացարձակ անպատրաստ վիճակում։ Չէր եղել ոչ մի նախնական պատրաստվածություն, զինատեսակների զգալի մասը՝ այդ թվում ՀՕՊ համակարգերը, գտնվում էին իրենց մշտական տեղակայման վայրերում։ Այդ պատճառով էլ դրանք ոչնչացվեցին հենց առաջին հարվածով, ինչը լրջագույն ազդեցություն ունեցավ պատերազմի վերջնական արդյունքի վրա։
Հաշվի առնելով օդում Ադրբեջանի ակնհայտ գերակայությունը, շատ բարդ էր մեծածավալ ցամաքային ուժերի ներգրավումը ռազմաճակատում ընթացող գործողություններում։ Նման փորձեր եղան պատերազմի առաջին օրերին և ավարտվեցին ծանրագույն կորուստներով», — նշում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ այս պատերազմի հանգուցալուծումը կանխորոշված էր մինչև դրա սկիզբը։ Ասում է՝ եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը պատշաճ կերպով պատրաստվեր՝ հետախուզություն տրամադրած տվյալների հիման վրա, ըստ էության, կարող էր անգամ կանխել Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու մտադրությունը։ Եթե, օրինակ, Հայաստանից 2 մեծածավալ զորախումբ նախապես տեղակայվեր Լեռնային Ղարաբաղում, և այնտեղ մշտապես տեղակայված 20-25 հազարանոց զորախումբը դառնար 40-45 հազար։ Ներսիսյանի համոզմամբ՝ դա զգալիորեն կփոխեր պատերազմի մեկնարկային պայմանները։
Ռուսլան Պուխովի կարծիքով ևս՝ պարտության մեջ որոշիչ դեր է ունեցել պատերազմին հայկական կողմի անպատրաստ լինելու հանգամանքը․
«Բայրաքթարների և անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ միֆականացված պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում։ Իհարկե, դրանք լուրջ ազդեցություն ունեցան Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակի գործում, սակայն դրանք որոշիչ չէին։ Մի շարք հարցերի պատասխաններ դեռ պետք է տրվեն, երբ բացվեն որոշակի արխիվներ։ Բայց արդեն հիմա ակնհայտ է, որ ֆինանսական, ժողովրդագրական, ռազմական կարողությունների դիսբալանսից բացի, հայերը պատժվել են իրենց կործանարար ինքնավստահության համար։
Այն միֆը, որ հայերը ստեղծել էին իրենց համար [սեփական ռազմական առավելությունների մասին]՝ հիմնվելով առաջին պատերազմի արդյունքների վրա, կործանարար եղավ նրանց համար։ Ի դեպ, նույն միֆերին մասնակիորեն հավատացել էին նաև ադրբեջանցիները։ Բայց դա աշխատեց հօգուտ նրանց․ նրանք շատ լուրջ էին պատրաստվել, և, չնայած լրջագույն կորուստներին, կարողացան հաղթել հայերին»։
Ինչո՞ւ լռեցին գերտերությունները
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ թուրք–ադրբեջանական քաղաքական տանդեմը իր նպատակներին հասնելու համար վճռորոշ և ճիշտ ժամանակ էր ընտրել՝ հաշվի առնելով գերտերությունների քաղաքական խնդիրները․
«Կարծում եմ, հայկական կողմի անպատրաստության մեջ տեղ ուներ նաև հույսը, որ գերտերությունները, ամեն դեպքում, կմիջամտեն գործընթացներին։ Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր։ Ոչ մի խոշոր խաղացող այդ պահին մեզ անդրադառնալու ժամանակ չուներ։
ԱՄՆ–ում նախագահական որոշիչ ընտրություններ էին, Եվրոպայում՝ Բրեքսիթ, Եվրոպական միությունում՝ կառավարման ճգնաժամ, ՆԱՏՕ–ում լրջագույն խնդիրներ Բրյուսելի և Թուրքիայի միջև։ Առկա էին նաև բելառուսական ճգնաժամը, ռուս–ուկրաինական չմարող հակասությունը, Հյուսիսային հոսքի հետ կապված ճգնաժամը։ Այս ամենին գումարվեց նաև Քովիդ-19 համավարակը և դրա քաղաքական հետևանքները։ Ալիևն ու Էրդողանը պատերազմի համար կատարյալ պահ որսացին»։
Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունը
