«Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք
Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Փորձագետները կարծում են, որ դրա ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չկան։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հակված են պայմանագրի ստորագրմանը մինչև տարեվերջ, և որ իրենց համար ընդունելի են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման «ռուսական նախագծի մոտեցումները»։
Այդ մասին պաշտոնական հայտարարությունից հետո հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացավ Փաշինյան—Պուտին—Ալիև հանդիպումը։ Արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, սակայն տեքստում չկային հայ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Պուտինը խոստովանել է, որ «որոշ բաներ ստիպված են եղել հանել» տեքստի նախնական տարբերակից, չլուծված հարցերի շուրջ աշխատանքը կշարունակվի ոչ հրապարակային պայմաններում։
Կարծիք կա, որ Երևան-Մոսկվա-Բաքու բանակցային ձևաչափը Հայաստանի համար ոչ միայն պարտվողական է, այլև վտանգավոր, անհրաժեշտ է հրատապ կերպով փոխել արտաքին քաղաքական կուրսը և ռազմավարական հարաբերություններ կառուցել անմիջապես ԱՄՆ-ի հետ։ Եթե մինչև վերջերս քչերն էին այդպես մտածում, ապա այժմ ավելի ու ավելի շատ փորձագետներ են հակված այս կարծիքին։
Մեկնաբանություն Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսի և Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին
- Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն Թբիլիսիում
- «Ինչ կլինի հետո, կյանքը ցույց կտա». Իլհամ Ալիևը՝ Հայաստանի հետ բանակցային գործընթացի մասին
- «Անուղղակի սպառնալիքնե՞ր». Մոսկվայի ուղերձները եռակողմ հանդիպումից առաջ
- «Մենք բոլորս հայրենիքը պաշտպանող զինվոր ենք»․ գործարարը, որը դարձավ պետնախարար
Լիլիթ Գրիգորյան, ԱՊՀ հարցերով փորձագետ (Լոնդոն)
Իշխանությունները չեն կարող դեմ գնալ Մոսկվային
«Հաշվի առնելով, որ հայկական կողմը գրեթե բոլոր հարցերում Ադրբեջանին միակողմանի զիջել է, այս պայմանագրի ստորագրումը իսկապես հավանական է։ Ներքաղաքական կազմակերպված դիմադրություն առանձնապես չկա Հայաստանում։ Թեև բնակչության մեծամասնությունը դեմ է ընտրված ուղուն, այն համարում է պարտվողական և վտանգավոր։ Հայաստանի քաղաքական վերնախավը վաղուց չի ներկայացնում բնակչության մեծ մասին։ Ինքնաբուխ ակցիան Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե ինքը մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, նույն ընդդիմության համար վերածվեց ֆիասկոյի՝ նրա անկազմակերպվածության պատճառով։
Հայկական քաղաքական վերնախավը որևէ ցանկություն չունի դեմ գնալ այս գործընթացին, քանի որ դա նշանակում է դեմ գնալ նաև Ռուսաստանին, պահանջներ դնել Մոսկվայի առաջ կամ փնտրել նոր գործընկերներ»։
Մոսկվան և Բաքուն հակամարտությունը փոխակերպում են դեպի Սյունիք
«Իբրև բանակցային տակտիկա Ադրբեջանը շարունակում է դնել առավելագույն պահանջներ, որպեսզի հետագայում ստեղծի տպավորություն, թե զիջումների է գնում։ Իսկ Փաշինյանը դա կօգտագործի ցույց տալու համար, թե, իբր, փոխզիջում եղավ։
Հիմա Ադրբեջանն ու Ռուսաստանը պնդում են, որ պայմանագրում ներառվի ՀՀ-ից տարանցիկ ճանապարհների առգրավումը և ռուսական Անվտանգության դաշնային ծառայության հսկողության տակ դնելը։
