«Վիրավորանք Հայաստանի հասցեին»․ պահանջ եթերազրկել ռուսական ալիքները
Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդումը Փաշինյանի մասին
Հայ հասարակությունն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման թողարկումը, որը նվիրված էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրա մեջ տեղ էին գտել մանիպուլյացիաներ ու կեղծիքներ, աղավաղվել էր նույնիսկ Պուտինի խոսքը։
Զայրույթ հարուցած հաղորդումից հետո Հայաստանում կրկին սկսել են խոսակցություններ շրջանառվել ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելու մասին։ Նման որոշում կայացնելու իրավասություն ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Վերջինս դեռ դիրքորոշում չի հայտնել։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին «վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ» պարունակող այդ հաղորդման առնչությամբ նախօրեին արտաքին գերատեսչություն է կանչվել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը, նրանց բողոքի նոտա է փոխանցվել։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ պնդումներ են արվել հաղորդման ժամանակ, դրանց հերքումը Փաստերի ստուգման հարթակի կողմից, արդյո՞ք հնարավոր է ռուսական ալիքների եթերազրկումը, քաղաքական գործիչների և վերլուծաբանների կարծիքները
«Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը»․ ՀՀ վարչապետին համեմատեցին Զելենսկու և Սաակաշվիլու հետ
Այս վերտառությամբ հաղորդման ժամանակ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության վերաբերյալ իրենց տեսակետներն էին հայտնում ռուս քաղաքագետներ և քաղտեխնոլոգներ։ Հաղորդավարն ու քննարկման մասնակիցները խոսում էին վիրավորական բառապաշարով։ Ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրությունը, իշխանության գալու գործընթացն ու դրանում Արևմուտքի հնարավոր մասնակցության վերաբերյալ թեզեր։ Վարչապետի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսի, քաղհասարակության որոշ ներկայացուցիչների անունները ռուսական քարոզչամեքենան կապեց Սորոսի հիմնադրամի հետ։
Հատուկ շեշտադրվում էր Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության հանգամանքը, այն, որ ՀՀ տարածքում Ռուսաստանն ունի ռազմաբազա և առնվազն 4 հազար սահմանապահ։ Հիշեցվում էր երկրի տնտեսական կախվածությունը ՌԴ-ից։ Մատնանշվում էր, որ տարեկան մոտ 30 միլիարդ ռուբլի են հայերը ՌԴ-ից ուղարկվում Հայաստան։ Եվ զգուշացում էր հնչում, թե այդ գումարների մուտքի կասեցման դեպքում հայկական տնտեսությունը կփլուզվի։
Կարմիր թելի նման անցնում էր ուղերձը՝ ռուսները փորձում էին օգնել հայերին կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը, բայց Հայաստանն ընտրեց արևմտյան միջնորդությունը։ Որպես Փաշինյանի՝ պրոարևմտյան քաղաքականություն վարելու օրինակներ էին բերվում Հռոմի ստատուտի վավերացումը, հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը։
Փրկչի դերում էին ներկայացվում ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները։ Չէր ասվում այն մասին, որ նրանք չկատարեցին հայ բնակչությանը պաշտպանելու իրենց պարտավորությունը։ Փոխարենը ցուցադրվում էին սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախից բռնի տեղահանվածները։ Նրանք խցիկի առաջ պատմում էին, թե որքան շնորհակալ են ռուս զինվորներին օգնության համար։
Միաժամանակ խոսվում էր նաև այն մասին, թե Մոսկվան փորձում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարց լուծել, կառուցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» 45 կմ-անոց հատվածը, սակայն Հայաստանը դեմ է։ Չէր պարզաբանվում, որ ՀՀ-ն պատրաստ է բացել ճանապարհները, միայն թե պատրաստ չէ հրաժարվել այդ տարածքների նկատմամբ իր ինքնիշխանությունից։ Ռուս բանախոսները պարզապես պնդում էին՝ «Արևմուտքն է խոչընդոտում ճանապարհների բացմանը, որպեսզի տարածաշրջանը տնտեսապես չզարգանա»։
Քննարկմանը երկու հայ էր մասնակցում
Մեկը քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն էր, ով Ռուսաստանի հայերի միության անդամ է և դեռևս 2009-ին ՌԴ նախագահի պատվոգրի, այնուհետև նաև պատվո շքանշանի է արժանացել։ Մյուսը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախկին անդամ Անդրանիկ Թևանյանն էր։ Նա վերջերս է վայր դրել պատգամավորական մանդատը՝ ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այժմ ավագանու անդամ է, ղեկավարում է «Մայր Հայաստան» դաշինքը։
Հաղորդման հայ հյուրերը ևս քննադատում էին Փաշինյանի գործունեությունը՝ միաժամանակ փորձելով ներկաներին համոզել, թե նա չի ներկայացնում ոչ Հայաստանի, ոչ էլ ԼՂ-ի հայությանը, չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։
Հայերի մասնակցությունը, ըստ էության, հակահայ բովանդակություն ունեցող այս հաղորդմանը զայրույթ է առաջացրել հանրության շրջանում։ Լրագրողները փորձել են պարզել՝ արդյո՞ք տեղյակ են եղել՝ ինչ բովանդակությամբ հաղորդման են մասնակցելու։
«Ասել են, որ «Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ ձեր տեսակետներն ենք ուզում իմանալ», ես էլ համաձայնել եմ»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Անդրանիկ Թևանյանը։