Աշխատության համահեղինակ, միջազգային և թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ Քերիմ Խասը համարում է, որ պատերազմում որոշիչ էր Թուրքիայի անմիջական մասնակցությունը․
«Թուրքիան ավելի լավ էր պատրաստվել այս պատերազմին, քան Ադրբեջանը։ Սա Թուրքիայի արտաքին քաղաքական ներկայացվածության մեծացման հերթական դրսևորումն էր, ինչպիսին տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, Ուկրաինայում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է Թուրքիան փորձարկում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ունեցած «կարմիր գծերը»։
Առաջին անգամ էր, որ Թուրքիան այսքան ակնհայտ իր ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխեց հետխորհրդային տարածք։ Դրա համար հիմք հանդիսացան ոչ միայն թուրք–ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունները, այլև երկու երկրների ղեկավարների անձնական և տնտեսական հարաբերությունները»։
Խասի կարծիքով՝ թուրք–ադրբեջանական գործակցության հիմնական նպատակը Ռուսաստանի ամբիցիաների սահմանափակումն էր Ղարաբաղում, և դրան մասնակիորեն հաջողվեց հասնել․
«Պատերազմի ելքի վրա լուրջ ազդեցություն ունեցավ ոչ միայն Թուրքիայի մասնակցությունը, այլև՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրված որոշակի «կանաչ լույսը»։ Ռուսաստանն ուղղակի չցանկացավ ռիսկի տակ դնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները՝ այլ տեղերում։ Դրա ապացույցը Աղդամի տարածքում ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կետի տեղակայումն էր, որը, իրականում, զուտ սիմվոլիկ բնույթ է կրում»։
Համաշխարհային նոր պատերա՞զմ
Աշխատության համահեղինակ, Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի կարծիքով՝ Ղարաբաղյան վերջին պատերազմը պետք է դիտարկել լայնամասշտաբ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում․
«Այս պատերազմը դադարեց լինել տեղային կոնֆլիկտ․ այն վերածվեց փոքրամասշտաբ համաշխարհային պատերազմի։ Համաշխարհային պատերազմները հենց այսպես էլ սկսվում են։ Մենք ապրում ենք ժամանակներում, երբ տեղի է ունենում Ամերիկյան հեգեմոնիայի տապալում։ Այո, այն շարունակում է հզոր խաղացող լինել, ինչպես և Ռուսաստանը, բայց այս երկրներն այլևս չունեն աշխարհում այն ազդեցությունը, ինչ ունեին 30 տարի առաջ։
Այս փոքր Ղարաբաղյան հակամարտությամբ աշխարհի քաղաքական թատերաբեմ են վերադառնում երբեմնի մեծ խաղացողները, ինչպիսին է, օրինակ, Օսմանյան կայսրությունը՝ ի դեմս Թուրքիայի։ Ի դեպ, նույն Ղարաբաղյան հակամարտությունից 35 տարի առաջ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը։ Հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ փոքրիկ Ղարաբաղը աշխարհի պայթյունավտանգ կետերից մեկն է, և այդպիսին էլ կմնա»։
Աշխատության հեղինակների համար գլխավոր հարցերից մնում է այն, թե ինչո՞ւ 44 օր տևած պատերազմը ավարտվեց Շուշիի անկմամբ։
«Ես կարծում եմ, որ հենց այդ օրը տեղի ունեցավ ինչ–որ բան, որն անմիջականորեն կապված չէ Հայաստանի քաղաքական իշխանությունների կամ արևմուտքի հետ, սակայն այն ստիպեց Ադրբեջանին կանգ առնել։ Չեմ կարող ասել՝ դա ներքին թուլության նշա՞ն էր, թե՞ Ռուսաստանի միջամտության։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ Շուշիի գրավմամբ և ռուսական ուղղաթիռի խոցմամբ [Ադրբեջանի կողմից] ավարտվեց պատերազմը։