Եթե հայկական կողմը նախկինում առաջարկում էր բոլոր ճանապարհների բացում, որ հայաստանցիները կարողանան ադրբեջանական ճանապարհներից օգտվել, և հակառակը, ապա հիմա ադրբեջանցիներին միակողմանի ճանապարհ տրամադրելու պարտավորություն է իր վրա վերցնում։
Ի վերջո դրանց հսկողությունը կարող է անցնել ռուսական կողմին։ Սրա մասին վերջերս Սոչիում խոսեց նաև Փաշինյանը՝ հղում անելով 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Անկախ նրանից, թե ում (ռուսական/ադրբեջանական կամ հայկական) առաջարկները կընդունվեն, ամեն դեպքում, այս պայմանագրով ռուսներն ու ադրբեջանցիները հակամարտությունը փոխակեպում են դեպի Սյունիք։
Ռուսաստանը այս ռազմավարական առումով կարևոր շրջանում իր համար նոր ֆունկցիա է ձևավորում՝ հսկելով թե հայ- ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ, թե այն ճանապարհները, որ ադրբեջանցիները կօգտագործեն։
Իսկ ադրբեջանցիները, որ արդեն հստակորեն պահանջատիրական դիրք են որդեգրում Սյունիքի և Հայաստանի այլ շրջանների նկատմամբ, ապագայում հենց նույն «միջանցքների» անվտանգության ապահովման պատրվակով կարող են Հայաստանի հարավային շրջանների վրա համատեղ վերահսկողություն սահմանել՝ պայմանավորվելով ռուսական կողմի հետ։
Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան
Ռուսաստանի նոր մահակը
«Ամենակարևորը՝ ռուսական կողմն ունի նոր լծակ Հայաստանի վրա՝ ցանկացած անցանկալի քայլ հայ հանրության կողմից, ռազմավարական առումով կարևոր տարածքներ կարող են հայտվել ադրբեջանական հարվածի տակ կամ անցնել նրա վերահսկողությանը, ինչպես եղավ բոլորովին վերջերս՝ այս տարվա սեպտեմբերին։
Խաղաղության պայմանագրի ստորագրման միակ խոչընդոտն Ադրբեջանն է․ դեռևս չի ցանկանում ավարտել կոնֆլիկտը, ինչը երևում է ինչպես Հայաստանի տարածք սեպտեմբերյան ներխուժումից, այնպես էլ զորքերի արագ վերազինումից։
Հայաստանի քաղաքական վերնախավի խորը տկարությունը, հակազդելու կամ պայքարելու բացակայությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, հատկապես Իրանում, նոր հնարավորություններ կարող են ստեղծել Բաքվի համար։
Եթե հայկական քաղաքական վերնախավի մի մասը իրեն և հանրությանը դեռևս 90-ականներից համոզել է, թե Արցախի խնդիրը հայկական կողմի զիջումներով կլուծվի, և այդ դեպքում կունենանք խաղաղություն, ապա ադրբեջանական կողմն ունեցել է այլ պատկերացում ոչ միայն Արցախի, այլև բուն Հայաստանի վերաբերյալ։
Արցախի շարունակությունը Սյունիքն է, և այս նպատակը Բաքվին հիմա ավելի քան հասանելի է թվում։ Սա էլ մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը»։
Պայմանագիրը լեգիտիմ չէ
«Սա փոխզիջումային փաստաթուղթ չէ, այլ Ադրբեջանի կողմից ձևակերպված Հայաստանի հպատակեցման փաստաթուղթ, որը պարտադրվում է ուժի գործադրմամբ։
Սա արդեն «Պայմանագրերի մասին» միջազգային կոնվենցիայի խախտում է, որը անվավեր է ճանաչում սպառնալիքի տակ ստորագրված միջազգային փաստաթղթերը։
Այս պայմանագիրը հիմնվում է բացառապես 2020 թ․-ի նոյեմբերյան հայտարարության վրա, որը, ինչպես Ռուսաստանի նախագահն ասաց ուղիղ եթերում, ինքն անձամբ է կազմել։ Ավելին Ադրբեջանի նախագահը իր երախտագիտությունը հայտնեց՝ ասելով, որ «առանց Ռուսաստանի հնարավոր չէր լինի հայկական կողմի համաձայնությունը ստանալ»։
