Պուտինի ինչի՞ն է պետք անձեռնմխելիությունը․ Ռուսաստանում ուզում են նախկին նախագահների իմունիտետի մասին օրենքներ ընդունել
Ռուսաստանում անսպասելիորեն օրինագծեր են նախապատրաստել, որոնք երաշխավորում են երկրի նախկին նախագահների անձեռնմխելիությունը։ Այս նախաձեռնությունը տարօրինակ է այն բանի ֆոնին, որ պետության գործող նախագահ Վլադիմիր Պուտինին ոչինչ չի խանգարում երկիրը կառավարել դեռ երկար տարիներ։ Միաժամանակ մամուլում չհաստատված լուրեր են պտտվում Պուտինի ծանր հիվանդության մասին։
Նախորդ շաբաթ Ռուսաստանի խորհրդարանում ՌԴ նախկին նախագահի կարգավիճակին և իրավունքներին վերաբերող երկու օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծեր են ներառվել։
Մի դեպքում դա օրենք է, որն ապահովում է երկրի նախագահի անձեռնմխելիությունն այդ պաշտոնից հեռանալուց հետո։ Այժմ Ռուսաստանի նախկին նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել երբևէ կատարած իր հանցագործությունների համար՝ ոչ իր ընտրվելուց առաջ, ոչ պաշտոնավարման ընթացքում, ոչ էլ հեռանալուց հետո։
Երկրորդ դեպքում օրենքի լրացումները Վլադիմիր Պուտինին թույլ են տալիս ցմահ տեղ զբաղեցնել խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում։ Եվ այս պաշտոնը նույնպես նրան քրեական հետապնդումից անձեռնմխելիություն է ապահովում։
- Քվեարկություն մեքենայի թափքում, ինքնաթափի մեջ, անտառի կոճղի վրա։ Պուտինը շարժվեց դեպի հավերժ իշխանություն։ Լուսանկարներ/տեսանյութ
- Ռուսաստան․ մեկուսացման շքերթ
«Պուտինի հիվանդությունը»․ ինչպե՞ս սկսեցին տարածվել լուրերը
Նոր օրենքը, որը Վլադիմիր Պուտինին ընդմիշտ ազատում է այն ամենից, ինչ նա արել է անցյալում և կարող է անել ապագայում, առանձնահատուկ ուշադրություն է գրավում ռուս նախագահի ծանր բժշկական ախտորոշման մասին չհաստատված ասեկոսեների ֆոնին։
Միջազգային և ռուսական մեդիայում ակտիվորեն քննարկվում է այն նորությունը, որ Վլադիմիր Պուտինը Պարկինսոնի հիվանդությամբ է տառապում։ Այս առնչությամբ նրա հարազատները՝ դուստրեր Մարիան և Եկատերինան, ինչպես նաև եթադրյալ ներկայիս զուգընկեր Ալինա Կաբաևան, իբր պնդում են, որ նա շուտափույթ հեռանա Ռուսաստանի նախագահի պաշտոնից։
Այս տեղեկությունների միակ աղբյուրը բրիտանական The Sun տաբլոյիդն է։ Այս պարբերականը երբեք վստահելիի համբավ չի վայելել։ Սակայն հայտնի է, որ այն հաճախ են օգտագործում տարբեր քաղաքական ուժեր՝ տարբեր երկրներում այս կամ այն իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներին հանրային արձագանքը ստուգելու համար։
The Sun-ի հրապարակած լուրն ամբողջությամբ հիմնված է ռուս քաղաքագետ Վալերի Սոլովեյի հայտարարության վրա։ Նա նույնպես ծայրահեղ կասկածելի համբավ ունի․ նրա գրեթե ոչ մի տարօրինակ կանխատեսում չի իրականանում։ Օրինակ՝ Սոլովեյը 2012-ին արդեն կանխատեսել է Պուտինի հեռանալը՝ 2020 թ-ի մարտից ոչ ուշ։
Այսպիսով, այս տեղեկությունը կարելի կլիներ անտեսել որպես կեղծ, եթե չլինեին օրենքի անսպասելի լրամշակումները։
Պուտինի ինչի՞ն են պետք երաշխիքները
Ինչո՞ւ է անհրաժեշտ նման կրկնակի երաշխիքը։ Եվ ի՞նչ մեղադրանքներից կարող է վախենալ Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի ռուսական քաղաքական ավանդույթը․ երկրի յուրաքանչյուր հաջորդ ղեկավար ամրապնդում է իր հեղինակությունն այն բանի հաշվին, որ արժեզրկում է իր նախորդի արած ամեն ինչը։ Եվ դա անելիս որևէ մեթոդից չի խորշում։
Ռուսաստանի ներկայիս նախագահը ճիշտ այդպես է վարվել Բորիս Ելցինի և նրա ժառանգության հետ։
Եթե և երբ Ռուսաստանում իշխանափոխություն տեղի ունենա, ի՞նչ մեղադրանքներ կարող է Պուտինին առաջադրել նրան փոխարինողը։
Ցանկը բավականին երկար է․
- Իշխանության բռնազավթում․ մարզպետներին և քաղաքապետներին լիազորություններից հետևողականորեն զրկում հօգուտ կենտրոնական իշխանության։
- Սեփականության զավթում։ Ամենահայտնի օրինակը ՅՈՒԿՕՍ խոշորագույն նավթային ընկերության սեփականազրկումն ու դրա սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու 10 տարով ազատազրկումն է։
- Մասնակցություն քաղաքական սպանություններին։ Խոսքը Պուտինի այնպիսի հայտնի քննադատների մասին է, ինչպիսիք էին Բորիս Նեմցովը, լրագրող Աննա Պոլիտկովսկայան, իրավապաշտպան Նատալյա Էստեիրովան։
- Ագրեսիա այլ պետությունների նկատմամբ և օտար տարածքների բռնակցում։ Դա, նախևառաջ, Ղրիմն է ու Դոնբասը։
- Համակարգային կոռուպցիա և ապօրինի հարստացում։ Պուտինի կառավարման ժամանակահատվածում նրա նվազագույնը տասն ընկերները դոլարային միլիարդատեր են դարձել։
Ահա առաջատար ռուս անկախ քաղաքագետ Կիրիլ Ռոգովի կարծիքը․
— Վլադիմիր Պուտինն, իրոք, շատ առողջ չի երևում, նրա ծերացումը շատ ակնառու է (ինչը կենսաբանորեն նորմալ է), վաղուց է նկատվում դիրքերի որոշակի անբնականությունը, որը նա ունենում է ելույթների ժամանակ։
Պուտինի անձեռնմխելիության մասին օրինագիծն ակնհայտորեն ուղղված է այն բանի դեմ, որ «նախորդի» նկատմամբ հաշվեհարդարը շինծու քրեական գործերի օգնությամբ կանխվի, ինչի վրա էլ այսօր գրեթե ամբողջությամբ հիմնված է Պուտինի իշխանությունը։
Սակայն կարևորը հետևյալն է․ այս օրինագիծն իրոք չափազանց հստակ է, քաղաքականորեն հուզական և իրավաբանորեն անիմաստ։ Այդ պատճառով էլ համընկնում է Պուտինի «հիվանդության» մասին նորության հետ, որն իբր նրան շուտով կստիպի լքել պաշտոնը։ Այս երկու նորությունները միասին կուտակային էֆեկտ են ստեղծում և ստիպում լրջորեն մտածել շուտափույթ հեռանալու վարկածի մասին։
Ցմահ անձեռնմխելիությունը, որը երաշխավորում է նոր օրենքը, տարածվում է վերջին 20 տարում Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած երկու անձանց՝ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի վրա։
Մեղադրանքների ցանկում, որոք նրանց տեսականորեն կարող էին առաջադրվել, Վրաստանի դեմ 2008 թ-ի սանձազերծած պատերազմն է։ Վլադիմիր Պուտինն այն ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում և պատասխանատվության իր բաժինն ունի։