Այն դեպքում, երբ ռազմական փորձագետները պնդում են, որ Շուշիի գրավումը երկու կողմերի համար էլ հավասարաչափ հյուծիչ էր, իսկ ռուսական ուղղաթիռի խոցումը չէր կարող պատահականություն լինել։ Սա նշանակում է, որ ինչ–որ միջամտություն, այնուամենայնիվ եղել է, ինչի արդյունքում մենք ականատես եղանք կիսատ պարտության և կիսատ հաղթանակի։ Եվ դա նշանակում է, որ սա պատերազմի միայն երկրորդ արարն էր։ Հիմնական հարցը մնում է բաց՝ կտեսնե՞նք արդյոք դրա երրորդ արարը», — ասում է Գեորգի Դերլուգյանը։
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը առաջիկայում փոքր է, սակայն պատերազմն ավարտված չէ․
«Համոզված եմ, որ հակամարտության վերջնական կարգավորման ականատեսը՝ ես, գոնե, չեմ լինի։ Գուցե ավելի երիտասարդները կտեսնեն։ Ինձ համար ակնհայտ է, որ այս պատերազմից հետևություններ պետք է անեն ոչ միայն հայերը, ոչ միայն Ռուսաստանը, այլև Ռւսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և այլն։
Իրավիճակը նոր ձևակերպում է ստանալու, և այդ գործընթացը բավականին երկարատև է լինելու։ Այդ նոր իրավիճակը զարգանալու է տարբեր կերպ տարբեր երկրներում։ Այն շատ հեռու է ստատուս–քվո լինելուց»։
Ռուսլան Պուխովը համարում է, որ եկել է դասեր քաղելու և ճշմարտության աչքերին ուղիղ նայելու ժամանակը․
«Ինձ համար իրավիճակն առավել, քան հստակ է․ Թուրքիայի դաշնակիցը հաղթել է, Ռուսաստանի դաշնակիցը՝ պարտվել։ Հետևաբար՝ պարտվել է նաև Ռուսաստանը։ Հուսանք, որ Ռուսաստանը այս պատերազմից կանի այն եզրակացությունը, ինչ արեց Հայաստանը՝ դրա համար չափազանց թանկ գին վճարելով։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ հետխորհրդային տարածքում կորցրել է ռազմական հեգեմոնի դիրքը։
Բացի այդ, հայ հասարակությունը պետք է հավաքի արյունոտ փսլինքները, դադարի բոլորին մեղադրել իր անհաջողությունների մեջ և սխալների ուղղում կատարի։ Նույնը պետք է անի նաև Մոսկվան»։
Իսկ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն արձանագրում է, որ Հայաստանը պատերազմից հետևություններ չի արել, ինչը ավելի մեծ կորուստների կարող է հանգեցնել․
«Գրեթե մեկ տարի ոչինչ չի արվել՝ հայկական զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։ Ըստ էության, Հայաստանն ընդամենը 3 տարի ունի՝ բարեփոխումների և վերականգնման համար։ Սակայն, եթե գործընթացները շարունակվեն նույն տեմպով, Հայաստանի թուլությունը շատ զորեղ խաղաթուղթ կդառնա Ադրբեջանի ձեռքում՝ ՌԴ ռազմական մանդատի գործողության ժամկետները չերկարաձգելու և հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրության համար [ռուս խաղաղապահների մանդատն ավարտվում է 2025 թվականին — JAMnews]»։
Գեորգի Դերլուգյանը համարում է, որ 44–օրյա պատերազմով հակամարտությունը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի է սրվել․
«Ադրբեջանն, ըստ էության, չի կատարել իր առջև դրված խնդիրները։ Աշխարհաքաղաքական իմաստով մենք հիմա շարժվում ենք դեպի նոր անհայտություն։ Ղարաբաղյան հակամարտությունը մեծ աշխարհաքաղաքական հակամարտության մի մասն է միայն՝ մի շարք անհայտներով։
Ինձ համար ակնհայտ է, որ հակամարտության մեջ այս կամ այն կերպ ներգրավված բոլոր պետությունները առաջիկա 5-7 տարիներին ստիպված են լինելու անցնել մի քանի քաղաքական–տնտեսական անցումային փուլերով կամ ցնցումներով։ Փոխվելու են իշխանություններ, քաղաքական ծրագրեր, փորձեր են լինելու կանխել այդ փոփոխությունները՝ հեղափոխությունների և հակահեղափոխությունների տեսքով։ Հակամարտության հանգուցալուծումը կանխատեսելը գրեթե անհնար է, սակայն ակնհայտ է, որ սա վերջը չէ»։