Ադրբեջանը ուժի գործադրմամբ լուծում է իր խնդիրները, ինչն արգելված է միջազգային իրավունքով։
Իրականում չկա արևմտյան, ռուսական կամ եվրոպական տարբերակ։ Կա, ըստ էության, մեկ փաստաթուղթ, որը կազմել է Բաքուն, իսկ հայկական կողմն ընդունել է այն։ Դա 2020 թ․-ի ագրեսիայի արդյունքների ամրագրումն է։
Այն սահմանում է նոր ռեգիոնալ իրականության, դուրս մղելով Մինսկի խմբին, ավելի ճիշտ՝ արևմտյան գործընկերներին, մի բան, որին Ադրբեջանն ու Ռուսաստանը վաղուց էին ձգտում հասնել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նպատակը իշխանությունը պահպանելն է
«Հայկական կողմն ուներ ընտրություն չընդունելու նման պարտադրանքը, բայց դա նշանակում է, որ Փաշինյանի թիմը խնդիրներ կունենար Ռուսաստանի հետ՝ իր իշխանության պահպանման առումով։ Նման պարտադրանքին դիմակայելու համար Փաշինյանին պետք էին նոր դաշնակիցներ, որոնք կկարողանային զսպել ռուսական և ադրբեջանական ճնշումները։
Հայաստանի իշխանությունները պետք է ռազմավարական ծրագիր մշակեին ու քաղաքական լուրջ հաշվարկ անեին։ Փոխարենը Փաշինյանը ընտրեց ադրբեջանա-ռուսական ծրագիրը՝ փաթեթավորելով այն իբրև խաղաղության պայմանագիր, ներկայացնելով որպես նաև հայկական կողմի ցանկություն։
ԱՄՆ-ի հետ սերտ աշխատելու փոխարեն նա ընտրեց բրյուսելյան հարթակը, որն ամենահարմարն է «խաղաղության» պայմանագիրը լեգիտիմացնելու համար։ Բրյուսելը ոչ մի լուրջ նկրտումներ չունի տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակը փոխելու կամ ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար, առավել ևս, որ հայկական կողմը սատարում է համակերպման այդ պլանին։ ԵՄ-ը պարզապես հույս ունի, որ պայմանագիրը կնվազեցնի պատերազմի հավանականությունը։
Հայկական կողմը դժգոհ է այլ բանից։ Փաշինյանը, նրա կողմնակիցները և հայկական քաղաքական դաշտի այն հատվածը, որը միշտ այն կարծիքին է եղել, թե Արցախը հանձնելուց հետո ալևս խնդիրներ չեն լինի Ադրբեջանի հետ, հիմա դժվարանում են հասկանալ՝
- ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հասել Ջերմուկ քաղաքի մատույցներ,
- ինչո՞ւ ժամանակ չի տրվում Փաշինյանին մի փաստաթղթի ստորագրման համար, որին ինքն էլ է այդքան հետամուտ։
Ալիևի նման ագրեսիվ շտապողականությունը վտանգ է Փաշինյանի իշխանության համար, իսկ ներքաղաքական հաշվարկները, թերևս, ավելի կարևոր են նրա համար»։
Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը
«Փաշինյանի թիմը Արցախի հարցը այլևս որպես նախապայման չի դնում Ադրբեջանի հետ հարաբերությունների «կարգավորման» համար։ Սա հարված է Արցախին։ Հայաստանի վարչապետը բավարարում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի պահանջները։ Հայաստանի իշխանությունները և նրանց հետ ասոցացվող փորձագետները խոսում են բոլորովին անիրատեսականի՝ Արցախի «սուբյեկտայնության բարձրացման» կամ կոսովայացման մասին։
Սա մոլորեցնող թեզ է, լրիվ անտեսում է ոչ այնքան միջազգային իրավունքի, այլ հենց ԱՄՆ աշխարհաքաղաքական դերը Կոսովոյի անկախացման գործում։ Նրանք հաշվի չեն առնում, որ Արցախը ռուսական զորախմբի հսկողության տակ է, և նման պայմաններում Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդ Արևմուտքի կողմից Արցախի անկախության ճանաչումն անիրատեսական է։
