«ՌԴ-ին չի կարելի այս աստիճանի արհամարհել»․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը․ 2025 թ․ հայտարարությունները
«Եթե որևէ մեկը մտածում է՝ Ռուսաստանն այն երկիրն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարամտորեն սխալվում է»,- այսօր հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ երբ Ուկրաինայում ՌԴ դեմ պրոքսի պատերազմ էր մղվում, ռուսական կողմն անհաջողություններ ուներ, ՀՀ իշխանությունները որոշեցին «մտնել աշխարհաքաղաքական խաղերի» մեջ և 2022 թ․-ի Պրահայի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։ Քոչարյանն ասում է՝ դրանով ոչ միայն Ղարաբաղի նկատմամբ դատավճիռ կայացվեց, այլև զրոյացվեց Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, որը Մոսկվան ստանձնել էր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
«Սա ճակատագրական սխալ էր, և սրա գինը մենք բոլորս վճարել ենք Արցախի կորստով»,- կարծում է նա։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանն անդրադարձել է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլև Ադրբեջանի հետ բանակցություններին, այդ թվում նաև՝ Մեղրիի փոխանակման տարբերակին։
Ընդգծել է՝ հիմա է որոշել խոսել, քանի որ աշխարհում տեղի են ունենում «ճակատագրական զարգացումներ», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը։ Ըստ նրա՝ անկայունության բաղադրիչ ունեցող ժամանակահատված ենք մուտք գործել, բայց կան նաև «պոզիտիվ սպասելիքներ»։
Ասուլիսի կարևոր դրվագները, մեկնաբանություններ
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կմեկնարկի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց
- «Իրանն ու Հայաստանը նույնական դիրքորոշում ունեն»․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
- «ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»»․ Փաշինյանի ասուլիսի կարևոր դրվագները
Քոչարյանն առաջարկում է նայել «Ռուսաստանի աչքերով»
«Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց։ Նայենք ՌԴ աչքերով․ դու կարող ես կատարվողը կանգնեցնել միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ հնարավոր չէ։ Ուժային միջամտություն ու՞մ համար՝ Հայաստանի համար, որը ճակատարգական պահին քեզ, կոպիտ ասած, «գցել է», անցել է թշնամիների ճամբար։ Ձեզանից որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։ Չեմ կարծում»,- նկատել է նա։
Քոչարյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ոչ թե պետք է «անխնա քանդեր» համակարգը, որը քիչ, թե շատ ապահովում էր խաղաղությունը ԼՂ-ում, այլ ամրացներ իր անվտանգային համակարգն Իրանի գործոնով։ Կարծում է՝ եթե իշխանությունների ռազմավարությունը ՌԴ-ից հեռանալու համար պահն օգտագործելն է եղել, պետք է նաև հասկանային, որ իր շահերը Կովկասում պաշտպանելո համար Մոսկվան ավելի ջերմ հարաբերություններ կհաստատի Բաքվի հետ։
«Սա չհասկանալը մանկամտություն էր արտաքին քաղաքականության մեջ։ Սա դաժան ճշմարտություն է, որը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ մի արհամարհիր երբեք քո գործընկերոջ կենսական շահերը, հատկապես այն գործընկերոջ, որից ունես հսկայական կախվածություն»,- շեշտել է նա։
Կարծում է՝ ՀՀ-ն աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար ամենավտանգավոր պահն է ընտրել․ դեռ հասկանալի չէ՝ ուր է գնում աշխարհը․
«Մենք փորձում ենք մեր վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում ենք այն կենտրոնից, որն ուժեղանում է։ Ես չգիտեմ՝ ի՞նչ տրամաբանություն է աշխատում այստեղ։ Ինձ համար սա անհասկանալի է»։
Քոչարյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում, ձեռնարկում են քայլեր, որոնք լուրջ վտանգի տակ են դնում Հայաստանը․
«Չեմ կասկածում, որ մոտակա ժամանակներում ՀՀ վարչապետը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է ՌԴ նախագահին, և կարծես ոչինչ չի պատահել, սկսլեու է կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին»։
