Վրաստանի նախագահի հարցազրույցը BBC-ին. ռուսական սպառնալիքի մասին և ոչ միայն
Սալոմե Զուրաբիշվիլիի հարցազրույցը BBC-ին
«Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է զգուշանանք Ուկրաինայում Պուտինի հաջողությունից։ Բայց չեմ կարծում, թե դա նրան կհաջողվի։ Այո, նա դեռ չի պարտվել ռազմական տեսանկյունից, բայց հաղթող էլ չէ»,— BBC-ի HARDtalk հաղորդման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա խուսափել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին հարցին պատասխանելուց, սակայն նշել, որ ընդունում է նրա արտահանձնման հնարավորությունը։ Համաձայնել է դիտարկմանը, թե կա հավանականություն, որ ուկրաինական պատերազմի ֆոնին Աբխազիայում ռուսական ռազմաբազայի ստեղծումը պատերազմի մեջ կներքաշի նաև Վրաստանը։
Փետրվարի 27-ին Սալոմե Զուրաբիշվիլին այցով ժամանել է Լոնդոն, որտեղ փետրվարի 28-ին մասնակցել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի կազմակերպած միջոցառմանը։
Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը բրիտանական վերլուծական կենտրոն է, որի նպատակն է խթանել միջազգային հիմնական խնդիրների և ընթացիկ իրադարձությունների վերլուծությունն ու ըմբռնումը:
Միջոցառումից առաջ Զուրաբիշվիլին Sky News-ին տված հարցազրույցում նշել է, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ և հավելել, որ Վրաստանից շատ ավելի ուժեղ այլ երկրների փորձից հայտնի է, թե «Ռուսաստանն ինչպես կարող է միջամտել ընտրություններին և սկսել հիբրիդային պատերազմ»:
Ռուսական սպառնալիքի մասին
«Ռուսաստանն առնվազն երեք անգամ ներխուժել է Վրաստան։ Խոսքը անջատողականության մասին չէ, այլ ուղղակի օկուպացիայի, մեր տարածքում ռուսական ռազմակայանների մասին։ Այն, ինչ Ռուսաստանը հիմա փորձում է անել և շարունակելու է անել, հիբրիդային պատերազմն է, որն արդեն իսկ մեկնարկել է։ Նա քարոզչության միջոցով փորձում է հաղթել և ապակայունացնել իրավիճակը։
Այսօր օկուպացված տարածքներում ևս մեկ մարդ է առևանգվել։ Դա անընդհատ է տեղի ունենում, նրանք պատանդ են վերցնում։ Այսպիսով, Ռուսաստանը մշտապես փորձում է ապակայունացնել Վրաստանը։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ մենք այս իրավիճակում մի փոքր ավելի արդյունավետ ենք գործում, քան մյուս երկրները, քանի որ Վրաստանը փորձ ունի»,— ասել է Զուրաբիշվիլին։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Ռուսաստանն ուզում է վերահսկողություն ստանալ Վրաստանի նկատմամբ, նախագահը պատասխանել է՝ ասելով, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել ոչ միայն Վրաստանը, այլև Եվրոպայի մի մասը.
«ՌԴ-ն ունի հին հավակնություններ և կայսերական պետություն մնալու ձգտում, բայց արդյո՞ք մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ է ուզում Ռուսաստանը, թե՞՝ ինչ ենք մենք ուզում»:
- Ո՞վ է Վրաստանի նոր վարչապետը. փաստեր Իրակլի Կոբախիձեի մասին
- Աբխազիայի նախագահ. «Վրաստանի ղեկավարությունը պետք է ընդունի ստեղծված իրականությունը»
- Նավալնիի փոխանակում Վրաստանի քաղաքացուն սպանողի հետ. ի՞նչ է հայտնի այս պլանի մասին
Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին
«Որքանո՞վ հնարավոր կլինի երկրում արդար ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է»,— հարցրել են Զուրաբիշվիլիին։
Ի պատասխան նա ասել է, որ «ազատ և արդար ընտրությունները կախված չեն նրանից, թե որտեղ կհայտնվի Սաակաշվիլին»: Նրա խոսքով՝ Սաակաշվիլին բանտարկված քաղաքական հակառակորդ չէ, այլ բանտում է գտնվում իրական հանցագործությունների համար։
Զուրաբիշվիլին չի պատասխանել Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հնարավորության մասին հարցին, թեև նշել է, որ երկրի հեղինակության համար ավելի լավ կլիներ, եթե Սաակաշվիլին «այլ տեղում լիներ»։ Նա օրինակներ է բերել այլ երկրների, որտեղ նմանատիպ խնդիրներ են լուծվել, և որպես այդպիսի լուծումներից մեկը մատնանշել Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինային, որի քաղաքացի էլ նա հանդիսանում է։
«Իմ կողմից ես միայն մեկ հնարավորություն ունեմ, որը երբեք չեմ մեկնաբանում երկրից դուրս և հազվադեպ եմ մեկնաբանում երկրի ներսում, քանի որ կան շատ այլ մարդիկ, որոնք սպասում են ներման, և եթե սկսեք բացատրել կամ հիմնավորել, դա կլինի շատ անարդարացի այդ մարդկանց նկատմամբ:
Այնպես որ, ես չեմ մեկնաբանի: Դա բարոյական որոշում է, որը ես ինքնուրույն կկայացնեմ, և միայն ես պատասխանատ կլինեմ դրա համար։ Եվ դա այն չէ, ինչի վրա կարող են ազդել արտաքին կամ ներքին ճնշումները»,— հայտարարել է նախագահը։
Աբխազիայում ռուսական բազայի մասին
Հարցին, թե ուկրաինական պատերազմի ֆոնին Աբխազիայի նավահանգստում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կարո՞ղ է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, նախագահը պատասխանել է՝ դա հնարավոր է։
«Այժմ այդ նախագիծը ռուսական քարոզչության մաս է։ ՊԱԿ-ի հին գործակալ Պուտինը իրականում ավելի շատ հոգեբանական պատերազմ է վարում: Բայց այն, ինչ տեղի է ունենում այս նավահանգստի հետ, շատ կարևոր է, և եվրոպացիները պետք է դա հասկանան, քանի որ Սև ծովն է վտանգի տակ։ Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը վերահսկի Սև ծովի այդ հատվածը»,— զգուշացնում է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ այդ դեպքում վտանգված կլինեն Սև ծովի ռազմավարական տրանսպորտային ուղիների հետ կապված ԵՄ ապագա նախագծերը։
«Մենք պետք է արձագանքենք հիմա, չպետք է սպասենք օկուպացված Աբխազիայում նավահանգստի կառուցմանն ու շահագործմանը։ Ռուսաստանը պետք է տեսնի, որ ԵՄ-ն Սև ծովը համարում է դե ֆակտո եվրոպական ծով, որտեղ Եվրոպան իրավունք ունի ներկա լինել»,— ասել է Զուրաբիշվիլին։