Սա նաև առաջացնում է դիսկուրս հայերի նկատմամբ Արևմուտքի երկակի ստանդարտների մասին, որն օգտագործվում է Մոսկվայի կողմից՝ համոզելու համար հայ հասարակությանը, թե իբր այլընտրանք չկա, անիմաստ է պայքարել։
Արցախի հայության ճակատագիրը հայկական կողմը հանձնել է ռուս- ադրբեջանական կողմին։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի մոտ սա հստակ քաղաքական համոզմունք էր, ապա Քոչարյան-Սարգսյան թիմերը քաղաքականապես անկարող են այլընտրանք առաջարկել այս նոր իրողությունում, որտեղ Ռուսաստանը սատարում է Բաքվին»։
Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան
Հայաստանը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ
«Արցախը փոքր մանրադրամ է Մոսկվայի համար, այն ամենայն հավանականությամբ կօգտագործվի, որպեսզի Բաքուն երկարացնի ռուսական զորքերի մանդատը։
Փոխարենը Բաքուն կպահանջի Պաշտպանության բանակի զինաթափում և արցախցիների ինտեգրում։ Սա ավելի շահավետ կլինի Ադրբեջանի համար, քան հայերի էթնիկ զտման երկրորդ արշավ կազմակերպելը։
Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղն օգտակար է, քանի որ այն աստիճանաբար Ադրբեջանին հանձնելով Մոսկվան գոնե մոտակա մի քանի տարում որոշ ազդեցության լծակներ կունենա Ադրբեջանի վրա և կփորձի որոշ ինտեգրացիոն ծրագրերի մեջ ներգրավել Բաքվին։
Արցախի ապագան կախված է Հայաստանի սուվերենության աստիճանից, աշխարհաքաղաքական ընտրությունից և ռազմական կարողությունից։ Այս հարցը ռեգիոնալ՝ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում ունի մեկ լուծում, դա Արցախի կլանումն է Ադրբեջանի կողմից։
Եթե Հայաստանը մնա այս ֆորմատի մեջ, որի ջատագովներն են Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրան հաջորդած բոլոր ղեկավարները, այդ թվում՝ Փաշինյանը, ապա Հայաստանին սպասվում են՝
- անվտանգային լուրջ մարտահրավերներ,
- էլ ավելի խորացող համակարգային ճգնաժամ,
- թույլ ներքաղաքական դաշտ՝ պառակտված տարատեսակ ռեգիոնալ կենտրոնների, այդ թվում Բաքվի կողմից ուղղորդվող քաղաքական և բիզնես խմբերի միջև։
«Արևմտամետների» իմիտացիան և Հայաստանի խոցելիությունը
«Հայաստանը վավերացրել է Ռուսաստանի հետ ինֆորմացիոն համատեղ քաղաքականության վերաբերյալ համաձայնագիրը։ Դրանով էլ ավելի են ամրանում ռուսական մեդիայի դիրքերը, ինչպես նաև ինֆորմացիոն ոլորտում վերահսկման մեխանիզմները։
Իսկ Զատուլինի մուտքի արգելքը պետք է դիտարկել ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի իշխանության շահերի պաշտպանության կոնտեքստում։ Նա անցանկալի անձ է հատկապես Փաշինյանի համար։ Եթե իշխանություններն իսկապես մտահոգված են ռուսական հիբրիդային պատերազմի կանխմամբ, ապա առվազն պետք է սահմանափակեն ռուսական մեդիայի գործունեությունը։
Հայաստանում առավել հստակ են դառնում պսևդո-արևմտամետ, կեղծ արևմտամետ ակտիվիստիների, կուսակցությունների կոորդինացված քայլերը։ Սա նոր երևույթ չէ, հիմքերը դրվել են դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, և կարծում եմ՝ Փաշինյանը հենց այդ քաղաքական տեսակին է պատկանում։
