«Կրելու ենք»․ Հայաստանի նախկին նախագահը մտադիր է մասնակցել ընտրություններին
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե դրանք կազմակերպվեն։
«Մասնակցելու ենք և կրելու ենք», — հայտարարել է նա հայկական երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Միաժամանակ Քոչարյանը կարծում է, որ այս պահին, պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելը վտանգավոր է։ Եվ, ըստ նախկին նախագահի, լավ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական ներկայացնի, իսկ նրա թիմին փոխարինի անցումային կառավարություն՝ առավելագույնը մեկ տարով։
Նախկին նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանում տրանսպորտային կապի ապաարգելափակման և հայ գերիների վերադարձի հարցերին, որոնք արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր մինչ օրս Ադրբեջանում են։
- Հայաստանի նախկին նախագահը բանտից դուրս գալուց հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել
- Եվրոպացի պատգամավորները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում սկսել գերիների փոխանակումը
Ինչո՞ւ են Քոչարյանն ու ընդդիմությունը դեմ արտահերթ ընտրություններին
2020 թ․ նոյեմբերին Արցախում հրադադար հաստատելու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում բողոքի ակցիաներ սկսվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը կարծում է, որ նա հանցավոր համաձայնության է գնացել և ինքնակամ Ղարաբաղում տարածքներ հանձնել։
Դեկտեմբերի վերջին Փաշինյանը երկրի քաղաքական ուժերին առաջարկել է 2021 թ-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին խորհրդակցություններ սկսել։ Սակայն հայկական ընդդիմությունը մերժել է այս առաջարկն ու պահանջում է, որ վարչապետն իր պաշտոնը լքի նախքան ընտրությունները։
Այս մոտեցմանը համաձայն է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա համոզված է, որ վտանգավոր է այժմ արտահերթ ընտրություններ անցկացնել՝ հակասությունների, անորոշության, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության մթնոլորտում․
«Մենք քաղաքական պայքարի համար ունենք անհրաժեշտ ամբողջ գործիքակազմն ու թիմը։ Եթե իշխանություններին հաջողվի վաղաժամկետ ընտրություններ պարտադրել, իսկ նրանք դրա համար ակնհայտորեն անհրաժեշտ քանակությամբ ձայներ ունեն խորհրդարանում, ապա այս դեպքում նույնպես, կարծում եմ, ճիշտ կլինի մասնակցել դրանց։ Հակառակ դեպքում մենք այդ մարդկանց հնարավորություն կտանք իրենց իշխանությունն ամրապնդելու»։
Նախկին նախագահը կարծում է, որ շուրջ 200-300 հազար մարդ արմատական տրամադրվածություն ունի, սակայն 2018 թ-ի իրադարձություններից ընդամենը երկու տարի անց ; ևս մեկ հեղափոխությունը կարող է խնդիր լինել երկրի համար։ Այնուամենայնիվ, եթե քաղաքական ճանապարհով իշխանափոխության հույսը վերանա, ըստ Քոչարյանի՝ արդեն գարնանը մարդիկ կրկին փողոց դուրս կգան, և բողոքի այդ ալիքն ավելի հզոր կլինի, քան նախորդը։
Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին
Ռոբերտ Քոչարյանը չի հավատում, թե Ադրբեջանը չգիտի հայ գերիների ճշգրիտ թիվը։ Նախկին նախագահը համոզված է, որ ադրբեջանական իշխանությունն «Արցախի բանակի համալրման համար խնդիրներ ստեղծելու նպատակ է հետապնդում»․
«Գերիներ պահելը լուրջ գլխացավանք է։ Ալիևը հիմա լուրջ ճնշման տակ է գերիների պատճառով, սակայն նա իր հստակ նպատակներն ունի․ խարխլել Արցախի անվտանգության համակարգը։ Եթե անգամ նա վերադարձնի գերիներին, Ադրբեջանի ԶՈւ-ն նոր գերիներ կվերցնի։ Այս պրակտիկան կդադարի միայն այն ժամանակ, երբ [Հայաստանի] իշխանությունները խոստանան այլևս զինվոր չուղարկել Արցախ»։
Հայաստանի տրանսպորտային կապերի մասին
Տրանսպորտային կապերի ապաարգելափակումն, ըստ նախկին նախագահի, ինքնին դրական քայլ է, սակայն Հայաստանի համար սա միայն խնդիրներ է ստեղծելու։ Բանն այն է, որ Մեղրիի մոտ հայկական տարածքի ճանապարհային հատվածը վերահսկելու են ռուս խաղաղապահները, իսկ դրա մյուս մասի՝ մոտ 850 կմ-ի վրա ընդհուպ մինչև Ռուսաստան, հայկական կողմը ոչ մի ազդեցություն չի ունենալու․
«Այս հարցով կողմերից մեկը ստացել է այն ամենն, ինչին ձգտում էր, մյուսը՝ հույս, բայց ոչ գործընթացի վրա ազդելու լծակներ»։
Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ կապի ապաարգելափակումը քննարկվել է նաև ավելի վաղ՝ ղարաբաղյան հակամարտության լուծման բոլոր տարբերակներում, բայց «որպես վերջին ակորդ»․
«Այժմ Ադրբեջանն ուժով լուծել է տարածքների հարցը։ Ըստ էության, մեզ ոչինչ չի մնացել, ինչի դիմաց կքննարկվի Արցախի կարգավիճակը։ Բաքուն հարցը լուծված է համարում, և մենք վերջին փուլ ենք մտել։ Եվ այժմ Ադրբեջանը փորձելու է այնպիսի իրավիճակներ ստեղծել, որպեսզի Արցախում հայ չմնա, կամ փոքր մասերով այդ տարածքում ընդունվի Ադրբեջանի իշխանությունը»։