«ՀՀ՝ ԵՄ անդամակցության հեռանկար չկա»
Հայաստանի խորհրդարանն օրեր առաջ կողմ քվեարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու օրինագծին։ Չնայած իշխանության, քաղհասարակության և հանրության ձգտումներին՝ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու հեռանկար ուղղակի չկա։
Շեշտում է՝ այսօր ԵՄ–ն լուրջ ճգնաժամի մեջ է, կառույցը չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխումների ենթարկել ինքն իրեն՝ առաջին հերթին, սառեցնելով ընդլայնման գործընթացը։
Քոչարյանի գնահատմամբ` ՀՀ իշխանություններն ուզում են գնալ մի տեղ, որտեղ իրենց ընդհանրապես չեն սպասում․
«Դու դրանով նաև շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում [ԵԱՏՄ], որտեղ կաս այսօր։ Դու այդտեղից դուրս ես գալիս, ասում ես գնում եմ` կորցնելով այն, ինչ ունես, իսկ այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զրոյական է։ Սա խելքին մոտ չէ»։
Նախկին նախագահի պնդմամբ` Հայաստանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռի՝ ԵՄ և ԵԱՏՄ, վրա։ Ասում է՝ հետևանքները ծանր են լինելու։ Եվրաինտեգրման գործընթացի մեկնարկն, ըստ նրա, «մարդկանց խաբելու հերթական բանաձև» է, որը իշխող ուժը կօգտագործի նաև 2026 թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
«Չեմ կարծում, թե Մոսկվան պատրաստ է ամեն ինչ մոռանալ»
Քոչարյանն արձանագրել է՝ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներին պետք չէ նայել սև-սպիտակի տրամաբանությամբ։ Նրա գնահատմամբ՝ պարտադիր չէ թռնել Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը․
«Կարող ես որպես գործընկեր, ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ հետ, չթշնամանալ Արևմուտքի հետ։ Այդ պատուհանը բացվում է, բայց ՀՀ այս վարչակազմն արդեն ինչ-որ տեղ ինքն իրեն թշնամացրել է ՌԴ հետ»։
Երկրորդ նախագահի խոսքով՝ այսօր ՌԴ ընկալումը ՀՀ-ում լավը չէ, քանի որ «գործում էինք սխալներ, փորձում դրանք գցել Ռուսաստանի վրա»․
«Սա անհետք չի անցնելու։ Ամենալավ տարբերակը, որ հետագա տարբեր ֆորմատների մեջ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք փչացրել են ամեն ինչ։ Եթե այդպես լինի, նոր աշխարհակարգում ՀՀ-ն հնարավորություն կունենա ճիշտ դրսևորել ինքն իրեն»։
Լրագրողները հարցրել են՝ եթե ՀՀ քաղաքականությունը փոխվի, Մոսկվան կաջակցի՞ Փաշինյանին։ Ի պատասխան Քոչարյանն ասել է՝ չի կարծում է, թե ՌԴ-ն պատրաստ է ամեն ինչ մոռանալ և հավելել՝ միջազգային հարաբերություններում այդպես չի լինում։
«Լեռնային Ղարաբաղ վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է»
Քոչարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները երեք կոպիտ սխալ են թույլ տվել։ Դրանք ենք՝
- «բանակցությունները զրոյական կետից սկսելն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թ․-ի առաջարկից հրաժարվելը,
- 2022 թ․-ի Պրահայի հայտարարությամբ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը,
- ամենավտանգավոր պահին աշխարհաքաղաքական վետոր փոխելու որոշում կայացնելը»։
Խոսելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման մասին՝ նկատել է՝ 2019 թ․-ին սեղանին եղել է «ընդունելի» տարբերակ, որի շուրջ Երևանն ու Բաքուն կարող էին բանակցել։ Երկրորդ նախագահի համոզմամբ՝ կար պատերազմից խուսափելու հնարավորություն։
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի անկումից հետո էլ կա արցախցիների վերադարձի հնարավորությունը։ Ասում է՝ դա կարելի է անել միայն 44-օրյա պատերազմից հետո ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ (նոյեմբերի 9-ի) հայտարարության միջոցով։