Նման քաղաքական ուժերը ձևական պրո-արևմտյան կամ հակա-ռուսական քայլեր կարող են անել ժամանակ առ ժամանակ, բայց միշտ կարևորագույն հարցերում բավարարում են Մոսկվայի պահանջները։ Երբ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը վերջերս ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք «ամենառուսամետ իշխանությունն են», կարծում եմ՝ անկեղծ էր։
Համենայն դեպս Փաշինյանի թիմն իր քաղաքականությամբ դա ապացուցել է՝ սկսած Սիրիա զորք ուղարկելուց, բոլոր ռուսական ինտեգրացիոն ծրագրերին մասնակցելուց, և ամենակարևորը Արևմուտքի հետ լուրջ բովանդակային օրակարգից խուսափելով, այդ թվում՝ մերժելով էներգետիկ անկախության, ռազմական համագործակության և նմանատիպ այլ հնարավորությունները։
Դրա ապացույցը նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու արշավն էր, այն, թե ինչպես հանրային իրական բողոքը դրվեց կեղծ հունի մեջ «պրո-արևմտյան» ուժերի կողմից, ապա հայտարարվեց, թե, իբր, ՀԱՊԿ-ը այլևս չկա, և Հայաստանն այլևս կարիք չունի դուրս գալու այդ կազմակերպությունից։
Այնինչ Հայաստանը անվտանգային խորը ճգնաժամի մեջ է, քանի որ իր ընտրած աշխարհաքաղաքական ճամբարը, ըստ էության, իր դեմ է աշխատում։ Մնալով դիվանագիտական մեկուսացման մեջ ու առանց անվտանգային հովանոցի՝ Հայաստանն ու Արցախը գերխոցելի են դարձել։
ՀԱՊԿ-ում անդամակցության դադարեցումը առաջին հերթին Հայաստանին հնարավորություն կտա գործնականում ցույց տալ, որ լրջորեն պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ և իր բանակի վերակառուցման համար ստանալ ժամանակակից սպառազինություն, այլ ոչ թե հին կամ վերանորոգված զինտեխնիկա»։
Արևմուտքի աջակցությունն է պետք
«Ուժերի ներկայիս դասավորվածությունը և Հայաստանի աշխարհաքաղաքական դաշինքը թուլացող և Թուրքիայից կախում ունեցող Ռուսաստանի հետ մեծացնում է նոր լայնածավալ հարձակումների և նոր տարածքային կորուստների ռիսկը։ Այդ ռիսկը պետք է արագ իջեցնել։
Փաշինյանը, նաև հայկական վերնախավը, մի կողմ դնելով իրենց աշխարհաքաղաքական նախապատվությունները, պետք է սթափ հաշվարկեն, թե ինչ է երկրին սպասվում, եթե այն մնա նույն վիճակում։
Սոչիի վերջին հայտարարության մեջ, որն, ըստ էության, ադրբեջանական խմբագրմամբ փաստաթուղթ էր, որևէ հայանպաստ խնդիր դրված չէ, անգամ ռազմագերիների հարցը չի նշվում, սա պետք է սթափեցնի հայաստանյան քաղաքական դաշտին։ Ռուս-թուրքական սերտ հարաբերությունները նշանակում են ավելի մեծ թուրքական ազդեցություն և ճնշումներ Հայաստանի վրա։
Եթե ներկայիս ստատուս քվոն պահպանվի, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ադրբեջանցիների դեմ ռազմական օգնություն չի ստանալու։ Ռուսական կողմը չի ներգրավվի ադրբեջանցիների կամ թուրքերի դեմ ուղիղ ռազմական կոնֆլիկտի մեջ հանուն Հայաստանի կամ Արցախի։
Արցախում ռուսներն ընդհանրապես կրակելու իրավունք չունեն, իսկ մանդատը երկու տարուց ավարտվում է։ Ուկրաինական ճակատում դիրքերի վատթարացման պայմաններում Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի։ Պատժամիջոցները զենքի արտադրությունը դժվարացրել են, ուստի Հայաստանը նույնիսկ զենք չի կարող ձեռք բերել Ռուսաստանից կամ ՀԱՊԿ անդամ երկրներից։
Հնդկական զենքի կարողությունները սահմանափակ են, և շատ պարամետրերով չեն կարող հակազդել առավել արդիական ադրբեջանական կարողություններին։ Բայց ամենակարևորը, մեկուսացված Ռուսաստանի դաշնակից Հայաստանը նոր բախման դեպքում պետք է թյուր ակնկալիքներ չունենա, թե Արևմուտքը լրջորեն կհակազդի Ադրբեջանին։