«Աղավաղվել է նաև Պուտինի խոսքը»․ փաստերի ստուգում
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է հաղորդման մեջ տեղ գտած կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները՝ համադրելով դրանք փաստերի հետ։
Ըստ այդմ՝
- Անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին՝ ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» ակումբում չի ասել, թե «հենց Փաշինյանն է մերժել հանձնել 7 շրջանն ու ասել, որ կկռվեն Ղարաբաղի համար»։ Պուտինն իրականում խոսել է Հայաստանի՝ տասնամյակներ շարունակ ունեցած դիրքորոշման մասին։
- Փաշինյանը երբևէ հրապարակային չի հայտարարել, թե «ԼՂ-ը գլխացավանք է, որից ուզում է ազատվել լավ ապրելու համար»։
- Բաքուն Հայաստանից պահանջում է Տավուշի մարզում գտնվող այսպես կոչված անկլավները, ոչ թե Սյունիքի մարզի «ադրբեջանական վեց գյուղ», ինչպես պնդում է հաղորդման բանախոսներից մեկը։
- Հայաստանում «ՆԱՏՕ զորքեր» չկան, կա միայն ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն։
- Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանում տեղի են ունեցել սեպտեմբերի 11-20-ը, ոչ թե սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական հարձակմանը զուգահեռ։ Իսկ Երևանում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաև սեպտեմբերի 20-ից հետո։ Ուստի կեղծ է պնդումը, թե նշված իրադարձությունները տեղի են ունեցել նույն ընթացքում, իսկ զորավարժությունների անցկացմամբ «ԱՄՆ-ն իր աջակցությունն է ցույց տվել Փաշինյանին»։
«Փաշինյանի վարկանիշը բարձրացել է»
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կարծում է՝ այս հաղորդումը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, եթե ոչ դրանցում առկա ճգնաժամի մասին։ Իշխող թիմի ներկայացուցիչները, սակայն վստահեցնում են՝ հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել:
Իսկ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ խոսել են նույնիսկ հաղորդման «դրական հետևանքների» մասին։
«Առանց մեկ դրամ ծախսելու մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը»,- հայտարարել է իշխող թիմի պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը, ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման դադարեցմանը դեմ է։
«Խոսքի ազատությունը խոսքի ազատություն է, որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևել անվերջ… Սա եթերազրկենք, նա եթերազրկեն, հետո ձեզ եթերազրկենք… Հետո՞»,— լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Ռուսական ալիքների ճակատագիրը դեռ պարզ չէ
Որոշումը պետք է կայացնի Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատրաստվում է նամակ ուղարկել նախարարություն՝ ներկայացնելով ռուսական ալիքների բովանդակության մեջ տեղ գտած խախտումները։
«Նսեմացնում է զգայուն արժեքները, միջամտություն է մեր ներքին գործերին, այնտեղ վիրավորական խոսքեր կան, թշնամական լեզու կա, մանիպուլիացիաներ կան, չի տարանջատվում փաստը մեկնաբանությունից և այլն և այլն»,- թվարկում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հակոբյանը Հանրային ռադիոյին ասել է, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից դեմ է եղել երկրում օտար հեռարձակողներին եթեր տրամադրելուն։ Հատկապես՝ եթե խոսքը հասարակական-քաղաքական բովանդակության մասին է։ Նա ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելը նպատակահարմար չի համարում, ասում է՝ «շատ վատ նախադեպ կլինի»։
«Եթե միջկառավարական պայմանագիր կա, չնայած ավելի երկար ու բարդ ճանապարհ է, բայց ավելի արդյունավետ կլինի՝ այնպես անեն, որ բովանդակությունն այսպիսին չլինի»,- ընդգծել է նա։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ ռուսական «Առաջին ալիքն» իրականացնում է «կոպիտ, կացնային քարոզչություն»։ Factor TV-ի եթերում նա նշել է՝ ճիշտ չէ, որ որևէ այլ երկրում՝ լինի Ռուսաստան, Ֆրանսիա, թե ԱՄն, Հայաստանի իշխանություններին քննադատեն, մտցնեն ցեխը, հանեն, ընդ որում՝ ՀՀ քաղաքական գործիչների մասնակցությամբ։
«Նույնիսկ ամենաընդդիմադիր գործիչը դրսում պարտավոր է թույլ չտալ, որ իր երկրի ղեկավարի հասցեին այդպիսի բաներ ասեն, որովհետև դա, առաջին հերթին, վիրավորանք է Հայաստանի հասցեին»։
Բաղդասարյանի գնահատմամբ՝ եթե նույնիսկ Փաշինյանը Հայաստանի «ամոթն ու խայտառակությունն է», դրսում նման հարցի քննարկումը շատ տգեղ ու անընդունելի երևույթ է։
Կարծում է՝ ռուսական հակաքարոզը պայմանավորված է Հայաստանում ՌԴ նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությամբ, ինչը տեղի ունեցավ Արցախի վերջնական հայաթափումից հետո։ Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններն այլևս երբեք առաջվանը չեն լինի։
«ՌԴ-ն, բնականաբար, փորձում է դրա մեղքը բարդել ՀՀ իշխանությունների վրա։ Ինչ-որ իմաստով իրավացի են, բայց իրենց մեղքն էլ կա․ այնպես չէ, որ Մոսկվան իրեն ազնիվ, որպես դաշնակից է պահել»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդումը Փաշինյանի մասին