«Եթե Ադրբեջանն ասում է՝ «ճանապարհ» [«Զանգեզուրի միջանցք»], ուրեմն մենք շատ հանգիստ կարող ենք ասել, որ էդ ճանապարհն ընդամենը 1 կետ է այդ եռակողմ հայտարարության մեջ։ Եթե պատրաստ եք ամբողջովին վերադարնալ այդ հայտարարությանը, ապա նստենք, քննարկենք։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել, և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթաց»,- նկատել է նա։
«Պետք է ամեն գնով պահել Մինսկի խումբը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն, ըստ Քոչարյանի, անվերադարձ կորուստներ է բերելու բանակցային գործընթացին։ Շեշտում է՝ ներկա պահին պետք է այն պահել ամեն գնով, քանի որ եթե խումբը լուծարվի, չափազանց դժվար կլինի նման միջազգային ձևաչափ ստեղծել։
«Մինսկի խումբը կա, ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Եթե ստեղծվի այլ կարգի, աշխատող բանակցային ֆորմատ, հետո սա լուծարեք»,- նշել է նա։
Քոչարյանի համոզմամբ՝ իմաստ չունի խոսել ընթացող բանակցությունների մասին, եթե Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարվեն։
«Դատում են ոչ միայն ԼՂ ղեկավարներին, այլև ՀՀ-ը»
Խոսելով Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների մասին՝ նախագահ Քոչարյանը հայտարարել է՝ այդ մարդկանց ճակատագիրը պետք է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ լինի բանակցության սեղանի վրա, բայց չկա։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանություններն ունեն հստակ լծակներ, որպեսզի այդ հարցը լուծեն, սակայն համապատասխան քայլեր չեն ձեռնարկում․
«Հիմա այնտեղ դատվում է Հայաստանը, ու իրենք ամեն ինչ անելու են, որ ցույց տան աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որևէ իրավունք գոյություն չի ունեցել, հենց սկզբից Հայաստանը իբր ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Սա պրոբլեմ է ՀՀ համար»։
Կարծում է՝ օրվա իշխանությունները չեն գիտակցում խնդրի ողջ լրջությունը։
«Ոչ այո էի ասում, ոչ՝ ոչ»․ Մեղրին և ԼՂ-ը փոխանակելու մասին
Հայաստանի երկրորդ նախագահի խոսքով՝ մինչև 1999 թ․ բանակցային բովանդակությունը հետևյալն էր՝ համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ուստի փորձում էին տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքներն «ամուսնացնել»։ Հաստատել է՝ ինքն ու Հեյդար Ալիևը բանակցել են Մեղրիի փոխանակման տարբերակի շուրջ։
Քոչարյանի փոխանցմամբ՝ Ալիևն է իրեն առաջարկել «իրարից պոկվել, առանձնանալ»։ Ւնքն էլ դա դիտարկել է որպես «կաղապարված վիճակից դուրս գալու» հնարավորություն։
«Ոչ այո էի ասում, ոչ՝ ոչ, շատ զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»,- նկատել է նա և հավելել՝ հենց դա է դիվանագիտությունը։
Ըստ նրա՝ ավելի ուշ ամերիկյան պատվիրակություն է ժամանել Երևան՝ համոզվելու համար, որ կողմերի դիրքորոշումները փոխանակման տարբերակի հարցում նույնական են։
Շեշտել է՝ բանակցությունների բոլոր մանրամասներից տեղյակ էր նաև այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Հավելել է՝ «առանց նրա հետ համաձայնեցնելու անհնար էր որևէ լուծում իրագործել»։
Քոչարյանի խոսքով՝ Մեղրիի փոխանակման տարբերակը «շրջադարձային երևույթ» էր, որը բխում էր ՀՀ շահերից։ Ասում է՝ դա կարելի էր ներկայացնել որպես դիվանագիտության «մաստեր կլաս»։ Նրա խոսքով՝ իրեն ու Հեյդար Ալիևին հաջողվել էր համաձայնության գալ «ընդունելի և ընկալելի լուծման» տարբերակի շուրջ․
«Կանգնեցինք սուվերեն ճանապարհի տարբերակի վրա, որի մի զգալի մասը ենթադրում էր՝ թունել, էստակադա։ Պայմանը հետևյալն էր՝ ՀՀ տարածքի անընդհատությունը չպետք է կտրվի։ Ճանապարհի օդը, ընդերքը և հողը մնում էր Հայաստանին, միայն ճանապարհի օգտագործումն էր փոխանցվում Ադրբեջանին»։
Հերթական անգամ շեշտել է՝ դա եղել է իր և Ալիևի բանավոր քննարկումը, Մինսկի խմբից փոխանակում ենթադրող որևէ տարբերակ կողմերին գրավոր չի ներկայացվել։
«Սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք էլ ասենք՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, թե ընդունում ենք վերապահումներով։ 2 տարի տևած բանակցությունների միակ առաջարկը համանախագահողների կողմից եղել է Քի Վեսթում»,- նկատել է Քոչարյանը։
Անդրադառնալով Քի Վեսթի առաջարկը հրապարակելու իշխանությունների հորդորներին՝ նշել է, որ ինքը երբևէ փաստաթղթերը ճամպրուկով տուն չի տարել։
Երկրորդ նախագահը շեշտել է՝ ՌԴ հետ այդ տարբերակը չի քննարկվել, բայց եղել է դրական ազդակ։ Խոսելով Թուրքիայի դերակատարության մասին՝ ասել է, որ «Ազատության» հրապարակումից է իմացել, որ Անկարան այդ հարցում ինչ-որ դեր ուներ։
Քոչարյանի դիտարկմամբ՝ Մեղրիի թեման օգտագործվում է իրեն վարկաբեկելու, տարբեր կասածներ առաջացնելու համար։ Պատահական չի համարում, որ դա տեղի է ունենում հենց հիմա։
«Ինչի՞ համար է թեման տաքացել հիմա։ Որովհետև կա ճանապարհի հարց։ Ե ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի՝ անել այդ զիջումը և հայտարարել՝ վայ, ես ինչ կապ ունեմ, եթե այն ժամանակ դա քննարկված չլիներ, թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Այ սրա համար»,- ընդգծել է նա։
«Ի՞նչ հեղաշրջում»․ Ղարաբաղի անկման մասին
Նախկին նախագահը տեղեկացրել է՝ շրջափակման ժամանակ մշտական կապի մեջ է եղել ԼՂ-ի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Խոսելով Արայիկ Հարությունյանի հրաժարականի և Սամվել Շահրամանյանի նշանակման մասին՝ նկատել է՝ դա Հարությունյանի հրաժարականի երրորդ փորձն էր։
«Հրաժարականի հարցը ինքը՝ Հարությունյանը սկսել է քննարկել ԼՂ անկումից մոտ երեք ամիս առաջ։ Ամեն անգամ քննարկում էին կազմակերպում։ Հիմնավորումը հետևյալն էր՝ ես այլևս այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում»,- պատմել է նա։
Քոչարյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանին համոզել են չգնալ նման քայլի, բայց ապարդյուն։ Ըստ նրա՝ իշխանության ստանձնման հարցով Հարությունյանը զրուցել է առնվազն 3 անձի հետ, այդ թվում՝ Սամվել Շահրամանյանի։ Ասում է՝ այդ մասին տեղյակ է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ինքը [Փաշինյանը] շատ լավ գիտեր, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Ի՞նչ հեղաշրջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այսօր շահարկել այդ ամենը անբարոյականություն է»։
Ինչ վերաբերում է իր շնորհավորանքին՝ ասել է, որ մինչ այդ չի ճանաչել Շահրամանյանին, արցախցի ընկերներն են խնդրել շնորհավորել նրան, որ ավելի վստահ կատարի ստանձնած պարտականությունները։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան.
«Հետաքրքիր է, եթե Քոչարյանին ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին տեղերով փոխեն, Մոսկվայում դա ե՞րբ կնկատեն, երևի մի քանի ամիս հետո, հենց որ Կոպիրկինը սկսի հայերեն խոսել»։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյան.
«ՀՀ-ն միայնակ է թողել ՌԴ֊ին… Այս նախադասությունն ասողը կամ տկարամիտ պետք է լինի, կամ միլիարդներ պահելու խնդիր ունի։ Սակայն մեղավորը նա չէ, այլ իրենց հետ թատրոն խաղացող և ժողովրդին տրված խոստումները չիրականացնող իշխանությունները։
Մոտենում է այն օրը, երբ ԱՄՆ-ն կհրապարակի տեղեկատվություն ձեր ողջ ունեցվածքի և դրա ծագման մասին, թե ինչպես եք գողացել բանակից, հասարակ քաղաքացուց, ինչպես և ինչ մութ սխեմաներով եք կատարել գույք՝ պարտքի դիմաց գործարքը և ինչով է դա կապված ՌԴ-ի հանդեպ ձեր սիրո հետ։ Ցուցակում են նաև հոդվածներ գրող օլիգարխներ, ովքեր ԱՄՆ քաղաքացիություն ունեն, մտածում են՝ հնարավոր է ինչ-ինչ դեպքերում ապաստան ունենան, բայց դա չի հրապարակվում։ Միշտ չի այդքան հարմար լինելու ամեն ինչ ձեզ համար։
Ի դեպ, որքան ընտրությունները մոտենան, այս հաճելի մարդիկ հաճախ կխոսեն։ Սև-սպիտակի ներկայացումն է, որը ճակատագրական է լինելու Հայաստանի համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը․ 2025 թ․ հայտարարությունները