Հայաստանը չի հավակնում Ռուսաստանի ռազմական միջամտությանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտին
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը չի հավակնում, որ Ռուսաստանը ներգրավվելու է Ադրբեջանի հետ հակամարտությանը․
«Ոչ ոք չի մտածում, որ Ռուսաստանը հակամարտության մասնակից է դառնալու, քանի որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, [ղարաբաղյան հակամարտության կարգավորման — JAMnews] միջնորդ է։ Կարծում եմ, որ Ռուսաստանը կառուցողական դեր ուներ իրավիճակը հանդարտեցնելու գործում և պետք է գործի որպես միջնորդ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ համատեղ»։
Ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական սրացման մասին։ Նա բացահայտ հայտարարել է, որ վերջին սրացման սադրիչը Թուրքիան էր, որն, ըստ Հայաստանի վարչապետի, գլոբալ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսել է ապակառուցողական դեր խաղալ և տարածաշրջանում առաջատար տեղ զբաղեցնելու նկրտումներ ցուցաբերել։
● Կարծիք․ ո՞վ է սրացում հրահրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Արդյո՞ք դա կարող էր Ռուսաստանը լինել
Սահմանին իրավիճակի կայունացման մասին
Վարչապետը հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ժամանակ ռազմական ակտիվ գործողությունների դադարեցման և հարաբերական անդորր հաստատելու հարցում կարևոր դեր են խաղացել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ընդգծել է Ռուսաստանի դերը․
«Մեր շահերը շատ հարցերում համընկնում են։ Այստեղ խաղարկվում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության հարցը, քանի որ մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան լարված է, որ սրացումը կարող է գլոբալ բախումների բերել»։
Այս հայտարարությունը վարչապետն արել է Հայաստանում ակտիվ քննարկվող Թուրքիայի՝ դաշնակից Ադրբեջանին լիակատար աջակցության ցուցաբերելու պատրաստակամության ֆոնին։ Թուրքիան հանդես եկավ այդ հայտարարությամբ հենց սրացման օրերին։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, սահմանափակվեց ավանդական կոչերով։
Վարչապետը մեկնաբանել է նաև այն փաստը, որ հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Հայաստանն այդպես էլ չի դիմել այն ռազմական դաշինքի օգնությանը, որի անդամ է։
Խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին է, որը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ։ Փաշինյանը հիշեցրել է, որ հայկական ԶՈՒ–ն ինքնուրույն է գործել և օգնության կարիք չի ունեցել։ Այդ առնչությամբ էլ հայկական կողմը միայն «օգտագործել է ՀԱՊԿ անդամակցությունն՝ ընթացիկ իրավիճակի մասին կազմակերպության մշտական խորհրդին իրազեկելու համար»։
Ինչո՞ւ է Ադրբեջանը գնդակոծել Հայաստանն, այլ ոչ թե Ղարաբաղը
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի համար դժվար է գրոհել Լեռնային Ղարաբաղի կողմից։ Բանն այն է, որ այնտեղ զորքերի շփման գծին մոտ շատ են ադրբեջանական բնակավայրերը։
Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ռազմական իշխանությունը տեղյակ է, որ Ղարաբաղում շփման գիծը ապահովված է տեսահսկման համակարգերով։ Եվ դրանք արձանագրում են ադրբեջանական ԶՈՒ ցանկացած տեղաշարժ․
«Նրանք հարձակվել են այն ուղղությամբ, որտեղ սահմանն այդքան հագեցած չէ տեսահսկման համակարգերով։ Ի դեպ, այդ ուղղությամբ ադրբեջանական միայն մեկ գյուղ կա, իսկ հայկական գյուղերը շատ են։ Կարծում եմ, որ սա էլ է բացատրում, թե ինչու է գրոհն այս ուղղությամբ իրականացվել»։
Փաշինյանը կարծում է, որ այս կամ այն ուղղությամբ Ադրբեջանի նախագահը ստիպված է ուժ կիրառել, հատկապես, որ խոստացել է իր երկրի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծել․
«Վերջին 10 տարիներին Ադրբեջանի կառավարությունը մի քանի միլիարդ դոլար է ծախսել ԶՈՒ զարգացման պատրվակով։ Ժամանակ առ ժամանակ [Ադրբեջանի նախագահ] Ալիևը ստիպված է բացատրել, թե ինչու այդ փողերը չեն ծախսվել ժողովրդի բարեկեցության բարձրացման վրա, եթե հակամարտության ուժային լուծում տեղի չի ունենում»։
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների բախումների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին անցյալ շաբաթ տեղի ունեցած ռազմական սրացման ֆոնին անկարգություններ են կատարվել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Սոցցանցերում տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես են երկու համայնքների ներկայացուցիչները հարձակվում միմյանց վրա։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախումները նախաձեռնողը հայերը չեն եղել։
Մոսկվայում, ըստ Փաշինյանի, նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ սկզբից հայկական ապրանքի վաճառքն է արգելվել ռուսական սուպերմարկետներում, որոնք պատկանում են ադրբեջանցի գործարարներին։ Որից հետո էլ սկսվել են բախումները․
«Դա ոչ այլ ինչ է, քան ատելության հռետորաբանության շարունակություն, որը վերջին 15 տարիներին կիրառվում է Ադրբեջանում։ Եկեք համեմատենք Հայաստանի բոլոր իշխանությունների հռետորաբանությունն Ադրբեջանի կառավարության հռետորաբանության հետ։ Մենք կտեսնենք, որ հայկական կողմի հռետորաբանության մեջ ատելություն չկա։ Այո, կան սկզբունքներ, կան որոշ գաղափարներ, որոշ պատկերացումներ, բայց չկա ատելություն»։
Մոսկվայի վերջին իրադարձությունները Փաշինյանը համարում է Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու, այն միջէթնիկական կոնֆլիկտների հարթակի վերածելու փորձ։
Այս հարցում Երևանի դիրքորոշումն, ըստ վարչապետի, միանշանակ է․ չի կարելի տրվել այդ սադրանքներին, քանի որ Ռուսաստանի կայունությունը ռազմավարական կարևորության գործոն է Հայաստանի համար․
«Բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանում են ապրում, պետք է ենթարկվեն Ռուսաստանի դաշնության օրենքներին և կարգին։ Ադրբեջանական կողմի վարքը ոչ միայն անթույլատրելի է քաղաքական և օրենսդրական, այլև բարոյական տեսանկյունից»։