Բաքուն ավելի ճկուն դիվանագիտություն է վարում։ Պարզապես հարմար առիթ է փնտրում Թուրքիայի և այլ ռեգիոնալ երկրների օգնությամբ ռուսական ներկայությունից ազատվելու համար։ Բաքուն Հայաստանի կամ Արցախի վրա նոր հարձակումը կարող է ներկայացնել իբրև հարված ռուսական շահերին՝ թուլացնելով Արևմուտքի բացասական արձագանքը։
Ավելին, ռեգիոնալ առումով Հայաստանի ռազմական հզորացումը, որը նաև ավելի համարձակ որոշումների հիմք կդառնա, անցանկալի է բոլոր հարևանների համար։ Ակնկալել, թե սեփական ուժերով հնարավոր է ոտքի կանգնել, պարզապես անլուրջ է։
Ռազմավարական որոշում կայացնել և դուրս գալ թակարդից
«Թուլացող Ռուսաստանի հետ մնալը ավելի մեծ ռիսկ է Հայաստանի համար, քան նոր ռազմավարական դաշինքն ԱՄՆ-ի հետ։ Միաժամանակ Հայաստանը պետք է աշխատի Ֆրանսիայի, Մերձբալթյան և ԵՄ երկրների հետ, հատկապես Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների հետ։
Ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստանի ճամբարափոխությունը բարձր կգնահատվի ԱՄՆ-ի կողմից, ուստի Հայաստանն ավելի լավ հնարավորություն ունի սառեցնելու ներկայումս պարտադրվող պայմանագիրը, հստակեցնելու Արցախի վերամիավորման հարցը, սահմանելու համապարփակ խաղաղության հայկական տեսլականը ապագայի համար, երբ երկիրը ռազմական առումով ուժեղ կլինի։
Նման ստրատեգիական քայլը նշանակում է հայտ՝ ստեղծելու նոր պետություն, որը հիմնված կլինի ուժեղ բանակի վրա։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար սա ծանր հետևանքներ կունենա, բնականաբար, կլինի նաև հակազդեցություն։
Ի տարբերություն ԵՄ-ի կամ արևմտյան երկրների, ԱՄՆ-ն այն միակ խաղացողն է, որի համար Ադրբեջանին զսպելը մեծ խնդիր չէ՝ թե ՀՀ սահմաններին, թե Արցախում։
Ռուսական հակահարված, իհարկե, կլինի, հնարավոր է՝ երկրի ներսում ահաբեկչական գործողություններով, նաև տնտեսական և էներգետիկ լծակներով։ Հայաստանը նման խնդիրները կլուծի նոր գործընկերների հետ, եթե իսկապես նախաձեռնի լուրջ ստրատեգիական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ինտեգրվի ԱՄՆ և Արևմուտքի ռազմավարական ծրագրերում։ Այս հարցերը պլանավորման կարիք ունեն և միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է դրանք ամբողջությամբ իրականացնել։
Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն դուրս գալու այն թակարդից, որ ստեղծվեց խորհրդային բլոկի փլուզումից անմիջապես հետո, երբ օրվա իշխանությունը ընտրեց ռուսական կցորդ լինելու ճանապարհը, չկարողացավ անկախ և ուժեղ պետություն կառուցել։ Իբրև ռուսական ֆորպոստ՝ այն դարձավ մանրադրամ, որը Մոսկվան հիմա օգտագործում է իր շահերի համար։
Փաշինյանն ուներ և հիմա էլ ունի վերջին, արդեն փակվող, բայց դեռևս առկա հնարավորությունը կարևոր ստրատեգիական որոշում կայացնելու։ Բայց արժե շեշտել, որ նման որոշումը պետք է լինի հստակ, ոչ թե կիսատ, որպեսզի Հայաստանն Արևմուտքից ստանա լիարժեք աջակցություն։
Վտանգավոր է Արևմուտքին որոշ նեղ հարցերում Մոսկվայի դեմ ներգրավելը։ Դա միայն ժամանակավոր և թույլ անվտանգային բարձիկ կարող է տալ Հայաստանին, իսկ Ռուսաստանին՝ հնարավորություն պատժելու ոչ հավատարիմ Երևանին»։
Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան