«Թող գան տեսնեն՝ ինչ հակակրանք են վայելում»․ ՀՀ-ում անցանկալի անձանց մասին
Ռուսաստանցի գործիչները՝ անցանկալի անձ ՀՀ-ում
«Ինքս կողմնակից չեմ այսպիսի սահմանափակումների։ Անձինք, ինչպիսիք են Մարգարիտա Սիմոնյանն ու Արամ Գաբրիելյանովը, պետք է գան Հայաստան և տեսնեն, թե ինչ հակակրանք են վայելում հասարակության մեծամասնության կողմից իրենց տխրահռչակ արտահայտությունների, անհեթեթ մեղադրանքների և պիտակավորումների համար»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Անցանկալի անձ» ճանաչված ռուսաստանաբնակ մեդիագործիչների բառապաշարն ու պահվածքն, ըստ նրա, խոսում է այն մասին, որ «իրենց էությամբ լկտի են», չեն կարողանում մտքերն ու կարծիքներն արտահայտել քաղաքակիրթ ձևով։
Հայաստանի վարչապետը նախօրեին իր ասուլիսի ժամանակ ասել էր, որ «անցանկալի անձ» հայտարարված ռուսաստանցիները «պարտավոր են ունենալ հարգանք Հայաստանի, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ»։ Մարգարիտա Սիմոնյանն ու Արամ Գաբրիելյանովն ի պատասխան Փաշինյանին անվանել են «թուրք», «էֆենդի», «դավաճան», խոսել Հայաստանի իշխանությունների նկատմամբ «նողկանքի» առկայության մասին և նշել, որ դեռ պետք է վաստակել այդ «անհարգալից վերաբերմունքը»։
Օրերս ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին չէին թույլատրել մուտք գործել Հայաստան։ Ավելի վաղ՝ 2022 թ․-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ արգելված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը երկիր։
Վերջերս թեմային անդրադարձել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովը նշել էր, որ բացասական է վերաբերվում նման որոշումներին, և հույս հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից։
Անցանկալի անձանց շարքերում կան նաև ոչ ռուսաստանաբնակ հայեր, որոնք «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչներ են։ Մինչ օրս հաղորդվել է առնվազն չորս նման անձի մասին։
Վարչապետի հայտարարությունը, «անցանկալի անձանց» արձագանքները, նաև մեկնաբանություն Երևանից
«Պարտավոր են հարգանք ունենալ Հայաստանի նկատմամբ»․ Փաշինյան
Մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը պատասխանել էր Հայաստանում որոշ ռուսասատանցի գործիչների «անցանկալի անձ» հայտարարվելու պատճառների մասին հարցին։ Նա շեշտել էր, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի գործիքակազմ կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար, իսկ նշված անձինք «պարտավոր են ունենալ հարգանք Հայաստանի, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ»։
«Եթե իրենք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների հանդեպ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի»,– հայտարարել էր Փաշինյանը։
Ռուսական «Սպուտնիկ» գործակալության լրագրողի դիտարկմանը, թե «անցանկալի անձ» հայտարարվածները «բավականին հայամետ» են՝ արձագանքել էր․ «Եթե որևէ մեկն ասում է՝ Հայաստանը միջանցք է խոստացել, թող տա ․․․»։ Հիշեցրել էր նաև՝ «անցանկալի անձ» ճանաչելու վերաբերյալ որոշումները կայացնում են համապատասխան պետական մարմինները՝ երկրի օրենսդրությանը համապատասխան։
«Որևէ միջանցքի մասին երբեք չեմ խոսել». Մարգարիտա Սիմոնյան
«Որևէ միջանցքի մասին ես երբեք որևէ բան չեմ ասել, այլ խոսել և խոսելու եմ անձամբ Փաշինյանի մասին, որ նա դավաճանել է հայ ժողովրդին, որ դավաճանել է հայկական բոլոր շահերին ու վաճառել դրանք, և կվաճառի ու կդավաճանի այն, ինչը դեռ չի կարողացել, որ նա ատում է Ռուսաստանն ու խաբում Պուտինին»,- Փաշինյանի հայտարարությանն այսպես է արձագանքել Մարգարիտա Սիմոնյանը։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը նշել է, որ հենց այդ խոսքերի համար է իր մուտքն արգելվել, բայց չէր էլ պատրաստվում Հայաստան գալ ներկայիս իշխանությունների օրոք։ «Անհարգալից վերաբերմունքի համար» ձևակերպումն, ըստ նրա, շփոթեցնող է, քանի որ նման վերաբերմունք «դեռ պետք է վաստակել»։
«Այսպես փոխեք ձեր ձևակերպումը. «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար»,- ընդգծել է նա։
«Էֆենդի Նիկոլը պետք է պատասխան տա»․ Գաբրիելյանով
Հայաստան մուտքի արգելքի մասին օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել նաև ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը։ Նա նշել էր, որ դատի է տալու ՀՀ կառավարությանն ու ստիպելու է թույլատրել իր մուտքը երկիր։ Իր խոսքով, «ուժայիններն իզուր չեն երկրի ղեկավարին թուրք Նիկոլ» անվանում և հավելել, որ «անօթևանները չեն կարող իրեն զրկել հայրենիքից»։
Երեկ նա մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ դատարանում իր շահերը ներկայացնելու է «Հայաստանում հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանի» [ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորի] գրասենյակը։ Նրա փոխանցմամբ՝ Հայաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ հայցը Հայաստանի իշխանությունների դեմ է, բայց կա ևս մեկ հայց․
«Երկրորդ հայցն անձամբ Փաշինյանի դեմ է։ Եթե նա չապացուցի, որ ես երբևէ պահանջել եմ Հայաստանում զանգեզուրյան միջանցք ստեղծել, ապա էֆենդի [պարոն բառի համարժեքը Թուրքիայում] Նիկոլը պետք է պատասխան տա»։
Արամ Գաբրիելյանովը նշել է, որ դատարանով կապուցուցի՝ «Նիկոլը եղել ու մնում է խաբեբա»։ Լրագրողը հայտարարում է, թե Հայաստանի բնակչության 80 տոկոսից ավելին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ընտրված վարչապետի հանդեպ, հարցնում է՝ իշխանությունները նրանց էլ չե՞ն թողնելու մուտք գործել իրենց հայրենիք։
«Հրապարակավ իշխանություններին հայհոյել չի կարելի։ Ուրախ եմ, որ Նիկոլը տիրապետում է թուրք դերվիշների գործելակերպին և կարողանում է կարդալ հայերի մտքերը»,- գրել է նա։
Մեկնաբանություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է՝ «անցանկալի անձ» հայտարարված Սիմոնյանը, Գաբրիելյանովը և մյուսները «ռուսական պրոպագանդայի կողմից օգտագործվում են որպես Հայաստանի դեմ հակաքարոզչության գլխավոր գործող անձինք»։
Կարծում է՝ պետք չէր նրանց մուտքը Հայաստան արգելել, պետք էր թույլ տալ, որ գան ու լսեն՝ ինչ են մտածում իրենց մասին մարդիկ։
Փորձագետի դիտարկմամբ՝ Մարգարիտա Սիմոնյանը վաղուց է դադարել լրագրող լինել, նա «կրեմլյան քարոզիչ» է, «պուտինյան ռեժիմի պնակալեզ», որը Կրեմլի կողմից սիրելի լինելու համար պատրաստ է ինչ պիտակավորումներ ասես կիրառել Հայաստանի և երկրի իշխանությունների հասցեին։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «անցանկալի անձ» հայտարարվածները խոսում են այն բառապաշարով, որն օգտագործում է հայաստանյան ընդդիմությունը․
«Որոշ դեպքերում սկսում են ժողովրդի անունից խոսել, իբր, Փաշինյանը ժողովրդի «դավաճան» է և այլն, դա այն կոնտենտն է, որն արդեն հոգնել ենք լսել արմատական ընդդիմությունից, որն էլ մեծ հաշվով Կրեմլի 5-րդ շարասյունն է Հայաստանում»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի բնորոշմամբ՝ այս մեդիագործիչները Հայաստանում գործող 5-րդ շարասյան շահերը սպասարկող ռուսաստանյան գործակալներ են։
Մելիքյանի փոխանցմամբ՝ խոսքին խոսքով էր պետք պատասխանել, ոչ արգելքով։ Մյուս կողմից նկատում է՝ նման հայտարարություններին պետք է արձագանքեն ոչ միայն իշխանությունները, այլև հայաստանյան ԶԼՄ-ները։
«Այն լրատվամիջոցները, որոնք իրենց որակյալ են համարում, սպասարկում են երկրի հանրային շահերը, ոչ թե նեղ քաղաքական, պետք է արձագանքեն այդպիսի արտահայտություններին և տեղը դնեն դրանց հեղինակներին»,- նշել է փորձագետը։
Ասում է՝ հանրությունն այս թեմաներին ուշադրություն չի դարձնում, քանի որ տեղական ԶԼՄ-ներն էլ արհամարհում են այդ մարդկանց։
Նրա կարծիքով՝ պետք է անդրադառնալ «անցանկալի անձ» հայտարարվածներին, հարցնել տեսակետներ այդ մարդկանց մասին։ Ըստ նրա՝ գովեստով կարտահայտվի միայն ՀՀ-ում գործող կրեմլյան շարասյունը, ինչը «կանխատեսելի է»։
«Իհարկե կլսեն խիստ քննադատական վերաբերմունք, եթե չասեմ՝ հակակրանք և նույնիսկ նողկանք բոլոր այդ՝ հայերին պաշտպանող ձևացող մարդկանց հասցեին, որոնք ռուսաստանյան եթերներից կեղտ են լցնում Հայաստանի և հայ ժողովրդի վրա»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսաստանցի գործիչները՝ անցանկալի անձ ՀՀ-ում